Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի
գործ հ. 245/07 դատավճիռ
կայացրած դատարանի կազմը

Գործ ՎԲ-142/07

Նախագահող դատավոր՝ Ժ. Հովսեփյան
Դատավորներ՝ Մ. Արղամանյան, Ա. Դանիելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

30 օգոստոսի 2007 թ.

 

ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ղուկասյանի

Հ. Ասատրյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղար՝

Ք. Մարտիրոսյանի

 

մասնակցությամբ դատախազ՝

Ա. Աշրաֆյանի

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքն Արթուր Ալբերտի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 21-ի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի դատավճիռների դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Սույն քրեական գործը հարուցվել է 2006 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

2007 թվականի հունվարի 2-ի որոշմամբ Արթուր Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

2007 թվականի փետրվարի 20-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 21-ի դատավճռով Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Դատարանը միաժամանակ վճռել է Ա.Սարգսյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 10.715.000 ՀՀ դրամ, որից 3.601.500 ՀՀ դրամը որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Ամբաստանյալ Ա.Սարգսյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու առումով բերված վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007 թվականի մայիսի 14-ի դատավճռով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ, վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը 2007 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Արթուր Սարգսյանը դատապարտվել է այն բանի համար, որ աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի անտառպետության անտառապետ, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքն օգտագործելու միջոցով` իր պահպանությանը հանձնված Սյունիքի անտառպետության թիվ 5 պահաբաժնի «Ցանցախ» կոչվող անտառամասից 2006 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղի բնակիչներ Սամվել Օհանյանի, Արման Հայրապետյանի և Արմեն Օհանջանյանի միջոցով, բենզասղոցի գործադրմամբ ապօրինի կերպով հատել է 265 հատ կաղնի, բոխի, հացենի և տանձենի տեսակի տարբեր տրամագծի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 3.601.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակը գտնում է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները Ա.Սարգսյանին դատապարտելով ազատազրկման 1 տարի ժամկետով` թույլ են տվել նյութական իրավունքի խախտումներ, այն է` խախտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված արդարության և պատասխանատվության անհատականացման ու ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի չի առնվել հանցագործության բնույթը, կատարված հանցագործության հասարակական բարձր վտանգավորությունն ու ծանրության աստիճանը, այն, որ կարճ ժամանակահատվածում ապօրինի կարգով ծառահատվել է ամբողջ անտառամաս` կտրվել է կաղնի, բոխի, հացենի և տանձենի տեսակի 265 հատ ծառ և բնությանը պատճառվել է 10.715.000 ՀՀ դրամի վնաս: Դատարանն անտեսել է պատճառված էկոլոգիական վնասը, որ անտառահատված տարածքի վերականգնման համար անհրաժեշտ են տասնյակ տարիներ: Անտեսվել է նաև, որ պատճառված վնասից ոչ մի դրամ չի վերականգնվել: Մինչդեռ հանցագործություն կատարած անձը, որը կոչված է եղել անտառն ապօրինի անտառահատումներից պահպանելու, ինքն է կատարել նշված հանցագործությունը և դատավճռով նույնիսկ չի զրկվել հանցագործության բնույթի հետ առնչվող որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Գտնելով, որ սույն գործով թույլ են տրվել նյութական օրենքի էական խախտումներ և Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտն էական նշանակություն կունենա դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառության համար, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Արթուր Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով Սյունիքի մարզի առաջին ատյանի 2007 թվականի մարտի 21-ի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի դատավճիռները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Բողոքում նշվել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` անձի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը չի բացառում ավելի խիստ պատիժ նշանակելը, եթե գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածն ամրագրել է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը: Պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով նույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի վերը նշված նպատակներին, որոնք փոխկապակցված և փոխհամաձայնեցված են (մեկ նպատակը ենթադրում է մյուսները և յուրաքանչյուրի ինքնուրույն իրականացումն օժանդակում է մյուսներին): Այսինքն` պատժի նպատակներին հասնելու երաշխիք է հանցագործություն կատարած անձի նկատմամբ արդարացի, արարքի ծանրությանը և հասարակական վտանգավորությանը համապատասխան պատիժ նշանակելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, որոշիչ հանգամանքներ են պատժի տեսակը և չափը որոշելու հարցում:

Այսինքն` դատարանը պետք է բացահայտի կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատուկ հատկանիշները, որոնք կարող են ազդել հանրության համար վտանգավորության աստիճանի վրա (հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, վնասի չափը և այլն): Դատարանը հանրության համար վտանգավորության բնույթը որոշելու ժամանակ պետք է պարզի և հաշվի առնի նաև պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը հանցանքի կատարման պահին:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը: Դրանք բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում են պատժի վրա:

Քրեական օրենքի Ընդհանուր մասի վերը թվարկված դրույթներից հետևում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ինչպես պատժատեսակի, այնպես էլ պատժաչափի վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

Սույն գործով առաջին ատյանի դատարանը Ա.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով գրեթե նվազագույն պատիժ նշանակելիս դատավճռում նշել է, որ հաշվի է առնում կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, իսկ դատապարտյալի խոստովանական ցուցմունք տալը, խնամքին երեք անչափահաս երեխա (մեկը` մինչև տասնչորս տարեկան) ունենալը դիտել է որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ գործի նյութերում չկան:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Ա.Սարգսյանի վերաքննիչ բողոքը` պատժի մեղմացման խնդրանքով, առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ բողոքն առանց բավարարման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման ու գնահատման չի ենթարկել դատապարտյալ Ա.Սարգսյանի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, նրա անձը բնութագրող տվյալները, անտեսել է գործի նյութերում առկա` դատապարտյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքը:

Մասնավորապես, գործի նյութերից երևում է, որ Ա.Սարգսյանը, հանդիսանալով «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի անտառպետության անտառապետ, ի պաշտոնե կոչված լինելով անտառը պահպանել այլ անձանց կողմից կատարվող ապօրինի անտառահատումներից, ինքն է կատարել այդպիսի հանցավոր գործողություններ: Նրա կողմից կարճ ժամանակահատվածում ապօրինի հատվել է մի ամբողջ անտառամաս` 265 հատ տարբեր տեսակի ծառեր: Այդ հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի նյութական վնասը կազմել է 3.601.500 ՀՀ դրամ: «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված սակագների համաձայն` տվյալ դեպքում հատուցման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմում է 10.715.000 ՀՀ դրամ: Պատճառված վնասից որևէ գումար հատուցված չէ:

ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը կոչված է պաշտպանելու մարդկանց առողջության և կենսագործունեության պայման հանդիսացող բնական միջավայրի պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանն ուղղված հասարակական հարաբերությունները: Իսկ այդ հարաբերությունները սոցիալական տեսանկյունից Հայաստանի Հանրապետության համար ունեն կենսականորեն կարևոր նշանակություն: Դա հաշվի առնելով, ինչպես նաև սույն գործի փաստական հանգամանքները, մասնավորապես հատված ծառերի թվաքանակը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործության հետևանքով պատճառվել է էկոլոգիական այնպիսի վնաս, որի վերականգնման համար անհրաժեշտ կլինի երկարատև ժամանակ և մեծ ջանք: Այսինքն` դատապարտյալն իր հանցավոր գործողություններով պատճառել է ծանր հետևանքներ, որոնք պատճառական կապի մեջ են գտնվում հանցավոր արարքի հետ: Հետևապես, առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` դատապարտյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք, որը բարձրացնում է կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, և որը դատարանի կողմից հաշվի չի առնվել:

Փաստորեն, առաջին ատյանի դատարանը Ա.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս գնահատության չի արժանացրել գործի բոլոր հանգամանքները, հաշվի չի առել նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը, պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը, բնույթը, որոնք բարձրացնում են կատարած հանցագործության վտանգավորության աստիճանը: Արդյունքում Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ:

Վճռաբեկ դատարանը վերոշարադրյալ հիմնավորումներով գտնում է, որ առաջին ատյանի դատարանը Ա.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս խախտել է քրեական օրենսդրության` արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունքները, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները: Հիշյալ սկզբունքների խախտումները հանգեցրել են Ա.Սարգսյանի նկատմամբ ակնհայտ մեղմ անարդարացի պատիժ սահմանելուն:

Նյութական իրավունքի նշված խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասի և 397-րդ հոդվածի համաձայն, հիմք են հանդիսանում Արթուր Սարգսյանի վերաբերյալ դատավճիռները բեկանելու համար: Նկատի ունենալով նաև այն, որ վերաքննիչ դատարանը, գործը քննելով պատժի մեղմացման առումով բերված ամբաստանյալի վերաքննիչ բողոքի հիման վրա, վերջինիս վիճակը վատթարացնելու իրավունք չուներ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավճիռները պետք է բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ տրված նյութական իրավունքի հիմնարար խախտումները հանգեցրել են դատական սխալի, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել: Արթուր Ալբերտի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 21-ի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի դատավճիռները բեկանել և գործն ուղարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան` այլ կազմով նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Տ. Սահակյան

Դատավորներ՝

Հ. Ղուկասյան

 

Հ. Ասատրյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան