«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ
16 օգոստոսի 2006 թ. ք. Երևան |
N 9-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը՝ համաձայն հավելվածի:
Հ. Աբրահամյան |
Հավելված |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում է համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը:
2. Համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի՝ համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի՝
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ,
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ,
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ:
Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ, բացի համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբից, դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
3. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրով սահմանվում է տվյալ խմբում ընդգրկվող պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակը։
4. Սույն ընդհանուր նկարագրում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
ա) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվություն՝ աշխատանքների կազմակերպումը, ծրագրումը, համակարգումը, ղեկավարումը, վերահսկումը, օժանդակումը, ինչպես նաև աշխատանքում ենթակա, հաշվետու և պատասխանատու լինելը.
բ) որոշումներ կայացնելու լիազորություններ՝ հիմնախնդիրների լուծումը, որոշումների ընդունումը և հանձնարարականներ տալը.
գ) շփումներ և ներկայացուցչություն՝ շփումների և ներկայացուցչության բնույթը, մակարդակը, հաճախականությունը, նշանակությունը և արդյունքները.
դ) խնդիրների բարդություն և դրանց ստեղծագործական լուծումներ՝ խնդիրների բարդությունը, այդ խնդիրների բացահայտումը, վերլուծումը և գնահատումը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալը.
ե) գիտելիքներ և հմտություններ՝ կրթությունը և մասնագիտական գիտելիքները, աշխատանքային հմտությունները և կարողությունները, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակությունը, փորձառությունը, իրավական ակտերի և օտար լեզուների իմացությունը, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության տիրապետումը:
II. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
5. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողը՝
ա) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով՝
տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և (կամ) վերահսկում է աշխատանքները,
ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին,
ունի իրեն ենթակա աշխատողներ,
պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով՝
լուծում է հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ և տալիս հանձնարարականներ.
գ) շփումների և նեկայացուցչության առումով՝
տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմում շփվում է իր լիազորությունների շրջանակներում.
իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, Հայաստանի Հանրապետության մյուս համայնքների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով և այլն.
դ) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով՝
բացահայտում, վերլուծում և գնահատում է ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ.
ե) գիտելիքների և հմտությունների առումով՝
ունի բարձրագույն, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում՝ բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը համայնքային կամ քաղաքացիական ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է (ազատ կարդում և կարող է բացատրվել) օտար լեզվի (լեզուների)։
III. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
6. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողը՝
ա) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով՝
1-ին ենթախմբի առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողը կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և/կամ վերահսկում է աշխատանքները, 2-րդ ենթախմբի առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողն իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ` կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և(կամ) վերահսկում է աշխատանքները, իսկ 3-րդ ենթախմբերի առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողները չունեն աշխատանքների կազմակերպման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ,
իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում օժանդակում է իր կառուցվածքային ստորաբաժանման ավելի ցածր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողների աշխատանքներին, ինչպես նաև մասնակցում է իր կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների ծրագրմանը,
ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին,
1-ին ենթախմբի առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողն ունի իրեն ենթակա աշխատողներ, իսկ 2-րդ և 3-րդ ենթախմբերի առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողները չունեն իրենց ենթակա աշխատողներ,
պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով՝
1-ին ենթախմբի առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողը լուծում է հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ և տալիս հանձնարարականներ, իսկ 2-րդ և 3-րդ ենթախմբերի համայքային ծառայողներն՝ իրենց պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում մասնակցում են հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը.
գ) շփումների և ներկայացուցչության առումով՝
իր կառուցվածքային ստորաբաժանման ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում,
տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի աշխատողների, այդ թվում՝ այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների և պաշտոնատար անձանց հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ՝ իր լիազորությունների շրջանակներում,
իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, Հայաստանի Հանրապետության մյուս համայնքների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն.
դ) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով՝
1-ին ենթախմբի առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողը բացահայտում, վերլուծում և գնահատում է մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ, իսկ 2-րդ և 3-րդ ենթախմբերի համայնքային ծառայողներն՝ իրենց պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում մասնակցում են բարդ խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներին.
ե) գիտելիքների և հմտությունների առումով՝
ունի բարձրագույն, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում՝ բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երկու տարվա ընթացքում համայնքի ղեկավարի, ինչպես նաև հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը տեղական ինքնակառավարման մարմիններում կամ քաղաքացիական ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է (ազատ կարդում և կարող է բացատրվել) օտար լեզվի (լեզուների)։
IV. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
5. Համայնքային ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողը՝
ա) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով՝
չունի աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ,
իր պաշոտնի անձնագրով նախատեսված դեպքում օժանդակում է իր կառուցվածքային ստորաբաժանման ավելի ցածր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողների աշխատանքներին,
ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին,
չունի իրեն ենթակա աշխատողներ,
պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով՝
իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը.
գ) շփումների և ներկայացուցչության առումով՝
իր կառուցվածքային ստորաբաժանման ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում,
տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի աշխատողների, այդ թվում՝ այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների և պաշտոնատար անձանց հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ՝ իր լիազորությունների շրջանակներում,
տվյալ մարմնից դուրս շփվում է իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ,
տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի.
դ) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով՝
իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է խնդիրների լուծմանը և գնահատմանը,
բարդ խնդիրների բացահայտմանը, դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներին մասնակցելու լիազորություններ չունի.
ե) գիտելիքների և հմտությունների առումով՝
ունի առնվազն միջնակարգ կրթություն,
ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է (ազատ կարդում և կարող է բացատրվել) օտար լեզվի (լեզուների)։