Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
11 դեկտեմբերի 2014 թվականի N 52
37. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված` ենթակառուցվածքների կայունությանն աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 134-Ա որոշման հավելվածի ժամանակացույցի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները՝
Հավանություն տալ խմելու ջրի մատակարարման ոլորտի հիմնական գերատեսչությունների ջրային ռեսուրսների կառավարման, կարգավորման և պահպանման գործառույթների ուսումնասիրության վերաբերյալ հաշվետվությանը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի նիստի N 52 արձանագրային որոշման |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված` ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողությունների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 134-Ա որոշման հավելվածով հաստատվել է ժամանակացույց: Նշված ժամանակացույցի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները ապահովելու նպատակով նախաձեռնվել է խմելու ջրի մատակարարման ոլորտի (այսուհետ ոլորտ) հիմնական գերատեսչությունների (ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման, կարգավորման և պահպանման մարմիններ) գործառույթների ուսումնասիրություն և վերլուծություն:
խմելու ջրի մատակարարման ոլորտի հիմնական գերատեսչությունների ջրային ռեսուրսների կառավարման, կարգավորման և պահպանման գործառույթների ուսումնասիրության վերաբերյալ ՀՀ վարչապետի 17.03.2014թ. N 192-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Լ. Հունանյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
Աշխատանքային խմբի 17.03.2014թ. նիստում հավանություն է տրվել Ասիական զարգացման բանկի կողմից ներկայացված ոլորտի հիմնական գերատեսչությունների միջև տեղեկատվական հոսքերի, դերերի ու պարտականությունների և գործառույթների ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքին: Համաձայն տեխնիկական առաջադրանքի ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը (ՏԿՆ) պետք է ղեկավարի ուսումնասիրությունը և ապահովի ավարտական հաշվետվության ժամանակին հանձնումը:
Գործընթացի շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ ջրային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված խմելու ջրի մատակարարման ոլորտի հիմնական գերատեսչությունների գործառույթները, վերլուծվել են դրանց հնարավոր մասնակի համընկնումներն ու անհամապատասխանությունները, ինչպես նաև բացահայտվել են բարելավման կարիք ունեցող խնդիրներ:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել են ոլորտի գերատեսչությունների գործառույթների և պարտականությունների վերանայման ենթակա հետևյալ առաջարկությունները`
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (ՋՏՊԿ)
ՀՀ կառավարության 04.12.2014թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1346-Ն որոշմամբ ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությունը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից փոխանցվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
1. ՀՀ ջրային օրենսգրքի 12-րդ հոդված 11-րդ կետ
«Կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում ապահովում է պետության բաժնեմասի կառավարման հետ կապված գործառույթները, ներառյալ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման վերահսկողությունը.»:
Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքի 12-րդ հոդվածի 11-րդ կետի շարադրանքից հանել «և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման վերահսկողությունը.» բառերը` համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 05.09.2002թ. N 1400-Ն որոշմամբ հաստատված ՋՏՊԿ-ի կանոնադրության 8-րդ կետի (ը) ենթակետում:
2.ՀՀ ջրային օրենսգրքի 12-րդ հոդված 13-րդ կետ
«Կարգավորվող հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություններ` կարգավորվող սակագների վերաբերյալ.»:
Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքի 12-րդ հոդվածի 13-րդ կետի «ներկայացնում է» բառերի փոխարեն շարադրել «մասնակցում է ներկայացմանը» բառերը` համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 05.09.2002թ. N 1400-Ն որոշմամբ հաստատված ՋՏՊԿ-ի կանոնադրության 8-րդ կետի (ժ) ենթակետում:
3. ՀՀ ջրային օրենսգրքի 12-րդ հոդված 14-րդ կետ
«Կարգավորվող հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություններ` ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների և դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ.»:
Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքի 12-րդ հոդվածի 14-րդ կետի «ներկայացնում է» բառերի փոխարեն շարադրել «մասնակցում է ներկայացմանը» բառերով:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)
1. ՀՀ ջրային օրենսգրքի 73-րդ հոդված
«Ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերը
«Ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի կնքման կարգը և օրինակելի ձևերը սահմանում է կառավարությունը:»:
Առաջարկվում է նշված հոդվածում կատարել փոփոխություններ և լրացումներ`
1) Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների հաստատում ՀԾԿՀ-ի կողմից.
2) Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատում ՀԾԿՀ-ի կողմից:
Այս մոտեցման պարագայում անհրաժեշտություն կառաջանա ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 01.22.2004թ. N 130-Ն որոշմամբ հաստատված հավելվածները (N1` «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններ», N2` «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագրի ձևը` բնակիչ բաժանորդների համար» և N3` «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագրի ձևը` կազմակերպությունների համար»), ինչպես նաև անհրաժեշտություն կառաջանա վերախմբագրելու նշված փոփոխություններով պայմանավորված որոշման առանձին դրույթներ:
2.ՀՀ ջրային օրենսգիրք Գլուխ 5
«Ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունը»
Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքի 5-րդ գլխում կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ` ՀԾԿՀ-ին վերապահելով իրավասություններ Ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից ՀՀ ջրային օրենսգրքի ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և դրանց խախտման դեպքում պատժամիջոցներ կիրառելու նպատակով:
Եզրակացություն
1. Աշխատանքային խումբը հավանություն է տալիս ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացված առաջարկություններին:
2. Առաջարկությունների իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ և լրացումներ կատարել հետևյալ օրենսդրական ակտերում`
- ՀՀ ջրային օրենսգիրք.
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք:
3. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 134-Ա որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի 2-րդ կետի 5-րդ ենթակետը նախատեսում է ընդունել ՀՀ կառավարության որոշում` «ներդաշնակեցնելով ՀՀ ջրային օրենսգիրքը, դրան առնչվող իրավական ակտերը և ջրային ոլորտի ռազմավարությունը միմյանց հետ», աշխատանքային խումբը առաջարկում է`
Ներկայացնել հաշվետվությամբ բերված առաջարկությունները նշված ժամանակացույցի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պատասխանատուներին (ՀՀ բնապահպանության ու ՀՀ ֆինանսների նախարարություններ, ՋՏՊԿ):
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ առաջարկվող որոշ փոփոխություններ առնչվում են ՀԾԿՀ-ին, աշխատանքային խումբը առաջարկում է պատասխանատուների ցանկում ընդգրկել նաև ՀԾԿՀ-ին:
4. Սույն եզրակացության 2-րդ կետով առաջարկվող օրենսդրական ակտերի փոփոխություններով և լրացումներով պայմանավորված անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել առնչվող ենթաօրենսդրական ակտերում (ՀՀ կառավարության 01.22.2004թ. N 130-Ն որոշում, ՀՀ կառավարության 05.09.2002թ. N 1400-Ն որոշմամբ հաստատված ՋՏՊԿ-ի կանոնադրություն, ՀԾԿՀ-ի որոշումներ և այլն):
