Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.25/9(1098).1 Հոդ.114.15
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.10.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
31.10.2014
Дата вступления в силу
31.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Քրեական գործ թիվ ԼԴ/0178/01/12

ԼԴ/0178/01/12

 

Նախագահող դատավոր՝  Ա. Խաչատրյան

Դատավորներ՝   

Ա. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԴԱնիելյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

   

   քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

 

   

 

 2014 թվականի հոկտեմբերի 31-ին

 ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Մարտիրոսի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ Ա.Աբրահամյանի պաշտպան Ս.Մխիթարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90453712 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2012 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ Արմեն Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 361-րդ հոդվածի 3-րդ մասով:

2012 թվականի սեպտեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 6-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Ա.Աբրահամյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ա.Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 200.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ՝ Ա.Աբրահամյանն ազատվել է նշանակված պատժի կրումից:

3. ՀՀ զինվորական դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 6-ի դատավճիռը և այդ մասով գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

4. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի մարտի 21-ին որոշում է կայացրել Ա.Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով կարճելու մասին:

5. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մայիսի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

6. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Աբրահամյանի պաշտպան Ս.Մխիթարյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ պաշտպանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Մեղադրողը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել պաշտպան Ս.Մխիթարյանի վճռաբեկ բողոքը:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Ամբաստանյալ Ա.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 63853 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի կապի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, 18.06.2012 թվականին Վանաձորի կայազորային զինհոսպիտալի կողմից ուղեգրվել է Երևանի կենտրոնական զինհոսպիտալ` «Երկկողմանի խառը տիպի ծանրալսողություն» ախտորոշմամբ` հետազոտվելու և բուժումներ ստանալու նպատակով, սակայն Երևանի կենտրոնական զինհոսպիտալում համապատասխան սարքավորումներ չլինելու պատճառով, ավագ լեյտենանտ Արմեն Աբրահամյանը հետազոտվելու համար ուղարկվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս անցել է համապատասխան հետազոտություն և 29.06.2012 թվականին` ժամը 16.00-ի սահմաններում գնացել է տուն: Նույն օրը, ավագ լեյտենանտ Արմեն Աբրահամյանը հանվել է Երևանի կենտրոնական զինհոսպիտալի հիվանդների շարքից, և առանց հարգելի պատճառների ծառայության չի ներկայացել, իսկ 29.07.2012 թվականին` ժամը 8.00-ի սահմաններում Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌՈ բաժին` ծառայությունից բացակայելով երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ:

Դրանից հետո, ավագ լեյտենանտ Արմեն Աբրահամյանը քրեական պատասխանատվությունից ազատվելու նպատակով, «Էրեբունի» բժշկական կենտրոնից վերցրած պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքում, անձամբ կեղծ գրառումներ է կատարել` 29.06.2012 թվական ամիս, ամսաթիվը կեղծել, դարձրել է 27.07.2012 թվական, թե իբր «Էրեբունի բժշկական կենտրոնում 28.06.2012 թվականից մինչև 27.07.2012 թվականը բուժումներ է ստացել, և 30.07.2012 թվականին նշված փաստաթղթի պատճենն օգտագործել է, այն ներկայացնելով ՀՀ ՊՆ 63853 զորամասի հրամանատարությանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 27):

8. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 6-ի դատավճռի համաձայն` «Դատական վիճաբանությունների փուլում մեղադրողը (…) հայտնեց, որ Արմեն Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության սուբյեկտ չի հանդիսանում և նրա նկատմամբ այդ հոդվածով քրեական հետապնդում չի կարող իրականացվել, քանի որ նա պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ, հիվանդ է, և հիվանդությունը ստացել է զինծառայության ընթացքում:

Մեղադրողը հայտարարեց, որ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով, հրաժարվում է Արմեն Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում իրականացնելուց, քանի որ նրա արարքում բացակայում է հանցակազմը:

(…)

Ղեկավարվելով վերը նշված նորմերով` դատարանը եկավ այն եզրահանգման, որ Արմեն Մարտիրոսի Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով պետք է կայացնել արդարացնող դատավճիռ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 252):

9. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման համաձայն` «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, Արմեն Մարտիրոսի Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում անմեղ ճանաչելով, թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Արդյունքում ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածների համաձայն, բավարար են Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.03.2013թ. դատավճիռն Արմեն Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով արդարացնելու մասով բեկանելու և քրեական գործը նույն դատարան` նոր կազմով նոր քննության ուղարկելու համար` պարզելու դատախազի վերաքննիչ բողոքում առաջ քաշված հարցերը, մասնավորապես այն, թե կոնկրետ ինչ հիվանդություններով է տառապել Արմեն Աբրահամյանը, երբ են այդ հիվանդություններն առաջացել, ինչ բժշկական փաստաթղթերով է դա հաստատվել, իրավախախտումը կատարելու պահին նա ազատված եղել է հետագա ծառայությունից, թե` ոչ և ինչ փաստաթղթերի հիման վրա և երբ է զորացրվել: Նշված հարցերը պարզելուց հետո, ըստ ձեռք բերված տվյալների, նոր կարելի է լուծել գործի օրինական և վերջնական ընթացքը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 75-76):

10. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշման համաձայն՝ «(…) Արմեն Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը դատական քննության չի կարող նշանակվել, գործի վարույթը պետք է կարճվի, քանի որ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, այն է քրեական գործի վարույթի ներկայիս փուլում առկա չէ մեղադրանք, որի սահմաններում կարող է դատարանում կատարվել գործի քննություն Արմեն Աբրահամյանի նկատմամբ, քանի որ սույն գործով մեղադրողը դատական վիճաբանությունների փուլում հրաժարվել է մեղադրանքից:

Չնայած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 6-ին կայացրած դատավճիռը` Արմեն Մարտիրոսի Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով արդարացնելու մասով բեկանել և այդ մասով գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան (…), սակայն (…) կան ծանրակշիռ փաստարկներ գործը դատաքննության չնշանակելու և գործի վարույթը կարճելու համար, այն է` առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք` մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելը և քրեական պատասխանատվության ենթակա անձի բացակայությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 130-131):

11. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 15-ի որոշման համաձայն` «(…) [Առաջին ատյանի] դատարանի (…) հետևություններն անհիմն են և չեն կարող սույն քրեական գործի շրջանակներում բավարար հիմք հանդիսանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի, 292-րդ և 294-րդ հոդվածների կիրառմամբ` ամբաստանյալ Արմեն Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանում նախորդող դատաքննության ընթացքում մեղադրող դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելու հանգամանքը, որի արդյունքում կայացված դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել է, ինքնին չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի, 292-րդ և 294-րդ հոդվածների կիրառմամբ ամբաստանյալ Արմեն Աբրահամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, նկատի ունենալով այն, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատարանի դատական ակտն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության` բավարարելով վերադաս դատախազի վերաքննիչ բողոքը, որով վերջինս խնդրել է բեկանել դատարանի դատական ակտը, iոter alia նկատի ունենալով նաև այն, որ գործով մեղադրողի` մեղադրանքից հրաժարումը իրավաչափ չէ, իսկ դրա արդյունքում դատարանի կողմից կայացված քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ որոշումն` անհիմն:

Բավարարելով դատախազի բողոքն ու բեկանելով դատարանի` քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, որն օրինական ուժ է ստացել, ex officio սահմանել է նոր քննության ծավալ, որը սակայն, դատարանի կողմից անտեսվել է և սահմանված ծավալով ու շրջանակներում դատաքննություն չի իրականացվել` պատճառաբանելով մեղադրանքի, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթակա անձի բացակայությունը: (…) [Դ]ատարանն անտեսել է այն հանգամանքը, որ նախորդ դատաքննությունների ընթացքում Արմեն Աբրահամյանն արդեն իսկ ձեռք է բերել ամբաստանյալի կարգավիճակ, իսկ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու և դրա արդյունքում կայացված ու մեղադրանքի բացակայության հանգամանքը հաստատող դատական ակտը վերադաս դատարանի կողմից բեկանվել է:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատարանն անտեսելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 03.12.2012 թվականի որոշման պահանջները, թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ և 398-րդ հոդվածների պահանջների խախտում, (…):

Նոր դատաքննությամբ անհրաժեշտ է պատշաճ քրեադատավարական ընթացակարգի պահպանմամբ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, վերլուծության և գնահատման ենթարկել սույն որոշման պատճառաբանական մասում շարադրված հիմնավորումներն ու պատճառաբանությունները, կատարել ՀՀ վերաքննիչ դատարանի 03.12.2013 թվականի որոշման պահանջները, որից հետո նոր միայն հանգել վերջնական հիմնավոր հետևության` ամբաստանյալ Արմեն Աբրահամյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 33-35):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

12. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 20-րդ կետի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 35-րդ հոդվածի 4-րդ մասի, 292-րդ, 294-րդ հոդվածների և 309-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոք բերած անձը վկայակոչել է հիշատակված իրավանորմերը և եզրահանգել, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը դատական քննության չէր կարող նշանակել և այն պետք է կարճեր, քանի որ գործի նախորդ քննության ընթացքում՝ դատական վիճաբանության փուլում, մեղադրողը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով հրաժարվել է մեղադրանքից:

Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանը, քրեական գործի վարույթը կարճելով, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, քանի որ առկա չի եղել մեղադրանք, որի սահմաններում պետք է կատարվեր գործի քննություն: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի հիմնավորել և չի պատճառաբանել, թե նյութական կամ դատավարական իրավունքի ինչպիսի հիմնարար խախտումներ է թույլ տվել Առաջին ատյանի դատարանը, և մեղադրանք չլինելու պայմաններում քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով՝ ինչպես է խաթարել արդարադատության բուն էությունը:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ մեղադրողի հայտարարությունից հետո դատական քննությունը շարունակելու անթույլատրելիության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավասու էր արդյոք Առաջին ատյանի դատարանն Ա.Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը նշանակել դատական քննության և իրականացնել Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված նոր քննության ծավալն այն դեպքում, երբ նախորդ դատական քննության ընթացքում մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից:

16. Բողոքարկված դատական ակտը բեկանելու, գործը նոր քննության ուղարկելու և նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի իրավասությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Մակարյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել բողոքարկված դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը՝ նպատակ ունենալով՝

ա) լրացնել վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու իրավազորության բացակայությունը,

բ) կանխել վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը,

գ) ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը,

դ) երաշխավորել ամբաստանյալի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ նոր քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հետ անհամաձայնության դեպքում վերաքննության կարգով բողոք ներկայացնելու տեսանկյունից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս դեպքում վերաքննիչ բողոքի առարկայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե վերաքննիչ դատարանը նախկինում բեկանել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, ապա նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ընթացքում վերաքննիչ դատարանն ստուգում է նաև նախկինում իր կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը:

(...) [Ա]յն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը չի կատարել առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը, որով վերջինս նոր քննության ծավալ է սահմանել, վերաքննիչ դատարանը պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի կողմից նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը: (...)

[Վ]երաքննիչ դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունն ստուգելու իրավասությամբ օժտված դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանի համար: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առաջին ատյանի դատարանի համար վերաքննիչ դատարանի որոշման պարտադիր բնույթը բխում է ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված՝ դատական ակտերի վերանայման ինստիտուտի էությունից: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առաջին ատյանի դատարանի համար վերաքննիչ դատարանի դատական ակտի պարտադիր լինելը չի կարող ազդել առաջին ատյանի դատարանի անկախության վրա, քանի որ կատարելով վերադաս դատարանի` օրենքի պահանջների կատարման վերաբերյալ ցուցումը` դատական ակտի բեկանված մասով գործի նոր քննություն իրականացնելիս առաջին ատյանի դատարանը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով» (տե՛ս Հրաչ Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ3/0019/01/11 որոշման 19-րդ, 21-րդ և 24-րդ կետերը):

Վերահաստատելով Հ.Մակարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առաջին ատյանի դատարանի համար վերաքննիչ դատարանի դատական ակտի պարտադիր լինելը չի կարող ազդել առաջին ատյանի դատարանի անկախության վրա, քանի որ դատական ակտի բեկանված մասով գործի նոր քննություն իրականացնելիս դատարանը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված նոր քննության ծավալը ստորադաս դատարանի կողմից չպահպանելու համար որպես բացառիկ հանգամանք կարող է հանդիսանալ գործի քննության ընթացքում առաջացած այնպիսի հանգամանքը, որը կանխորոշում է տվյալ գործի ելքը (օրինակ՝ համաներման ակտի ընդունումը, արարքի ապաքրեականացումը, քրեական գործի վարույթը բացառող այլ հանգամանքի ի հայտ գալը և այլն):

Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանը կարող է չկատարել վերաքննիչ դատարանի որոշման պահանջները, որի դեպքում սակայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ պետք է հիմնավորի այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում վերադաս դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով:

17. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի (…) իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝

«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:

2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:

3. Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ»:

18. Մեղադրանքից հրաժարվելու դատախազի լիազորության բնութագրին, ինչպես նաև դրա իրավական հետևանքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Կ.Ստեփանյանի և Մ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) համապատասխան հիմքերի առկայության դեպքում (...) դատախազի՝ որպես պետության անունից քրեական հետապնդում իրականացնող անձի դիրքորոշումը պարտադիր է դատավարության մյուս սուբյեկտների, այդ թվում՝ դատարանի համար: Մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի կամահայտնությունը հավասարազոր է մեղադրանքի (մեղավորության մասին վեճի) բացակայության, որպիսի պայմաններում քրեական դատավարությունը չի կարող շարունակվել, և դատարանը պարտավոր է ավարտել գործի վարույթն արդարացման հիմքով:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես մեղադրանքի, այնպես էլ դրա պաշտպանության ծավալների վերաբերյալ մեղադրողի՝ որպես պետության անունից քրեական հետապնդում իրականացնող անձի դիրքորոշումը պետաիշխանական ակտ է, որը պարտադիր է դատավարության մյուս սուբյեկտների համար: Այլ խոսքով՝ եթե դատարանում հետազոտված փաստական տվյալների գնահատման արդյունքում մեղադրողը հրաժարվում է մեղադրանքից, ապա դատական քննությունը չի կարող շարունակվել, և դատարանը պետք է ավարտի գործի վարույթն արդարացման հիմքով՝ անկախ նրանից, թե համաձայն է մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի հայտարարության հիմքում ընկած դատողությունների հետ, կամ դրա դեմ առարկում են դատավարության այլ մասնակիցները, թե ոչ» (տե՛ս Կարեն Ստեփանյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՏԴ2/0030/01/13 որոշման 16-17-րդ կետերը):

Վերահաստատելով Կ.Ստեփանյանի և Մ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը պարտավորեցնում է քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազին հրաժարվել մեղադրանքից, եթե դատական քննության ընթացքում հետազոտված փաստական տվյալների գնահատման արդյունքում պարզում է, որ բացակայում է հանցադեպը, հանցակազմը, կամ վնաս պատճառած արարքն օրենքով համարվում է իրավաչափ կամ կատարված հանցագործությանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չէ, և սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Նշված հիմքերից ցանկացածով մեղադրանքից հրաժարվելու մասին դատախազի հայտարարությունը քրեական գործի վարույթը բացառող անվերապահ հանգամանք է և պետք է հանգեցնի քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարեցնելու մասին որոշման կամ արդարացման դատավճռի կայացմանը՝ կախված այն հանգամանքից, թե դատական քննության հատկապես որ փուլում է մեղադրողը հրաժարվել մեղադրանքից: Այլ խոսքով՝ մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի կամահայտնությունը քրեական վարույթի ընթացքը կանխորոշող հանգամանք է, որն առանց բացառությունների պետք է հանգեցնի արդարացման հիմքով գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմանը՝ անկախ նրանից, հիմնավորված է այդ հայտարարությունը, կամ դրա հետ համաձայն են դատավարության սուբյեկտները, այդ թվում՝ դատարանը, թե՝ ոչ:

19. Սույն որոշման նախորդ կետում շարադրված Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական քննությունը, լինելով քրեական դատավարության փուլային համակարգի վճռորոշ փուլ, միտված է մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հետազոտման արդյունքում պատասխան տալ ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցին: Այլ խոսքով՝ դատական քննության առարկան իրավական վեճն է պետության (տուժողի) և ամբաստանյալի միջև, որը պետք է լուծվի քրեական դատավարության մի շարք սկզբունքների, այդ թվում՝ մրցակցության սկզբունքի պահպանմամբ: Մրցակցային դատավարությունը նախևառաջ ենթադրում է, որ մեղադրանքի և պաշտպանության գործառույթները տարանջատված և սահմանազատված են գործի լուծման գործառույթից: Քրեական գործը պետք է լուծվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից, որը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը (մրցակցության սկզբունքի վերաբերյալ տե՛ս Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 13-րդ կետը):

ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով պետության քրեական քաղաքականությունն իրականացնող և դրա համար պատասխանատու պաշտոնատար անձը դատախազն է, որին վերապահված է դատարանում քրեական մեղադրանքը պաշտպանելու, փոփոխելու, ինչպես նաև՝ դրանից հրաժարվելու բացառիկ իրավասություն: Առաջին ատյանի դատարանում՝ դատական քննության ցանկացած փուլում (մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը), դատախազը կարող է հրաժարվել մեղադրանքից, ինչն ըստ էության հավասարազոր է մեղադրանքի (մեղավորության մասին վեճի) բացակայության: Այդ պայմաններում դատական քննությունը շարունակելու, այդ թվում՝ մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի հայտարարության իրավաչափությունը պարզելու նպատակով դատավարական գործողություններ իրականացնելու դեպքում, դատարանը կստանձնի քրեական հետապնդումն իրականացնող մարմնի գործառույթ՝ դուրս գալով մրցակցային դատավարության սկզբունքի շրջանակներից:

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ քննող դատարանի խնդիրն անձին (անձանց) ներկայացված մեղադրանքի օրինականության և հիմնավորվածության ստուգումն է: Գործի քննությունը դատարանում իրականացվում է մեղադրանքի հիման վրա և դրա հիմքում դրված ապացույցների շուրջ, հետևաբար, մեղադրանքի բացակայության պայմաններում գործի քննություն չի կարող իրականացվել, իսկ քրեական դատավարությունը չի կարող շարունակվել: Ուստի, մեղադրանքի բացակայության պայմաններում դատական քննությունը շարունակելով՝ դատարանը կիրականացնի արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ՝ կասկածի տակ դնելով իր անկողմնակալությունն ու օբյեկտիվությունը, ինչն էլ վերջին հաշվով կհանգեցնի մրցակցության սկզբունքի և արդար դատական քննության հիմնարար իրավունքի բովանդակազրկմանը:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում նաև այն իրավիճակը, երբ մեղադրողի կողմից դատական քննության ընթացքում մեղադրանքից հրաժարվելուց հետո վերադաս դատախազը վերաքննիչ բողոք է բերում առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտի դեմ՝ փաստարկելով, որ մեղադրանքից հրաժարվելը եղել է ոչ իրավաչափ, դատարանը չի պարզել մեղադրանքից հրաժարվելու հիմքում ընկած փաստական տվյալների հավաստիությունը, ինչի արդյունքում կայացրել է անհիմն որոշում: Նման հիմնավորմամբ վերաքննիչ բողոքը բավարարելու, դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու դեպքում վերաքննիչ դատարանը ոչ միայն կիմաստազրկի ամբաստանյալի պաշտպանության իրավունքը (պաշտպանության իրավունքի վերաբերյալ տե՛ս Արթուր Սերոբյանի գործով 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշումը), այլև առաջին ատյանի դատարանի համար կսահմանի իր իրավասության սահմաններից դուրս գործողություններ կատարելու պարտավորություն: Դատարանը որևէ դեպքում իրավասու չէ գնահատել մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի որոշման իրավաչափությունը կամ ազդել այդ որոշման վրա: Նման իրավիճակը ոչ այլ ինչ է, քան մինչև գործի ըստ էության լուծումը տվյալ վարույթի հանգուցային հարցի վերաբերյալ դատարանի սուբյեկտիվ դիրքորոշման արտահայտում, ինչը հիմք կտա ամբաստանյալին պնդելու, որ իր նկատմամբ որոշակի նախատրամադրվածություն է եղել:

21. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի մարտի 6-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Ա.Աբրահամյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցակազմի բացակայության հիմքով: Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի հիմքում դրել է այն հանգամանքը, որ դատական վիճաբանությունների փուլում մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից` պատճառաբանելով, թե Ա.Աբրահամյանը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չի հանդիսանում, քանի որ պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ, հիվանդ է և հիվանդությունը ստացել է զինծառայության ընթացքում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

ՀՀ զինվորական դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ Վերաքննիչ դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 6-ի դատավճիռը և այդ մասով գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ: Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ նոր քննության ընթացքում դատարանը պարտավոր է պարզել դատախազի վերաքննիչ բողոքում առաջ քաշված հարցերը, մասնավորապես այն, թե կոնկրետ ինչ հիվանդություններով է տառապել Ա.Աբրահամյանը, երբ են այդ հիվանդություններն առաջացել, ինչ բժշկական փաստաթղթերով է դա հաստատվել, իրավախախտումը կատարելու պահին նա ազատված եղել է հետագա ծառայությունից, թե` ոչ, ինչ փաստաթղթերի հիման վրա և երբ է զորացրվել (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի մարտի 21-ին որոշում է կայացրել Ա.Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով կարճելու մասին՝ պատճառաբանելով, որ քրեական գործը դատական քննության չի կարող նշանակվել, քանի որ առկա չէ մեղադրանք, որի սահմաններում կարող է դատարանում կատարվել գործի քննություն (տե՛ս սույն որոշման 4-րդ և 10-րդ կետերը):

Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մայիսի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ սույն գործով կայացված արդարացման դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքով վերադաս դատախազը խնդրել է բեկանել այն, քանի որ մեղադրողը ոչ իրավաչափորեն է հրաժարվել մեղադրանքից: Բավարարելով դատախազի բողոքը և բեկանելով դատավճիռը՝ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ սահմանել է նոր քննության ծավալ, որը սակայն, դատարանի կողմից անտեսվել է և սահմանված ծավալով ու շրջանակներում դատաքննություն չի իրականացվել (տե՛ս սույն որոշման 5-րդ և 11-րդ կետերը):

22. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 17-20-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն, որ մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի որոշումը դատական քննությունը բացառող հանգամանք է, 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ ստորադաս դատարանի համար սահմանել է այնպիսի դատավարական գործողություններ կատարելու պարտավորություն, որոնք դուրս են դատարանի իրավասության սահմաններից և անհամատեղելի են արդարադատության գործառույթի հետ: Հետևաբար, նոր քննության ծավալ սահմանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման պահանջները կատարելու դեպքում Առաջին ատյանի դատարանը թույլ կտար օրինականության սկզբունքի խախտում, ինչպես նաև կասկածի տակ կդներ իր օբյեկտիվությունն ու անաչառությունը, ինչն ի վերջո կհանգեցներ արդար դատական քննության հիմնարար իրավունքի բովանդակազրկման:

23. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր Ա.Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը նշանակել դատական քննության և իրականացնել Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված նոր քննության ծավալն այն դեպքում, երբ նախորդ դատական քննության ընթացքում մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանելով և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 15-ի որոշումը բեկանելու համար:

25. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվող որոշման մեջ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի հստակ ամրագրման պահանջն անհրաժեշտ նախապայման է դատական ակտի որոշակիության, արդարադատության մատչելիության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներին համարժեք՝ անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար (տե՛ս Գևորգ Խնուսյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 17-րդ կետը):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրողը պատճառաբանված հրաժարվել է Ա.Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքից՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչը հստակ արձանագրել է նաև Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Այս պայմաններում, նկատի ունենալով նաև, որ Ա.Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով արդարացնող դատավճիռը Վերաքննիչ դատարանի որոշմամբ բեկանվել էր, քրեական գործի վարույթը ենթակա էր կարճման, իսկ Ա.Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցման՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ): Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանն իր 2014 թվականի մարտի 21-ի որոշման եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ կերպ. «Արմեն Մարտիրոսի Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով, կարճել»՝ առանց քրեական հետապնդումը դադարեցնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք մատնանշելու:

Այդուհանդերձ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Արդարացման դատավճիռը, գործը կարճելու մասին կամ մեղադրյալի օգտին կայացրած այլ որոշումը չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում»:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշման մեջ շարադրված հիմնավորումների պայմաններում Ա.Աբրահամյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով կասկած չի հարուցում, հետևաբար արձանագրված քրեադատավարական օրենքի խախտումն արդարացման դատական ակտը բեկանելու հիմք հանդիսանալ չի կարող:

Ուստի հիմք ընդունելով արդարադատության արդյունավետության շահը, այդ թվում՝ քրեական գործերի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշմանը՝ հիմք ընունելով սույն որոշման պատճառաբանությունները:

26. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արմեն Մարտիրոսի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 15-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

 

Հ. ԱսատրՅԱՆ

 

Ս. Ավետիսյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան