Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կիպրոսի Հանրապետության կառավարությունը,
ցանկանալով ընդլայնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հիմնվելով իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքի վրա և
ընդունելով զբոսաշրջության զարգացման կարևորությունը տնտեսական հարաբերությունների համար, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը, մասնավորապես, կամրապնդեն և կընդլայնեն երկու երկրների միջև համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում` հանուն երկու ժողովուրդների կյանքի, պատմության և մշակույթի փոխիմացության, ինչպես նաև ի շահ տնտեսական փոխադարձ կապերի զարգացման:
Սույն Համաձայնագրին համապատասխան` սահմանված համագործակցությունը իրականացվում է Կողմերի համապատասխան օրենսդրությամբ և, մասնավորապես, բյուջեի թույլատրելի սահմաններում:
Հոդված 2
Կողմերը, իրենց օրենսդրությանը և կանոնակարգերին համապատասխան, կդյուրացնեն ճամփորդական ընթացակարգերը` նպատակ ունենալով ամրապնդելու երկու երկրների միջև զբոսաշրջային երթևեկությունը:
Հոդված 3
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձնում իրենց երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը` մասնավորապես կազմակերպված և ոչ կազմակերպված զբոսաշրջության, թեմատիկ մասնագիտացված ճանապարհորդական խմբերի միջև, ինչպիսին են կոնգրեսները, համաժողովները, ցուցահանդեսները, մարզական միջոցառումները, երաժշտական և թատերական փառատոները:
Հոդված 4
Կողմերը սերտ կհամագործակցեն իրենց գերատեսչությունների և զբոսաշրջային կազմակերպությունների, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը մասնակից այլ կազմակերպությունների հետ:
Հոդված 5
Կողմերը բարյացակամորեն կվերաբերվեն զբոսաշրջային տեղեկատվության տարածմանը, որպեսզի ամրապնդեն զբոսաշրջային երթևեկությունը, մասնավորապես, հրապարակումների, տեղեկատվության և գովազդի, տպագիր նյութերի, ֆիլմերի և ցուցահանդեսների փոխանակումը:
Հոդված 6
Կողմերը միջոցներ են ձեռնարկում միմյանց օգնելու հյուրանոցային աշխատակազմի և զբոսաշրջության ոլորտի աշխատողների ուսուցման և վերապատրաստման գործում, ինչպես նաև խրախուսում են, որ զբոսաշրջության զարգացման հեռանկարների և ծրագրերի մշակման և դրանց իրագործման հետ կապ ունեցող թե հասարակական և թե մասնավոր կազմակերպությունները կարողանան միմյանց հետ կնքել համաձայնագրեր:
Հոդված 7
Կողմերը ջանքեր կգործադրեն հետագա համագործակցությունը զարգացնելու համար իրենց համապատասխան գերատեսչությունների միջև` զբոսաշրջության միջազգային կազմակերպություններում, և կփոխանակեն այդ ոլորտում իրենց ձեռքբերումների հետ կապված տեղեկությունը:
Հոդված 8
Կողմերը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն, որ երկու երկրների զբոսաշրջության բնագավառի համապատասխան գերատեսչությունները և կազմակերպությունները կարողանան իրականացնել զբոսաշրջության վերաբերյալ տեղեկության, փորձի, տվյալների և այլ փաստաթղթերի փոխանակում` իրենց իրավասության շրջանակում:
Հոդված 9
Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման առնչությամբ ծագած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են բանակցությունների միջոցով: Եթե նման վեճերը չեն լուծվում բանակցությունների սկսման պահից հետո երեք ամսվա ընթացքում, ապա Կողմերը կարող են վեճը լուծել` դիմելով միջնորդ դատարանին կամ դատավորին:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին միմյանց վերջին ծանուցման օրը:
Սույն Համաձայնագիրը կգործի 5 տարի ժամկետով:
Նշված ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագիրն ինքնաբերաբար կնորացվի ևս 5 տարի ժամկետով, եթե այդ ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ Կողմերից որևէ մեկը մյուս Կողմին գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Նիկոսիա քաղաքում 1995 թվականի հունվարի 18-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունվարի 18-ից:
