Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.09.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
20.09.2024
Дата вступления в силу
20.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա. Դանիբեկյան

 

ԵԴ1/0024/12/23

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա. Բեկթաշյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

 

20 սեպտեմբերի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Սամսոն Արծրունի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 30-ի դատավճռով Սամսոն Արծրունի Առաքելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով, որին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 6 (վեց) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով։ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Սամսոն Առաքելյանն ազատվել է պատժից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ դատախազի բողոքը մասնակիորեն բավարարվել է, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 30-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է համաներման մասին հիշյալ օրենքի կիրառմամբ ՍԱռաքելյանին պատժից ազատելը վերացվել է։

2 Քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը, 2023 թվականի հուլիսի 20-ին, որոշում է կայացրել դատապարտյալ ՍԱռաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, և նույն թվականի հուլիսի 24-ին միջնորդագիր է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ դատապարտյալ ՍԱռաքելյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով պատժի չկրած մասը՝ 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ փորձաշրջանի ընթացքում առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու, բնակության վայրը փոխելու դեպքում հիշյալ մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու ու պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվող վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելու պարտականություններ դնելով։

3 Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԵԱվագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Այսպես, բողոքաբերը, ի թիվս այլնի, նշել է, որ ՍԱռաքելյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի իրավակարգավորումներով։ Այդ հետևությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը՝ որպես դատապարտյալ ՍԱռաքելյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայմանն առկա չէ։

51 Բողոքաբերն անդրադարձել է նաև առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ ՍԱռաքելյանի վերասոցիալականացման հնարավորության մասին ստորադաս դատարանների հետևության հիմնավորվածությանը։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ ՍԱռաքելյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 7. Դատապարտյալ ՍԱռաքելյանի պաշտպան Ա.Սարգսյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը կիրառելու հնարավորության հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, իսկ դատական վերանայման բողոքում տարբերվող հետևությունը հիմնավորվել է այնպիսի փաստարկումներով, որոնք փոխկապակցված չեն Առաջին ատյանի դատարանի կողմից տրված պատճառաբանությունների հետ։

Անդրադառնալով առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ ՍԱռաքելյանի վերասոցիալականացման հնարավորության կապակցությամբ բողոքաբերի փաստարկներին՝ պաշտպանն ըստ էության գտել է, որ դրանք կառուցված չեն վարույթի փաստական տվյալների բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծության և համակցության մեջ գնահատման վրա, ու հակասում են վերաբերելի իրավանորմերին և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին։

8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա.Սարգսյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Ազատազրկման կատարումն ապահովելու համար ՍԱռաքելյանը 2022 թվականի հուլիսի 26-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ1։

10 Առաջին ատյանի դատարանը, ՍԱռաքելյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) «Պատիժը մեղմացնող օրենք» եզրույթն ընդգրկում է ոչ միայն ավելի մեղմ պատժատեսակներ սահմանելու, կամ պատժի չափի (ժամկետի) ստորին և (կամ) վերին սահմանները նվազեցնելու դեպքեր, այլև պատժի կատարման ավելի բարենպաստ պայմանների սահմանում: Այդ թվում՝ որպես պատիժը մեղմացնող պետք է դիտել նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար փաստացի կրման ենթակա պատժի նվազագույն ժամկետը կրճատող օրենքը:

ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունից բխում է, որ դրանում ամրագրված՝ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժը սահմանափակող կանոնները վերաբերում են օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի (պատժատեսակի կամ պատժաչափի) փոփոխմանը, որն իրականացվում է հանցավոր արարքների և նշանակված պատիժների նոր օրենքին համապատասխանեցնելու ինստիտուտի շրջանակներում:

Վերոգրյալի համատեքստում [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ դատապարտյալի նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ավելի խիստ կանոններ նախատեսող, ուժը կորցրած օրենքի կիրառումը չի բխի ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի պահանջներից:

Նշված պատճառաբանությամբ [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ Սամսոն Առաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելիս կիրառելի են գործող ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կարգավորումները:

(․․․) Գնահատելով [վարույթի փաստական] հանգամանքներն իրենց համակցության մեջ, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ դատապարտյալի անձնական գործում առկա փաստական տվյալները հիմքեր են տալիս վերջինիս վարքագիծը դրական գնահատելու համար (․․․) [և] (․․․) Սամսոն Առաքելյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը պետք է գնահատել ցածր:

Այսպիսով, վերը շարադրվածի հիման վրա [Առաջին ատյանի] դատարանը հանգում է հետևության, որ դատապարտյալ Սամսոն Առաքելյանի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու: (․․․)»2:

11 Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը «(․․․) Առաջին ատյանի դատարանի որոշման (․․․) հիմնավորումները դիտարկելով [վերաբերելի] իրավական նորմերի և եզրահանգումների լույսի ներքո` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար: (․․․)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

12 Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ դատապարտյալ ՍԱռաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից: (․․․)»։

Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

(․․․)

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը. (․․․)»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝

1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (․․․)»։

13 ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում` արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման։ Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել4։

14 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված ՍԱռաքելյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 6 (վեց) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով5,

- ազատազրկման կատարումն ապահովելու համար ՍԱռաքելյանը քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2022 թվականի հուլիսի 26-ին6,

- 2023 թվականի հուլիսի 24-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալ ՍԱռաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան7,

- Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ ՍԱռաքելյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել է՝ իր դիրքորոշումը, ի թիվս այլնի, հիմնավորելով նրանով, որ «պատիժը մեղմացնող օրենքը» իր մեջ ներառում է նաև պատժի կատարման բարենպաստ պայմանների սահմանումը, այդ թվում՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը նվազեցնող դրույթը։ Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի կիրառումը չի բխելու ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի պահանջից։ Ամփոփելով, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ դատապարտյալ ՍԱռաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ենթակա է լուծման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի կանոններով8,

- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին9։

15 Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից, թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ ՍԱռաքելյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով, քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանների այն հետևությունը, որ մինչև ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած ՍԱռաքելյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունն օրենքով նախատեսված չէ։

Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ ՍԱռաքելյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ ՍԱռաքելյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով, վերջինս կալանքի տակ է գտնվել 4 (չորս) ամիս 6 (վեց) օր ժամկետով, այնուհետև՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2022 թվականի հուլիսի 26-ին, ՍԱռաքելյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և 2023 թվականի օգոստոսի 18-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ ՍԱռաքելյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 28 (քսանութ) օրը, որից 4 (չորս) ամիս 6 (վեց) օրը կրել է նախաքննության ընթացքում արգելանքի տակ գտնվելու տեսքով, իսկ 1 (մեկ) տարի 22 (քսաներկու) օրը՝ օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում10։

Ընդհանրացնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված ՍԱռաքելյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման կեսը։

Նշված եզրահանգման հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 51-րդ կետում նշված և այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։

151 Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը նվազեցնող օրենքը համարվում է պատիժը մեղմացնող՝ հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս ընդգծել է, որ պատժից ազատելու հիմքերի և պայմանների հետ կապված՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծող նոր օրենքը համարվում է անձի վիճակն այլ կերպ բարելավող։ Բացի այդ, հարկ է նկատել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում դատարանին տրված է չափելի հայեցողություն, այսինքն, պատժի պարտադիր կրման նվազագույն առավել նպաստավոր ժամկետի սահմանումը պատժից անվերապահ ազատում նախատեսող նորմ չէ11։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի կիրառումը չի բխում ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի պահանջից՝ հարկ է նշել, որ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը ՀՀ Սահմանադրությամբ թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը12 տվյալ դեպքում ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի հետադարձ ազդեցության հնարավորությունը նախատեսող օրենք առկա չէ։

16 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է` կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 15-ի դատական ակտերը բեկանելու ու դատապարտյալ ՍԱռաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժելու համար։

Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դատապարտյալ Սամսոն Արծրունի Առաքելյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումները բեկանել և ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

___________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-5:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 87-95:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 86-101:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։

5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:

11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:

12 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: