ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 940-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի՝ հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 273-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում`
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» բառերով,
բ. 1-ին ենթակետի «գ» և «ե» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասով`
ա. տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից նախորդ` անհրաժեշտ տարիների համար ներկայացված հաշվարկների ու հաշվետվությունների մասին,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և նրանց կողմից եկամտային հարկ վճարած լինելու (այդ թվում` հարկային գործակալների միջոցով) մասին` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա.».
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող ազդեցության ենթակա՝
1) ավելացված արժեքի հարկ վճարող (ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող) իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով (մշտական ազդեցության դեպքում` մեկ տարվա, իսկ ժամանակավոր ազդեցության դեպքում` մինչև մեկ տարվա համար), որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի (տարեկան եկամուտների մասին) հաշվարկում նշված հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և շահութահարկի (եկամտային հարկի) գումարի տարբերության չափով` կիրառելով հարկ վճարողի համախառն եկամտի մեջ ազդեցության գոտում գտնվող տնտեսական գործունեությունից եկամտի տեսակարար կշիռը.
2) շրջանառության հարկ վճարող առևտրային կազմակերպությունները կփոխհատուցվեն միայն ազդեցության գոտում իրականացվող տնտեսական գործունեության համար տարեկան զուտ շահույթի չափով (մշտական ազդեցության դեպքում` մեկ տարվա, իսկ ժամանակավոր ազդեցության դեպքում` մինչև մեկ տարվա համար), որը հաշվարկվում է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված շրջանառության հարկի գումարների հանրագումարի մեջ օրենքով սահմանված շահութահարկի հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված` նախորդ տարվա հարկվող շահույթի և հաշվարկային շահութահարկի գումարի տարբերության չափով` կիրառելով հարկ վճարողի` շրջանառության հարկով հարկվող օբյեկտի մեջ ազդեցության գոտում իրականացված տնտեսական գործունեությանը բաժին ընկնող մասի տեսակարար կշիռը.
3) արտոնագրային (հաստատագրված) վճար վճարող իրավաբանական անձինք կփոխհատուցվեն միայն ազդեցության գոտում իրականացվող տնտեսական գործունեության համար տարեկան զուտ շահույթի չափով (մշտական ազդեցության դեպքում` մեկ տարվա, իսկ ժամանակավոր ազդեցության դեպքում` մինչև մեկ տարվա համար), որը հաշվարկվում է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված արտոնագրային (հաստատագրված) վճարի գումարների հանրագումարի մեջ օրենքով սահմանված շահութահարկի հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված նախորդ տարվա հարկվող շահույթի և հաշվարկային շահութահարկի գումարի տարբերության չափով.
4) շրջանառության հարկ և (կամ) հաստատագրված, և (կամ) արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը (ֆիզիկական անձինք) կփոխհատուցվեն միայն ազդեցության գոտում իրականացվող տնտեսական գործունեության համար տարեկան զուտ եկամտի չափով (մշտական ազդեցության դեպքում` մեկ տարվա, իսկ ժամանակավոր ազդեցության դեպքում` մինչև մեկ տարվա համար), որը հաշվարկվում է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված շրջանառության հարկի և (կամ) հաստատագրված վճարի, և (կամ) արտոնագրային վճարի գումարների հանրագումարի նկատմամբ օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված նախորդ տարվա համախառն եկամտի մեջ (առանց ավելացված արժեքի հարկի) 25 տոկոս հաշվարկային հարկվող եկամտի և շրջանառության հարկի և (կամ) հաստատագրված վճարի, և (կամ) արտոնագրային վճարի գումարի տարբերության չափով` շրջանառության հարկի դեպքում կիրառելով հարկ վճարողի` շրջանառության հարկով հարկվող օբյեկտի մեջ ազդեցության գոտում իրականացված տնտեսական գործունեությանը բաժին ընկնող մասի տեսակարար կշիռը:»,
բ. 9-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ» բառերը փոխարինել «եկամտային հարկի գումարներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 |