ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի փետրվարի 7-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-193-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) տեքստը (բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի տասնիններորդ պարբերության, 6-րդ և 8-րդ հոդվածների 4-րդ մասերի, 19-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի) «հավելումներ» բառի բոլոր հոլովաձևերից առաջ լրացնել «ու կենսաբանական ակտիվ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«սննդամթերքի բաղադրամաս (բաղադրիչ)` կենդանական, բուսական, մանրէաբանական կամ հանքային ծագման նյութ կամ մթերք, ինչպես նաև բնական կամ համադրված (սինթեզված) սննդային հավելում, որն օգտագործվում է սննդամթերքի նախապատրաստման կամ արտադրման ընթացքում և սկզբնական կամ փոփոխված տեսքով պարունակվում է վերջնական արտադրանքում.».
2) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հատուկ նշանակության սննդամթերք` սննդամթերք, որն իր առանձնահատուկ բաղադրության կամ սննդային հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված սննդամթերքից և ունի առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված դրական մասնագիտական եզրակացություն առ այն, որ տվյալ սննդամթերքն ունի բուժիչ հատկություններ և (կամ) բավարարում է մարդկանց հետևյալ խմբերի պահանջները`
- խախտված մարսողական ու նյութափոխանակման համակարգ ունեցող մարդկանց,
- մարմնական (ֆիզիոլոգիական) հատուկ վիճակում գտնվող մարդկանց, որոնց համար հատկապես օգտակար է սննդի մեջ որոշակի նյութերի վերահսկվող քանակով սպառումը,
- առողջ մանուկների և երեխաների.».
3) հինգերորդ պարբերությունը «նախնական» բառից հետո լրացնել «(առաջնային)» բառով.
4) իններորդ, տասներորդ և տասներեքերորդ պարբերություններից հանել «(վտանգ)» բառը.
5) տասնմեկերորդ պարբերությունից հանել «(վտանգ)» բառը, իսկ «վտանգի բնութագրման» բառերը փոխարինել «ռիսկի բնութագրման» բառերով.
6) տասներկուերորդ պարբերությունից հանել «(վտանգ)» բառը, իսկ «ընտրվում են վտանգի կանխման ու» բառերը փոխարինել «ընտրվում և կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում`» բառերով.
7) 14-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ (այսուհետ` ՎԱՎԿԿՀ համակարգ)` սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ, որը հիմնված է հետևյալ սկզբունքների և քայլերի վրա`
- վտանգի աղբյուրների վերլուծություն` հատկորոշվում է հավանական վտանգի աղբյուրը և գնահատվում դրա առկայության հավանականությունը, սահմանվում են վերահսկման միջոցները,
- հսկման կրիտիկական կետերի հատկորոշում` որոշվում են այն կետերը, ընթացակարգերը կամ արտադրության փուլերը, որոնք ենթակա են վերահսկման` վտանգի աղբյուրները կանխելու, վերացնելու կամ մինչև ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով,
- յուրաքանչյուր կրիտիկական կետի համար կրիտիկական սահմանի հատկորոշում` հսկման յուրաքանչյուր կրիտիկական կետի համար որոշվում է կրիտիկական սահմանը, որի չափանիշներով հնարավոր է տարանջատել վտանգի աղբյուրի ընդունելի և անընդունելի մակարդակները, կամ որի պահպանումը երաշխավորում է, որ կրիտիկական կետը վերահսկվում է,
- յուրաքանչյուր կրիտիկական կետի համար դիտանցի ընթացակարգերի սահմանում,
- ուղղիչ գործողությունների ծրագրի սահմանում այն դեպքերի համար, երբ դիտանցմամբ հայտնաբերվում է, որ տվյալ կրիտիկական կետը դուրս է եկել վերահսկողությունից,
- պլանավորված պարբերականությամբ անցկացվող ստուգման ընթացակարգի սահմանում` հիմնավորվում է ՎԱՎԿԿՀ համակարգի գործողության արդյունավետությունը, սահմանվում են ստուգման նպատակները, եղանակները, հաճախականությունը, ընթացակարգը, փորձաքննությունը և գնահատման այլ գործողություններ, ինչպես նաև դրանց կատարման պատասխանատուները,
- ՎԱՎԿԿՀ համակարգի սկզբունքների, քայլերի և ընթացակարգերի փաստաթղթավորման և գրանցումների համակարգի ստեղծում.».
8) տասնչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«դիտանց` ՎԱՎԿԿՀ համակարգի գործողության ընթացքում դիտարկումների կամ չափագրումների պլանավորված (ծրագրավորված) միջոցառումների իրականացում` սննդամթերքի անվտանգությանն սպառնացող վտանգը վերացնելու կամ մինչև թույլատրելի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների կամ գործողությունների ընթացքը ստուգելու համար.
դիտարկում՝ շուկայահանված սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության ապահովման նպատակով իրականացվող գործողությունների համալիր.».
9) տասնիններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«կենսաբանական ակտիվ հավելումներ` բնական կամ բնականին համանման սննդանյութերի կամ ֆիզիոլոգիական ազդեցությամբ օժտված այլ նյութերի առանձին կամ համակցված խտացված միավորներ, որոնք նախատեսված են սննդամթերքի հետ միաժամանակ կամ սննդամթերքի բաղադրության մեջ ներառելով օգտագործման համար և շուկայահանվում են ճշգրտված փոքր չափաբաժիններով` հաբերի, պատիճների, սրվակների կամ փոքր այլ փաթեթավորումների տեսքով.».
10) քսանվեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ճառագայթահարմամբ մշակված սննդամթերք` իոնացնող ճառագայթով մշակված սննդամթերք.
նորահայտ սննդամթերք` սննդամթերք կամ սննդամթերքի բաղադրամաս, որը Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու սպառման համար նախկինում կիրառություն չի ունեցել: Նորահայտ սննդամթերք է համարվում`
- նոր կամ նախնական մոլեկուլային կառուցվածքը կանխամտածված փոփոխության ենթարկած սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը,
- մանրէներից, սնկերից կամ ջրիմուռներից կազմված կամ դրանցից անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը,
- բույսերից կազմված կամ անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը և կենդանիներից անջատված սննդամթերքի բաղադրամասերը, բացառությամբ այն սննդամթերքի կամ սննդամթերքի բաղադրամասերի, որոնք ստացվում են բազմացման ու բուծման ավանդական եղանակներով և հանրահայտ են որպես անվտանգ սննդամթերք,
- սննդամթերքը և սննդամթերքի բաղադրամասերը, որոնց նկատմամբ կիրառվել է նախկինում չկիրառված արտադրական գործընթաց և արդյունքում նշանակալիորեն փոփոխվել է սննդամթերքի և սննդամթերքի բաղադրամասերի կազմությունը կամ կառուցվածքը, ինչն ազդեցություն է թողել սննդամթերքի սննդային արժեքի, մարսելիության կամ դրանում անցանկալի նյութերի պարունակության վրա.
արագ սառեցված սննդամթերք` սննդամթերք, որի սառեցման ժամանակ` կախված սննդամթերքի տեսակից, առավելագույն բյուրեղացման փուլը (գոտին) անցել է հնարավորինս արագ և արդյունքում ջերմային կայունացումից հետո ստացված ջերմաստիճանը սննդամթերքի բոլոր մասերում պահպանվում է -180 C և ավելի ցածր ջերմաստիճան և որի շուկայահանման ժամանակ այդ հատկանիշների մասին մակնշվում է: Արագ սառեցված սննդամթերք չի համարվում ԱԱ ԱՏԳ «Պաղպաղակ և արտադրանք համանման, սառեցրած» դասի 2105.00 ծածկագրով սննդամթերքը:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ) գիտահետազոտական և ուսումնական նպատակներով իրականացվող` սննդամթերքի մշակման և պատրաստման աշխատանքների արդյունքում ստացված սննդամթերքի վրա, որը ենթակա չէ շուկայահանման:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.
«Հոդված 7.1. |
Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների շուկայահանումը |
1. Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:
2. Սննդամթերքի մշակումը ճառագայթահարմամբ պետք է իրականացվի, եթե առկա է դրա տեխնոլոգիական անհրաժեշտությունը, հետևյալ նպատակներով`
1) միկրոօրգանիզմների ոչնչացմամբ` փտման (փչացման) ընթացքի դադարեցման կամ դանդաղեցման և սննդային թունավորումների վտանգի նվազեցման.
2) հասունացման, ծլման կամ ծլարձակման ընթացքի դանդաղեցմամբ` պահման ժամանակ սննդամթերքի կորուստների կրճատման.
3) բուսական ծագման սննդամթերքի և բույսերի համար վնասակար օրգանիզմների ոչնչացման:
3. Արգելվում է ճառագայթահարմամբ մշակված և ճառագայթահարմամբ մշակված բաղադրամաս պարունակող հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունը, ներմուծումն ու շուկայահանումը:
4. Արգելվում է հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունում գենետիկորեն ձևափոխված մթերքի, կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների օգտագործումը:
5. Արգելվում է սննդամթերքի արտադրությունում կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների, ինչպես նաև արգելված դեղամիջոցների մնացորդներ պարունակող պարենային հումքի օգտագործումը:
6. Լիազոր մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանը, որը պարունակում է արտադրանքի անվանումը, տեսակը, նշանակությունը, հիմնական բաղադրիչները, սննդային արժեքը և արտադրող կամ ներմուծող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները (անվանումը, գտնվելու վայրը):
7. Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների շտեմարանի վարման և տվյալների հրապարակման կարգը սահմանում է լիազոր մարմինը:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «ժ» կետը «նշանակության» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող» բառերով.
2) «ժբ» կետի «սննդամթերքն այդպիսին է» բառերը փոխարինել «սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 %-ից բարձր է» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ», «ժդ» և «ժե» կետերով.
«ժգ) «նորույթ» մակնշումը` Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ սննդամթերքի առաջին խմբաքանակի համար և տեղեկատվություն սննդամթերքի բնութագրի, հատկանիշի, նշանակության կամ օգտագործման, ինչպես նաև բաղադրության մեջ մտնող այնպիսի նյութերի վերաբերյալ, որոնք չեն պարունակվել մինչ այդ օգտագործվող համարժեք սննդամթերքում և կարող են ազդել որոշակի խմբերի մարդկանց առողջության վրա.
ժդ) եթե սննդամթերքը մշակվել է ճառագայթահարմամբ, ապա պարտադիր է «ճառագայթահարմամբ մշակված» մակնշումը, իսկ եթե սննդամթերքը պարունակում է ճառագայթահարմամբ մշակված բաղադրիչ, ապա «ճառագայթահարմամբ մշակված» մակնշումը կատարվում է այդ բաղադրիչի համար.
ժե) «արագ սառեցված» մակնշումը, եթե սննդամթերքն այդպիսին է և հստակ ցուցում այն մասին, որ ապասառեցնելուց հետո այն չի կարելի կրկին սառեցնել:»:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. |
Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվության տրամադրումը |
1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով և շրջիկ առևտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) իրենց կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվություն են տրամադրում լիազոր մարմնին:
2. Տեղեկատվությունը տրամադրվում է հետևյալ ժամկետներում`
1) օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում.
2) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո գործառնություններ սկսող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` մինչև գործառնություններ սկսելը:
3. Ներկայացվող տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`
1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գործառնության տեսակը.
2) գործունեության իրականացման վայրը:
4. Ներկայացված տեղեկատվության տվյալներում տեղի ունեցած փոփոխության դեպքում այդ մասին լրացուցիչ տեղեկացվում է լիազոր մարմնին:
5. Տնտեսավարողը նշված տեղեկատվությունը կարող է փոխանցել անձամբ լիազոր մարմնին հանձնելու, փոստային նամակի, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
6. Լիազոր մարմինը ստեղծում է սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների տեղեկատվական բանկ, որում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գործառնության տեսակը.
2) գործունեության իրականացման վայրը:»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին, 15.2-րդ և 15.3-րդ հոդվածներով.
«Հոդված 15.1. |
Դիտարկումների իրականացումը |
1. Դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցերի շրջանակը:
2. Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) կողմից լրացվում է դիտարկման թերթիկը 2 օրինակից, որի մեկ օրինակը դիտարկումն ավարտվելուց հետո տրվում է տնտեսավարող սուբյեկտին:
3. Դիտարկման թերթիկի ձևը հաստատում է լիազոր մարմինը և հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում:
4. Լրացված դիտարկման թերթիկը ստորագրում են դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը:
5. Դիտարկման ընթացքում իրականացվում են՝
1) դիտարկման թերթիկով սահմանված տվյալների հավաքում.
2) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար.
3) կենդանական ծագման մթերքի պահման պայմանների անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար.
4) լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված և (կամ) պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման (վաճառքի) արգելում: Կասեցման դեպքում դիտարկումն իրականացնող անձը կազմում է կասեցման վերաբերյալ արձանագրություն, որտեղ նշվում են կասեցման պատճառը և կասեցման ժամկետը: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել լաբորատոր փորձաքննության համար նախատեսված առավելագույն ժամկետը:
6. Սույն հոդվածով սահմանված դիտարկման տևողությունը յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում չպետք է գերազանցի երկու աշխատանքային օրը: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկման տևողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով:
7. Լիազոր մարմինը դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կարող է իրականացնել նաև հսկիչ գնում, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Սույն հոդվածով սահմանված դիտարկման արդյունքում վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:
9. Դիտարկման արդյունքները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
Հոդված 15.2. |
Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարման կարգը |
1. Լիազոր մարմնի կազմում գործող սահմանային հսկիչ կետի տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով սահմանային անցումային կետում զննում է ներմուծվող սննդամթերքը և կենդանական ծագման մթերքը և որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի:
2. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձվում է վճար՝
1) կես տոննայից մինչև մեկ տոննա քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով.
2) մեկ տոննան գերազանցող քաշի դեպքում՝ լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար 300 դրամի չափով:
3. Մինչև կես տոննա քաշի համար վճար չի գանձվում:
4. Սույն հոդվածի երկրորդ մասի իմաստով քաշի մեկ միավոր է համարվում ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի մեկ խմբաքանակը:
5. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձված վճարը փոխանցվում է լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվին, որում գոյացած միջոցներն օգտագործվում են լիազոր մարմնի աշխատակիցների խրախուսման և համակարգի զարգացման նպատակով: Լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15.3. |
Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննությունը և փորձաքննության համար վճարման կարգը |
1. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի փորձաքննության իրականացման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Փորձաքննությունն իրականացվում է լիազոր մարմնի` յուրաքանչյուր տարվա համար հայտարարած մրցույթում (այսուհետ՝ մրցույթ) հաղթող ճանաչված մասնագիտացված կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) կողմից:
3. Փորձաքննություն կատարելու համար սննդամթերք և (կամ) կենդանական ծագման մթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտից գանձվում է փորձաքննության վճար՝ մրցույթի արդյունքում ըստ փորձաքննությունների ձևավորված գնացուցակի համաձայն:
4. Փորձաքննության վճարը փոխանցվում է լիազոր մարմնի հատուկ հաշվին, որը հետագայում փոխանցվում է փորձաքննություն կատարած կազմակերպություններին՝ յուրաքանչյուր փորձաքննության համար՝ գնացուցակով սահմանված չափով:»:
Հոդված 8. Օրենքի երրորդ գլխի վերնագիրը «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄ» բառերով:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանում ընդգրկելու համար լիազոր մարմնի սահմանած կարգով տրամադրել իրենց կողմից արտադրվող և (կամ) շուկայահանվող այդպիսի արտադրանքի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սննդի արտադրության շղթայի նախնական փուլում ներգրավված` բուսական ու կենդանական ծագման մթերքի արտադրությամբ և կենդանիների բուծմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք վարում են գրանցամատյաններ, որոնցում ներառվող տեղեկատվությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին, 17.2-րդ, 17.3-րդ, 17.4-րդ և 17.5-րդ հոդվածներով.
«Հոդված 17.1. |
Դիտարկումն իրականացնող անձանց իրավունքները |
1. Դիտարկումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն`
ա) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու տնտեսավարող սուբյեկտի դիտարկվող ստորաբաժանումներ.
բ) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող դիտարկման նպատակներին.
գ) անհրաժեշտության դեպքում դիտարկումներին ներգրավելու տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.
դ) սահմանելու ժամկետներ` բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն.
ե) դիտարկման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով դիտարկմանը ներգրավելու տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների և թարգմանիչների:
Հոդված 17.2. |
Դիտարկումն իրականացնող անձանց պարտականությունները |
1. Դիտարկումն իրականացնող անձինք պարտավոր են`
ա) պահպանել դիտարկման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
բ) առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել դիտարկման ընթացքում իրեն (իրենց) հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, և դիտարկում իրականացնող անձը (անձինք) տեղյակ է (են) կամ կարող է (են) տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաև առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ (այսուհետ` տեղեկություն):
Սույն օրենքի իմաստով` տեղեկության հրապարակում է համարվում տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը.
գ) պահպանել տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը.
դ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.
ե) իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացնել տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց.
զ) դիտարկման ընթացքում գրավոր պատասխանել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` դիտարկման հետ առնչվող, անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի դիտարկվող ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած գրավոր հարցման:
Հոդված 17.3. |
Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները |
1. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`
ա) ծանոթանալու դիտարկումների արձանագրություններին.
բ) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դիտարկումն իրականացնող անձանց գործողությունները.
գ) պահանջելու դիտարկումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.
դ) չկատարելու դիտարկումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև դիտարկման նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ.
ե) դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով դիտարկման ցանկացած փուլում դիտարկմանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:
Հոդված 17.4. |
Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունները |
1. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) չխոչընդոտել դիտարկումների ընթացքին, կատարել դիտարկումն իրականացնող անձանց օրինական պահանջները.
բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել դիտարկումն իրականացնող անձանց գործունեության համար:
Հոդված 17.5. |
Դիտարկումն իրականացնող անձանց պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը |
1. Սույն օրենքի պահանջների խախտմամբ դիտարկում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Դիտարկումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաև դիտարկման արդյունքում կազմված փաստաթղթերը երկու ամսվա ընթացքում (եթե օրենքով այլ բան չի նախատեսվում) կարող են բողոքարկվել այն պետական մարմին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) դիտարկող անձը (անձինք), կամ դատարան:
3. Ընդունված որոշմանը չհամաձայնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկելու դատարան:»:
Հոդված 11.
Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի`
1) 4-րդ հոդվածի 7-րդ մասն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից.
2) 9-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|