ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0438/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0438/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան |
Դատավորներ՝ |
Ա. Խառատյան |
Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի մարտի 10-ին,
քննարկելով ըստ Ալբերտ Սուքիասյանի հայցի ընդդեմ «Ջեներալ Տրանսուորլդ ՄՔ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով Ընկերության ներկայացուցիչ Վարազդատ Մարկոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.08.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.01.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, 214-րդ հոդվածի 1-ին կետը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 22.12.2000 թվականի թիվ 36 որոշումը, որը պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքը բերվել է դատական ակտը ստանալու պահից մեկամսյա ժամկետում։ Տվյալ դեպքում Դատարանի վճռի դեմ 08.10.2009 թվականին բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 04.12.2009 թվականի որոշմամբ վերադարձվել էր վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդությունները հաստատող բավարար ապացույցներ վերաքննիչ բողոքին կցված չլինելու հիմքով։
Վերաքննիչ բողոք բերած անձը, բողոքը կրկին ներկայացնելով, Դատարանի վճռի դեմ 28.12.2009 թվականին բերված վերաքննիչ բողոքին կցել է ինչպես միջնորդություն` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին, այնպես էլ վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդությունը հաստատող բավարար ապացույցներ, սակայն Վերաքննիչ դատարանը, չքննարկելով միջնորդությունները, կրկին վերադարձրել է վերաքննիչ բողոքը, պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու դեպքում բողոքը կրկին ներկայացնելու իրավական հնարավորություն նախատեսված չէ։
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելիս Ընկերությանը զրկել է Կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքից, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշումներում բազմիցս նշել է, որ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը, և շահագրգիռ անձը պետք է հնարավորություն ունենա հասնելու իր գործի քննությանը դատարանում։
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.01.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝
1) չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները,
2) 2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված։ Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը՝ առանց վերաքննիչ բողոք ներկայացրած անձի բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու և պետական տուրքի վճարումը տարաժամկետելու միջնորդությունները քննարկելու, արձանագրել է, որ Դատարանի «վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2009թ. որոշմամբ վերադարձվել է, ընդ որում, որոշմամբ նաև պարզաբանվել է, որ խախտումները վերացնելու համար երկշաբաթյա ժամկետ տրվելու մասին ՀՀ քաղ. դատ. օր-ի 213-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնը տվյալ բողոքի նկատմամբ կիրառվել չի կարող, քանի որ այն վերադարձվել է ՀՀ քաղ. դատ. օր-ի 213-րդ հոդվածի 1-ին մասի ոչ միայն 1-ին, այլև 2-րդ կետով նախատեսված հիմքերով։ Որոշումը բողոք բերողին ուղարկվել է փոստով 11.12.2009թ. և նրա կողմից ստացվել է 14.12.2009թ.»։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Բողոք բերած անձը միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը», սակայն գտել է, որ «միջնորդությունը ենթակա չէ քննարկման, քանի որ ՀՀ քաղ. դատ. օր-ի 213-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով բողոքը վերադարձվելուց հետո խախտումները (տվյալ դեպքում բաց թողած ժամկետի վերականգնման վերաբերյալ միջնորդության բացակայությունը) վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու իրավական հնարավորություն նախատեսված չէ։ Նույնը վերաբերում է նաև պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին բողոքում պարունակվող միջնորդությանը»։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը լուծելիս պետք է առաջնորդվեր ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատական քննության իրավունքի ապահովման սկզբունքից, քանի որ արդար դատաքննության բաղկացուցիչ տարրերից մեկը դատարանի մատչելիության իրավունքն է, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում։
Ավելին, այն սահմանափակումները, որոնք զուտ ֆինանսական բնույթ ունեն և որոնք բացարձակապես կապված չեն վերաքննիչ բողոքի կամ վերջինիս հաջողության հեռանկարների հետ, պետք է արդարադատության շահերից ելնելով մանրակրկիտ քննության առնվեն (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայն այդ իրավակարգավորման հիմքում ընկած տրամաբանության՝ վերաքննիչ բողոքի թերությունները չեն կարող խոչընդոտել դրանց քննության ընդունման հարցի դրական լուծմանը և կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը։ Նշված տրամաբանությունն էլ իր հերթին բխում է դատարանի մատչելիությունն ապահովելու անհրաժեշտությունից (տես ՀՀ սահմանադրական դատարանի 27.05.2008 թվականի թիվ ՍԴՈ- 754 գործով որոշումը, կետ 6)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը վերաքննիչ դատարանին իրավունք է վերապահում վերադարձնել վերաքննիչ բողոքը, եթե բողոքում չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները։ Միաժամանակ նույն հոդվածի 3-րդ կետը վերաքննիչ բողոք բերած անձին հնարավորություն է ընձեռում նույն օրենսգրքի 210-րդ հոդվածով սահմանված պահանջների վերաբերյալ վերաքննիչ դատարանի մատնանշած խախտումները վերացնելու դեպքում որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացնել վերաքննիչ բողոք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածը նախատեսում է նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր, մասնավորապես` եթե վերաքննիչ բողոքը բերվել է բողոք բերելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում նշված ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի արգելում անձին վերաքննիչ բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո ներկայացնել բողոք և միաժամանակ միջնորդություն` բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, իսկ դատավարական ժամկետի խախտումն ինքնին բավարար չէ վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար, քանի որ վերաքննիչ դատարանը համապատասխան միջնորդության առկայության դեպքում պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը, որի քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ բողոք բերած անձի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին ենթակա չէ քննարկման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը 04.12.2009 թվականի որոշմամբ վերադարձվելուց հետո խախտումները՝ սույն դեպքում բաց թողած ժամկետի վերականգնման վերաբերյալ միջնորդության բացակայությունը, վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու իրավական հնարավորություն նախատեսված չէ, Վճռաբեկ դատարանը համարում է անհիմն, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի արգելում անձին դատավարական ժամկետը բաց թողնելուց հետո առանց միջնորդության ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվելու դեպքում կրկին ներկայացնել վերաքննիչ բողոք՝ համապատասխան ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ։
Վերոնշյալ իրավական դիրքորոշման պայմաններում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել բողոք բերած անձի` վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու, ինչպես նաև պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու միջնորդությունները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 22.12.2000 թվականի թիվ 36 որոշմամբ պարզաբանվել է, որ բողոքարկման բաց թողած ժամկետների վերականգնման վերաբերյալ դիմումները քննության առնելիս պետք է մանրամասն հետազոտվեն ժամկետների բաց թողնման պատճառները։ Եվ բոլոր այդ դեպքերում, երբ ժամկետը բաց է թողնվել բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (հիվանդություն, անհաղթահարելի ուժ, դատական ակտերի կայացման մասին անտեղյակ լինելը ոչ իր մեղքով և այլն), ժամկետի բացթողումը պետք է ճանաչել հարգելի։
Սույն գործով Դատարանի դատական ակտը հրապարակվել է 15.08.2009 թվականին, այսինքն` նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել Դատարանի դատական ակտի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, մինչդեռ վերաքննիչ բողոքը բերվել է 08.10.2009 թվականին` Դատարանի դատական ակտը 10.09.2009 թվականին ստանալու (հատոր 2, գ.թ.12) պատճառով։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Ընկերությունը վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց է թողել այն պատճառով, որ Դատարանի վճիռը փոստային ծառայության միջոցով ստացել է 10.09.2009 թվականին (հատոր 2, գ.թ.12), այդ պատճառով վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ ներկայացվել է միջնորդություն, վերադարձրել է Ընկերության վերաքննիչ բողոքը, զրկելով առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերաքննության կարգով վերանայման հնարավորությունից։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու պետական տուրքի միջնորդության վերաբերյալ պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքը չի վճարվել Ընկերության դրամարկղի վրա արգելանք կիրառված լինելու հիմքով (հատոր 2, գ.թ.15-18), իսկ Վերաքննիչ դատարանը զրկված չէր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Ընկերության նկատմամբ սահմանելու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու արտոնություն։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի քննարկել նաև վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը, դրանով խախտելով Ընկերության արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2010 թվականի որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |