601.0009.14.06.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 հունիսի 2001 թ. |
N 9 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածին համապատասխան` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
Հաստատել հեռուստառադիոհաղորդումների արտադրության լիցենզավորման կարգը:
Հաստատված է |
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
Կ Ա Ր Գ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների (հեռուստահաղորդումների կամ ռադիոհաղորդումների) արտադրության լիցենզավորման պայմանները:
2. Լիցենզավորման ենթակա են այն իրավաբանական անձինք, որոնք իրականացնելու են որոշակի ծրագրային քաղաքականություն:
Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների արտադրություն Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակելու համար:
3. Լիցենզավորումն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
4. Լիցենզիայի ձևը հաստատում է Հանձնաժողովը:
5. Հանձնաժողովը վարում է լիցենզիաների գրանցամատյան, որի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են:
6. Լիցենզիան տրվում է անժամկետ:
7. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
8. Լիցենզավորման համար գանձվում է լիցենզային վճար, որի միասնական չափը սահմանում է Հանձնաժողովը. դա չի կարող լինել ավելի, քան սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հազարապատիկը: Լիցենզային վճարը փոխանցվում է պետական բյուջե:
9. Չի թույլատրվում լիցենզիան այլ անձանց օգտագործման տալ, օտարել կամ գրավադրել:
10. Վերակազմակերպման, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` 15 օրվա ժամկետում դիմել Հանձնաժողով` լիցենզիայի վերաձևակերպման համար: Դիմումին կցվում են նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթեր:
Լիցենզիան վերաձևակերպվում է Հանձնաժողովի որոշմամբ, որի հիման վրա լիցենզիաների գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:
11. Լիցենզիան կորցնելու դեպքում հեռուստառադիոընկերությունը դրա մասին հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով և դիմում Հանձնաժողով: Հանձնաժողովը լիցենզիայի կրկնօրինակ է տալիս հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` 3 օրվա ընթացքում:
Լիցենզիայի կրկնօրինակ տրվում է նաև լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում` դիմում տալուն հաջորդող երրորդ օրը: Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
12. Լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու, այն վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով:
13. Լիցենզիայի պահանջների կատարման և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ ԵՎ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
14. Լիցենզիա ստանալու համար դիմողը պատշաճ ձևով Հանձնաժողովի քարտուղարություն է հանձնում դիմում և կից փաստաթղթեր` սույն կարգի հավելվածում սահմանված դիմումի ձևին և փաստաթղթերի ցանկին համապատասխան:
15. Դիմողը պատասխանատու է ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:
16. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում` դրանք ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում, Հանձնաժողովը նախազգուշացում է ուղարկում դիմողին:
17. Դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա կազմվում է դիմողի անվանական գործ:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
18. Հանձնաժողովն իր նիստում դիմումը քննարկում և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում: Հանձնաժողովն իր նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ տեղեկատվություն է հրապարակում մամուլում:
19. Դիմողը հրավիրվում է Հանձնաժողովի նիստին, որի մասին նրան պատշաճ հայտնվում է նիստից առնվազն 7 օր առաջ: Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացված դիմողի չներկայանալն արգելք չէ դիմումը քննարկելու և որոշում ընդունելու համար:
20. Դիմումի քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) լիցենզիա տալու մասին.
բ) լիցենզիա տալը մերժելու մասին:
21. Լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, կամ չեն համապատասխանում օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.
բ) դիմողն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հեռուստառադիոհաղորդումների արտադրությամբ.
գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների արտադրության տեխնիկական հնարավորությունները կամ դրանք բավարար չեն:
22. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
23. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում դիմումը կարող է բավարարվել վերապահումով, այն պայմանով, որ լիցենզիան կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում:
24. Լիցենզիա տալը մերժելը չի սահմանափակում դիմողի իրավունքը` լիցենզիա ստանալու նոր դիմում ներկայացնել ընդհանուր կարգով:
25. Լիցենզիա տալու կամ այն տալը մերժելու մասին որոշման պատճենը տրվում է դիմողին` որոշման ընդունումից հետո, տասնօրյա ժամկետում:
26. Լիցենզիա տալու որոշման պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում լիցենզավորված անձը պարտավոր է մուծել լիցենզային վճարը:
27. Լիցենզային վճարը մուծվում է միանվագ:
28. Լիցենզիան տրվում է վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում:
29. Լիցենզիան գրանցամատյանում գրանցվում և ուժի մեջ է մտնում այն տալու պահից:
30. Հանձնաժողովում կազմվում է լիցենզավորված անձի անհատական գործ, որը պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով: Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիցենզիան վերադարձվում է Հանձնաժողով և կարվում է նրա անհատական գործին:
Հավելված
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ
(նշել անհրաժեշտը)
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
Դ Ի Մ ՈՒ Մ
Դիմող ___________________________________________________
(Հեռուստառադիոընկերության անվանումը) |
|
Գտնվելու վայրը _____________________________________________
________________________________________________________
Հաղորդումների թեմատիկան և մասնագիտացումը __________________ ______
_______________________________________________________
Տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին ___________________________________________________________
(ցանկը, գտնվելու վայրը, տեխնիկական բնութագրեր, հավաստագրեր) |
Տեղեկություններ հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին ______
_______________________________________________________
Հաղորդումների լեզուն _______________________________________
Տնօրեն __________________ Ստորագրությունը _________________
Կ.Տ |
__ _________ 2001 թ.
|
ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Ց Ա Ն Կ
N Փաստաթղթի անվանումը 1. 2. 3. 4.
Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը
Կանոնադրության պատճենը
Զանգվածային լրատվության միջոցի գրանցման մասին ՀՀ արդարադատության նախարարության վկայականի պատճենը
Պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2 օգոստոսի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 01121
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2002, N 3 | 16.02.2002, N 9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|