ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1667-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն), անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգով սահմանված չափանիշներին համապատասխան վերապատրաստող՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունն է (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն):
3. Ուսուցչի վերապատրաստումը վերապատրաստող կազմակերպություններում ուսուցչի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` նախարարություն) սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործման գործընթաց է:
4. Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն):
5. Վերապատրաստման ընթացքում ուսուցիչն ազատվում է իր պաշտոնական պարտականությունների կատարումից՝ զբաղեցրած պաշտոնի, մանկավարժական աշխատանքի ստաժի և վարձատրության պահպանմամբ:
II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
6. Ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված՝ ուսուցչի հերթական ատեստավորման ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան:
7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ժամկետները սահմանում է նախարարությունը:
8. Տնօրենը տարածքային կառավարման լիազոր մարմնի ղեկավարին` մարզպետին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին է ներկայացնում տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակը: Տարածքային կառավարման լիազոր մարմնի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանումը կազմում է իր ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ վերապատրաստման ենթակա ուսուցիչների ճշտված ցուցակը (ապահովելով ատեստավորման ենթակա ուսուցչին ներկայացվող չափանիշների համապատասխանությունը «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին): Նախարարության համապատասխան ստորաբաժանումը սույն կետում նշված կարգով կազմում է իր ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակները:
9. Տվյալ ուսումնական տարում վերապատրաստող կազմակերպությունների ցանկը` ըստ ուսումնական առարկաների, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով և հրապարակվում զանգվածային լրատվության միջոցներով, www.edu.am կայքում:
10. Վերապատրաստման դասընթացներն սկսվում են վերապատրաստող կազմակերպությունների ցանկի հրապարակումից առնվազն մեկ ամիս հետո:
11. Ուսումնական հաստատությունը հրապարակված ցանկից ընտրում է վերապատրաստող կազմակերպություն` պայմանագիր կնքելու համար: Պայմանագիրը կնքվում է վերապատրաստող կազմակերպության կողմից ատեստավորման ենթակա ուսուցչի փաստաթղթերի` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին համապատասխանությունն ստուգվելուց հետո:
12. Ուսուցիչների վերապատրաստման մոդուլները մշակվում են վերապատրաստող կազմակերպության կողմից` նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա և վերապատրաստումն սկսվելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ հաստատվում են վերապատրաստող կազմակերպության ղեկավարի կողմից:
13. Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 օր առաջ ուսուցչին տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության, վերապատրաստման ժամկետի և վայրի մասին:
14. Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած ուսուցչին դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:
15. Վերապատրաստման արդյունքում ստացած վկայականի պատճենը կցվում է ուսուցչի անձնական գործին:
16. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն:
17. Ատեստավորման ենթակա ուսուցիչներին 2011 թվականի նոյեմբերին տրված վերապատրաստման վկայականները վավերական են մինչև 2016 թվականի նոյեմբերի 30-ը` ինչպես նույն դպրոցում, այնպես էլ՝ աշխատանքի վայրը փոխելու դեպքում` այլ դպրոցում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |