ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2796/02/13 2020թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2796/02/13 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուզող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա . Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Ս եդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի սեպտեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գոհարիկ Աղաջանյանի ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գոհարիկ Աղաջանյանի ընդդեմ Վալյա Նալբանդյանի՝ առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելու, այն է՝ պատասխանողին առոչինչ գործարքով ստացած 11.500 ԱՄՆ դոլարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գոհարիկ Աղաջանյանը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանք` Վալյա Նալբանդյանին պարտադրել իրեն վերադարձնել առոչինչ գործարքով ստացած 11.500 ԱՄՆ դոլարը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) 03.06.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ի. Վարդանյան, Ս. Միքայելյան, Կ. Հակոբյան) 31.07.2014 թվականի որոշմամբ Գոհարիկ Աղաջանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.07.2015 թվականի որոշմամբ Վալյա Նալբանդյանի վճռաբեկ բողոքը մերժվել է, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2014 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 03.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2018 թվականի որոշմամբ Վալյա Նալբանդյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 03.10.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Գոհարիկ Աղաջանյանի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհարիկ Աղաջանյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վալյա Նալբանդյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետը, 395-րդ հոդվածը, 437-րդ հոդվածի 3-րդ կետը, 445-րդ հոդվածի 2-րդ կետը, 562-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը կողմերի միջև կնքված պայմանագիրը չի համարել նախնական և նախավճարի խառը պայմանագիր՝ անտեսելով դրա բովանդակությունը: Մասնավորապես, պայմանագիրը համարելով միայն որպես նախավճարի համաձայնագիր՝ Վերաքննիչ դատարանն այն դիտարկել է հիմնական պարտավորությունից անկախ և ինքնուրույն գոյություն ունեցող գործարք՝ անտեսելով դրա, որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոցի, ուղղակի կախվածությունը հիմնական պարտավորությունից։ Այդ կերպ՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված գործարքը չի կարող համարվել առոչինչ, այլ համարվում է վիճահարույց գործարք, և այս դեպքում կիրառելի է հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը 31.07.2014 թվականին կայացված որոշմամբ տվել է մեկնաբանություն, որը հաստատվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի կողմից կայացված 17.07.2015 թվականի որոշմամբ՝ մանրամասնելով վեճի կարգավորման շրջանակը՝ ընդ որում անդրադարձ կատարելով համանման գործով նախկինում տված մեկնաբանությանը։ Սակայն նման ակտերի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը 25.07.2018 թվականի որոշմամբ հանգել է հակասող հետևության և կայացրել չհիմնավորված դատական ակտ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.10.2017 թվականի վճռին։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, պատճառաբանված և հիմնավորված։
Դատարանը պայմանագիրը դիտել է խառը պայմանագիր և գործարքն առոչինչ է ճանաչել, պայմանագրի նոտարական վավերացում չունենալու հիմքով։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, սույն գործի փաստերը գնահատելով, արձանագրել է, որ ինչպես նախավճարի համաձայնությունը, այնպես էլ նախնական պայմանագիրը, հետապնդելով նույն նպատակը, ունեն տարբեր իրավական հետևանքներ՝ պարտավորության կատարումից խուսափող կողմի համար առաջացնելով մի դեպքում գույքային պատասխանատվություն, մեկ այլ դեպքում պայմանագիր կնքելու պարտավորություն։ Նախավճարի համաձայնության դեպքում հիմնական պայմանագիր կնքելուց խուսափող կողմի պատասխանատվությունը սահմանափակվում է դրամական պատասխանատվությամբ՝ որպես նախավճար տրված գումարի սահմաններում, իսկ նախնական պայմանագրի չկատարման դեպքում գործում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածով սահմանված կանոնները, այսինքն՝ հնարավոր է դատական կարգով պայմանագրի կնքման հարկադրումը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 25.12.2009 թվականին Գոհարիկ Աղաջանյանի և Վալյա Նալբանդյանի միջև գրավոր կնքվել է «Նախավճարի պայմանագիր» (այսուհետ՝ Պայմանագիր): Պայմանագրով Գոհարիկ Աղաջանյանը հանդես է եկել որպես «Նախավճար տվող», իսկ Վալյա Նալբանդյանը` որպես «Նախավճար ստացող»: Պայմանագրի 1-ին կետում նշվել է, որ իբրև Երևանի Գոգոլի փողոցի թիվ 107/3 տունը առուվաճառքի պայմանագրով Վալյա Նալբանդյանից գնելու պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում` Գոհարիկ Աղաջանյանը Վալյա Նալբանդյանին առձեռն հանձնել է 10.000 ԱՄՆ դոլար: Տան առուվաճառքի պայմանագիրը ենթակա է կնքման մինչև 01.12.2010 թվականը: Գոհարիկ Աղաջանյանի կողմից տան առուվաճառքի պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան վերջինս պարտավորվել է «Նախավճար ստացողից» նախավճարը հետ ստանալու պահանջ չներկայացնել (հատոր 1-ին, գ.թ. 16):
2. Պայմանագրի 2-րդ կետում նշվել է, որ Վալյա Նալբանդյանն առուվաճառքի պայմանագիր կնքելու դիմաց, որպես երաշխիք, 25.12.2009 թվականին Գոհարիկ Աղաջանյանից առձեռն ստացել է 10.000 ԱՄՆ դոլար նախավճար: Տան առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան պարտավորվել է Գոհարիկ Աղաջանյանին վճարել նախավճարի` 10.000 ԱՄՆ դոլարի կրկնապատիկը` 20.000 ԱՄՆ դոլար: Պայմանագրի 3-րդ կետում նշվել է, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 107/3 տան գինը փոխադարձ համաձայնությամբ սահմանվել է 41.500 ԱՄՆ դոլար և փոփոխման ենթակա չէ: Պայմանագիրը նոտարական վավերացման չի ենթարկվել (հատոր 1-ին, գ.թ. 16):
3. 30.09.2010 թվականին Գոհարիկ Աղաջանյանի և Վալյա Նալբանդյանի միջև կազմվել է գրավոր փաստաթուղթ այն մասին, որ մնացած 31.500 ԱՄՆ դոլարից Գոհարիկ Աղաջանյանն առձեռն տալիս է 1.500 ԱՄՆ դոլար և տան առուվաճառքի պայմանագիրը կնքելու ժամանակ պետք է տա ևս 30.000 ԱՄՆ դոլար: Նշված փաստաթղթում Վալյա Նալբանդյանը նշում է կատարել նաև այն մասին, որ 1.500 ԱՄՆ դոլարը ստացել է (հատոր 1-ին, գ.թ. 88):
4. Գոհարիկ Աղաջանյանը հայցադիմումը դատարան է ներկայացրել փոստային առաքման եղանակով 05.12.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 17):
5. Վալյա Նալբանդյանը հայցադիմումի պատասխան է ներկայացրել դատարան` միաժամանակ միջնորդելով կիրառել հայցային վաղեմություն (հատոր 1-ին, գ.թ. 39-43):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 395-րդ, 445-րդ հոդվածների կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անշարժ գույքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում նախնական պայմանագրի և նախավճարի համաձայնության հարաբերակցության խնդրին, ինչպես նաև առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու մասին գործերով հայցային վաղեմության ժամկետի որոշման խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը, որով արտահայտվել են իրավական դիրքորոշումներ սույն գործով կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 395-րդ, 445-րդ հոդվածների վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ անդրադառնալ դրանց: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների, առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`
1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր, իսկ 3-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438-րդ):
Վերլուծելով վերը նշված հոդվածները, ՀՀ վճռաբեկ դատարանը սույն գործով իր 17.07.2015 թվականի որոշմամբ նշել է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական իրավունքում սկզբունքային դրույթներ հանդիսացող՝ կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունն իմպերատիվ կերպով սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևն օրենքով չի պահանջվում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել է, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`
1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).
2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:
Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե´ս «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է անշարժ գույքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում նախավճարի ինստիտուտի առանձնահատկություններին, մասնավորապես՝ արձանագրելով, որ նախավճարի պայմանագիր կնքելով հաստատվում է հիմնական պայմանագրի կնքված լինելու հանգամանքը` կատարելով նաև պայմանագրի կատարման ապահովման գործառույթ:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ այլ է իրավիճակն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի դեպքում: Մասնավորապես՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի դեպքում հիմնական պայմանագիրը կարող է կնքվել միայն օրենքով նախատեսված ձևով և պայմաններով, հետևաբար նախավճարի պայմանագիրը չի կարող որակվել որպես հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքման ապացույց: Ընդ որում, անիմաստ է դառնում նաև նախավճարի պայմանագրի կնքումը հիմնական պայմանագրի կնքումից հետո, քանի որ օրենքով նախատեսված ձևով և կարգով կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում նախավճարի պայմանագրի կնքումն իմաստազրկվում է: Այդ պարագայում այն չի ծառայելու նախավճարի ինստիտուտի կարգավորման նպատակներին, այն է` ապացուցողական գործառույթին, քանզի հիմնական պայմանագրի առկայությունն ինքնին դրա կնքման ապացույց է: Միևնույն ժամանակ այն չի ծառայելու նաև պայմանագրի կատարման ապահովման գործառույթին, քանի որ հենց հիմնական պայմանագիրը բավարար է դրա կատարումն ապահովելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ այն բոլոր դեպքերում, երբ հիմնական պարտավորության ծագումը պայմանավորվում է օրենքով նախատեսված կարգով կնքված պայմանագրի առկայությամբ, այդ դեպքում նախավճարի պայմանագիրն այլևս չի կատարում իր հիմնական գործառույթները: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անշարժ գույքի դեպքում նախավճարի պայմանագրի տարրեր պարունակող պայմանագիր կարող է կնքվել այն դեպքերում, երբ այն ուղղված է օրենքով նախատեսված կարգով կնքված նախնական պայմանագրի կատարման ապահովմանը` նախավճարի պայմանագրի համար օրենքով նախատեսված իրավական հետևանքները նախատեսելով որպես նախնական պայմանագրի չկատարման հետևանք (տե´ս Թեյմուր և Արիան Նազարիներն ընդդեմ Հովհաննես և Հրաչյա Սարաֆյանների թիվ ԵԱՔԴ/1246/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը սույն գործով իր 17.07.2015 թվականի որոշմամբ անհրաժեշտ է համարել հավելել, որ նախավճարը (ինչպես և գրավը, տուժանքը, պարտապանի գույքի պահումը, երաշխավորությունը և երաշխիքը) հանդիսանում է ակցեսորային պարտավորություն, այսինքն` հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար լրացուցիչ պարտավորություն: Առանց հիմնական պարտավորության առկայության` նախավճարը կորցնում է իր իմաստն ու նշանակությունը: Ընդ որում, լրացուցիչ պարտավորության վավերականությունը և պայմաններն անմիջական կախվածության մեջ են գտնվում այն (հիմնական) պայմանագրի (համաձայնության) վավերականությունից և պայմաններից, որի ապահովմանն ուղղված է լրացուցիչ պարտավորությունը:
Վերը նշված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, սույն գործով իր 17.07.2015 թվականի որոշմամբ մեկնաբանելով գործում առկա Պայմանագիրը դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, Պայմանագրի պայմանները համադրելով միմյանց և Պայմանագրի ամբողջական իմաստի հետ, պարզելով Պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը), դրա տեսակը որոշելու նպատակով այն համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և նախավճարի ու նախնական պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ, արձանագրել է, որ Պայմանագրի կողմերը` Գոհարիկ Աղաջանյանը և Վալյա Նալբանդյանը, ելնելով կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու սկզբունքներից, կազմել են Պայմանագիրը, որն իր մեջ պարունակում է ինչպես անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի, այնպես էլ նախավճարի պայմանագրի որոշակի տարրեր: Ընդ որում, նախավճարի պայմանագրի տարրերն ուղղված են անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի կատարմանը, այն է` հիմնական պայմանագրի կնքմանը: Նման պայմաններում Պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով ենթակա են կիրառման ինչպես նախնական պայմանագրի, այնպես էլ նախավճարի մասին պայմանագրի (համաձայնության) կանոնները:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, իր 17.07.2015 թվականի որոշմամբ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ կետի, 562-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի կարգավորումները, նշել է, որ Պայմանագիրն անշարժ գույքի վերաբերյալ է և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով հանդիսանում է խառը պայմանագիր, որպիսի պայմաններում Պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով ենթակա են կիրառման ինչպես նախնական պայմանագրի, այնպես էլ նախավճարի մասին կանոնները:
Բացի այդ, Պայմանագիրը կնքվել է գրավոր, սակայն նոտարական վավերացման չի ենթարկվել, այսինքն` նախնական պայմանագրի մասով Պայմանագիրը չի կնքվել հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանն իր 17.07.2015 թվականի որոշմամբ գտել է, որ նախնական պայմանագրի մասով Պայմանագիրն առոչինչ է և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` չի կարող հանգեցնել իրավաբանական հետևանքների: Ընդ որում Պայմանագրում նշված նախավճարի մասին համաձայնությունը տվյալ դեպքում չէր կարող առաջացնել օրենքով նախատեսված այն իրավական հետևանքները, որոնք, որպես կանոն, կարող էին վրա հասնել նախնական պայմանագիրն օրենքով նախատեսված կարգով կնքված լինելու պարագայում:
Անդրադառնալով սույն գործով հայցային վաղեմության ժամկետի կիրառման իրավաչափությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 17.07.2015 թվականի որոշմամբ արձանագրել է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցի ներկայացման համար սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ ավելի երկար ժամկետ, ինչպես նաև հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի այլ կարգ. օրենսդրի կողմից այդ տեսակի պահանջների համար սահմանվել է, որ հայցը կարող է ներկայացվել գործարքի կատարման օրվանից տասը տարվա ընթացքում: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ թե այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, այլ առոչինչ գործարքի կատարման օրվանից:
Տվյալ դեպքում հիմք ընդունելով, որ սույն գործով ներկայացվել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին հայց, որի համար սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ ավելի երկար ժամկետ և հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման այլ կարգ, ինչպես նաև նկատի ունենալով, որ Պայմանագիրը կնքվել է 25.12.2009 թվականին, իսկ դրա առոչնչության հետևանքները կիրառելու մասին հայցը դատարան է ներկայացվել 05.12.2013 թվականին (օրենքով սահմանված 10 տարվա ժամկետի ընթացքում), ՀՀ վճռաբեկ դատարանն իր 17.07.2015 թվականի որոշմամբ գտել է, որ սույն գործով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետ կիրառելն անթույլատրելի է:
Սույն գործի նոր քննության ընթացքում Դատարանը, պահպանելով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները, բավարարել է Գոհարիկ Աղաջանյանի հայցը՝ վճռելով կիրառել Գոհարիկ Աղաջանյանի և Վալյա Նալբանդյանի միջև 25.12.2009 թվականին կնքված «Նախավճարի պայմանագիր» վերտառությամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ Վալյա Նալբանդյանին պարտավորեցնել Գոհարիկ Աղաջանյանին վերադարձնել նշված առոչինչ գործարքով ստացած 11.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը:
Միաժամանակ, Դատարանը, անդրադառնալով հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանողի դիմումին, գտել է, որ այն անհիմն է՝ նկատի ունենալով, որ սույն հայցադիմումի համար հայցային վաղեմության ժամկետը չի լրացել։
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Վալյա Նալբանդյանի վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը՝ մերժելով Գոհարիկ Աղաջանյանի հայցը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նախավճարի համաձայնությունում հիմնական պայմանագրի առարկայի մասին նշելն այն չի դարձնում խառը պայմանագիր նախնական պայմանագրի հատկանիշներով: Վերաքննիչ դատարանը նաև նշել է. «Սույն գործով կողմերի միջև մեկ գրավոր փաստաթղթի ձևով կազմված պայմանագիրը կնքվել է վերջիններիս համաձայնությամբ, որպես «նախավճարի պայմանագիր», դրա 2-րդ կետում ուղղակի նշված է, որ ի ապացույց առք ու վաճառքի կնքմանը և կատարման ապահովմանը գնորդը վաճառողին վճարում է 10.000 ԱՄՆ դոլար, դրա մնացած բոլոր պայմանների բովանդակությունից հետևում է, որ դրանք հանդիսանում են նախավճարի պայմանագրի պայմաններ, մասնավորապես՝ նշված են կողմերի կողմից համաձայնեցված՝ պայմանագրի գինը, դրա վճարման հիմքը, ժամկետները և կարգը, խախտման հետևանքները։ Այնուհետև գնորդը վաճառողին է հանձնել ևս 1.500 ԱՄՆ դոլար, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան ստացական։ Այսինքն, սույն քաղաքացիական գործով հիմնավորվում է գնորդի կողմից որպես կանխավճար 1.500 ԱՄՆ դոլար վաճառողին հանձնելու հանգամանքը։ Հետևաբար որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք գումար վերադարձնելու պահանջը կարող էր բավարարվել այդ չափով, իսկ նախավճար տրված 10.000 ԱՄՆ դոլարր կարող էր վերադարձվել միայն նախավճարի համաձայնության անվավերության, նախավճար/կանխավճար կասկածի կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, որպիսի հանգամանքները սույն գործով չեն հաստատվել»։
Անդրադառնալով սույն գործով հայցային վաղեմության կիրառելիությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ընդհանուր՝ երեք տարվա ժամկետը:
Վերոնշյալ իրավական վերլուծությունների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի քննության ընթացքում չեն պահպանվել ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ նույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք պարտադիր էին Վերաքննիչ դատարանի համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը կրկին արձանագրում է, որ Գոհարիկ Աղաջանյանի և Վալյա Նալբանդյանի միջև 25.12.2009 թվականին կնքված պայմանագրի բովանդակությունից հետևում է, որ այն իր մեջ ներառում է ինչպես անշարժ գույքի վաճառքի նախնական պայմանագրի, այնպես էլ նախավճարի տարրեր: Ընդ որում նախնական պայմանագիրը պետք է կնքվի հիմնական պայմանագրի կնքման համար օրենքով սահմանված ձևով՝ գրավոր և ստանա նոտարական վավերացում: Մինչդեռ, այն կնքվել է միայն գրավոր ձևով, իսկ նոտարական վավերացման չի ենթարկվել, որպիսի պայմաններում այն առոչինչ է, ուստի դրա նկատմամբ կիրառման են ենթակա առոչինչ գործարքի անվավերության հետևանքները:
Անդրադառնալով սույն գործով հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա չէ բավարարման, նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ներկայացվել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջ: Այդ պահանջի համար, ինչպես նշվել է, սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ ավելի երկար՝ 10 տարվա ժամկետ: Սույն գործով վիճելի Պայմանագիրը կնքվել է 25.12.2009 թվականին, իսկ դրա առոչնչության հետևանքները կիրառելու մասին հայցը դատարան է ներկայացվել 05.12.2013 թվականին, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գոհարիկ Աղաջանյանի հայցը ենթակա չէր մերժման հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, որպիսի պայմաններում օրինական ուժ է տրվելու Դատարանի 03.10.2017 թվականի վճռին, և նշված վճռով ամբողջովին լուծվել է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման հարցը՝ հայցադիմում ներկայացնելու, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար, ուստի Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Վալյա Նալբանդյանից հօգուտ Գոհարիկ Աղաջանյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.10.2017 թվականի վճռին:
2. Վալյա Նալբանդյանից հօգուտ Գոհարիկ Աղաջանյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուզող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա . Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Ս եդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/2796/02/13 քաղաքացիական գործով 18.09.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Գոհարիկ Աղաջանյանի ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գոհարիկ Աղաջանյանի ընդդեմ Վալյա Նալբանդյանի՝ առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելու, այն է՝ պատասխանողին առոչինչ գործարքով ստացած 11.500 ԱՄՆ դոլարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2020 թվականի սեպտեմբերի 18-ին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.10.2017 թվականի վճռին»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Էդ․ Սեդրակյանս և Տ. Պետրոսյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 18.09.2020 թվականին թիվ ԵԱՔԴ/2796/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գոհարիկ Աղաջանյանը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանք` Վալյա Նալբանդյանին պարտադրել իրեն վերադարձնել առոչինչ գործարքով ստացած 11.500 ԱՄՆ դոլարը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) 03.06.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ի. Վարդանյան, Ս. Միքայելյան, Կ. Հակոբյան) 31.07.2014 թվականի որոշմամբ Գոհարիկ Աղաջանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.07.2015 թվականի որոշմամբ Վալյա Նալբանդյանի վճռաբեկ բողոքը մերժվել է, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2014 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 03.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2018 թվականի որոշմամբ Վալյա Նալբանդյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 03.10.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Գոհարիկ Աղաջանյանի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհարիկ Աղաջանյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վալյա Նալբանդյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետը, 437-րդ հոդվածի 3-րդ կետը, 445-րդ հոդվածի 2-րդ կետը, 562-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը կողմերի միջև կնքված պայմանագիրը չի համարել նախնական և նախավճարի խառը պայմանագիր՝ անտեսելով դրա բովանդակությունը: Մասնավորապես, պայմանագիրը համարելով միայն որպես նախավճարի համաձայնագիր՝ Վերաքննիչ դատարանն այն դիտարկել է հիմնական պարտավորությունից անկախ և ինքնուրույն գոյություն ունեցող գործարք՝ անտեսելով դրա, որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոցի, ուղղակի կախվածությունը հիմնական պարտավորությունից։ Այդ կերպ՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված գործարքը չի կարող համարվել առոչինչ, այլ համարվում է վիճահարույց գործարք, և այս դեպքում կիրառելի է հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը։
Բացի այդ, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից 25.07.2018 թվականի որոշմամբ տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանություններին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.10.2017 թվականի վճռին։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, պատճառաբանված և հիմնավորված։
Դատարանը պայմանագիրը դիտել է խառը պայմանագիր և գործարքն առոչինչ է ճանաչել, պայմանագրի նոտարական վավերացում չունենալու հիմքով։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, սույն գործի փաստերը գնահատելով, արձանագրել է, որ ինչպես նախավճարի համաձայնությունը, այնպես էլ նախնական պայմանագիրը, հետապնդելով նույն նպատակը, ունեն տարբեր իրավական հետևանքներ՝ պարտավորության կատարումից խուսափող կողմի համար առաջացնելով մի դեպքում գույքային պատասխանատվություն, մեկ այլ դեպքում՝ պայմանագիր կնքելու պարտավորություն։ Նախավճարի համաձայնության դեպքում հիմնական պայմանագիր կնքելուց խուսափող կողմի պատասխանատվությունը սահմանափակվում է դրամական պատասխանատվությամբ՝ որպես նախավճար տրված գումարի սահմաններում, իսկ նախնական պայմանագրի չկատարման դեպքում գործում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածով սահմանված կանոնները, այսինքն՝ հնարավոր է դատական կարգով պայմանագրի կնքման հարկադրումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Սույն գործի նոր քննության ընթացքում Դատարանը, պահպանելով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները, բավարարել է Գոհարիկ Աղաջանյանի հայցը՝ վճռելով կիրառել Գոհարիկ Աղաջանյանի և Վալյա Նալբանդյանի միջև 25.12.2009 թվականին կնքված «Նախավճարի պայմանագիր» վերտառությամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ Վալյա Նալբանդյանին պարտավորեցնել Գոհարիկ Աղաջանյանին վերադարձնել նշված առոչինչ գործարքով ստացած 11.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը:
Միաժամանակ, Դատարանը, անդրադառնալով հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանողի դիմումին, գտել է, որ այն անհիմն է՝ նկատի ունենալով, որ սույն հայցադիմումի համար հայցային վաղեմության ժամկետը չի լրացել։
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Վալյա Նալբանդյանի վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը՝ մերժելով Գոհարիկ Աղաջանյանի հայցը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նախավճարի համաձայնությունում հիմնական պայմանագրի առարկայի մասին նշելն այն չի դարձնում խառը պայմանագիր նախնական պայմանագրի հատկանիշներով: Վերաքննիչ դատարանը նաև նշել է. «Սույն գործով կողմերի միջև մեկ գրավոր փաստաթղթի ձևով կազմված պայմանագիրը կնքվել է վերջիններիս համաձայնությամբ, որպես «նախավճարի պայմանագիր», դրա 2-րդ կետում ուղղակի նշված է, որ ի ապացույց առք ու վաճառքի կնքմանը և կատարման ապահովմանը գնորդը վաճառողին վճարում է 10.000 ԱՄՆ դոլար, դրա մնացած բոլոր պայմանների բովանդակությունից հետևում է, որ դրանք հանդիսանում են նախավճարի պայմանագրի պայմաններ, մասնավորապես՝ նշված են կողմերի կողմից համաձայնեցված՝ պայմանագրի գինը, դրա վճարման հիմքը, ժամկետները և կարգը, խախտման հետևանքներր։ Այնուհետև գնորդը վաճառողին է հանձնել ևս 1.500 ԱՄՆ դոլար, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան ստացական։ Այսինքն՝ սույն քաղաքացիական գործով հիմնավորվում է գնորդի կողմից որպես կանխավճար 1.500 ԱՄՆ դոլար վաճառողին հանձնելու հանգամանքը։ Հետևաբար որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք գումար վերադարձնելու պահանջը կարող էր բավարարվել այդ չափով, իսկ նախավճար տրված 10.000 ԱՄՆ դոլարր կարող էր վերադարձվել միայն նախավճարի համաձայնության անվավերության, նախավճար/կանխավճար կասկածի կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, որպիսի հանգամանքները սույն գործով չեն հաստատվել»։
Անդրադառնալով սույն գործով հայցային վաղեմության կիրառելիությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ընդհանուր՝ երեք տարվա ժամկետը:
Վերոնշյալ իրավական վերլուծությունների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի քննության ընթացքում չեն պահպանվել ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ նույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք պարտադիր էին Վերաքննիչ դատարանի համար: Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չէ որևէ ծանրակշիռ փաստարկ, ինչը հիմք է տվել վերաքննիչ ատյանին հանգելու այն հետևության, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի չեն տվյալ գործի փաստական հանգամանքների նկատմամբ: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը կրկին արձանագրել է, որ Գոհարիկ Աղաջանյանի և Վալյա Նալբանդյանի միջև 25.12.2009 թվականին կնքված Պայմանագրից բովանդակությունից հետևում է, որ այն իր մեջ ներառում է ինչպես անշարժ գույքի վաճառքի նախնական, այնպես էլ նախավճարի տարրեր: Ընդ որում նախնական պայմանագիրը պետք է կնքվի հիմնական պայմանագրի կնքման համար օրենքով սահմանված ձևով՝ գրավոր և ստանա նոտարական վավերացում: Մինչդեռ, այն կնքվել է միայն գրավոր ձևով, իսկ նոտարական վավերացման չի ենթարկվել, որպիսի պայմաններում այն առոչինչ է, ուստի դրա նկատմամբ կիրառման են ենթակա առոչինչ գործարքի անվավերության հետևանքները:
Անդրադառնալով սույն գործով հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությանը՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն ենթակա չէ բավարարման, նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ներկայացվել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջ: Այդ պահանջի համար, ինչպես նշվել է, սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ ավելի երկար՝ 10 տարվա ժամկետ: Սույն գործով վիճելի Պայմանագիրը կնքվել է 25.12.2009 թվականին, իսկ դրա առոչնչության հետևանքները կիրառելու մասին հայցը դատարան է ներկայացվել 05.12.2013 թվականին, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտել է, որ Գոհարիկ Աղաջանյանի հայցը ենթակա չէր մերժման հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
4․ Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները:
Ուսումնասիրելով վճռաբեկ բողոքի հիմքերը և համադրելով դրանք բողոքարկված դատական ակտի պատճառաբանությունների հետ՝ գալիս ենք համոզման, որ Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված բողոքում առկա չէ այնպիսի հիմնավորում, որի հիման վրա կարող ենք հիմնավորված համարել բողոքում նշված նյութական իրավունքի իրավանորմերից որևէ մեկի խախտումը: Վճռաբեկ դատարանի սույն որոշումն ըստ էության կայացվել է 17.07.2015 թվականին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման վրա՝ հաշվի չառնելով ինչպես Վերաքննիչ դատարանի կողմից նոր քննության համար տրված ծավալը, այնպես էլ պատշաճ, թույլատրելի և վերաբերելի ապացույցներով հաստատված՝ գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի կողմից 17.07.2015 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը՝ պետք է նշել, որ այդ որոշմամբ անդրադառնալով պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներից նախավճարի և նախնական պայմանագրերի ինստիտուտներին, եզրահանգումներ է կատարել դրանց էության, համադրելիության (խառը պայմանագիր) վերաբերյալ՝ վերահաստատելով 27.05.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/1246/02/09 քաղաքացիական գործով արտահայտված իրավական դիրքորոշումները:
Չժխտելով վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կարևորությունը, չենք կարող անտեսել նաև այն փաստական հանգամանքների շրջանակը, որոնց վերաբերյալ արտահայտվել է այդ իրավական դիրքորոշումը՝ տեղայնացնելով կոնկրետ իրավահարաբերությունը և կիրառելի իրավունքը։ Այսինքն Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը վերացական չէ, այն միշտ կապված է կոնկրետ իրավահարաբերության, կոնկրետ փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ կիրառելի իրավանորմերի կիրառելիության հետ։
Սույն գործով Վճռաբեկ դատարանը 17․07․2015 թվականի որոշման հիմքում ընկած են ԵԱՔԴ/1246/02/09 քաղաքացիական գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք կիրառելի են համարվել սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ։ Վկայակոչված քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության առումով իրավական դիրքորոշում արտահայտվեց այն մասին, որ եթե նախավճարի համաձայնությունը ներառված է նոտարական վավերացում պահանջող նախնական պայմանագրում, ապա այդ պայմանագրի առոչինչ լինելը չի ազդում նախավճարի համաձայնության պայմանների վրա։ Սույն գործով Վճռաբեկ դատարանը կիրառելի համարելով տվյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, անփոփոխ է թողել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2014թ․ որոշումը, ըստ որի դատարանը հայցային վաղեմություն կիրառելիս հաշվի չի առել գործարքի առոչինչ լինելու հանգամանքը և դրա հետ կապված հայցային վաղեմության ավելի երկար ժամկետը։
Գործի նոր քննության ընթացքում ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանն առանց գործի փաստական հանգամանքներից բխող իրավահարաբերությունը, դրա նկատմամբ կիրառվող իրավունքը որոշելու՝ հայցն ամբողջությամբ բավարարել է <<կիրառելով>> ՀՀ վճռաբեկ դատարանի 17․07․2015թ․ որոշումը, հաշվի չառելով այն պարզ իրողությունը, այդ որոշման հիմքում դրված ԵԱՔԴ/1246/02/09 քաղաքացիական գործով համանման հայցապահանջով հայցվորի պահանջը մերժվել էր, որի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել էր, իսկ դրա դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի ընդունումը ևս մերժվել էր։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանելով ստորադաս դատարանի դատական ակտը և հայցը մերժելով՝ ճիշտ եզրահանգման է եկել ինչպես գործի փաստական հանգամանքների, այնպես էլ նյութական իրավունքի նորմերի մասով։
Վերաքննիչ դատարանի դատական ակտը բովանդակում է հայցը մերժելու ինչպես բովանդակային՝ ըստ էության, այնպես էլ հայցային վաղեմության հիմքով հայցի մերժման հիմնավորումները, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից առոչինչ է դիտվել բացառապես նախնական պայմանագրի մասը և կիրառելի համարելով նախավճարի համաձայնության պայմանները, դրանց իրավաբանական ուժը պահպանած լինելու հիմքով։ Ինչ վերաբերում է 05․12․2010թ․ ստացականով հանձնված գումարի նկատմամբ ևս հայցային վաղեմության կիրառմանը, ապա հարկ է նշել որ ստացականի բովանդակությունից բնավ չի բխում, որ այդ գումարը ուղղված է եղել այսպես կոչված նախնական պայմանագրի պայմանի կատարմանը և ոչ թե վճարվել է որպես կանխավճար հետագայում կնքվելիք հիմնական պայմանագրի գնից։
Այդ համատեքստում ուսումնասիրելով վճռաբեկ դատարանի հիշատակված որոշումների բովանդակությունը և դրանք համադրելով սույն գործով էական նշանակություն ունեցող հաստատված փաստական հանգամանքներին՝ հանգում ենք եզրահանգման, որ իրավական խնդրի լուծման համար առանցքային նշանակություն ունի այն հարցը թե նախավճարի համաձայնագրով ինչ պարտավորության կատարում է ապահովվել և ինչ ծավալով:
Սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կիրառած իրավանորմերը և արտահայտած իրավական դիրքորոշումները որևէ կերպ չեն հակասում ինչպես ՀՀ Վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը, այնպես էլ նշված որոշմամբ անփոփոխ թողնված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2014 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալին:
Այս առումով Վճռաբեկ դատարանի որոշման բովանդակությունից պարզ չէ, թե վճռաբեկ բողոքի որ փաստարկի հիմնավոր ճանաչման արդյունքով բողոքի որ հիմքն է հիմնավոր ճանաչվել՝ հանգեցնելով վճռաբեկ բողոքի բավարարմանը և դատական ակտի բեկանմանը: Նույնիսկ եթե պայմանականորեն ընդունենք Վերաքննիչ դատարանի կողմից հայցային վաղեմության սխալ կիրառումը, ապա վճռաբեկ դատարանի կողմից զուտ միայն այդ հիմքով չի կարող ուժ տրվել առաջին ատյանի դատական ակտին, քանի որ վճռաբեկ դատարանի որոշման մեջ բացակայում են Վերաքննիչ դատարանի մյուս պատճառաբանությունների ոչ հիմնավոր լինելու մասին եզրահանգումները։
Հայցային վաղեմության մասով ևս դատական ակտը համոզիչ չէ, քանի որ առոչինչ գործարքի՝ նախնական պայմանագրի մասով տրված գումարի մասով հարցը քննարկվել է նաև ըստ էության։
Բացի այդ գտնում ենք, որ նախավճարի համաձայնությամբ տրված գումարի առնչությամբ չեն կարող կիրառվել առոչինչ գործարքի հետևանքներ, քանի որ նախավճարի համաձայնության վերաբերյալ օրենսդիրը սահմանափակվել միայն համաձայնության գրավոր ձևի պահանջով, ուստի այդ համաձայնությունն առոչինչ դիտելու ոչ փաստական ոչ իրավական հիմքեր չկան, հետևաբար չի կարող խոսք լինել հայցային վաղեմության տասը տարվա ժամկետի մասին։
Դատավորներ՝ | Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան Է․ Սեդրակյան Տ․ Պետրոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: