ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հայտարարագրերի վերլուծության նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը: Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին սույն կետով նախատեսված տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:
Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք սույն կետում նշված տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում: Լրացուցիչ հարցումների համար գանձվում է վճար, որի սակագինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-110-Ն
ՆախագահՍ. Սարգսյան