Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.06.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.11
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.06.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
05.06.2015
Дата вступления в силу
05.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0083/01/14

ԵՇԴ/0083/01/14

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

Դատավորներ՝

 Գ. Մելիք-Սարգսյան

Հ. Տեր-Ադամյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Ե. ԴԱնիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Իլլարիոն Ստեփանի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ պաշտպան Ռ.Սիրեկանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում 2014 թվականի մարտի 3-ին հարուցվել է թիվ 11117714 քրեական գործը:

2014 թվականի մարտի 14-ին Իլլարիոն Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2014 թվականի մայիսի 13-ին Ի.Նունուշյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2014 թվականի օգոստոսի 12-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Ի.Նունուշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել տուգանքի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով նշանակված պատժին լրիվ` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, գումարվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը, և Ի.Նունուշյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով և տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Դատախազ Ա.Սմբատյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը` բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ռ.Սիրեկանյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ի.Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2014 թվականի մարտի 2-ին` ժամը 03:00-ի սահմաններում, ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել շինություն հանդիսացող Երևանի Արին-Բերդի 2-րդ նրբանցքի 116/3 հասցեում գտնվող խորդանոց և այնտեղից գողացել 1 հատ ջահ իր տուփով, սպիտակեղենի հավաքածու և կանացի կոշիկներ` Վարդուհի Հարությունյանին պատճառելով զգալի չափերի` 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամի գույքային վնաս (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 175-176):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Ա]մբաստանյալ Իլլարիոն Նունուշյանի նկատմամբ որպես պատժատեսակ պետք է նշանակվի տուգանքը: Դատարանը գտնում է, որ այդ պատժատեսակը նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին (...):

Նկատի ունենալով, որ սույն գործով վերագրվող արարքն ամբաստանյալ Իլարիոն Նունուշյանը կատարել է 2014թ. մարտի 2-ին, այսինքն` նախքան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. ապրիլի 17-ի դատավճիռը կայացնելը, ուստի ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժը պետք է նշանակվի ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով` նշանակվող պատժին լրիվ գումարելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 203-204):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Իլ. Նունուշյանին 2014թ. սեպտեմբերի 9-ի դատավճռով մեղսագրված արարքը կատարվել է 2012 թվականի օգոստոս ամսին:

ԵՇԴ/0070/01/13 գործը Դատարանի վարույթ է ընդունվել 2013 թվականի հունիսի 7-ին, իսկ դատավճիռը կայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 9-ին:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանում ԵՇԴ/0083/01/14 քրեական գործը քննելու ընթացքում, Դատարանի կողմից բողոքարկվող 05.09.2014թ. դատավճիռը կայացնելուց հետո, նույն անձի նկատմամբ 09.09.2014թ-ին ԵՇԴ/0070/01/13 գործով կայացվել է ևս մեկ դատավճիռ:

Դատարանը Իլլարիոն Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ է նշանակել տուգանք` 500.000 դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 6-րդ մասի կանոններով գումարել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 17.04.2014թ. դատավճռով նշանակված պատիժը` 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը:

Փաստորեն, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 6-րդ մասի կանոններով, 4 օր հետո նույն անձի վերաբերյալ կայացրած 09.09.2014թ. դատավճռով նշանակված պատիժը չէր կարող համակցվել:

Մեղադրող Կ.Ադամյանը վերաքննիչ բողոք է բերել մեկ այլ` 09.09.2014թ. դատավճռի դեմ, որը Վերաքննիչ դատարանի 26.11.2014թ. որոշմամբ մերժվել է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014թ. սեպտեմբերի 09-ի դատավճիռը` Իլլարիոն Ստեփանի Նունուշյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանվել և գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

Նոր քննության ընթացքում Դատարանը պետք է պատշաճ ընթացակարգի սահմաններում հետազոտի Իլլարիոն Նունուշյանի նկատմամբ կայացված` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. ապրիլի 17-ի /Գործ` թիվ ԵՇԴ/0139/01/13/ և 2014թ. սեպտեմբերի 5-ի դատավճիռները /Գործ` թիվ ԵՇԴ/0083/01/14/, այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով սույն գործով նշանակված վերջնական պատժի ժամկետին պետք է հաշվակցի հիշյալ երեք դատավճիռներով նշանակված պատժի կրած մասը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

Նոր քննության ընթացքում Դատարանը պետք է պատշաճ ընթացակարգի սահմաններում հետազոտի Իլլարիոն Նունուշյանի նկատմամբ կայացված` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. ապրիլի 17-ի, 2014թ. սեպտեմբերի 5-ի և 2014թ. սեպտեմբերի 9-ի դատավճիռները, այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակվի վերջնական պատիժ:

Վերաքննիչ դատարանը Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ` Ա.Սմբատյանի վերաքննիչ բողոքը քննության առարկա չի դարձնում, քանի որ Դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը Վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում բերված բողոքի կապակցությամբ կայացնել համապատասխան որոշում, հետևաբար գտնում է, որ նման պայմաններում վերաքննիչ բողոքը պետք է մերժել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 44-45):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես՝ հանգեցրել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռի անհիմն բեկանմանը:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի՝ բողոքաբերը, մեջբերելով Գ. Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված հետևությունները որևէ առնչություն չունեն սույն գործի փաստական հանգամանքների հետ, վերաբերում են լրիվ այլ քրեական գործին և չեն առնչվում Ի.Նունուշյանին առաջադրված մեղադրանքին: Այսպես` Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռով նշանակված պատիժը 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով չէր կարող համակցվել, քանի որ Առաջին ատյանի դատարանը չէր կարող անդրադառնալ չորս օր հետո կայացվելիք դատական ակտով նշանակվող պատժին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, այդպիսի հիմքով բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, խախտել է նաև Ի.Նունուշյանի պաշտպանության իրավունքը, քանի որ պաշտպանական կողմը զրկված է եղել վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված առարկություններում այդ հարցին անդրադառնալու և իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

9. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ մեղադրողն իր վերաքննիչ բողոքում խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը, Ի.Նունուշյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացման առումով փոփոխել և նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով համաչափ պատիժ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել է այլ հիմքով և գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ:

Մեջբերելով Ա.Խուրշուդյանի գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները` բողոքի հեղինակը նշել է, որ հանցավորի նկատմամբ նշանակված պատժի անհամաչափությունը ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական ակտի անվերապահ բեկանմանը հանգեցնող դատավարական իրավունքի խախտում է և ո՛չ էլ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված քրեական գործի կարճման հիմք: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր սեփական նախաձեռնությամբ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս անդրադառնալ Ի.Նունուշյանի նկատմամբ նշանակված պատժի հարցին և այդ հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը` Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորված է արդյոք ամբաստանյալ Ի.Նունուշյանի նկատմամբ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին կայացված դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված

2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

(...)

դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն` «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույցէ տրվում`

(...)

2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.

3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները.

4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս:

(...)»:

Նույն օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են դատարանի որոշումները»:

Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գ.Ղազարյանի գործով որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտի` դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի` վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ կերպ` վերաքննիչ դատարանի դատական ակտերը ևս պետք է կազմված լինեն ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից, որոնց ներկայացվում են նույն բովանդակային պահանջները, ինչ դատավճռին:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատական ակտի կառուցվածքին և բովանդակությանը որոշակի պահանջներ ներկայացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը պետք է ամբողջական տեղեկություն պարունակի քննված գործի վերաբերյալ, ինչպես նաև ներառի դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի պատասխանները: Բացի այդ, դատական ակտի տարբեր կառուցվածքային մասերում (ներածական, նկարագրական-պատճառաբանական, եզրափակիչ) արտացոլված տեղեկությունը պետք է ներքին միասնություն և տրամաբանական կապ ունենա, այդ թվում` վերաբերի միևնույն քրեական գործին, հակառակ պարագայում, դատարանի դատական ակտն անօրինական է» (տե՛ս Գեղամ Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-20-րդ կետերը):

Վերահաստատելով Գ.Ղազարյանի գործով ձևավորված իրավական դիրքորոշումները՝ Ա.Հարությունյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) [Դ]ատական ակտի եզրափակիչ մասում առկա եզրահանգումները պետք է բխեն նույն դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված հետևություններից և համապատասխանեն դրանց: Հետևաբար, վերաքննիչ դատարանի կողմից կայացվող` վերաքննիչ բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում առկա եզրահանգումը նույնպես պետք է համապատասխանի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությանը» (տե՛ս Աննա Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11 որոշման 14-րդ կետը):

13. Վերահաստատելով և զարգացնելով Գ.Ղազարյանի ու Ա.Հարությունյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է պարունակի այնպիսի տվյալներ, որոնք վերաբերում են միևնույն քրեական գործին: Մասնավորապես, որոշման պատճառաբանական հատվածում շարադրված դատարանի հետևությունները պետք է տրամաբանորեն կապված լինեն և բխեն գործի փաստական հանգամանքներից, դրանում պետք է առկա լինեն ինչպես բողոքարկվող դատական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ դատողություններ, այնպես էլ վերջնական եզրահանգումներ ներկայացված բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Դատական ստուգման արդյունքում բողոքարկվող դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու դեպքում Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում պետք է հստակ շարադրի, թե տվյալ գործի շրջանակներում համապատասխան ստորադաս դատարանի կողմից ինչպիսի դատական սխալ է թույլ տրվել:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի համաձայն` «Բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ (...)»:

Մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Վերաքննիչ դատարանն օժտված է ստորադաս դատարանի դատական ակտերի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության ստուգման բացառիկ լիազորությամբ: Իր նշված գործառույթն իրականացնելիս Վերաքննիչ դատարանն իրավասու է դատական ակտը բեկանել կամ փոփոխել, եթե թույլ է տրվել դատական սխալ: Ընդ որում, բողոքարկվող ակտի բեկանումը կամ փոփոխումը կարող է պայմանավորված լինել միայն տվյալ գործի քննության ընթացքում առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալով: Մեկ այլ գործով արձանագրված դատական սխալը որևէ դեպքում չի կարող մեխանիկորեն հանգեցնել վերանայվող ակտի բեկանմանը կամ փոփոխմանը:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Ի.Նունուշյանի նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով` լրիվ գումարելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 17-ի դատավճռով նշանակված պատիժը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը դատախազ Ա.Սմբատյանի վերաքննիչ բողոքը քննության առարկա չի դարձրել` պատճառաբանելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը Վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում բերված բողոքի կապակցությամբ կայացնելու համապատասխան որոշում: Արդյունքում դատախազի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը` բեկանել և գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ: Մասնավորապես, նշել է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ ընթացակարգի սահմաններում հետազոտի Ի.Նունուշյանի նկատմամբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թվականի ապրիլի 17-ին, 2014 թվականի սեպտեմբերի 5-ին և 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կայացված դատավճիռները, այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակի վերջնական պատիժ (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

15.1. Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատական ակտը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առել հետևյալ հանգամանքները.

ա) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մեկ այլ` 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատական ակտը կայացնելիս թույլ տրված դատական սխալը, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները չպահպանելը,

բ) 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատական ակտի վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալը` այն, որ ստորադաս դատարանը պետք է պատշաճ ընթացակարգի սահմաններում հետազոտի Ի.Նունուշյանի նկատմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թվականի ապրիլի 17-ին (Գործ` թիվ ԵՇԴ/0139/01/13) և 2014 թվականի սեպտեմբերի 5-ին կայացված դատավճիռները (Գործ` թիվ ԵՇԴ/0083/01/14), այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով այդ գործով նշանակված վերջնական պատժի ժամկետին հաշվակցի հիշյալ երեք դատավճիռներով նշանակված պատժի կրած մասը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Ընդ որում, սույն հանգամանքի հետ կապված՝ հարկ է նշել նաև, որ Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 26-ի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տվյալ դատական ակտով վերջինս պարտավորեցրել է առաջին ատյանի դատարանին նոր քննության ընթացքում հետազոտել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ միայն 2014 թվականի ապրիլի 17-ի դատավճիռը, այլ ոչ թե նաև 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատական ակտը:

16. Սույն որոշման 15-15.1-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանական հատվածում շարադրված հետևությունները կապված չեն և չեն բխում սույն գործի փաստական հանգամանքներից, վերաբերում են Ի.Նունուշյանի նկատմամբ մեկ այլ գործով կայացված դատական ակտի հիմքում ընկած տվյալներին: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը չի պարունակում բողոքարկվող դատական ակտի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռի օրինականության և հիմնավորվածության, տվյալ գործով թույլ տրված դատական սխալի վերաբերյալ որևէ տվյալ, ինչը կարող էր հիմք ծառայել դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդհակառակը, Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռով առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ, այն է` չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասը, միաժամանակ բեկանել է նաև Ի.Նունուշյանի վերաբերյալ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը:

Արդյունքում ստացվում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշման պատճառաբանական հատվածում շարադրվել են ոչ թե բողոքարկվող, այլ մեկ ուրիշ դատական ակտին վերաբերող տվյալներ, որով արձանագրած դատական սխալը Վերաքննիչ դատարանը մեխանիկորեն տարածել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դատական ակտի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ի.Նունուշյանի նկատմամբ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին կայացված դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը օրինական և հիմնավորված չէ:

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը չի պահպանել դատական ակտին քրեադատավարական օրենքով ներկայացվող պահանջները՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ և 371-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում է քրեադատավարական օրենքի էական խախտում:

Վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը և գործն ուղարկելու նույն դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության ու գնահատման հիման վրա հանգի համապատասխան հետևության:

18. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 9-րդ կետում բարձրացրած փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ հնարավորություն չեն ընձեռում անդրադառնալու դրան:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Իլլարիոն Ստեփանի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան