Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.08.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
09.08.2023
Дата вступления в силу
09.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Արագածոտնի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Է. Կարապետյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

ԱՐԱԴ/0041/01/21

նախագահող դատավոր՝

 Ա. Նիկողոսյան

դատավորներ՝

 Մ. Արղամանյան

 Ա. Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

9 օգոստոսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Նաիրի Գագիկի Կիրակոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 28-ի որոշման դեմ պաշտպան ԺՀամբարձումյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի մարտի 7-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 3152-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 29154321 քրեական գործը:

2021 թվականի ապրիլի 13-ին Նաիրի Գագիկի Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով։

2021 թվականի ապրիլի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հունվարի 21-ի դատավճռով Ն.Կիրակոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով` զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` 1 (մեկ) տարի ժամկետով: ՆԿիրակոսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Պաշտպան Ժ.Համբարձումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 21-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ժ.Համբարձումյանը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունվարի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Բողոքաբերի համոզմամբ՝ ստորադաս դատարանները, պատշաճ գնահատման չենթարկելով գործի փաստական տվյալների ամբողջությունը, ամբաստանյալ ՆԿիրակոսյանին մեղսագրված արարքում մեղավոր ճանաչելու հարցում հանգել են սխալ եզրահանգման։

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը գտել է, որ գործի փաստական տվյալներից հետևում է, որ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում գործում առկա ապացույցների հավաքման, ստուգման և գնահատման արդյունքում, դրանց՝ գործի փաստական հանգամանքների հետ համադրմամբ, պետք էր արձանագրել, որ ՆԿիրակոսյանին վերագրվող արարքում բացակայել է հանցակազմի սուբյեկտը։

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները քննարկման առարկա չեն դարձրել ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ, 11-րդ, 55-րդ և 56-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ Կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի թիվ 993-Ն որոշմամբ սահմանված պահանջները, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում չի հիմնավորվել և չի պարզաբանվել, թե արդյոք ՆԿիրակոսյանի մեղադրանքի հիմքում դրված՝ ինքնակամ շինությունը գլխավոր հատակագծի և կադաստրային ծածկագրի համաձայն գտնվել է Արագածոտնի մարզի Ուջան համայնքի վարչական տարածքում, թե՝ ոչ։

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ ՆԿիրակոսյանին մեղսագրվող արարքը տեղի է ունեցել և ավարտվել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին, այսինքն այն ժամանակ, երբ ՆԿիրակոսյանը ստացել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ ԱՇահբազյանի՝ 2020 թվականի օգոստոսի 26-ի թիվ ՔՏՄ/158/10458-20 գրությունն այն մասին, որ կատարվում են ինքնակամ շինարարական աշխատանքներ, և ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ օրենքով սահմանված կարգով չի կասեցրել աշխատանքներն ու ապահովել դրանց հետևանքների վերացումը, ինչից էլ հետևում է, որ ՆԿիրակոսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը լրացել է 2022 թվականի սեպտեմբերի 2-ին:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 28-ի որոշումը և այն փոփոխել՝ կայացնելով գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով ՆԿիրակոսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում կամ այն բեկանել և բեկանված մասով վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, կամ ՆԿիրակոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նաիրի Կիրակոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «նա, 2016 թվականի հոկտեմբերի 23-ից հանդիսանալով Արագածոտնի մարզի Ուջան համայնքի ղեկավար և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու և կասեցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումն ապահովելու սեփական լիազորություն, ինքնակամ կառույց իրականացրած Մեսրոպ Սոսի Շահինյանի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:

Այսպես,

Արագածոտնի մարզի Ուջան համայնքի բնակիչ Մեսրոպ Սոսի Շահինյանը նույն համայնքի՝ ճանապարհային շահագործման ներքո գտնվող, Երևան-Գյումրի ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տեղակայված հողատարածքում 2020 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, նշված հողատարածքի վրա, առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության, չպահպանելով ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշման պահանջները՝ ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի ընթացակարգը, ինքնակամ կառուցել է գյուղմթերքի պահեստավորման և վաճառքի համար նախատեսված շինություն, իսկ համայնքի ղեկավար՝ Նաիրի Կիրակոսյանը, հաստատապես տեղյակ լինելով նշված շինությունն առանց համապատասխան թույլտվության ինքնակամ կառուցած լինելու հանգամանքի մասին, դիտավորությամբ չկատարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքի ղեկավարի իր լիազորությունները, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները օրենքով սահմանված ժամկետներում վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել»1։

8. Համաձայն քրեական գործում առկա՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ի «Զգուշացում» վերտառությամբ փաստաթղթի2 և թիվ 84 որոշման3՝ Ն.Կիրակոսյանը Մեսրոպ Շահինյանին զգուշացրել է դադարեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները՝ մինչև օրենքով սահմանված կարգով ձեռք կբերվեն շինարարության թույլտվության փաստաթղթեր4:

81 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա.Շահբազյանի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի ղեկավար՝ Ն.Կիրակոսյանին ուղղված 2020 թվականի սեպտեմբերի 23-ի գրությամբ հիշեցվել է համապատասխան ինքնակամ շինարարական աշխատանքների կատարման մասին, առաջարկվել կասեցնել վերոհիշյալ հասցեներում իրականացվող ինքնակամ շինարարությունը և ապահովել դրա հետևանքների վերացումը, ինչպես նաև հայտնվել է այն մասին, որ սեղմ ժամկետում իրավաչափ և օրենքով սահմանված համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում տեսչական մարմնի կողմից՝ վերապահված լիազորության սահմաններում, հաղորդում կներկայացվի իրավասու մարմիններին5:

9 Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշմամբ սահմանվել են կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը:

Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով և փաստական տվյալներով` Դատարանը հաստատված է համարում հետևյալը.

2018թ. ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի վարչական տարածքում, Ուջան համայնքի բնակիչ Մեսրոպ Սոսի Շահինյանը ձեռք է բերել հողամաս՝ խնձորի այգի և այդ հողամասին կից կառուցել է ինքնակամ շինություն:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա.Շահբազյանի գրությամբ՝ Ուջան համայնքի ղեկավար Ն.Կիրակոսյանին առաջարկվել է կասեցնել Երևան-Գյումրի մայրուղու ձախ հատվածում «Կարոտ» հացատնից 100մ դեպի Աշտարակ իրականացվող ինքնակամ շինարարությունը և ապահովել դրա հետևանքների վերացումը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա.Շահբազյանը համապատասխան գրություններով Ուջան համայնքի ղեկավար Ն.Կիրակոսյանին երկրորդ և երրորդ անգամ առաջարկել է կասեցնել Արագածոտնի մարզի Ուջան համայնքում՝ Երևան-Գյումրի մայրուղու ձախ հատվածում «Կարոտ» հացատնից 100մ դեպի Աշտարակ, կատարվող ինքնակամ շինարարական աշխատանքները և ապահովել դրանց հետևանքների վերացումը և պարզաբանել, որ սեղմ ժամկետում իրավաչափ և օրենքով սահմանված համապատասխան միջոցներ չձեռնարկվելու դեպքում տեսչական մարմնի կողմից հաղորդում կներկայացվի իրավասու մարմիններին՝ համաձայն ՀՀ վարչապետի 730-Լ որոշման՝ տեսչական մարմնին վերապահված լիազորության սահմաններում:

Առաջարկվել է նաև ձեռնարկված միջոցառումների մասին տեղյակ պահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 02.09.2020թ. թիվ ՔՏՄ/15.8/10742-20 գրությունը՝ համայնքի ղեկավարի կողմից 09.09.2020թ. կայացվել է որոշում, որով Մեսրոպ Շահինյանը զգուշացվել է՝ դադարեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները՝ մինչև օրենքով սահմանված կարգով ձեռք կբերվեն շինարարության թույլտվության փաստաթղթեր:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի ղեկավար Ն.Կիրակոսյանը 23.03.2021թ. թիվ 253 գրությամբ վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ Մեսրոպ Շահինյանի կողմից ինքնակամ կառուցված շինության վերաբերյալ համայնքապետարանը 09.09.2020 թվականին զգուշացրել է, որ դադարեցնի ինքնակամ շինարարական աշխատանքները՝ մինչև օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվության փաստաթղթերի ձեռք բերումը:

Հայտնվել է նաև, որ նշված հողամասը գտնվում է Ուջանի վարչական տարածքում, հանդիսանում է համայնքային սեփականություն և գտնվում է ճանապարհային շահագործման ներքո: Նշված հողամասը կադաստրային ծածկագիր և սեփականության իրավունքի վկայական չունի: Զգուշացումից հետո 09.03.2021թ. դիմել է համայնքի ղեկավարին, որպեսզի նշված հողամասը օտարվի իրեն, սակայն համայնքապետարանը մերժել է, քանի որ նշված հողամասը գտնվում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և նրան ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինթույլտվություն չի տրվել:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Նաիրի Կիրակոսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ծանոթ է կառավարության որոշումներին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին, սակայն մինչ լիազորությունների դադարեցումը որևէ միջոց չի ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի բնակիչ Մեսրոպ Շահինյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ, գտել է, որ այն չպետք է քանդվի, քանի որ «ինքն այդ մարդը չէ»: Արցախյան պատերազմի ժամանակ մասնակցել է Շուշիի ազատագրմանը և 44-օրյա պատերազմում և Շուշիի հանձնումից հետո իր համար ամեն ինչ միևնույն է եղել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես մեղադրյալ հարցաքննվելիս Նաիրի Կիրակոսյանն ընդունել է, որ իր կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի շինությունը ապամոնտաժելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև իր կողմից չեն իրականացվել վարչական պատասխանատվության ենթարկելու միջոցներ:

Վկաներ Մ.Շահինյանը և Կ.Հարոյանն իրենց ցուցմունքներով պնդել են, որ համայնքի ղեկավար Նաիրի Կիրակոսյանը մի քանի անգամ՝ բանավոր և գրավոր կերպով նախազգուշացրել է ինքնակամ շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ, սակայն Մ.Շահինյանի կողմից շինարարությունը չի դադարեցվել:

(…) Դատարանը (…) ապացուցված է համարում այն, որ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի բնակիչ Մեսրոպ Սոսի Շահինյանը նույն համայնքի՝ ճանապարհային շահագործման ներքո գտնվող, Երևան-Գյումրի ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տեղակայված հողատարածքում 2020 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, նշված հողատարածքի վրա, առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության ինքնակամ կառուցել է շինություն, իսկ համայնքի ղեկավար՝ Նաիրի Կիրակոսյանը, հաստատապես տեղյակ լինելով նշված շինությունն առանց համապատասխան թույլտվության ինքնակամ կառուցած լինելու հանգամանքի մասին, դիտավորությամբ չկատարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված համայնքի ղեկավարի իր լիազորությունները, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները օրենքով սահմանված ժամկետներում վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել:

Անդրադառնալով ամբաստանյալ Ն.Կիրակոսյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքին այն մասին, որ Մեսրոպ Սոսի Շահինյանի կողմից կառուցված շինությունը չի պատկանում Ուջան համայնքին, նշված տարածքը քարտեզագրում չի անցել, սեփականության իրավունքի վկայական չի տրվել, գտնվում է Գյումրի-Երևան մայրուղուց 100 մետր հեռավորության վրա և պատկանում է տրանսպորտի նախարարությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը հերքվել է հենց ամբաստանյալ Ն.Կիրակոսյանի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված գրությունով, որով հայտնել է, որ նշված հողամասը գտնվում է Ուջան համայնքի վարչական տարածքում, հանդիսանում է համայնքային սեփականություն և գտնվում է ճանապարհային շահագործման ներքո: Ինչ վերաբերվում է ամբաստանյալի այն պատճառաբանությանը, որ նշված տարածքին սեփականության իրավունքի վկայական չի տրվել, ապա Դատարանն արձանագրում է, որ համայնքի վարչական տարածքը և հատկացվող հողերի քանակը որոշվում է, ոչ թե առանձին տրվող սեփականության իրավունքի վկայականով, այլ համապատասխան իրավական ակտերով:

Այսինքն, Դատարանը գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալ Նաիրի Գագիկի Կիրակոսյանին մեղսագրվող արարքը որակված է ճիշտ»6:

10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Ի պատասխան Վերաքննիչ դատարանի հարցերին, ամբաստանյալը նշեց, որ շինությունն «ընդհանուր առմամբ» գտնվում է համայնքի սահմաններում, սակայն տրանսպորտային նախարարության տիրապետության ներքո։ Նշեց, որ թե բանավոր, թե գրավոր զգուշացրել է, որպեսզի դադարեցնեն։ Ամբաստանյալը հայտարարեց, որ «թող տրանսպորտի նախարարությունը գնար քանդեր, իմ թոռներն էլ են էնտեղ ապրում, ես քանդող չեմ, չեմ կարող գնալ քանդել մարդկանց շինարարությունը»: Ամբաստանյալը հաստատեց, որ ի պատասխան քննիչի հարցմանը ուղարկված գրությունը ստորագրվել է իր կողմից, սակայն այն կազմվել է համայնքապետարանի աշխատակազմի կողմից, որոնց թվում առկա է նաև չափագրող:

(...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Նաիրի Գագիկի Կիրակոսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին) 3152 հոդվածով նախատեսված արարքը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նաիրի Գագիկի Կիրակոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին) 3152 հոդվածով նախատեսված հանցանք կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրական դատավճռի հիմքում դրված՝ քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, և Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցների համակցությունը հաստատում է ամբաստանյալ Նաիրի Գագիկի Կիրակոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին) 3152 հոդվածով նախատեսված հանցանքը կատարելու փաստը:

Անդրադառնալով Վերաքննիչ բողոքի փաստարկներին առ այն, որ խնդրո առարկա հողատարածքի՝ Ուջան համայնքի վարչական տարածքում գտնվելու հանգամանքը քրեական գործով չի հաստատվել, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը տվյալ հանգամանքը հաստատելու համար հարցում է կատարել անմիջականորեն իրավասու մարմնին՝ Ուջան համայնքի ղեկավարին: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես իրավացիորեն փաստել է Առաջին ատյանի դատարանը, նշված հանգամանքը հաստատվել է անմիջականորեն ամբաստանյալի կողմից՝ ի պատասխան քննիչի հարցմանը տրված գրությամբ: Հատկանշական է, որ ամբաստանյալի կողմից դատական նիստի ընթացքում արված հայտարարության համաձայն, իր կողմից ստորագրված նշված գրության նախագծի կազմումն իրականացրել է համայնքապետարանի աշխատակազմը՝ համապատասխան ստուգողական գործողությունների արդյունքում հաստատված տվյալների հիման վրա (․․․): Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված գրությամբ հայտնված տվյալների իսկությունը կասկածի տակ դնելու որևէ իրավական կամ փաստական հիմք առկա չէ, իսկ իրավասու մարմնի կողմից համապատասխան գրության ստացումից հետո Ուջան համայնքի քարտեզի հայտնաբերումն ու ուսումնասիրությունը ըստ էության կհանդիսանար ինքնանպատակ:

(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհիմն են բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ ամբաստանյալին մեղսագրվող ենթադրյալ արարքն անհրաժեշտ է դիտարկել որպես նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չներկայացնող: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Նաիրի Գագիկի Կիրակոսյանը մեղսագրվող արարքը կատարել է ուղղակի դիտավորությամբ (ամբաստանյալի դատաքննական ցուցմունքի համաձայն՝ վերջինս գտել է, որ ինքնակամ շինությունը չպետք է քանդվի, քանի որ «ինքն այդ մարդը չէ») և նշված արարքի կատարման արդյունքում առանց համապատասխան թույլտվության կառուցվող ինքնակամ շինության կառուցումը չի կասեցվել, ինչն էական վնաս է հասցրել համայնքային շահերին, ուստի վերջինիս արարքը չի կարող գնահատվել որպես նվազ կարևորություն ունեցող»7։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ ՆԿիրակոսյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ ՆԿիրակոսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված արարքում ամբաստանյալ ՆԿիրակոսյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության:

Մասնավորապես, ամբաստանյալ ՆԿիրակոսյանի մեղավորությունը հաստատվել է, իսկ պաշտպանի փաստարկն այն մասին, որ մեղադրանքի հիմքում դրված՝ ինքնակամ շինության՝ Ուջան համայնքից դուրս գտնվելու պայմաններում ՆԿիրակոսյանն իրեն մեղսագրված արարքի սուբյեկտ հանդիսանալ չէր կարող, հերքվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ ամբաստանյալ Ն.Կիրակոսյանի կողմից նախաքննության մարմնին հասցեագրված՝ 2021 թվականի մարտի 23-ի թիվ 253 գրությամբ, համաձայն որի՝ հողամասը, որի վրա ինքնակամ կառուցվել է շինությունը, գտնվում է Ուջան համայնքի վարչական տարածքում, հանդիսանում է համայնքային սեփականություն և գտնվում է ճանապարհային շահագործման ներքո8։

Ավելին, Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ընթացքում, ամբաստանյալ ՆԿիրակոսյանն ընդգծել է, որ նախաքննության մարմնին հասցեագրված վերոհիշյալ գրությունը ստորագրվել է իր կողմից, այն կազմել է համայնքապետարանի աշխատակազմը, որի թվում եղել է նաև չափագրող, ինչի կապակցությամբ էլ Վերաքննիչ դատարանը հիմնավորված կերպով գտել է, որ նշված գրությամբ հայտնված տվյալների իսկությունը կասկածի տակ դնելու որևէ իրավական կամ փաստական հիմք առկա չէ9։

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ ՆԿիրակոսյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

15 Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ ՆԿիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(...)

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն10` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի համաձայն` «Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաև հողամասերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը`

- պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարի ժամկետով»:

16 Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

17 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարվել է 2020 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին11: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ ՆԿիրակոսյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2022 թվականի հունվարի 21-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի հուլիսի 28-ին12: Նշված որոշման դեմ ՆԿիրակոսյանի պաշտպանի կողմից վճռաբեկ բողոք է բերվել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին13:

18 Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ ՆԿիրակոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

19 Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ ՆԿիրակոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Նաիրի Գագիկի Կիրակոսյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 3152դ հոդվածով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունվարի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 28-ի որոշումը՝ բեկանել։

2 Նաիրի Գագիկի Կիրակոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 3152դ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3Նաիրի Գագիկի Կիրակոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացնել:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

__________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 75-76:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 34։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 44։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 75-76:

5 Տե՛ս քրեական գործ հատոր 1, թերթ 3։

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 199-216:

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 84-109:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 60:

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

10 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ն․Կիրակոսյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

13 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: