Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.1131.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2343/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2343/02/08
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ն. Տավարացյան
                   Դատավորներ` Ս. Միքայելյան
                                             Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հմայակ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ Հմայակ Մարտիրոսյանի հայցի ընդդեմ Արարատ և Արտաշես Մկրտչյանների, Քնարիկ Բաբայանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ընդհանուր հողամասում Հմայակ Մարտիրոսյանի բաժինը որոշելու, գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ Արարատ և Արտաշես Մկրտչյանների, Քնարիկ Բաբայանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հմայակ Մարտիրոսյանի` դրամական փոխհատուցման դիմաց Հմայակ Մարտիրոսյանի բաժնային սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հմայակ Մարտիրոսյանը պահանջել է որոշել իր բաժինը Երևանի Ալիխանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող ընդհանուր հողամասից 1/2 չափով, առանձնացնել այն, վերադարձնել նշված գույքն Արարատ և Արտաշես Մկրտչյանների ապօրինի տիրապետումից, պարտավորեցնել Կադաստրին գրանցել իր սեփականության իրավունքը վերոգրյալ հասցեի տան և հողամասի` իրեն պատկանող մասի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Արարատ և Արտաշես Մկրտչյանների ապօրինի տիրապետումից ազատել Հմայակ Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ալիխանյան փողոցի 1-ին նրբանցքի (փակուղու) թիվ 7ա հասցեում գտնվող տան 17քմ մակերեսով սենյակը, 4,8քմ մակերեսով օժանդակ շինությունը և նկուղը (ըստ Կադաստրի գրության` 21,9քմ մակերեսով բնակելի տունը)` այն թողնելով Հմայակ Մարտիրոսյանի տիրապետմանը: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2008 թվականի որոշմամբ Հմայակ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. որոշվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2008 թվականի վճիռն ընդհանուր հողամասում Հմայակ Մարտիրոսյանի բաժինը որոշելու և առանձնացնելու, գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասով բեկանել և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արարատ և Արտաշես Մկրտչյանները, Քնարիկ Բաբայանը պահանջել են իրենց կողմից տրամադրվող դրամական փոխհատուցման դիմաց դադարեցնել Հմայակ Մարտիրոսյանի բաժնային սեփականության իրավունքը Երևանի Ալիխանյան փողոցի 1-ին նրբանցքի (փակուղու) թիվ 7ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող հողամասի նկատմամբ (փաստացի առկա է 390քմ մակերես) բաժնային սեփականությունում Հմայակ Մարտիրոսյանի բաժինը սահմանել 1/2 չափով, պարտավորեցնել Կոմիտեին գրանցելու Հմայակ Մարտիրոսյանի բաժնային սեփականության իրավունքը նշված մասի և 05.04.1974 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 0-5 վկայագրով ժառանգած նույն հասցեում գտնվող տան 17քմ մակերեսով բնակտարածության, սենյակին կից պատշգամբի և պատշգամբի տակ գտնվող նկուղի նկատմամբ: Գործի վարույթը սեփականության իրավունքով պատկանող բաժինն առանձնացնելու պահանջի մասով կարճվել է: Հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.11.2010 թվականի որոշմամբ Կոմիտեի, ինչպես նաև Արարատ և Արտաշես Մկրտչյանների, Քնարիկ Բաբայանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն. որոշվել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Դատարանի 26.07.2010 թվականի վճիռը` հայցը բավարարել մասնակիորեն` պարտավորեցնել Կոմիտեին գրանցելու Հմայակ Մարտիրոսյանի բաժնային սեփականության իրավունքը Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող հողամասի 1/6 մասի և 17,1քմ մակերեսով բնակելի սենյակի ու նկուղի նկատմամբ: Հայցը մնացած մասով մերժվել է: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հմայակ Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արարատ և Արտաշես Մկրտչյանները, Քնարիկ Բաբայանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13.1-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետը, 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունը, 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը, 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՍՍՀ հողային օրենսգրքի 84-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:

Այսպես` Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 15.02.1967 թվականի թիվ 2/52 վճռով Աշոտ Մկրտչյանը և Աստղիկ Մարտիրոսյանն ամուսնալուծվել են: Նույն վճռով լուծվել է նաև վերջիններիս համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված բնակարանի բաժանման հարցը, այն է` 53քմ մակերեսով բնակելի սենյակներից Աստղիկ Մարտիրոսյանին է հատկացվել 17,1քմ մակերեսով սենյակը, 4,8քմ մակերեսով պատշգամբը և նկուղը, իսկ մնացած 36քմ մակերեսով բնակելի սենյակը և օժանդակ տարածությունները թողնվել են Աշոտ Մկրտչյանին: Աստղիկ Մարտիրոսյանի մահից հետո` 05.04.1974 թվականին, Հմայակ Մարտիրոսյանը ստացել է ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 0-5 վկայագիրը, որի հիման վրա Երևանի քաղսովետի բնակարանային տնտեսության վարչության 19.12.1955 թվականի թիվ XXX տոմարի թիվ 278 գույքային թերթում 16.04.1974 թվականին կատարվել է համապատասխան գրառում, որի արդյունքում էլ 11.09.1974 թվականին Հմայակ Մարտիրոսյանին տրվել է Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող տան 17քմ մակերեսով սենյակի, սենյակին կից պատշգամբի և պատշգամբի տակ գտնվող նկուղի, ինչպես նաև նույն հասցեում գտնվող հողամասի թիվ 23418 հատակագիծը: Կադաստրի գրություններով և տեխնիկական եզրակացությամբ նույնպես հաստատվում է, որ կադաստրային գործի տվյալների համաձայն` Երևանի Ալիխանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող հողամասն ընդհանուր սեփականություն է:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Հմայակ Մարտիրոսյանին անցել է վիճելի հողամասի օգտագործման իրավունքն իր ունեցած բաժնեմասին համամասնորեն, որպիսի պատճառաբանությունն անընդունելի է, քանի որ ՀՍՍՀ հողային օրենսգրքով հողամասերը պետական սեփականություն էին, դրանք քաղաքացիներին տրվում էին օգտագործման իրավունքով, և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի բաժանում տեղի ունենալ չէր կարող:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինչպես Աստղիկ Մարտիրոսյանին, այնպես էլ նրա ժառանգության ընդունումից հետո Հմայակ Մարտիրոսյանին տրված հատակագծում առկա չէ վիճելի հողամասի օգտագործման բաժանման վերաբերյալ որևէ նշում, և վիճելի հողամասի վրա գտնվող գույքի բաժանումը չէր կարող նշանակել, որ այն տարածվել էր նաև վիճելի հողամասի վրա:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Հմայակ Մարտիրոսյանը, կտակի հիման վրա Աստղիկ Մարտիրոսյանից ժառանգելով 21,9քմ մակերեսով գույքը, ժառանգել է նաև վիճելի հողամասի 1/6 մասը, ապա նշված պատճառաբանությունը նույնպես անընդունելի է, քանի որ եթե առկա լիներ վիճելի հողամասի մասի առանձնացման վերաբերյալ համաձայնություն, ապա դեռևս 1974 թվականին Հմայակ Մարտիրոսյանին կտրվեր վիճելի հողամասի առանձնացված հատակագիծ կամ առկա հատակագծում կկատարվեր համապատասխան նշում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.11.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.07.2010 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Հմայակ Մարտիրոսյանին որպես ժառանգական գույք անցել է միայն ժառանգության բացման պահին նրա իրավանախորդին պատկանող 17քմ մակերեսով սենյակը, սենյակին կից պատշգամբը և պատշգամբի տակ գտնվող նկուղը, իսկ վիճելի հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը չէր կարող փոխանցվել, քանի որ կտակարարն իր գործողություններով այդ իրավունքն ունենալու ցանկություն չի ցուցաբերել և իր մահվան պահին այն փաստացի չի պահպանել:

Ավելին, Հմայակ Մարտիրոսյանը ժառանգության իրավունք ձեռք բերելուց հետո վիճելի հողամասն օգտագործելու և տիրապետելու, ընդհանուր օգտագործման իրավունք ունենալու համար որևէ գործողություն չի իրականացրել, որը նրան իրավունք կտար ՀՀ նախկին հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրա նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք:

Բացի այդ, Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 15.02.1967 թվականի թիվ 2/52 վճռի հիման վրա կատարված գույքի բաժանումից հետո Աստղիկ Մարտիրոսյանին հատկացված 17քմ մակերեսով սենյակը և կից պատշգամբն ունեցել են առանձին մուտք, որը որևէ առնչություն չի ունեցել շինություններից ազատ հողամասի հետ: Այդ հիմքով ևս Հմայակ Մարտիրոսյանը չէր կարող ՀՀ նախկին հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով ճանաչվել իր կողմից չօգտագործվող հողամասի համասեփականատեր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղսովետի բնակարանային տնտեսության վարչության 19.12.1955 թվականի թիվ XXX տոմարի թիվ 278 գույքային թերթի համաձայն` Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին նրբանցքի (փակուղու) թիվ 7ա հասցեում գտնվող տունը պատկանում է Աշոտ Մկրտչյանին: Նույն գույքային թերթում որպես հիմք նշվել են Երքաղսովետի գործկոմի 04.04.1950 թվականի թիվ 7 որոշումը` հողամաս հատկացնելու մասին, և Միկոյանի ռայսովետի կողմից 17.10.1955 թվականին տրված շահագործման ակտը: Նույն գույքային թերթում 24.04.1967 թվականին կատարվել է գրառում այն մասին, որ Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 15.02.1967 թվականի վճռով Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող շենքի 17քմ մակերեսով բնակտարածությամբ սենյակը, սենյակին կից պատշգամբը և պատշգամբի տակ գտնվող նկուղը հատկացվել է Աստղիկ Մարտիրոսյանին, իսկ 16.04.1974 թվականին կատարվել է գրառում այն մասին, որ Երևանի 26 Կոմիսարների շրջանի նոտարի 05.04.1974 թվականի ժառանգական իրավունքի թիվ 0-5 վկայագրի հիման վրա Աստղիկ Մարտիրոսյանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է Հմայակ Մարտիրոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 19-21):

2) Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանը, քննելով ըստ հայցի Աշոտ Մկրտչյանի ընդդեմ Աստղիկ Մարտիրոսյանի` բնակարանի և ապահարզանի պահանջների մասին քաղաքացիական գործը, 15.02.1967 թվականի թիվ 2/52 վճռով թույլ է տվել Աշոտ Մկրտչյանին լուծել ամուսնությունն Աստղիկ Մարտիրոսյանի հետ: Նույն վճռով Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող շենքից 17քմ բնակտարածությամբ սենյակը հատկացվել է Աստղիկ Մարտիրոսյանին սեփականության իրավունքով: Վերջինիս հատկացվել է նաև այդ սենյակին կից պատշգամբը և պատշգամբի տակ գտնվող նկուղը: Մնացածը թողնվել է Աշոտ Մկրտչյանին` իր մոր և տղայի ընտանիքի հետ միասին բնակվելու համար (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

3) Երևանի 26 Կոմիսարների շրջանի ավագ նոտարի կողմից 05.04.1974 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 0-5 վկայագրի համաձայն` Աստղիկ Մարտիրոսյանի` մահացած 08.05.1973 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Հմայակ Մարտիրոսյանը: Ընդ որում, նկատի է ունեցվել հետևյալ գույքը` հանգուցյալի անվամբ տնատիրությունը, որը գտնվում է Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին նրբանցքի (փակուղու) թիվ 7ա հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 9):

4) Կադաստրի 11.06.2007 թվականի պատասխանով հայտնվել է, որ կադաստրային գործում եղած տվյալների համաձայն` Երևանի Ալիխանյան փողոցի 1-ին նրբանցքի (փակուղու) թիվ 7ա հասցեում գտնվող 577,8քմ մակերեսով ընդհանուր սեփականություն հողամասում հաշվառված են երկու տնատիրություններ. 97,6քմ մակերեսով բնակելի տունը պետնոտարի 04.09.1990 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 5-3263 վկայագրի հիման վրա սեփականության իրավունքով հաշվառված է Սուրեն Մկրտչյանի անվամբ, իսկ 21,9քմ մակերեսով բնակելի տունը պետնոտարի 05.04.1974 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 4437 (0-5) վկայագրի հիման վրա հաշվառված է Հմայակ Մարտիրոսյանի անվամբ: Նույն պատասխանի համաձայն` տեղում կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր սեփականություն 577,8քմ մակերեսով հողամասի չափերը փոփոխվել են և այն փաստացի կազմում է 390քմ մակերես, որից 4քմ մակերեսը հատկացված հողամասի սահմաններից դուրս է, ինչպես նաև 21,9քմ օրինական շինությունից 4,8քմ մակերեսով օժանդակ շինությունը քանդված է (հատոր 1-ին, գ.թ. 38):

5) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից 10.04.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Սուրեն Աշոտի Մկրտչյանի` մահացած 29.09.2006 թվականին, գույքի նկատմամբ ժառանգներ են հավասար բաժիններով կինը` Քնարիկ Բաբայանը, որդիները` Արարատ և Արտաշես Մկրտչյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է նույն վկայագիրը, բաղկացած է Երևանի Ալիխանյան փողոցի 1-ին նրբանցքի (փակուղու) թիվ 7ա հասցեում գտնվող գույքից` բաղկացած 97,6քմ մակերեսով բնակելի տնից և 577,8քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հողամասից (հատոր 4-րդ, գ.թ. 90):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.01.1965 թվականին, ուժը կորցրել է 01.01.1999 թվականին) 95-րդ հոդվածի համաձայն` հողը, նրա ընդերքը, ջրերն ու անտառները պետության բացառիկ սեփականությունն են և հատկացվում են միայն օգտագործման համար ...:

Նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն` որպես անձնական սեփականություն քաղաքացին կարող է ունենալ մեկ բնակելի տուն (կամ դրա մի մասը) ...:

Նախկինում գործող ՀՀ հողային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 15.03.1991 թվականին, ուժը կորցրել է 15.06.2001 թվականին) 9-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» ենթակետի համաձայն` հողային բարեփոխումների ընթացքում պետական ֆոնդի հողերը որպես սեփականություն տրամադրվում են քաղաքներում և քաղաքատիպ ավաններում բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից որոշվող սահմանային գների վճարմամբ ըստ հողի կադաստրային գնահատման արժեքի կամ այլ կարգով:

Նույն հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` ընդհանուր սեփականության իրավունքով գույքը կարող է պատկանել երկու կամ մի քանի կոլտնտեսությունների կամ այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների, կամ պետությանը և մեկ կամ մի քանի կոլտնտեսությունների, կամ այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների, կամ երկու կամ մի քանի քաղաքացիների:

Ընդհանուր սեփականության տարբեր տեսակներ կան, այն է` երբ որոշված են մասնակիցների բաժինները (բաժնային սեփականություն), կամ երբ որոշված չեն բաժինները (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև քաղաքացիական օրենսդրության ակտի կամ այլ իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերություններով այն կիրառվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավունքների և պարտականությունների նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչև նախկինում գործող ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը` 15.03.1991 թվականը, քաղաքացին որպես անձնական սեփականություն կարող էր ունենալ բնակելի տուն (բնակելի տան մաս), իսկ հողը պետության բացառիկ սեփականությունն էր և հատկացվում էր բացառապես օգտագործման իրավունքով: Բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց` որպես սեփականություն, նրանց են թողնվել միայն ՀՀ նախկին հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 15.03.1991 թվականից: Միաժամանակ, ՀՀ նախկին հողային օրենսգրքի համաձայն` այն բոլոր դեպքերում, երբ բաժինները որոշված չէին, ընդհանուր սեփականությունը համարվում էր որպես համատեղ սեփականություն: Ինչ վերաբերում է տվյալ պահին համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հետ կապված իրավահարաբերություններին, ապա դրանք կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որի կանոնակարգման ուժով ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող տան բաժնային սեփականատերերը հողը տիրապետել են օգտագործման իրավունքով, քանի որ ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդվածի ուժով այն պետության բացառիկ սեփականությունն էր և հատկացվում էր միայն օգտագործման համար: Հետևաբար, Հմայակ Մարտիրոսյանը, Աստղիկ Մարտիրոսյանի ժառանգության ընդունմամբ դառնալով Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող տան բաժնային սեփականատեր, ՀՀ նախկին հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դարձել է նաև նշված հասցեում գտնվող ամբողջ բնակելի տան կառուցման և դրա սպասարկման համար հատկացված հողամասի ընդհանուր սեփականության մասնակից, և քանի որ կողմերի միջև համաձայնություն առկա չէ, նրա բաժինը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետի ուժով կազմում է վիճելի հողամասի 1/2 մասը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքները մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Հմայակ Մարտիրոսյանը ժառանգել է Աստղիկ Մարտիրոսյանին պատկանող Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող 21,9քմ մակերեսով շինությունը: Հետևաբար, վերջինս ՀՀ նախկին հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դարձել է նշված հասցեում գտնվող փաստացի առկա 386քմ մակերեսով հողամասի 1/6 մասի համասեփականատերը` հաշվի առնելով, որ այդ հասցեում գտնվող անշարժ գույքն արդեն բաժանվել է Աշոտ Մկրտչյանի և Աստղիկ Մարտիրոսյանի միջև նրանց համաձայնությամբ, ինչը նշանակում է, որ Հմայակ Մարտիրոսյանի բաժինը ևս որոշված է, և այն կազմում է վիճելի հողամասի 1/6 մասը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչև ՀՀ նախկին հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը` 15.03.1991 թվականը, հողը պետության բացառիկ սեփականությունն էր և հատկացվում էր բացառապես օգտագործման իրավունքով: Բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց որպես սեփականություն նրանց են թողնվել միայն ՀՀ նախկին հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 15.03.1991 թվականից:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Երևանի Վոդոպյանովի (այժմ` Ալիխանյան) փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող անշարժ գույքն արդեն բաժանվել է Աշոտ Մկրտչյանի և Աստղիկ Մարտիրոսյանի միջև նրանց համաձայնությամբ, ինչը նշանակում է, որ Հմայակ Մարտիրոսյանի բաժինը ևս որոշված է, և այն կազմում է վիճելի հողամասի 1/6 մասը, անհիմն է, քանի որ Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 15.02.1967 թվականի վճիռը վերաբերել է բացառապես Աշոտ Մկրտչյանի և Աստղիկ Մարտիրոսյանի միջև նշված հասցեում գտնվող շենք-շինությունների բաժանմանը, որը չէր կարող իրավական հիմք դառնալ ՀՀ նախկին հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով վերջիններիս բաժիններին համամասնորեն վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար, քանի որ նույն օրենսգրքով այդպիսի կարգ սահմանված չէր, իսկ այդ պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով այն դեպքում, երբ բաժինները որոշված չէին, ընդհանուր սեփականությունը համարվում էր որպես համատեղ սեփականություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ վիճելի հողամասի համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, քանի որ այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի հողամասի բաժինների որոշման մասով Դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, իսկ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է և հակասում է ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդվածի, ՀՀ նախկին հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի դրույթներին:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Երևանի Ալիխանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող տան 17քմ մակերեսով սենյակին կից պատշգամբի նկատմամբ պետական գրանցում կատարելն անհնարին է, քանի որ տվյալ պահին այն առկա չէ: Այսպես` սույն գործում առկա Կադաստրի 03.11.2006 թվականի թիվ Ել-7662 գրությամբ, 11.06.2007 թվականի պատասխանով և 13.09.2007 թվականի թիվ Ել-7609 տեխնիկական եզրակացությանը կից առկա նշված հասցեի վերաբերյալ հատակագծում արված գրառմամբ հաստատվում է, որ Հմայակ Մարտիրոսյանին պատկանող 21,9քմ օրինական շինությունից 4,8քմ մակերեսով օժանդակ շինությունը քանդված է:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ, 73-րդ և 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2010 թվականի որոշման` Երևանի Ալիխանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7ա հասցեում գտնվող հողամասի նկատմամբ Հմայակ Մարտիրոսյանի բաժնային սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.07.2010 թվականի վճռին: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Արարատ և Արտաշես Մկրտչյաններից, Քնարիկ Բաբայանից, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանումից հօգուտ Հմայակ Մարտիրոսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան