Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-303-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2012-01.01.2013)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1715
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
29.11.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.12.2011
Дата вступления в силу
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 29-ին

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումները կատարում են հետևյալ դրույքաչափերով`

 

Աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ամսական չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 2.000.000 դրամ

3 տոկոս

2.000.000 դրամից ավելի

60.000 դրամ գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը

 

Վարձու աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկում, պահում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում նրանց գործատուները:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասի առաջին պարբերության «մարտի 1-ից ոչ ուշ» բառերը փոխարինել «մայիսի 1-ից ոչ ուշ» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության «մարտի 1-ը» բառերը փոխարինել «ապրիլի 15-ը» բառերով.

3) 6-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար`

ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է,

բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չորսից վեց է,

գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը յոթից ինն է,

դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է ինը:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «հարկային» բառից հետո լրացնել «և այլ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում`

 

1) «(բայց 60000 դրամից ոչ պակաս)» բառերը փոխարինել «(բայց 60000 դրամից, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 60000 դրամից ոչ պակաս)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն մասով նախատեսված տուգանքը կիրառվում է նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեխնիկական միջոցների համար նախատեսված` յուրաքանչյուր լիցենզիայի համապատասխան ներդիրի բացակայության պարագայում ուղևորափոխադրումների դեպքում:»:

 

Հոդված 5. Օրենքի «Հավելված 1»-ում`

 

1) 1-ին բաժնի 1.1-ին կետը «հարկային» բառից հետո լրացնել «և այլ» բառերով.

2) 2-րդ բաժնի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`

հարկային այլ տուգանքներ` որևէ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքեր («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ, 28-րդ, 28.3-րդ, 28.5-րդ և 31-րդ հոդվածներով սահմանված տուգանքները).

այլ վճարներ` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարներ, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար ճանապարհային վճար և «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարներ.

հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքներ.

այլ պարտավորություններ` հարկային, այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններ.

գերավճար`

- սահմանված կարգով հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` սոցիալական վճարների համապատասխան գանձապետական հաշվին ապահովադրի կամ ապահովադրի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ`

- դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա ապահովադրի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերող) հաշվեգրված գումար, կամ`

- հարկային պարտավորությունները կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով հարկային պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ սոցիալական վճարներին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (այլ վճարների կամ պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով սոցիալական վճարներին հաշվանցումներ չեն կատարվում).

հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ սոցիալական վճարների պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`

- փաստացի վճարման, կամ`

- հարկային պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից սոցիալական վճարների պարտավորության դիմաց հաշվանցման, կամ`

- սոցիալական վճարների հաշվետվության (հայտարարագրի) ներկայացման, կամ`

- դատարանի վճռի կատարման կամ`

- վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշման ընդունման.

հաշվանցում` ապահովադրի պարտավորության պակասեցում կամ ապահովադրի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում` սոցիալական վճարների պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ ապահովադրի հանդեպ սոցիալական վճարների պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության դրական տարբերության գումարը.

վերադարձ` ապահովադրի բանկային հաշվին (ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առևտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.

հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար` սոցիալական վճարների գերավճարի հաշվին ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար ապահովադրի դիմումով պահանջված գումար.

ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումար.

գերավճարի մնացորդ` սոցիալական վճարների գերավճարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ ապահովադրի սոցիալական վճարների և այլ պարտավորությունների հաշվին.

սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդ` սոցիալական վճարների դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ ապահովադրի այլ պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Սոցիալական վճարների չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`

- այն գումարները, որոնք ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության (այդ թվում` նվազագույն գումարների պարտավորության) կատարման արդյունք են,

- այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում` նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել չհիմնավորված,

- այն գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը, սույն կարգին համապատասխան, կասեցված է.

սոցիալական վճարների դեբետային մնացորդ` տվյալ օրվա դրությամբ սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդի և գերավճարի մնացորդի հանրագումարը:».

