ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ճշտված հաշվարկներ:
Հոդված 2. Անհատ ձեռնարկատերերն ազատվում են մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկված և չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի) վճարումից:
Հոդված 3. Անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված և չվճարված տույժերի) վճարումից:
Հոդված 4. 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված ճշտված հաշվարկներով հարկի լրացուցիչ գումարներ հաշվարկած հարկ վճարողներն ազատվում են այդ հաշվարկներով առաջացող հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող տույժերից և տուգանքներից:
Սույն հոդվածին համապատասխան ճշտված հաշվարկներ չեն կարող ներկայացվել հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջանների համար:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն և «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-151-Ն օրենքները:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-258-Ն |