Գլխավոր տեղեկություն
Номер
N 141-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.08.2023-07.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.02.2021
Дата вступления в силу
10.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2021 թվականի N 141-Ն

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ պարգևավճար չի նշանակվում, եթե զինծառայողը զոհվել (մահացել) կամ անհայտ բացակայող է ճանաչվել կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հատուցման դեպքի՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով (հատուցման դեպքի հիմքով անձն ունի հատուցման գումար ստանալու իրավունք)։ Զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքին, ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո այդ անձինք ձեռք են բերում սույն որոշմամբ սահմանված պարգևավճարի իրավունք։

(2-րդ կետը խմբ. 06.10.22 N 1539-Ն, փոփ. 18.05.23 N 744-Ն)

2.1. Սույն որոշման 2-րդ կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամներին (ընտանիքին) նշանակվող պարգևավճարների վրա։

(2.1-ին կետը լրաց. 06.10.22 N 1539-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշումը:

3.1. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն որոշմամբ պարգևավճար նշանակելու, վճարելու, պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու, պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնելու համար: Այս դեպքում՝

1) անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին, և պարգևավճարի չափը սահմանվում է սույն որոշմամբ սահմանված այդ կարգավիճակի համար սահմանված չափով.

2) անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին, և պարգևավճարի չափը սահմանվում է սույն որոշմամբ սահմանված այդ կարգավիճակի համար սահմանված չափով.

3) անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին, և պարգևավճարի չափը սահմանվում է սույն որոշմամբ սահմանված այդ կարգավիճակի համար սահմանված չափով.

4) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ.

5) կրկնակի գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական վերափորձաքննության նկատմամբ.

6) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշումներ (վարչական ակտեր)։ Ընդ որում, «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվ, իսկ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթիվ:

(3.1-ին կետը լրաց. 18.05.23 N 744-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 4-ի N 141-Ն որոշման

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի (այսուհետ` պարգևավճար) չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով` զինծառայողը համարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝

1) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության (ներքին գործերի) մարմինների համակարգերում, Քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) ծառայողական պարտականությունները կատարելիս.

2) եղել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատության կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինվորական ծառայության ժամանակ` բացառությամբ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում, կանխամտածված օրինազանցություն չի համարվում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի ինքնասպանությունը).

3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության կամ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.

4) անհայտ կորել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության ժամանակ, որի հիման վրա դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած:

(2-րդ կետը լրաց. 30.12.21 N 2199-Ն, փոփ. 06.10.22 N 1539-Ն)

3. Սույն կարգի իմաստով՝ զինծառայողը համարվում է Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե`

1) զոհվել է Հայրենական մեծ պատերազմում.

2) զոհվել է ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով.

3) եղել է ԽՍՀՄ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող և զոհվել է (մահացել է) պարտադիր զինծառայության ժամանակ.

4) զոհվել է (մահացել է) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս.

5) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության պատճառով:

3.1. Սույն կարգով զոհված զինծառայողի երեխայի համար սահմանված չափով պարգևավճարի իրավունք ունի զոհված զինծառայողի՝ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակը` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը կամ պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելը։

(3.1-ին կետը լրաց. 06.10.22 N 1539-Ն)

4. Սույն կարգով պարգևավճարի իրավունք ունեցող անձը պարգևավճար ստանալու իրավունք ունի, եթե սույն կարգով սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում և նրան նշանակվել է պարգևավճար: Պարգևավճարը նշանակում և վճարում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը (այսուհետ՝ ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան իրավասու ստորաբաժանումները (այսուհետ՝ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում):

(4-րդ կետը փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

II. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

 

5. Պարգևավճարի իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք` հետևյալ չափերով՝

ա. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 32000 դրամ,

բ. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 28000 դրամ,

գ. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 23000 դրամ.

2) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք` հետևյալ չափերով՝

ա. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 5000 դրամ,

բ. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 3000 դրամ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ կամ այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ կամ համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք` հետևյալ չափերով՝

ա. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 55000 դրամ,

բ. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 48000 դրամ,

գ. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 36000 դրամ.

4) համապատասխան մարմիններում զինվորական ծառայության կամ պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք` հետևյալ չափերով՝

ա. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 19000 դրամ,

բ. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 17000 դրամ,

գ. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը` 15000 դրամ.

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները` 12000 դրամ.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ.

7) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` 150000 դրամ.

8) «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ.

9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

ա. յուրաքանչյուր երեխան՝ 16000 դրամ,

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ.

10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի` հաշմանդամության զինվորական կամ 63 տարին լրացած` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող յուրաքանչյուր անդամը, եթե չունի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)` 31000 դրամ.

11) մահացած զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն այդպիսի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող և հաշմանդամության կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող յուրաքանչյուր անդամը՝ 31000 դրամ.

12) սույն կետի 1-6-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճարի իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ, իսկ 9-րդ և 10-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճարի իրավունք ունեցող անձին պարգևավճարը նշանակվում է 10-րդ ենթակետով:

(5-րդ կետը լրաց. 30.12.21 N 2199-Ն, փոփ., լրաց. 06.10.22 N 1539-Ն, փոփ. 18.05.23 N 744-Ն)

5.1 Պարգևավճարի իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ.

2) «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք՝ 15000 դրամ։

(5.1-ին կետը լրաց. 11.08.23 N 1340-Ն)

6. Պարգևավճարի իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք, Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները՝ 12000 դրամ:

(6-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

7. Պարգևավճարի իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ.

2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:

(7-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

8. Պարգևավճարի իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝ հետևյալ չափերով՝

1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ.

2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ.

3) զոհված երկու զինծառայողի (երկու ծնողի, երկու զավակի, ամուսնու և զավակի, ծնողի և զավակի, ծնողի և ամուսնու) դեպքում՝ յուրաքանչյուր երեխան՝ 76000 դրամ, իսկ յուրաքանչյուր այլ անդամ՝ 62000 դրամ:

(8-րդ կետը փոփ., լրաց. 06.10.22 N 1539-Ն)

9. Պարգևավճարի իրավունք ունեն պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունեցող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ:

(9-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

10. Պարգևավճարի իրավունք ունեն զոհված զինծառայողների ընտանիքները՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը՝ 30000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի (առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 26 տարին չլրացած զավակի) համար՝ լրացուցիչ 20000 դրամ.

2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակը, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 7000 դրամ:

(10-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

11. Սույն կարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով միաժամանակ պարգևավճարի իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

11.1. Պարգևավճարի իրավունք ունեն զոհված զինծառայողների ընտանիքները`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքը` 250.000 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը՝ 150.000 դրամ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը՝ 100.000 դրամ:

(11.1-ին կետը լրաց. 06.10.22 N 1539-Ն)

 

III. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

12. Զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը պարգևավճար նշանակելու համար իր գրավոր դիմումը ներկայացնում է այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է իր կենսաթոշակի գործը, իսկ աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձն իր գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:

(12-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

13. Զոհված զինծառայողի՝ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը սույն կարգի 10-րդ կետում նշված պարգևավճարն նշանակելու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը, եթե այդ ընտանիքի անդամներից որևէ մեկին զոհված զինծառայողի գծով պարգևավճար չի նշանակվել:

13.1. Զոհված զինծառայողի՝ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը սույն կարգի 11.1-ին կետում նշված պարգևավճարը նշանակելու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:

(13.1-ին կետը լրաց. 06.10.22 N 1539-Ն)

13.2. Զոհված զինծառայողի՝ ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում պարգևավճարը նշանակելու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը։

(13.2-րդ կետը լրաց. 06.10.22 N 1539-Ն)

14. Այլ պետություններում մարտական գործողությունների այն մասնակիցը, որը պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունի, սույն կարգի 9-րդ կետում նշված պարգևավճար նշանակելու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

(14-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

15. Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից որևէ մեկին զոհված զինծառայողի գծով պարգևավճար է վճարվում, ապա սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքերում ընտանիքին տրվող պարգևավճարը նշանակում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, որտեղ ընտանիքի այդ անդամին վճարվում է կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ:

(15-րդ կետը լրաց., փոփ. 06.10.22 N 1539-Ն)

16. Սույն կարգի 10-րդ և 11.1-ին կետերում նշված պարգևավճարը նշանակվում է զոհված զինծառայողի ընտանիքի՝ այդ պարգևավճարի իրավունքն ունեցող անդամներից մեկին՝ ընտանիքի համար:

(16-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

17. Պարգևավճարը նշանակվում է (անձը ձեռք է բերում պարգևավճար ստանալու իրավունք)`

1) պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ (կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ) նշանակելու դիմումի հետ ներկայացվելու դեպքում` կենսաթոշակ (կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ) նշանակելու օրվանից (բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ).

2) պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ նշանակելուց հետո ներկայացվելու դեպքում`

ա. կենսաթոշակ կամ ծերության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է կենսաթոշակ կամ ծերության նպաստ ստանալու իրավունք ունենալու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կենսաթոշակ կամ ծերության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում (բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ),

բ. հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ հաշմանդամության պատճառական կապի վերաբերյալ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթվից (բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ), եթե պարգևավճարի իրավունքը ծագել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նշված որոշման (վարչական ակտի)՝ «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից հետո` երեք ամսվա ընթացքում,

գ. սույն կարգի 5-րդ կետի 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերում, 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում` զինծառայողի զոհվելու կամ մահանալու օրվանից (բայց կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ նշանակելու օրվանից ոչ շուտ), եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի մահվան պետական գրանցման ամսվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

3) սույն կարգի 9-րդ կետում և 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում` պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից.

4) սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` զինծառայողի զոհվելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զինծառայողի մահվան պետական գրանցման ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում.

4.1) սույն կարգի 11.1-ին կետում նշված դեպքերում` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է պարգևատրելու ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում, բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ.

5) դիմելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-4.1-ին ենթակետերում սահմանված ժամկետներից հետո.

6) սույն կարգի 5-րդ կետի 10-րդ ենթակետում նշված դեպքում` 63 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից` անկախ դիմելու հանգամանքից, եթե երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը 63 տարին լրանալու օրվա դրությամբ ունի սույն կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պարգևավճար ստանալու իրավունք:

(17-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 06.10.22 N 1539-Ն, խմբ. 18.05.23 N 744-Ն)

(06.10.22 N 1539-Ն որոշումն ունի անցումային դրույթ)

18. Ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի (ում պարգևավճարը չի վճարվում բաժնեմասով) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի մյուս անդամի անձամբ ներկայացրած դիմումի հիման վրա պարգևավճար նշանակվում է`

1) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո։

(18-րդ կետը խմբ. 06.10.22 N 1539-Ն)

19. Ընտանիքին տրվող պարգևավճարի իրավունքն ունեցող անդամի պահանջով պարգևավճարի նրա բաժնեմասն առանձնացվում և վճարվում է առանձին: Բաժնեմասը հաշվարկվում է նշանակված պարգևավճարի չափն այդ պարգևավճարի իրավունք ունեցող՝ ընտանիքի անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Բաժնեմասը հաշվարկելիս սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ երեխայի (զավակի) համար տրվող պարգևավճարի գումարը պարգևավճարի՝ բաժանվող գումարի մեջ չի ներառվում (չի բաժանվում)։ Զոհված զինծառայողի երեխայի (զավակի) կամ նրա օրինական ներկայացուցչի պահանջով սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված պարգևավճարի նրա բաժնեմասն առանձնացնելու դեպքում նրան վճարվում է այդ բաժնեմասը և այդ երեխայի (զավակի) համար լրացուցիչ ավելացվող պարգևավճարի գումարը: Պարգևավճարի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(19-րդ կետը խմբ. 06.10.22 N 1539-Ն)

20. Ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված պարգևավճարը վերահաշվարկվում է նրա ընտանիքի անդամներից մեկի ներկայացրած դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։ Այս դեպքում պարգևավճարը վերահաշվարկվում է՝

1) ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո։

(20-րդ կետը խմբ. 06.10.22 N 1539-Ն)

21. Պարգևավճարը (պարգևավճարի բաժնեմասը) վճարվում է կենսաթոշակի համար «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով: Եթե անձն ունի պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք, ապա պարգևավճարը վճարվում է կենսաթոշակի կամ նպաստի հետ միասին:

(21-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

22. Անձին նշանակված պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում է`

1) պարգևավճար նշանակելուց հետո պարգևավճար ստացող անձի կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում, եթե պարգևավճարի իրավունքը նա ձեռք է բերել կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունենալու հիմքով.

2) պարգևավճար ստացող անձի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

3) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում, եթե պարգևավճարի իրավունքը ձեռք է բերել հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու հիմքով կամ զոհված զինծառայողի՝ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակի կրկնակի գնահատման կամ վերագնահատման արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության աստիճանը փոխվելու դեպքում.

4) պարգևավճարի իրավունքը կորցնելու դեպքում.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.

7) պարգևավճար ստացող անձի` պարգևավճար ստանալու իր իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում.

8) անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) պարգևավճար նշանակված լինելու դեպքում:

(22-րդ կետը լրաց., փոփ. 06.10.22 N 1539-Ն, փոփ. 18.05.23 N 744-Ն)

23. Սույն կարգի 22-րդ կետում նշված դեպքերում պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, իսկ առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:

24. Անձին նշանակված պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնվում է`

1) պարգևավճար ստացող անձի կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու օրվանից` սույն կարգի 22-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում.

2) պարգևավճար ստացող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

3) ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի` պարգևավճարի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

4) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից.

5) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:

(24-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

25. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնելիս պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար պարգևավճարը վճարվում է ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի համար սահմանված պարգևավճարի չափով:

(25-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն, 18.05.23 N 744-Ն)

26. Պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն կարգի 24-րդ կետով սահմանված դեպքերի, պարգևավճար ստանալու իրավունքը չի վերականգնվում. այս դեպքում անձին պարգևավճար է նշանակվում գրավոր դիմումի և պարգևավճարի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

27. Եթե անձն աշխատանքային կենսաթոշակի տեսակը փոխում է զինվորականի կամ զինվորականի կենսաթոշակի տեսակը փոխում է աշխատանքային կենսաթոշակի, ապա պարգևավճարը վճարվում է կենսաթոշակի նոր տեսակի համար սույն կարգով սահմանված չափով` անկախ դրա մասին առանձին դիմումի առկայությունից:

28. Պարգևավճար վճարելը դադարեցվում և վերսկսվում է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ չվճարված պարգևավճարի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով: Պարգևավճարը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե անձի պարգևավճարի իրավունքը ծագել է կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու հիման վրա, ապա կենսաթոշակի կամ ծերության նպաստի կամ հաշմանդամության նպաստի վճարումը դադարելու դեպքում դադարում է նաև այդ պարգևավճարի վճարումը: Սույն կարգի 10-րդ և 11.1-ին կետերով սահմանված պարգևավճար վճարելը լիազորագրով վերսկսվում է նաև այդ պարգևավճարն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի` պարգևավճարը պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի մյուս անդամին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, եթե գրավոր դիմումը և համաձայնությունը ներկայացվել են տարածքային բաժին:

(28-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

29. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին և բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող` պարգևավճարի իրավունք ունեցող անձին պարգևավճար նշանակվում և վճարումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 8 և 9 հավելվածներով սահմանված կարգով: Այս դեպքում նշանակված պարգևավճարը վճարվում է ամբողջությամբ:

(29-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

30. Ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը և համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պարգևավճարը նշանակում, վճարումն ապահովում, չվճարված պարգևավճարի գումարների վճարումն ապահովում, պարգևավճարի գործը (փաստաթղթերը) վարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգին համապատասխան:

31. Պարգևավճարից պահումներ կատարվում, ավել վճարված պարգևավճարի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վերականգնվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:

32. Եթե պարգևավճար ստանալու համար դիմող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի (կամ նպաստի) հաշվարկ-կարգադրությունը պահվում է շտեմարանում (կենսաթոշակի էլեկտրոնային գործում), իսկ եթե անձը կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պարգևավճարի էլեկտրոնային գործ:

33. Պարգևավճարը և պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված պարգևավճարի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ, համապատասխանաբար, կենսաթոշակը և կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար սահմանված կարգով:

 

IV. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

34. Պարգևավճարը նշանակելու համար անձը ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝

1) դիմումը.

2) Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում ներկայացված` անձը հաստատող փաստաթուղթը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.

4) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու մասին զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը, որը տրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից.

5) սույն կարգի 4-րդ կետում նշված մարմինների՝ սոցիալական ապահովության հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների տված զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի տեղեկանքի կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին փաստաթուղթը՝ համաձայն սույն կարգով սահմանված N 2 ձևի տեղեկանքի.

6) անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև՝

ա. քաղվածք՝ «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը (բացառությամբ պարգևավճարի բաժնեմասն առանձին վճարելու դեպքի),

բ. սույն կարգի 35-րդ կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթղթերը:

(34-րդ կետը խմբ. 30.12.21 N 2199-Ն, փոփ. 06.10.22 N 1539-Ն)

35. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար սույն կարգի 10-րդ կետում նշված պարգևավճար ստանալու նպատակով համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում՝

1) դիմումը.

2) Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում ներկայացված` անձը հաստատող փաստաթուղթը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.

4) սույն կարգի 4-րդ կետում նշված մարմինների՝ համապատասխան իրավասու ստորաբաժանման տված՝ զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի տեղեկանքի, եթե պետք է ներկայացնի այլ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում.

5) անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև՝

ա. կերակրողի երեխայի, հաշմանդամություն ունեցող զավակի, ամուսնու, ծնողի անձնագրերը կամ նույնականացման քարտերը (մինչև 16 տարեկան անչափահասների համար` ծննդյան վկայականները) և հանրային ծառայությունների համարանիշերը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքները,

բ. զավակին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը),

գ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը,

դ. ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը) տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին.

ե. ամուսնության վկայականը` զոհված զինծառայողի ամուսնու համար,

զ. զոհված զինծառայողի ծննդյան վկայականը` զոհված զինծառայողի ծնողի համար,

է. երեխայի ծննդյան վկայականը և երեխայի ծնողների ամուսնության վկայականը (կամ հայրության ճանաչման վկայականը)՝ զոհված զինծառայողի երեխայի համար,

ը. խնամակալությունը հաստատող փաստաթուղթը՝ զոհված զինծառայողի ընտանիքի՝ խնամակալության տակ գտնվող անդամի համար։

(35-րդ կետը փոփ., լրաց. 06.10.22 N 1539-Ն, փոփ. 18.05.23 N 744-Ն)

35.1. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար սույն կարգի 11.1-ին կետում նշված պարգևավճար ստանալու նպատակով ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում սույն կարգի 35-րդ կետի 1-3-րդ, 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը և քաղվածք՝ «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը։

(35.1-ին կետը լրաց. 06.10.22 N 1539-Ն)

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

36. Անկախ կենսաթոշակառուի դիմելու հանգամանքից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի` հաշմանդամության զինվորական կամ 63 տարին լրացած` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամին մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի կամ սույն կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պարգևավճարի կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի և սույն կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պարգևավճարի փոխարեն նշանակվում և վճարվում է 5-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված պարգևավճար (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից).

2) մահացած զինծառայողի՝ հաշմանդամության զինվորական կամ 63 տարին լրացած` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամին մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվում և վճարվում է 5-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված պարգևավճար, եթե նա ունի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք։

37. Սույն կարգի 36-րդ կետի հիման վրա նշանակված պարգևավճարի չափը չի կարող ցածր լինել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի կամ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի և սույն կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պարգևավճարի հանրագումարի չափից։

38. Բացառությամբ սույն կարգի 36-րդ կետում նշված դեպքերի՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սույն կարգի 5-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերով սահմանված պարգևավճարի իրավունք ունեցող անձին պարգևավճարը նշանակվում է՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե պարգևավճար նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-ին ենթակետում նշված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:

39. Բացառությամբ սույն կարգի 36-րդ կետում նշված դեպքերի՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սույն կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է` մինչև անձին սույն կարգի 5-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված պարգևավճարը նշանակելը:

40. Սույն կարգի 36-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա սույն կարգի 5-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված պարգևավճարը նշանակվում և վճարվում է ընտանիքի անդամին՝ անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, բացառությամբ այն դեպքի, երբ ընտանիքի անդամն անցնում է աշխատանքի։ Ընտանիքի անդամի աշխատելու (աշխատանքի անցնելու) դեպքում սույն կետում նշված պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվում է, իսկ աշխատանքից ազատվելու դեպքում՝ պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնվում է (պարգևավճար վճարելը վերսկսվում է)՝ ընդհանուր հիմունքներով։ Անկախ սույն կետում նշված ընտանիքի անդամի` սույն կարգի 5-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու պատճառից՝ պարգևավճար ստանալու իրավունքը սույն կարգով սահմանված կարգով վերականգնելու դեպքում պարգևավճարի իրավունքը չի վերանայվում:

41. Եթե անձը, որը 2011 թվականի հունիսի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից ստացել է զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված դրամական օգնություն 10000 դրամի չափով (ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1091-Ն որոշման` դրամական օգնության չափը զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի հիման վրա չի վերահաշվարկվել) և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ունի այդ դրամական օգնությունն ստանալու իրավունք, ապա զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված 10000 դրամ դրամական օգնությունը, անկախ այդ ընտանիքում կենսաթոշակառու կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձ լինելու հանգամանքից, շարունակում է վճարվել ընտանիքի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածում նշված անդամին` մինչև սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված պարգևավճար նշանակելը:

(41-րդ կետը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

42. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն որոշմամբ նշանակված պարգևավճարները համարվում են սույն որոշմամբ նշանակված պարգևավճարներ:

43. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորվելը գործող իրավական ակտերով սահմանված կարգով տրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականի հիման վրա նշանակված պարգևավճարի իրավունքը չի վերանայվում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

Ձև N 1

____________________________

(մարմնի անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զինծառայող ________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ծնվել է _____________________________________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Բնակվել է___________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

(բնակության վայրը)

 ___________________________________________________________________________________

(զոհվելու (մահանալու, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու) օրը, ամիսը, տարեթիվը, պատճառը)

 

Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար` զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից մեկին:

 

Տեղեկանքը տրամադրող ստորաբաժանման անվանումը

 

Ստորաբաժանման ղեկավար

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ _______________ 20  թ.

 

  Կ.Տ.

(ձևը փոփ. 06.10.22 N 1539-Ն)

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ՝ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրվում է _________________________________________________________________________

              (մահացած զինծառայողի ընտանիքի անդամի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը)

 

առ այն, որ նա

_________________________________ ի

(մահացած զինծառայողի անունը, ազգանունը)

_________________________________

(ընտանիքի անդամի ազգակցական կապը)

 

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի _____ -րդ (կետը) և 22-րդ հոդվածի

_______________________________________________

(հղում համապատասխան մասին և (կամ) կետին)

 

համաձայն՝ ______________________________________________________________________

(ընտանիքի անդամի անունը և ազգանունը)

 

ունի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չի վճարվում:

 

Տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար (նշանակվում է մահացած զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող (չաշխատող), սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստացող անդամին):

 

Ստորաբաժանման ղեկավար

________ __________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_______ __________ 20   թ.

 

Կ.Տ.

 

(հավելվածը փոփ. 25.03.21 N 396-Ն, լրաց., խմբ. 30.12.21 N 2199-Ն, լրաց., փոփ., խմբ. 06.10.22 N 1539-Ն, փոփ., խմբ. 18.05.23 N 744-Ն, լրաց. 11.08.23 N 1340-Ն)

 

09.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2021 թվական: