Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.03.27/21(1474) Հոդ.245
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.07.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
20.07.2018
Дата вступления в силу
20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0100/02/17

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0100/02/17 
2018թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան

Դատավորներ՝

Հ. Ենոքյան

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ս. Միքայելյանի

Ն. Տավարացյանի

 

2018  թվականի հուլիսի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների  ներկայացուցիչ Հայկ Սանոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների դիմումի՝ ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և Սարգիս Գրիգորյանի անվամբ տրված՝ «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիր» ՀՀ կառավարության հավաստագրով տրամադրված՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում կառուցված թիվ 44 շենքի 17-րդ հասցեում գտնվող բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքելու իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանները պահանջել են հարգելի համարել ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և ճանաչել Սարգիս Գրիգորյանի անվամբ տրված՝ «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիր» ՀՀ կառավարության հավաստագրով տրամադրված՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցված թիվ 44 շենքի 17-րդ հասցեում գտնվող բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքելու իրավունքը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 02.11.2017 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.01.2018 թվականի որոշմամբ Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ (այսուհետ՝ Կոնվենցիա) հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 207-րդ հոդվածի 6-րդ կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ տեխնիկական վրիպակ թույլ տալու հետևանքով է, որ վերաքննիչ բողոքն ուղարկելու փոստային ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերի փոխարեն նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան» բառերը, վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը հարգելի չհամարելու պայմաններում բողոք բերած անձին ձևական պատճառներով զրկել է դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետում Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և «փոփոխել այն` բողոքը համարել ընդունված»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի և   213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Stubbings and others v. The United Kingdom թիվ 22083/93 22095/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):

Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652,   ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942,   ՍԴՈ-1037,  ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115,  ՍԴՈ-1127,  ՍԴՈ-1190,  ՍԴՈ-1192,  ՍԴՈ-1196,   ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Նախկին օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Նախկին օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

Նախկին օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

Նախկին օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:

Նախկին օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը  վերաքննիչ  դատարանը  պարտավոր  է  իրականացնել`  հաշվի  առնելով նաև  անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության  արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Նախկին օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի իրավանորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից հստակ նախատեսվել էր այն դատավարական ժամկետը, որի ընթացքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կարող էր բողոքարկվել վերաքննության կարգով: Ըստ այդմ, գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել էր այդ կանոնը չպահպանելու իրավական հետևանքը` այն նախատեսելով Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը հնարավորություն էր տվել բողոք բերած անձին՝ ներկայացնելու միջնորդություն վերաքննիչ բողոքը բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, որով բողոք բերած անձը հնարավորություն էր ստանում սահմանված ժամկետը բաց թողնելուց հետո ներկայացնելու վերաքննիչ բողոք, եթե նման ժամկետի բաց թողնման հանգամանքները հարգելի են: Ընդ որում, նման պայմաններում վերաքննիչ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով, ինչպես նաև  ձևականություններից զերծ մնալու հիմքով, այդ թվում՝ բողոք բերած անձի կամքից անկախ հանգամանքների պատճառով, չպետք է սահմանափակի անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը:

Սույն գործով Դատարանի 02.11.2017 թվականի վճռով Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների դիմումը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 119-123): Դատարանի 02.11.2017 թվականի վճիռը Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյաններին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 15.11.2017 թվականին, այսինքն` Նախկին օրենսգրքի 124-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ (հատոր 1-ին, գ.թ. 127, 128, 130): Վերջիններս դատական ակտը ստացել են 17.11.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 128, 129, 131), և վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ` 18.12.2017 թվականին, վերջիններիս ներկայացուցիչը փոստային առաքմամբ ուղարկել է վերաքննիչ բողոքը (հատոր 2-րդ, գ.թ. 8): Նշված ծրարը փոստային ծառայության կողմից 25.12.2017 թվականին վերադարձվել է «Անհայտ» նշումով`այն պատճառով, որ անհայտ է` ծրարն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական, թե` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին (հատոր 2-րդ, գ.թ. 8): Դրանից հետո Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցիչը 27.12.2017 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, և պատճառաբանելով, որ Դատարանի 02.11.2017 թվականի վճիռն ստացվել է այն կայացվելուց 15 օր հետո, ինչպես նաև տեխնիկական վրիպակի պատճառով փոստային ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերի փոխարեն նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան», որպիսի պատճառաբանությամբ ծրարը հետ է վերադարձվել, միջնորդել է հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել բաց թողնված ժամկետը (հատոր 2-րդ, գ.թ. 4-7):

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ներկայացված միջնորդությանը և վերաքննիչ բողոք բերելու մեկամսյա ժամկետը հաշվարկելով 18.11.2017 թվականից մինչև 18.12.2017 թվականը և այդ ժամկետի մասով հարգելի համարելով սահմանված ժամկետի բացթողումն այն պատճառաբանությամբ, որ դատական ակտը կողմերին սահմանված ժամկետի խախտմամբ է ուղարկվել, միաժամանակ գտել է, որ դրանից հետո ընկած ժամանակահատվածը բաց թողնելու պատճառը հարգելի չէ, քանի որ վերաքննիչ բողոքը սխալ է հասցեագրվել հենց բողոք բերած անձի մեղքով՝ վերջինիս անփութության պատճառով: Վերաքննիչ դատարանը որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք նշել է նաև այն, որ վերաքննիչ բողոքին կցված չէ պետական տուրքը վճարելու մաuին ապացույցը, ինչպես նաև բացակայում է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Բացի այդ, վերաքննիչ բողոքում բացակայում է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին նշումը, մասնավորապես` բացակայում է նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումը: Վերաքննիչ բողոք բերած անձը նաև չի հստակեցրել իր պահանջը (հատոր 2-րդ, գ.թ. 19-21) 

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի վճիռն ստանալու հաջորդ օրվանից՝ 18.11.2017 թվականից մինչև 18.12.2017 թվականը վերաքննիչ բողոք բերված չլինելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն իրավաչափ է և բխում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի և դատարանի մատչելիության սկզբունքից՝ հաշվի առնելով այն, որ Դատարանի 02.11.2017 թվականի վճիռը կողմերին ուղարկվել է Նախկին օրենսգրքի 124-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, և վերջիններիս կողմից այն ստացվել է միայն 17.11.2017 թվականին: Միաժամանակ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որի համաձայն՝ բողոքը սխալ է հասցեագրվել հենց բողոք բերած անձի մեղքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ բողոք բերած անձինք ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու համար: Մասնավորապես, Դատարանի 02.11.2017 թվականի վճռի դեմ Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցիչը 18.12.2017 թվականին փոստային ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել: 18.12.2017 թվականին փոստային ծառայություն ներկայացրած բողոքը նույն ծառայության կողմից հետ է ուղարկվել գրասենյակ՝ հասցեի անհստակության պատճառով, այն է՝ համապատասխան ծրարի վրա նշվել է թերի հասցե՝ «ՀՀ վերաքննիչ դատարան», չհստակեցնելով՝ ծրարն ուղղված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, թե` ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ընդ որում, փոստային առաքանին վերադարձվել է «Անհայտ է» նշումով՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ վերաքննիչ բողոքն արդեն փոստային ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան» նշումով 27.12.2017 թվականին կրկին ներկայացվել է փոստային ծառայությանը, որին կից ներկայացվել է միջնորդություն՝ խնդրելով նշված փաստի ուժով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը:

  Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, 18.01.2018 թվականին որոշում կայացնելով Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժելու և վերաքննիչ բողոքը նաև այդ հիմքով վերադարձնելու մասին, ըստ էության, կիրառել է խիստ ձևական բնույթի սահմանափակում՝ հաշվի չառնելով, որ բողոք բերած անձինք ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ գործողությունները վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու համար: Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանը զուտ ձևական հանգամանքով պայմանավորված վերաքննիչ բողոք բերած անձանց զրկել է արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքներից: Ավելին` Վերաքննիչ դատարանն այդ պատճառաբանությամբ միջնորդությունը մերժելիս և վերաքննիչ բողոքը վերադարձնելիս խախտել է ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև, ինչն անհամատեղելի է անձի գերակա իրավունքներից մեկը հանդիսացող դատական պաշտպանության իրավունքի բովանդակության հետ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի հիմքը` կապված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ և  63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Նախկին օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը խախտելու հետ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 18.01.2018 թվականի որոշմամբ Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձրել է նաև հետևյալ հիմքերով` չեն պահպանվել Նախկին օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ ըստ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը չի պարունակում նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին,  ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, վերաքննիչ բողոք բերած անձը չի հստակեցրել իր պահանջը, ինչպես նաև բողոքին չի կցել պետական տուրքը վճարելու մասին ապացույցը և բացակայում է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերը թվարկված թերություններն իրենց բնույթով ձևական խախտումներ են: Ընդ որում, նշված խախտումները վերացնելու համար, Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, տրամադրվում է երկշաբաթյա ժամկետ՝ թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձևական խախտումներն ուղղելու համար տրամադրվող ժամկետն օրենքի ուժով տրամադրվող ժամկետ է, որը ենթակա չէ սահմանափակման: Ընդ որում, նման սահմանափակումը կարող է անհամատեղելի դիտվել անձի՝ դատական պաշտպանության իրավունքի հետ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ  Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների կողմից Վերաքննիչ դատարանի 18.01.2018 թվականի որոշումը բողոքարկվել է միայն վերջիններիս կողմից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժելու և այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մյուս հիմքերի մասով վճռաբեկ բողոք չի բերվել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանի 18.01.2018 թվականի որոշումը վերանայելով վճռաբեկ բողոքի հիմքի և հիմնավորումների սահմաններում, գտնում է, որ սույն դեպքում Վերաքննիչ դատարանը, 18.01.2018 թվականի որոշմամբ վերադարձնելով ներկայացված վերաքննիչ բողոքը, հիմք ընդունելով համապատասխան օրենսդրական կարգավորումները, չի տրամադրել երկշաբաթյա ժամկետ՝ վերաքննիչ բողոքում առկա մյուս թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար: Սակայն Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտը բողոքարկվել է միայն վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասով, իսկ այդ մասով վերոգրյալ պատճառաբանությամբ դատական ակտը ենթակա է վերացման, գտնում է, որ բողոք բերած անձանց պետք է տրամադրվի երկշաբաթյա ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տված վերը նշված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար: Հետևաբար ելնելով արդարադատության արդյունավետության շահերից և ղեկավարվելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 405-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով նոր դատական ակտ կայացնելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 18.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մասնակիորեն վերացնելու արդյունքում անհրաժեշտ է կայացնել նոր դատական ակտ: Ընդ որում, Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների՝ վերաքննիչ բողոքի սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար նախատեսված ժամկետի հաշվարկը սկսվում է սույն որոշումն ստանալու պահից:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու` Վերաքննիչ դատարանի 18.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու մասով, վերացնելու և այդ մասով նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու մասով, և այդ մասով կայացնել նոր դատական ակտ, այն է՝ Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարել և նշված ժամկետը վերականգնել՝  վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան կրկին ներկայացնելու համար սահմանելով երկշաբաթյա ժամկետ` սույն որոշումը ստանալու պահից:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան
Ն. Տավարացյան

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

2018 թվականի հուլիսի 20-ին

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) գրավոր ընթացակարգով քննելով Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցիչ Հայկ Սանոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների դիմումի՝ ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և Սարգիս Գրիգորյանի անվամբ տրված՝ «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիր» ՀՀ կառավարության հավաստագրով տրամադրված՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում կառուցված թիվ 44 շենքի 17-րդ հասցեում գտնվող բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքելու իրավունքը ճանաչելու պահանջների մասին որոշել է. վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու մասով, և այդ մասով կայացնել նոր դատական ակտ, այն է՝ Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարել և նշված ժամկետը վերականգնել՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան կրկին ներկայացնելու համար սահմանելով երկշաբաթյա ժամկետ` սույն որոշումը ստանալու պահից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված հիմքով և կարգով Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս. Անտոնյանս և Ա. Բարսեղյանս ներկայացնում ենք հատուկ կարծիք` դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չլինելու պատճառաբանությամբ.

 

Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված որոշմամբ արձանագրվել է հետևյալը.

Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանները պահանջել են հարգելի համարել ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և ճանաչել Սարգիս Գրիգորյանի անվամբ տրված՝ «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիր» ՀՀ կառավարության հավաստագրով տրամադրված՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցված թիվ 44 շենքի 17-րդ հասցեում գտնվող բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքելու իրավունքը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 02.11.2017 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.01.2018 թվականի որոշմամբ Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցիչը։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ (այսուհետ՝ Կոնվենցիա) հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 207-րդ հոդվածի 6-րդ կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ տեխնիկական վրիպակ թույլ տալու հետևանքով է, որ վերաքննիչ բողոքն ուղարկելու փոստային ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերի փոխարեն նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան» բառերը, վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը հարգելի չհամարելու պայմաններում բողոք բերած անձին ձևական պատճառներով զրկել է դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետում Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և «փոփոխել այն` բողոքը համարել ընդունված»:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը և Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով Դատարանի 02.11.2017 թվականի վճռով Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների դիմումը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 119-123): Դատարանի 02.11.2017 թվականի վճիռը Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյաններին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 15.11.2017 թվականին, այսինքն` Նախկին օրենսգրքի 124-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ (հատոր 1-ին, գ.թ. 127, 128, 130): Վերջիններս դատական ակտը ստացել են 17.11.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 128, 129, 131), և վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ` 18.12.2017 թվականին, վերջիններիս ներկայացուցիչը փոստային առաքմամբ ուղարկել է վերաքննիչ բողոքը (հատոր 2-րդ, գ.թ. 8): Նշված ծրարը փոստային ծառայության կողմից 25.12.2017 թվականին վերադարձվել է «Անհայտ» նշումով`այն պատճառով, որ անհայտ է` ծրարն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական, թե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին (հատոր 2-րդ, գ.թ. 8): Դրանից հետո Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցիչը 27.12.2017 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք և պատճառաբանելով, որ Դատարանի 02.11.2017 թվականի վճիռն ստացվել է այն կայացվելուց 15 օր հետո, ինչպես նաև տեխնիկական վրիպակի պատճառով փոստային ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերի փոխարեն նշվել է «ՀՀ վերաքննիչ դատարան», որպիսի պատճառաբանությամբ ծրարը հետ է վերադարձվել, միջնորդել է հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել բաց թողնված ժամկետը (հատոր 2-րդ, գ.թ. 4-7):

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ներկայացված միջնորդությանը և վերաքննիչ բողոք բերելու մեկամսյա ժամկետը հաշվարկելով 18.11.2017 թվականից մինչև 18.12.2017 թվականը, և այդ ժամկետի մասով հարգելի համարելով սահմանված ժամկետի բացթողնումն այն պատճառաբանությամբ, որ դատական ակտը կողմերին սահմանված ժամկետի խախտմամբ է ուղարկվել, միաժամանակ գտել է, որ դրանից հետո ընկած ժամանակահատվածը բաց թողնելու պատճառը հարգելի չէ, քանի որ վերաքննիչ բողոքը սխալ է հասցեագրվել հենց բողոք բերած անձի մեղքով՝ վերջինիս անփութության պատճառով: Վերաքննիչ դատարանը, որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք, նշել է նաև այն, որ վերաքննիչ բողոքին կցված չէ պետական տուրքը վճարելու մաuին ապացույցը, ինչպես նաև բացակայում է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Բացի այդ, վերաքննիչ բողոքում բացակայում է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին նշումը, մասնավորապես, բացակայում է նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումը: Վերաքննիչ բողոք բերած անձը նաև չի հստակեցրել իր պահանջը (հատոր 2-րդ, գ.թ. 19-21):

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Դատարանի վճիռն ստանալու հաջորդ օրվանից՝ 18.11.2017 թվականից մինչև 18.12.2017 թվականը վերաքննիչ բողոք բերված չլինելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը իրավաչափ է և բխում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի և դատարանի մատչելիության սկզբունքից՝ հաշվի առնելով այն, որ Դատարանի 02.11.2017 թվականի վճիռը կողմերին ուղարկվել է Նախկին օրենսգրքի 124-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ, և վերջիններիս կողմից այն ստացվել է միայն 17.11.2017 թվականին: Միաժամանակ, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որի համաձայն՝ բողոքը սխալ է հասցեագրվել հենց բողոք բերած անձի մեղքով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն անհիմն է, քանի որ բողոք բերած անձինք ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու համար: Մասնավորապես, Դատարանի 02.11.2017 թվականի վճռի դեմ Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցիչը 18.12.2017 թվականին փոստային ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել: 18.12.2017 թվականին փոստային ծառայություն ներկայացրած բողոքը նույն ծառայության կողմից հետ է ուղարկվել գրասենյակ՝ հասցեի անհստակության պատճառով, այն է՝ համապատասխան ծրարի վրա նշվել է թերի հասցե՝ «ՀՀ վերաքննիչ դատարան», չհստակեցնելով՝ ծրարն ուղղված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ընդ որում, փոստային առաքանին վերադարձվել է «Անհայտ է» նշումով՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ վերաքննիչ բողոքն արդեն փոստային ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան» նշումով 27.12.2017 թվականին կրկին ներկայացվել է փոստային ծառայությանը, որին կից ներկայացվել է միջնորդություն՝ խնդրելով նշված փաստի ուժով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, 18.01.2018 թվականին որոշում կայացնելով Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժելու և վերաքննիչ բողոքը նաև այդ հիմքով վերադարձնելու մասին, ըստ էության, կիրառել է խիստ ձևական բնույթի սահմանափակում՝ հաշվի չառնելով, որ բողոք բերած անձինք ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ գործողությունները վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու համար: Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանը զուտ ձևական հանգամանքով պայմանավորված վերաքննիչ բողոք բերած անձանց զրկել է արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքներից: Ավելին` Վերաքննիչ դատարանն այդ պատճառաբանությամբ միջնորդությունը մերժելիս և վերաքննիչ բողոքը վերադարձնելիս խախտել է ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև, ինչն անհամատեղելի է անձի գերակա իրավունքներից մեկը հանդիսացող դատական պաշտպանության իրավունքի բովանդակության հետ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի հիմքը` կապված Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Նախկին օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը խախտելու հետ:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտել է բավարար` ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու` Վերաքննիչ դատարանի 18.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Գայանե, Աղվան և Մկրտիչ Գրիգորյանների ներկայացուցչի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու մասով, վերացնելու և այդ մասով նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Գտնում ենք, որ վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը անդրադառնալով բաց թողած դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի համարելու խնդրին արտահայտել է իրավական դիրքորոշում այս հարցի կապակցությամբ, ըստ որի «բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար»:

Գտնում ենք, որ դատավարության մասնակցի կողմից իր իրավունքների անբարեխիղճ իրականացումը չպետք է դիտվի ձևական և դրվի դատավարական բաց թողած ժամկետների պատճառները հարգելի ճանաչելու հիմքում քանի որ նման իրավական դիրքորոշումը տարալուծում է իրավական որոշակիության սկզբունքի կիրառման սահմանները՝ դատական ակտի բողոքարկման ժամկետի բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու հարցը լուծելիս այն կապելով դատավարության մասնակցի ոչ թե պատշաճ գործողության, այլ ընդամենը դատական ակտը բողոքարկելու ցանկության հետ։

Վերոգրյալի համատեքստում արձանագրում ենք, որ բողոքաբերի կողմից իր դատավարական իրավունքի իրացմանն ուղղված գործողությունների թերի և ոչ պատշաճ կատարումը չի կարող դիտվել անձի կամքից անկախ պատճառ և հիմք հանդիսանալ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու համար:

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան