«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 2400-Ն
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ բաժնի 10-րդ կետի 4-րդ ենթակետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը:
2. Ստեղծել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
4. «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
5. Սահմանել, որ «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:
6. Թույլատրել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
դ) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
ե) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
զ) սովորողների սննդի կազմակերպում.
է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
ը) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.
թ) ուսումնագիտաարտադրական բազաներում և առողջարարական կենտրոններում հանգստի կազմակերպում.
ժ) մշակութային գործունեության ծավալում:
7. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Գորիս քաղաքում գտնվող շենքը, շինությունները` Գորիսի Ավանգարդի N 2 հասցեում գտնվող 1-ին ուսումնական մասնաշենքը (2080 քառ. մետր ընդհանուր մակերեսով), Ավանգարդի N 2 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը (1056 քառ. մետր ընդհանուր մակերեսով), Ավանգարդի N 4 հասցեում գտնվող 2-րդ ուսումնական մասնաշենքը (3654 քառ. մետր ընդհանուր մակերեսով), օժանդակ շենքը (360 քառ. մետր ընդհանուր մակերեսով), բնակելի շենքը (434 քառ. մետր ընդհանուր մակերեսով) և Կոմերիտմիության N 2 հասցեում գտնվող հանրակացարանի շենքը (112000 քառ. մետր ընդհանուր մակերեսով)` համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի, հետ վերցնել և ամրացնել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:
8. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնված Գորիս քաղաքում գտնվող շենք, շինություններում` Գորիսի Ավանգարդի N 2 հասցեում գտնվող 1-ին ուսումնական մասնաշենքում (2080 քառ. մետր ընդհանուր մակերեսով), Ավանգարդի N 2 հասցեում գտնվող կիսակառույց շինությունում (1056 քառ. մետր ընդհանուր մակերեսով), Ավանգարդի N 4 հասցեում գտնվող 2-րդ ուսումնական մասնաշենքում (3654 քառ. մետր ընդհանուր մակերեսով), օժանդակ շենքում (360 քառ. մետր ընդհանուր մակերեսով), բնակելի շենքում (434 քառ. մետր ընդհանուր մակերեսով) և Կոմերիտմիության N 2 հասցեում գտնվող հանրակացարանի շենքում (112000 քառ. մետր ընդհանուր մակերեսով) գտնվող գույքը հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
9. Սահմանել, որ`
ա) մինչև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի գործունեության դադարեցումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները կատարվում են սահմանված կարգով:
Նշված հատկացումները Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի գործունեության դադարեցումից հետո ներառվում են «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.
բ) «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) կրթական և գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, տնտեսագիտական, ճարտարագիտական ու հասարակագիտական, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերին համապատասխան:
2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, պետական ոչ առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրթական ու գիտական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրներին համապատասխան իրավունքներ ու պարտականություններ:
Համալսարանը կարող է իր գործունեության նպատակներին համապատասխան, իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:
Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք և մեդալ:
4. Համալսարանի անվանումն է`
հայերեն լրիվ` «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` «ԳՊՀ» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` «Государственный университет Гориса» государственная некоммерческая организация»,
ռուսերեն կրճատ` « ГУГ» ГНКО,
անգլերեն լրիվ` «State University of Goris» state non-commercial organization»,
անգլերեն կրճատ` «SUG» SNCO։
5. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գորիս, 377830, Ավանգարդի 2:
II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
6. Համալսարանի հիմնական նպատակներն են`
ա) կրթական-հետազոտական ծրագրերի ստեղծումն ու իրականացումը և ծառայությունների մատուցումը` Հայաստանի Հանրապետության տնտեսության և հասարակության կրթական ու տեխնոլոգիական կարիքներն առավելագույնս բավարարելու նպատակով.
բ) ուսանողների կյանքին, կարիերայի ընտրությանը, մասնագիտական առաջընթացին նախապատրաստվելը` փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմաններում գործելու համար.
գ) նպաստավոր միջավայրի ստեղծումը` անհատի համակողմանի զարգացման, ազգային մտածելակերպով ու նկարագրով օժտված մտավորականի և քաղաքացու ձևավորման համար:
7. Համալսարանի հիմնական խնդիրներն են`
ա) բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստումը բնագիտության, տնտեսագիտության, մանկավարժության, ճարտարագիտության ու հասարակագիտության բնագավառներում.
բ) բարձրագույն որակավորմամբ գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.
գ) մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.
դ) գիտական, գիտամեթոդական, ուսումնամեթոդական հետազոտությունների և գիտատեխնիկական աշխատանքների իրականացումը.
ե) ուսումնական և գիտատեխնիկական գրականության ստեղծումն ու հրատարակումը, գիտելիքների տարածումը:
8. Առաջադրված խնդիրներին համապատասխան` համալսարանն իրավասու է`
ա) որոշելու իր կառուցվածքը.
բ) պետական կրթական չափորոշիչների համաձայն մշակելու ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր.
գ) շնորհելու մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ, համալսարանի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, կրթաթոշակներ.
դ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համալսարանների, գիտական կազմակերպությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, կատարելու համատեղ աշխատանքներ (կադրերի վերապատրաստում, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների և արշավախմբերի կազմակերպում, բնակչությանը վճարովի ծառայությունների մատուցում և այլն).
ե) իրականացնելու հրատարակչական գործունեություն, ստեղծելու հրատարակչություն և տպարան.
զ) կազմակերպելու մագիստրանտների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելություն, սահմանված կարգով այլ բուհերի ուսանողների փոխադրում համալսարան, ընդունելություն` երկրորդ մասնագիտությամբ ուսուցման, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերով.
է) վարձակալության հանձնելու ամրացված գույքը` օրենքով սահմանված կարգով,
ը) տնօրինելու իր ֆինանսական միջոցները,
թ) ստեղծելու մարզաառողջարարական բազաներ, մանկապարտեզ, սննդի և այլ սոցիալական կազմակերպություններ:
9. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
գ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
դ) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
ե) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
զ) սովորողների սննդի կազմակերպում.
է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
ը) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.
թ) ուսումնագիտաարտադրական բազաներում և առողջարարական կենտրոններում հանգստի կազմակերպում.
ժ) մշակութային գործունեության ծավալում:
10. Համալսարանում չեն թույլատրվում հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:
III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
11. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան: Համալսարանի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:
12. Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է: Համալսարանի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, սույն կանոնադրությանը համապատասխան: Խորհրդի անդամների թիվը 24-ն է:
13. Խորհրդի գործունեության մեջ մտնում են համալսարանի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, համալսարանի գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև համալսարանի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը հիմնադրին ներկայացնելը:
14. Խորհուրդը`
ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.
բ) հաստատում է իր աշխատակարգը:
15. Խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները:
16. Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից`
ա) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրվում հաստատության ցանկացած աշխատող` հաստատության կառուցվածքային միավորների կողմից.
բ) համալսարանի կառուցվածքային միավորների կողմից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.
գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
17. Համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում դեպարտամենտների ուսանողական խորհուրդները`
ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).
բ) համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է դեպարտամենտներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին.
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
18. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
19. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
20. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
21. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեպարտամենտի վարիչ, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
22. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
23. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
24. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում, այն համալրվում է սույն կանոնադրության 16-20-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:
25. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ։
26. Համալսարանի գիտական խորհուրդը`
ա) հաստատում է իր կանոնակարգը.
բ) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով` ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.
գ) քննարկում է համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.
դ) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների` դրանք ներկայացնելով լիազորված մարմին.
ե) որոշում է շրջանավարտների համար, ըստ կրթական ծրագրերի, ամփոփիչ ատեստավորման պահանջները.
զ) հաստատում է համալսարանի դեպարտամենտի վարիչի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը.
է) հաստատում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր տեղերի թեկնածուների մրցութային ընտրությունը.
ը) ներկայացնում է առաջարկություններ հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, բաժանմունքներ, դեպարտամենտներ, ամբիոններ, կառուցվածքային այլ ստորաբաժանումներ ստեղծելու մասին.
թ) սահմանում և շնորհում է համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, ներկայացնում թեկնածություններ` գիտական կոչումների, հանրապետական ու միջազգային մրցանակների և պարգևների համար.
ժ) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերը.
ժա) քննարկում է համալսարանի մասնաճյուղերի տարեկան գործունեության մասին հաշվետվությունները.
ժբ) քննարկում է համալսարանի արտասահմանյան կապերի ուղղությունները, միջազգային համագործակցության ծրագրերը և համալսարանի կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերը.
ժգ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող և համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպմանն առնչվող այլ լիազորություններ:
27. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, համալսարանի մասնաճյուղերի տնօրենները, համալսարանի գիտական քարտուղարը, դեպարտամենտների վարիչները, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե: Ի պաշտոնե ընտրվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի թվակազմի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:
28. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում։ Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
29. Գիտական խորհրդին կից, նրա որոշմամբ, ստեղծվում են մշտական հանձնաժողովներ, որոնց կառուցվածքը և աշխատակարգը սահմանվում են գիտական խորհրդի կանոնակարգով:
30. Ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իր կանոնակարգի համաձայն և իր լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր:
Ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, գլխավոր հաշվապահը, արհեստակցական միության և ուսանողական խորհրդի նախագահները, մասնաճյուղերի տնօրենները, դեպարտամենտների վարիչները և ռեկտորի որոշմամբ համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
31. Համալսարանի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է գործադիր մարմինը, համալսարանի ռեկտորը, որն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ու գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը: Ռեկտորի հետ լիազոր մարմինը կնքում է աշխատանքային պայմանագիր:
32. Համալսարանի ռեկտոր ընտրվում է խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
33. Համալսարանի ռեկտորը`
ա) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեություն, առանց լիազորագրի հանդես է գալիս համալսարանի անունից ու ներկայացնում նրա շահերը.
բ) կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
գ) հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.
դ) համալսարանի խորհրդի հաստատմանն է ներկայացնում տարեկան հաշվետվություն.
ե) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը,
զ) գիտական խորհրդի առաջարկությամբ սահմանում է համալսարանի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները,
է) սույն կանոնադրությանը համապատասխան կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված մասնաճյուղերի տնօրենների, դեպարտամենտների, բաժանմունքների, ամբիոնների (սեկտորների) վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ,
ը) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճաններ շնորհելու մասին,
թ) պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի հիմնարկների, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունները,
ժ) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կնքում է խոշոր գործարքներ,
ժա) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա,
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
34. Պրոռեկտորներն իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին և հրամաններին համապատասխան: Ռեկտորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ դրանք վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պրոռեկտորները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր ռեկտորի նշանակումը:
35. Համալսարանի ռեկտորը և պրոռեկտորներն իրավունք ունեն կատարելու վճարովի գիտամանկավարժական աշխատանք` համատեղության կարգով: Լիազորությունների ժամկետի ավարտից հետո նրանք համալսարանում ապահովվում են իրենց գիտամանկավարժական որակավորմանը համապատասխան պաշտոնով:
36. Համալսարանում ընտրովի պաշտոններն զբաղեցվում են պայմանագրային հիմունքներով` պաշտոններում ընտրված թեկնածուների հետ կնքված ժամկետային պայմանագրերի հիման վրա: Համալսարանում նույն անձին չի թույլատրվում միաժամանակ զբաղեցնել 2 ղեկավար պաշտոն:
37. Համալսարանի ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով համալսարանին պատճառած վնասի համար:
IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
38. Համալսարանի կրթահամալիրը համալսարանի գտնվելու վայրում տեղաբաշխված` տարբեր կրթական ծրագրեր իրականացնող կրթական միավորում է, որի կազմում գործում են այլ ուսումնական հաստատություններ` դպրոցներ, համալսարանական քոլեջներ և այլն:
Կրթահամալիրի գործունեության սկզբունքները և դրա կազմում գործող ուսումնական հաստատությունների փոխհարաբերությունները կարգավորվում են համալսարանի (մասնաճյուղի) և միավորման մյուս հաստատությունների կանոնադրություններով և այդ հաստատությունների` համալսարանի (մասնաճյուղի) հետ կնքած պայմանագրերով:
39. Համալսարանի կառուցվածքը սահմանվում է ռեկտորի կողմից գիտական խորհրդի առաջարկությամբ: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում դեպարտամենտները, բաժանմունքները, ամբիոնները (սեկտորները), գրադարանը, հրատարակչությունը, գիտական կենտրոնները և այլ ստորաբաժանումներ: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնակարգերով:
40. Համալսարանի դեպարտամենտը (այսուհետ` դեպարտամենտ) համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործընթացը կազմակերպող հիմնական ստորաբաժանում է, որն իրականացնում է մասնագետների պատրաստումը` մեկ կամ մեկից ավելի հարակից մասնագիտությունների գծով:
41. Դեպարտամենտն ստեղծվում, վերակազմակերպվում և վերացվում է ռեկտորի կողմից` գիտական խորհրդի առաջարկությամբ:
Դեպարտամենտը կազմված է ամբիոններից (սեկտորներից), լաբորատորիաներից և այլ ուսումնական ու գիտական օղակներից: Դեպարտամենտն ինքնուրույն է տնօրինում իրեն հատկացված ֆինանսական միջոցները:
42. Դեպարտամենտի կառուցվածքը, իրավասությունն ու գործունեության սկզբունքները կարգավորվում են սույն կանոնադրությամբ և համալսարանի դեպարտամենտի օրինակելի կանոնակարգով:
43. Դեպարտամենտի կառավարման մարմիններն են դեպարտամենտի ժողովը և դեպարտամենտի վարիչը: Դեպարտամենտի ժողովի անդամներն են հիմնական հաստիքային դասախոսները` պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, ինչպես նաև դեպարտամենտի ուսանողական համակազմի ներկայացուցիչներ` ժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսի չափով: Դեպարտամենտի մյուս աշխատողները կարող են մասնակցել դեպարտամենտի ժողովին` խորհրդակցական ձայնի իրավունքով:
44. Դեպարտամենտի ժողովը`
ա) գիտական խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ ամբիոններ (սեկտորներ) և այլ ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և վերացնելու վերաբերյալ.
բ) հաստատում է դեպարտամենտի ֆինանսական միջոցների տարեկան նախահաշիվը, դեպարտամենտի տարեկան աշխատանքային պլանը և տարեկան հաշվետվությունը.
գ) քննարկում և գիտական խորհուրդ է ներկայացնում երաշխավորություններ դեպարտամենտի թափուր պրոֆեսորադասախոսական հաստիքների զբաղեցման համար ներկայացված թեկնածությունների մասին.
դ) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում դեպարտամենտի ներկայացուցիչներին.
ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` դեպարտամենտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանն առնչվող այլ հարցեր:
45. Դեպարտամենտի գործունեությունը, սահմանված կարգին համապատասխան, կազմակերպում, ղեկավարում և իրականացնում է դեպարտամենտի վարիչը:
Դեպարտամենտի վարիչի ընտրության կարգը հաստատում է բուհի խորհուրդը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել դեպարտամենտի վարիչի պաշտոնում:
46. Դեպարտամենտի վարիչը ղեկավարում է դեպարտամենտի ուսումնական, գիտաարտադրական, միջազգային և այլ գործունեություն, ապահովում դեպարտամենտի ժողովի որոշումների կատարումը, ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեպարտամենտի վարիչի տեղակալների թեկնածուներին, սահմանված կարգով ռեկտորին է ներկայացնում առաջարկություններ դեպարտամենտի ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:
47. Համալսարանի բաժանմունքը համալսարանի` սեփական գիտամանկավարժական կազմ չունեցող կառուցվածքային ստորաբաժանում է, որն ստեղծվում է ռեկտորի կողմից գիտական խորհրդի առաջարկությամբ` ուսուցման առանձին ձևերի և աստիճանների, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրերի կազմակերպման համար: Բաժանմունքի կառուցվածքը, իրավասությունը, գործունեության սկզբունքները կարգավորվում են համալսարանի բաժանմունքի կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի ռեկտորը գիտական խորհրդի առաջարկությամբ:
48. Բաժանմունքի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է բաժանմունքի վարիչը, որին ընտրում է համալսարանի գիտական խորհուրդը, և պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը` մինչև 5 տարի ժամկետով:
49. Ամբիոնը (սեկտորը) համալսարանի ուսումնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը միավորելով մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, իրականացնում է որոշակի ուսումնական մասնագիտության (մասնագիտացման) կամ ուսումնական պլանի որոշակի մասի ուսուցումը և համապատասխան մեթոդական ու հետազոտական գործընթաց:
Ըստ ենթակայության` համալսարանի ամբիոնները կարող են լինել դեպարտամենտային ամբիոններ` սեկտորներ, և համահամալսարանական ամբիոններ: Համալսարանի համահամալսարանական ամբիոններն իրականացնում են դեպարտամենտի համարժեք կազմակերպչական գործառությունները:
50. Ամբիոնը (սեկտորը) ստեղծվում է ռեկտորի կողմից` գիտական խորհրդի առաջարկությամբ, որին ամբիոնի (սեկտորի) ստեղծման առաջարկություն է ներկայացնում դեպարտամենտը (մասնաճյուղը): Ամբիոնը (սեկտորը) գործում է սույն կանոնադրությանը և համալսարանի ամբիոնի (սեկտորի) կանոնակարգին համապատասխան:
