ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1147-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասին ու 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետին և «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փաստաթուղթ կարող է տրվել նաև մինչև 16 տարեկան այն փախստականին, որի ծնողները Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստական չեն:».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.
«11.1. Մինչև 16 տարեկան փախստականի ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը մինչև 16 տարեկան փախստականին տրվող փաստաթուղթն ստանալու կամ փոխանակելու համար ներկայացնում է`
1) դիմում փաստաթուղթ ստանալու մասին.
2) ծառայության պետի որոշումը մինչև 16 տարեկան անձին փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին.
3) «35 x 45 մմ» չափսի երկու լուսանկար (գունավոր).
4) երեխայի անձնագիրը կամ ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
5) դիմող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը:
Մինչև 16 տարեկան փախստականների փաստաթղթերն ստանում է նրանց ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը կամ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված ներկայացուցիչը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|