Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1149
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.05.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.05.21/26(1039) Հոդ.393
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
13.05.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
13.05.2014
Дата вступления в силу
13.05.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 մայիսի 2014 թ.

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՄԱՆԱՏԻՊ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված` Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի մարտի 24-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրման համար բացվել է 2011թ. հոկտեմբերի 28-ին: Կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել է 2012թ. սեպտեմբերի 9-ին:

 

2. Կոնվենցիայի նպատակը հանրային առողջության դեմ ուղղված սպառնալիքների կանխարգելումն ու դրանց դեմ պայքարն է` Կոնվենցիայով նախատեսված արարքների քրեականացման, տուժողների պաշտպանության և այդ ոլորտում ազգային ու միջազգային համագործակցությունը խթանելու միջոցով: Ընդ որում՝ Կոնվենցիայի դրույթների կիրառումը, մասնավորապես՝ տուժողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող միջոցների օգտագործման հնարավորությունը, պետք է լինի ապահովված՝ բացառելով որևէ խտրականություն (Կոնվենցիայի 2-րդ հոդված):

Ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածում ամրագրված դրույթների` միջազգային իրավական կարգավորման են ենթակա այն հարաբերությունները, որոնք վերաբերում են բժշկական նշանակության արտադրանքին՝ անկախ մտավոր սեփականության իրավունքով պաշտպանված լինելու և այն հանգամանքից, թե դրանք հանդիսանու՞մ են գենետիկ դեղամիջոցներ, թե` ոչ, ներառյալ՝ բժշկական սարքավորումների հետ օգտագործվող լրացուցիչ պարագաները, ինչպես նաև կենսաբանական ակտիվությամբ օժտված նյութերը, օժանդակ նյութերը, բժշկական արտադրանքի արտադրության ընթացքում օգտագործման համար նախատեսված նյութերն ու տարրերը:

 

3. Կոնվենցիայի 4-րդ հոդվածում բացահայտված են մասնագիտական բնույթի մի շարք հասկացությունների բովանդակությունը և իրավակիրառական նշանակությունը:

 

4. Կոնվենցիայի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

ա) քրեական պատասխանատվություն սահմանել Կոնվենցիայում նկարագրված մի շարք այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են` կեղծ բժշկական արտադրանքի արտադրությունը, ակտիվ նյութերի, օժանդակ նյութերի, մասերի, նյութերի և լրացուցիչ պարագաների կանխամտածված կեղծումը, տարածումը, մատակարարումը և մատակարարման առաջարկը, բժշկական արտադրանքներին վերաբերող փաստաթղթերի կեղծումը, ակտիվ նյութերի, օժանդակ նյութերի և լրացուցիչ պարագաների որակի և անվտանգության պահանջների կեղծումը,

բ) ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ Կոնվենցիային համապատասխան նախատեսված հանցագործությունները պատժելի լինեն արդյունավետ, համաչափ պատժամիջոցներով, ներառյալ քրեական և ոչ քրեական դրամական պատժամիջոցները, հաշվի առնելով դրանց ծանրությունը (ծանրացուցիչ հանգամանքները), իսկ պատժամիջոցները որոշելիս՝ հաշվի առնել նույն բնույթի հանցագործությունների մասով մյուս կողմի ընդունած վերջնական դատական ակտերը,

գ) ապահովել հետաքննության կամ քրեական հետապնդման մեկնարկը Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների համար` չպայմանավորելով դրանք բողոքի առկայությամբ,

դ) անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներով սահմանել իրավազորություն Կոնվենցիայով սահմանված ցանկացած հանցագործության մասով, եթե այն կատարվել է ՀՀ տարածքում կամ ՀՀ ազգային դրոշի ներքո նավարկող նավի վրա կամ ՀՀ ազգային օրենքներին համապատասխան գրանցված օդանավում կամ ՀՀ քաղաքացիներից մեկի կամ ՀՀ տարածքում առավելապես բնակվող անձի կողմից: Ընդ որում, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 6-րդ կետում, չխախտելով միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը՝ Կոնվենցիան որևէ կերպ չի բացառում որևէ կողմի՝ իր ներպետական իրավունքին համապատասխան որևէ քրեական իրավազորություն:

 

5. Կոնվենցիայի մի շարք այլ հոդվածներով սահմանված են կողմերի ներպետական իրավունքին համապատասխան և Կոնվենցիայի նպատակներից բխող իրավասու մարմինների համագործակցության և տեղեկատվության փոխանակման սկզբունքներն ու ընդհանուր կարգը (17-րդ հոդված), բժշկական նշանակության արտադրանքի անվտանգ բաշխումն ապահովելու ընդհանուր միջոցները (18-րդ հոդված), տուժողների իրավունքներն ու շահերը պաշտպանելու առաջնահերթ միջոցները (19-րդ և 20-րդ հոդվածներ), Կոնվենցիայով նախատեսված` հանցավոր արարքներով հարուցված քրեական գործերով, ինչպես նաև այդպիսի արարքների կանխարգելման նպատակով միասնական ու փոխադարձության հիմքով միջազգային համագործակցության սկզբունքները (21-րդ և 22-րդ հոդվածներ), Կոնվենցիայի կատարումն ապահովելու նպատակով Եվրոպայի խորհրդի շրջանակներում կողմերի ներկայացուցչության ապահովման ընդհանուր կարգն ու գործունեության (պատասխանատվության) ընդհանուր ուղղությունները (23-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածներ):

 

6. Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը գնահատելիս սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ քննության առարկա միջազգային պայմանագրի և վերջինիս նախաբանում հիշատակված և Հայաստանի Հանրապետության կողմից դեռևս չվավերացված կոնվենցիաների միջև իրավակարգավորման առումով բացակայում է ուղղակի կապը, հետևաբար` նաև սույն գործով սահմանադրականության խնդիր չի հարուցվում, սակայն հանրային առողջության համար վտանգ ներկայացնող հանցագործությունների դեմ միջազգային իրավական պայքարի տեսանկյունից դրանք համադասելի են ընդհանուր իրավակարգավորումների շրջանակում: Այդ կոնվենցիաներին միանալու իրավական գործընթացների նախաձեռնումը Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների լիազորությունն է՝ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

 

7. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ ստորագրող պետության, այդ թվում Եվրոպայի խորհրդի առնվազն երեք անդամ պետության կողմից` Կոնվենցիայի 28-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դրույթներին համապատասխան, իրենց համար Կոնվենցիայի պարտադիր լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունը տալու օրվանից հետո երեք ամիս ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

8. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված` Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

13 մայիսի 2014 թ.

ՍԴՈ-1149