3) 3-րդ բաժնի 3.1-ին կետից հանել «հաշվի առած գումարների մեծությունները`» բառերը, իսկ 3.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, ապահովադրի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե ապահովադիրը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), կամ հաշվանցումը կատարվում է առանց ապահովադրի դիմումի, առաջնահերթ մարվում են սոցիալական վճարների գծով առկա պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարների գումարները, տույժերը, տուգանքները:».

4) 4-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Տույժերի և տուգանքների հաշվարկն ու վերահաշվարկը

4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, սոցիալական վճարների ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում են տույժեր և (կամ) «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությունով սահմանված դեպքերում տուգանքներ` մինչև գերավճարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:

4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններից որևէ մեկի մասով ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում սոցիալական վճարների ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:

4.3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների, մաքսային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի, տեղական բյուջե հավաքագրվող հարկերի և այլն) հաշվին սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում սոցիալական վճարների ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները չեն վերահաշվարկվում: Սոցիալական վճարների ապառքների նկատմամբ տույժերը և (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչև փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:

4.4. Եթե սոցիալական վճարների գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը կատարելուց հետո ապահովադրի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ, հայտարարագրեր), որի արդյունքում փոխվում է փաստացի հաշվանցման և (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է ապահովադրի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է սոցիալական վճարների գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:

4.5. Եթե սոցիալական վճարների գերավճարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը ապահովադրի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է ապահովադրի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է սոցիալական վճարների գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:».

5) 5-րդ բաժնի վերնագրի, 5.1-ին և 5.3-րդ կետերի «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

6) 6-րդ բաժնում`

ա. վերնագրի, 6.1-ին, 6.2-րդ և 6.3-րդ կետերի «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 6.1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրություն.»,

գ. 6.2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն կետում նշված, ինչպես նաև հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձևերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:».

7) 7-րդ բաժնի վերնագրի և 7.1-ին կետի «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

8) 8-րդ բաժնի վերնագրի, 8.1-ին, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ և 8.5-րդ կետերի «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով, 8.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը վերջին բառից հետո լրացնել «, կամ`» բառով, իսկ 3-րդ ենթակետի «100,0 հազ. դրամը» բառերը փոխարինել «10,0 մլն դրամը» բառերով.

9) 9-րդ բաժնի վերնագրի, 9.1-ին և 9.2-րդ կետերի «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

10) 10-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման կանոնները

10.1. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետև` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:

10.2. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա՝ հաջորդ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռևս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց ապահովադրի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ ապահովադիրը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ՝

1) հարկային այլ տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.

2) այն հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում տրված թվարկման հերթականությանը համապատասխան).

3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետևյալ հերթականությամբ` բնապահպանական և բնօգտագործման վճարներ, ճանապարհային վճար և կարգավորման պարտադիր վճարներ).

4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը.

5) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.

6) «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:

10.3. Ապահովադրի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում ապահովադրի սոցիալական վճարների կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններին դեռևս չեն ներկայացվել, կամ ապագա պարտավորությունների մարմանը):».

11) 11-րդ բաժնի 11.2-րդ կետի «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով, իսկ 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11.1. Գերավճարի գումարն ապահովադրին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող սոցիալական վճարների և հարկային բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում` եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն ապահովադրի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում սոցիալական վճարների և հարկերի (հաստատագրված վճարների) հաշվարկման համար հիմք հանդիսացող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:».

12) 12-րդ բաժնի 12.1-ին և 12.2-րդ կետերի, 14-րդ բաժնի 14.1-ին, 14.2-րդ, 14.3-րդ և 14.4-րդ կետերի «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

13) 15-րդ բաժնի վերնագրի «Հարկային» բառը փոխարինել «Այլ» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կարգը սահմանված չլինելու դեպքում, մինչև այդ կարգի սահմանումը, սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված չափերով պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստն արձանագրելու դեպքերում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
 ՀՕ-303-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան