ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1361-Ն
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 766-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ժբ» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու մասին» N 766-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1361 -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների (այսուհետ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններ)՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության հետ կապված հարաբերությունները:
2. Զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով՝
1) հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքներից հաշվարկված և պետական բյուջե վճարված ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի փոխհատուցում.
2) ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի և մաքսավճարի փոխհատուցում.
3) գործող և զորահավաքային առաջադրանքների կատարման համար նախատեսված, սակայն խաղաղ ժամանակ չօգտագործվող զորահավաքային նշանակության շինությունների ու փոխադրամիջոցների համար հաշվարկվող գույքահարկի, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներից սկսած` հաշվարկվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի փոխհատուցում.
4) զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովելու համար ներգրավված վարկային միջոցների փոխհատուցում՝ վարկային միջոցների սպասարկման բանկային տոկոսադրույքի չափով:
3. Զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցության ձևը և չափը սահմանվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպության, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ոլորտը համակարգող շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմնի միջև կնքվող զորահավաքային առաջադրանքների կատարման վերաբերյալ պայմանագրում:
4. Պայմանագրերի կնքման բանակցային գործընթացներին ներգրավվում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցության ձևի և չափի սահմանման մասով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |