ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 ապրիլի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրը Կողմերն ստորագրել են 2006 թ. հոկտեմբերի 16-ին` Երևանում:
Համաձայնագրի նպատակը Կողմերի ռեզիդենտների եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու միջոցով երկու պետությունների միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային հարաբերությունները զարգացնելն է։
Գույքի և եկամուտների կրկնակի հարկումը բացառելու ընթացակարգը սահմանված է համաձայնագրի 23 հոդվածում: Կողմերի ռեզիդենտների նկատմամբ այն իրականացվում է անխտրականության սկզբունքով։
2. Համաձայնագրի շրջանակներում կիրառման ենթակա հարկատեսակները և հարկվող սուբյեկտները սահմանված են 2 և 4 հոդվածներում։
Համաձայնագիրը կիրառելի չէ դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դրանց մարմինների, պաշտոնատար անձանց նկատմամբ։
3. Համաձայնագրի մի շարք հոդվածներում սահմանված են հարկման հետևյալ օբյեկտները.
- անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը),
- ձեռնարկատիրական գործունեությունից, ինչպես նաև փոխկապակցված ձեռնարկություններից ստացված շահույթը,
- միջազգային փոխադրումներից` նավերի կամ օդանավերի շահագործման արդյունքում, ստացված շահույթը,
- շահաբաժինները, տոկոսները, ռոյալթին,
- անկախ և կախյալ անհատական ծառայությունները, ռեզիդենտ հանդիսացող ընկերությունների տնօրենների հոնորարները,
- արտիստների և մարզիկների գործունեությունից ստացված եկամուտը,
- կենսաթոշակները, պետական ծառայության դիմաց վճարված աշխատավարձը,
- ուսանողին կամ պրակտիկանտին տրված վճարումները, ինչպես նաև այլ եկամուտներ` 20 և 21 հոդվածներում սահմանված կարգով։
4. Բացի համաձայնագրի կիրառումն ապահովող վերոհիշյալ հիմնական պարտավորություններից, Հայաստանի Հանրապետությունը նաև պարտավորվում է.
- մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացող կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացած ուսանողին կամ պրակտիկանտին ազատել ապրելու, ուսանելու, վերապատրաստվելու համար ստացած վճարումների հարկումից (20 հոդված),
- կրկնակի հարկումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի` մյուս Կողմում հարկվող եկամուտ ստանալիս թույլատրել այդ եկամտի կամ գույքի հարկի նվազեցում մյուս Կողմում վճարված հարկին հավասար գումարի չափով (23 հոդված),
- համաձայնագրի 26 հոդվածում նախատեսված պայմաններին համապատասխան մյուս Կողմի իրավասու մարմիններին ապահովել այնպիսի տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է համաձայնագրի և դրանում ընդգրկված հարկերի վերաբերյալ ներպետական օրենսդրության նորմերի կիրառման համար։
5. Համաձայնագրում նախատեսված են Կողմերի պարտականությունների համաձայնեցված կատարման առնչությամբ ծագած խնդիրների լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարեցնելու ընթացակարգեր (25 և 29 հոդվածներ)։
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 3, 8, 9 հոդվածների դրույթներին, քանի որ կոչված են զարգացնելու Կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունները, ինչպես նաև ստեղծելու բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|