51. Ամբիոնը (սեկտորը) մշակում է իր կողմից իրականացվող մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանները և այդ պլաններով նախատեսվող առարկայական ծրագրերը, իրականացնում է ուսումնական գործընթաց` մշակված ուսումնական պլաններին ու առարկայական ծրագրերին համապատասխան, պլանավորում և իրականացնում է հետազոտական աշխատանքներ ու մշակումներ, մասնակցում արտադրական և հետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ պայմանագրային կապեր հաստատելու գործընթացին, առաջադրում թեկնածություններ` ամբիոնի (սեկտորի) վարիչի և պրոֆեսորադասախոսական կազմի թափուր տեղերի համար, ստեղծում իր պրոֆիլին բնորոշ դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլ հրատարակչություններ:
52. Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, որն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով և համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվում է պաշտոնի` մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ամբիոնի վարիչի պաշտոնում:
53. Ամբիոնի (սեկտորի) ուսումնագիտական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (սեկտորի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (սեկտորի) գիտամանկավարժական կազմում ընդգրկված ամբիոնի (սեկտորի) այլ աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
V. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
54. Համալսարանում ուսուցումն իրականացվում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգով` բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորման աստիճանների, ինչպես նաև համալսարանի ասպիրանտուրայում հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով` հետազոտողի որակավորման աստիճանի շնորհմամբ:
55. Համալսարանն իրականացնում է նաև միջին մասնագիտական կրթական ծրագրեր` կրտսեր մասնագետի որակավորման աստիճանի շնորհմամբ:
56. Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
57. Հիմնական կրթական ծրագրերով համալսարանի ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով, քաղաքացիների անձնական դիմումների համաձայն, ընդունելության կանոններին համապատասխան:
58. Համալսարանը դիմորդներին ծանոթացնում է համալսարանի կանոնադրությանը, ընդունելության կարգին և պահանջներին:
59. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար և դրսեկության ձևերով:
60. Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով: Յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ուսումնական գործընթացի նորմատիվային տևողությունը, ուսումնական տարվա սկիզբն ու վերջը որոշվում են համապատասխան պետական կրթական չափորոշիչներով:
61. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) ու լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:
62. Ուսուցման բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը տարբերակվում են համաձայն ուսումնական մասնագիտությունների: Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր մասնագիտության շրջանակներում կարող են ստեղծվել մասնագիտացումներ:
63. Յուրաքանչյուր մասնագիտության համար ուսումնական գործընթացի կազմակերպումը կարգավորվում է մասնագիտության ուսումնական պլանով, որը որոշում է համապատասխան կրթական ծրագրի բովանդակության բաշխումն ըստ ուսուցման տարիների, ուսումնական դասընթացների և առարկաների, ինչպես նաև` տարեկան ուսումնական ժամանակացույցով:
64. Ուսումնական պլանները կազմում են համալսարանի դեպարտամենտներն ու համահամալսարանական ամբիոնները (սեկտորները)` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, և հաստատվում են համալսարանի գիտական խորհրդի կողմից ու ներկայացվում լիազորված մարմին:
65. Ըստ նշանակության` ուսումնական առարկաները (դասընթացները) դասակարգվում են 2 խմբի` պարտադիր ուսուցման առարկաներ և ընտրովի առարկաներ (էլեկտիվներ):
66. Ուսումնական առարկաների նպատակները, բովանդակությունը, տրամաբանական հաջորդականությունը, փոխադարձ կապը, երաշխավորվող գրականությունը, ուսումնական պլանով հատկացված ժամաքանակի բաշխումն ըստ պարապմունքների ձևերի և քննական պահանջները սահմանվում են համալսարանի համապատասխան ամբիոնների (սեկտորների) կողմից կազմվող առարկայական ծրագրերով, որոնք հաստատում է համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորը:
67. Ուսումնական պլանի բոլոր պահանջները կատարած ուսանողներին թույլատրվում է մասնակցել ամփոփիչ պետական ատեստավորմանը, որն իրականացվում է ամփոփիչ պետական քննությունների, դիպլոմային (ավարտական) աշխատանքների պաշտպանության միջոցով: Պետական ամփոփիչ քննությունն իրականացվում է ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական առարկաների ուսումնառությունն ավարտելուց հետո և նախորդում է դիպլոմային (ավարտական) աշխատանքի պաշտպանությանը:
68. Դիպլոմային (ավարտական) աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության իրավունք վերապահվում է համապատասխան կրթական ծրագրով սովորող այն անձանց, ովքեր լրիվ ծավալով ուսումնասիրել ու հանձնել են մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները, անցել են պահանջվող ուսումնական և արտադրական բոլոր պրակտիկաներն ու հանձնել պետական ամփոփիչ քննությունները:
69. Համալսարանի` ամփոփիչ պետական ատեստավորում անցած շրջանավարտներին սահմանված կարգով շնորհվում է որակավորման համապատասխան աստիճան և հանձնվում որակավորման` շնորհված աստիճանը հաստատագրող ավարտական վկայական` պետական նմուշի դիպլոմ, որտեղ նշվում են ուսումնասիրված դասընթացներն ու մասնագիտությունը (մասնագիտացումը):
Տվյալ աստիճանի կրթությունը չավարտած ուսանողին տրվում է համապատասխան տեղեկանք:
70. Պետական նմուշի դիպլոմի առկայությունը համալսարանում հաջորդ աստիճանի կրթական ծրագրով ընդունելության պարտադիր պայման է:
71. Բարձրագույն մասնագիտական կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթության ստացում:
72. Հետազոտողի հետբուհական կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման արդյունքների հիման վրա հետազոտողի որակավորման աստիճան ստացած համալսարանի ասպիրանտներն ասպիրանտուրայում ուսուցման երրորդ տարին շարունակում են համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ` գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսական աշխատանքի ընթացիկ ատեստավորման արդյունքների հիման վրա:
73. Համալսարանում գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և համալսարանի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն:
74. Գիտական աստիճաններ շնորհում են համալսարանում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
75. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:
76. Համալսարանը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ և սեմինարներ:
VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ
77. Համալսարանի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և այլ աշխատողներ, ուսանողները:
Աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմ, գիտական աշխատողներ), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:
Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
78. Համալսարանի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`
ա) ընտրելու և ընտրվելու համալսարանի (մասնաճյուղի) խորհրդում, գիտական խորհրդում, դեպարտամենտների ժողովներում և համալսարանի ընտրովի այլ մարմիններում.
բ) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանն ու ընտրովի մարմինների աշխատանքներին.
գ) միավորվելու արհեստակցական միություններում և այլ հասարակական կազմակերպություններում.
դ) վիճարկելու ղեկավար մարմինների որոշումները և հրամանները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) օգտվելու համալսարանի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գրադարանի ծառայություններից:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները, ասպիրանտները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
79. Համալսարանի կոլեկտիվի անդամները պարտավոր են`
ա) պահպանել և կատարել սույն կանոնադրության դրույթները.
բ) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.
գ) ապահովել ուսումնական գործընթացի, իրականացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.
ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը.
զ) նպաստել համալսարանի հեղինակության բարձրացմանը:
80. Համալսարանի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
81. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն ունեն`
ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման,
բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության,
գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության,
դ) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման,
ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակ ապահովող ծրագրային նյութի շարադրման, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության,
զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունքներ:
82. Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար համալսարանի աշխատողներին շնորհվում են համալսարանի մրցանակներ, որոնց կանոնադրությունները հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում են հատուկ մրցանակներ:
83. Համալսարանի ուսանողներ են համարվում բակալավրի, մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով, ինչպես նաև կրտսեր մասնագետի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն, ինչպես նաև կրտսեր մասնագետի կրթական ծրագրով միջին մասնագիտական կրթություն ստանալու համար համալսարան ընդունված և ռեկտորի կողմից հրամանագրված անձինք: Ուսանողների ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
84. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ համալսարանի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով մրցութային ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքում:
85. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է կնքված պայմանագրի ու կրթության կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն:
86. Համալսարանի ուսանողն իրավունք ունի`
ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող և մասնագիտական կրթական ծրագրերով նախատեսված գիտելիքներ.
բ) հաճախելու համալսարանում անցկացվող ուսումնական պարապմունքների բոլոր ձևերին.
գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.
դ) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառություններին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.
ե) սովորելու անհատական ուսումնական պլաններով, այդ թվում` ուսուցման կրճատված տևողությամբ, սահմանված կարգով յուրացնելու դասընթացներ, որոնք չեն նախատեսված ուսումնական պլանով.
զ) օգտվելու համալսարանի գրադարանից, մարզական ու առողջարանային կառույցներից, մշակութային-լուսավորչական, սննդի և այլ սոցիալական ծառայություններից.
ը) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ և (կամ) ընդգրկվելու դրանց կազմում.
թ) սահմանված կարգով ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների ընտրովի մարմինների կազմում.
ժ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ունենալու երկուսից ոչ պակաս արձակուրդ` առնվազն 7 շաբաթ տևողությամբ:
87. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողների ուսման վարձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Պետական պատվերից դուրս համալսարան ընդունված ուսանողները, ինչպես նաև այլ բուհերից տեղափոխվածները և երկրորդ մասնագիտությամբ սովորողները սահմանված կարգով վճարում են ուսման վարձ:
88. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են կրթաթոշակ:
89. Համալսարանը նպաստում է սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
90. Արգելվում է ուսանողներին ներգրավել արտաուսումնական աշխատանքներում` առանց նրանց և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուների) համաձայնության: Արգելվում է սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումը:
91. Համալսարանի ուսանողները պարտավոր են`
ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքների բոլոր տեսակները.
բ) տիրապետել որակավորման պահանջներով սահմանված գիտելիքներին և հմտություններին.
գ) պահպանել համալսարանի կանոնադրության պահանջները.
դ) հաճախել ուսումնական պլանով նախատեսված բոլոր պարապմունքներին.
ե) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը:
92. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը: Ուսման վարձը՝ ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել համալսարանից:
93. Ուսանողները, որոնք չեն կատարում ուսումնական պլաններով և ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված առաջադրանքները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, համալսարանի ներսում և դրսում խախտում են հասարակական կարգն ու կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:
94. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման համապատասխան մարմիններում, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Ուսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ուսանողական խորհրդի կանոնակարգով:
VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
95. Համալսարանի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:
96. Համալսարանն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին ու իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
97. Համալսարանը կարող է անժամկետ ու անհատույց օգտագործել հիմնադրի կողմից իրեն ամրացված ցանկացած գույք: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները համալսարանի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
98. Համալսարանի միջոցները գոյանում են հետևյալ աղբյուրներից`
ա) հիմնադրի կողմից համալսարանին սեփականության իրավունքով հատկացված գույք,
բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներ,
գ) միջոցներ, որոնք գոյանում են վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, հրատարակչական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից,
դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած նվիրատվությունները, բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները և կտակված գույքը,
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:
99. Համալսարանն օրենքով սահմանված կարգով ինքնուրույն է որոշում իրեն ամրացված գույքի, այդ թվում` բյուջետային միջոցների, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման կարգը:
100. Համալսարանն իրավունք ունի պետական լիազորված մարմնի համաձայնությամբ իրականացնելու ուսանողների ընդունելություն, մասնագետների պատրաստում և վերապատրաստում` վճարովի պայմանագրային հիմունքներով:
101. Համալսարանի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
102. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:
VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
103. Համալսարանի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:
104. Համալսարանի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.09.2021, N 1448-Ն | 09.09.2021, N 2400-Ն | |
29.07.2021, N 1248-Ն | 31.07.2021, N 2400-Ն | |
21.11.2019, N 1652-Ն | 14.12.2019, N 2400-Ն | |
08.11.2012, N 1395-Ն | 16.11.2012, N 2400-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|