Գլխավոր տեղեկություն
Համար
N 126-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2020-12.05.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.04.03/33(1588) Հոդ.78
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.03.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 126-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 47-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ նաև Խումբ) ձևավորման և հասարակական վերահսկողության իրականացման կարգը՝ համաձայն Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 20-ից: Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահին Խմբի անդամ կամ փորձագետ հանդիսացող անձինք շարունակում են պաշտոնավարել մինչև Խմբի անդամի կամ փորձագետի համար՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված կարգով ստացված վկայականի գործողության ժամկետի ավարտը: Խմբի կողմից 2019 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված ժամկետներում:

 

 

Ռ. Բադասյան

 

Հավելված

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 20-ի

N 126-Ն հրամանի

 Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կազմում ընդգրկվելու ընթացակարգը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում ուսումնասիրությունների ու դիտարկումների իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի իրավասությունները:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնում է հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ): Խումբը քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) պահվող անձանց (այսուհետ՝ կալանավորված անձինք և դատապարտյալներ) իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող վերահսկող մարմին է:

3. Խմբի գործունեության նպատակներն են՝

1) կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, իրավունքների խախտումների բացահայտումը, վեր հանված հիմնախնդիրները հասարակությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) ներկայացնելը, քրեակատարողական ծառայության գործունեությանն աջակցությունը.

2) քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.

3) քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի վերլուծությունները, եզրակացությունները և առաջարկությունները նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը.

4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

 

II. ԽՄԲԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

4. Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու գործընթացը կազմակերպվում է Խմբի կողմից:

5. Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու համար անցկացվող մրցույթը սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակվում է դրա մասին հայտարարություն:

6. Հայտարարությունը հրապարակվում է Խմբի www.pmg.am և նախարարության www.moj.am պաշտոնական կայքէջերում:

7. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն էլեկտրոնային փոստի հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը.

2) հայտերի ընդունման օրը և ժամը.

3) դիմորդին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

 

III. ԴԻՄՈՐԴԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

8. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, բարձրագույն կրթություն և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, հասարակական կազմակերպության այն ներկայացուցիչը, ով ունի քրեակատարողական ոլորտի երկու կամ ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում: Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:

9. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով.

4) պետական ծառայող է.

5) ընդգրկված է այլ դիտորդական խմբում, որպես խմբի անդամ:

10. Խմբի կազմում ընդգրկվելու հայտերը (Ձև 3) ներկայացվում են Խմբին սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտարարությունը հրապարակվելուց հետո՝ հայտարարությամբ նախատեսված ժամկետում:

11. Դիմորդը հայտում լրացնում է իր անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:

12. Դիմորդը հայտին կից ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն), բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմ (բնօրինակ և պատճեն) և այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են հասարակական կազմակերպության ներկայացուցչի՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը և դիմորդի՝ սույն կարգի 9-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը:

13. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են իրավասու մարմնին հանձնվել առձեռն՝ ուղարկվելով փոստով կամ ներկայացվելով հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:

14. Փաստաթղթերն ընդունելու նպատակով Խմբի կողմից վարվում է համապատասխան գրանցամատյան, որտեղ նշվում են դիմորդի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:

15. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք ներկայացվել են փոստ՝ մինչև սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետի ավարտը:

16. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ դիմորդը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

 

IV. ԽՄԲԻ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

17. Խմբի կազմում դիմորդի ընդգրկումն անցկացվում է փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:

18. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում դիմորդը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

19. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմորդի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

20. Մրցույթի արդյունքում Խմբի կողմից ընտրված անդամի թեկնածությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ՝ նախարար) հաստատմանը: Նախարարը կարող է պահանջել մրցույթի արդյունքում Խմբի կողմից ընտրված անդամի թեկնածության համապատասխանելիությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթեր: Սույն կարգի 8-րդ կետով նշված պահանջներին չհամապատասխանելու կամ 9-րդ կետով նշված հանգամանքների առկայության դեպքում նախարարը Խմբի որոշումը վերանայելու պահանջով դիմում է Խմբին՝ նշելով սույն կարգի 8-րդ կետով նշված պահանջներին անհամապատասխանությունը կամ 9-րդ կետով նշված հանգամանքների առկայությունը:

21. Խմբի կազմը հաստատվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովվում է մրցույթի արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Խմբի www.pmg.am և նախարարության www.moj.am պաշտոնական կայքէջերում:

22. Մրցույթի արդյունքում որպես Խմբի անդամ ընդգրկված անձանց ցանկը Նախարարի կողմից հաստատվելուց հետո նախարարության կողմից տրվում է անդամությունը հաստատող փաստաթուղթ՝ վկայական (Ձև 1), որը նա պետք է կրի իր հագուստի վրա՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում:

23. Վկայական ստանալու համար Խումբը նախարարություն է ներկայացնում Խմբի անդամի 3:4 չափի լուսանկար:

24. Խմբի անդամը Խմբի կազմում ընդգրկվում է երեք տարի ժամկետով՝ ռոտացիոն սկզբունքով: Խմբի նախկին անդամը կարող է կրկին դառնալ Խմբի անդամ անդամության ժամկետը լրանալուց և անդամությունը դադարեցնելուց 6 ամիս հետո:

25. Երկու տարին մեկ անգամ Խմբի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության՝ հաշվի առնելով Կարգի 29-րդ կետով նախատեսված՝ Խմբի անդամների նվազագույն թիվը պահպանելու անհրաժեշտությունը: Ռոտացիայի իրականացման նպատակով Խմբի www.pmg.am և նախարարության www.moj.am պաշտոնական կայքէջերում Խմբի գործունեության 2 տարին լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ Խմբի նոր անդամների համալրման նպատակով հրապարակվում է հայտարարություն՝ համաձայն սույն կարգի 2-րդ գլխի դրույթների: Ռոտացիայի արդյունքում Խմբի անդամների նվազագույն թիվը պահպանելու անհնարինության դեպքում ռոտացիան կիրառվում է Խմբում ընդգրկվելու համար նոր դիմում ներկայացրած անձանց թվի համամասնությամբ: Խմբում նոր անդամների համալրման նպատակով հրապարակված հայտարարության հիման վրա դիմում չներկայացնելու դեպքում ռոտացիա չի կիրառվում և հետագայում ռոտացիայի կիրառման նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է հայտարարություն՝ նախկին հայտարարության հրապարակման պահից 2 ամիս անց՝ մինչև Խմբի կազմի նվազագույն թվի լրանալը, իսկ Խմբի կազմի նվազագույն շեմը լրանալուց հետո Խմբի կազմը նոր անդամներով համալրելու համար՝ մինչև Խմբի կազմի առավելագույն թվի լրանալը մրցույթը հայտարարվում է 3 ամիսը մեկ անգամ:

26. Խումբը դռնբաց նիստի ընթացքում մեկ տարի ժամկետով ընտրում է նախագահ: Նույն անձը երկու տարի անընդմեջ չի կարող ընտրվել Խմբի նախագահ:

27. Նախագահի լիազորությունների դադարեցման դեպքում սույն կարգի 26-րդ կետով նախատեսված կարգով կատարվում է նոր նախագահի ընտրություն:

28. Խմբի նախագահը ղեկավարում է Խմբի գործունեությունը:

29. Խումբը բաղկացած է ոչ պակաս, քան ութ և ոչ ավելի, քան քսանմեկ անդամներից: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբում կարող է ունենալ մեկ անդամ:

30. Խմբում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն կարգով նախատեսված կարգով:

31. Այն դեպքում, երբ անցկացված մրցույթի արդյունքում չի ապահովվում Խմբի կազմի նվազագույն թիվը, մրցույթն անցկացնելուց երկու ամիս հետո սույն կարգով հայտարարվում է մրցույթ՝ մինչև Խմբի կազմի նվազագույն քանակի ապահովումը:

32. Խմբի կազմի առավելագույն թիվը համալրելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի կամ Խմբի անդամների երկու երրորդի նախաձեռնությամբ սույն կարգով հայտարարվում է մրցույթ՝ մինչև սույն կարգով սահմանված Խմբի կազմի առավելագույն քանակը:

 

V. ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

33. Անհրաժեշտության դեպքում Խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետներ:

34. Խումբն իր գործունեության մեջ փորձագետներ ներգրավելու անհրաժեշտության դեպքում դիմում է նախարարությանը՝ ներկայացնելով փորձագետների ներգրավման անհրաժեշտության վերաբերյալ դիմում, փորձագետներին ներկայացվող պահանջները, պարտականությունների շրջանակը և ներգրավման ժամկետները:

35. Փորձագետների ներգրավման մրցույթի վերաբերյալ հայտարարության տեղադրումը և հայտերի ներկայացումն իրականացվում է սույն կարգի 2-րդ գլխով նախատեսված կարգով:

36. Դիմորդ կարող է լինել սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմորդին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձը:

37. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով.

4) պետական ծառայող է:

38. Փորձագետների ներգրավումն անցկացվում է փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջությունը և համապատասխանությունը: Դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Խումբը, որը փաստաթղթերի ամբողջությունն ու համապատասխանությունը ստուգելուց հետո կազմում է համապատասխան արձանագրություն:

39. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում դիմորդը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

40. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմորդի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում: Մրցույթի արդյունքում Խմբի կողմից ընտրված փորձագետի թեկնածությունները ներկայացվում են Նախարարի հաստատմանը: Նախարարը կարող է պահանջել մրցույթի արդյունքում Խմբի կողմից ընտրված փորձագետի թեկնածության համապատասխանելիությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթեր: Սույն կարգի 8-րդ կետով նշված պահանջներին չհամապատասխանելու կամ 37-րդ կետով նշված հանգամանքների առկայության դեպքում նախարարը Խմբի որոշումը վերանայելու պահանջով դիմում է Խմբին՝ նշելով սույն կարգի 8-րդ կետով նշված պահանջներին անհամապատասխանությունը կամ 37-րդ կետով նշված հանգամանքների առկայությունը:

41. Խումբը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Խմբի www.pmg.am և նախարարության www.moj.am պաշտոնական կայքէջերում: Խմբի կազմում նոր փորձագետ ընդգրկելու համար անցկացվող մրցույթը սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակվում է դրա մասին հայտարարություն:

42. Մրցույթի արդյունքում որպես փորձագետ ներգրավված անձանց նախարարության կողմից տրվում է որպես փորձագետ ներգրավված լինելը հաստատող փաստաթուղթ՝ փորձագետի վկայական (Ձև 2):

43. Վկայականը տրամադրվում է Խմբին ներկայացված դիմումի մեջ նշված ժամկետով, որը նա պետք է կրի իր հագուստի վրա՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում:

44. Վկայական ստանալու համար Խումբը նախարարություն է ներկայացնում Խմբի փորձագետի 3:4 չափի լուսանկար:

45. Փորձագետը քրեակատարողական հիմնարկներ կարող է այցելել միայն Խմբի անդամների հետ:

 

VI. ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

46. Անհրաժեշտության դեպքում Խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել փորձնակներ 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով:

47. Խումբն իր գործունեության մեջ փորձնակներ ներգրավելու անհրաժեշտության դեպքում դիմում է նախարարությանը՝ ներկայացնելով փորձնակների ներգրավման անհրաժեշտության վերաբերյալ դիմում, փորձնակներին ներկայացվող պահանջները, պարտականությունների շրջանակը և ներգրավման ժամկետները:

48. Փորձնակների ներգրավման մրցույթի վերաբերյալ հայտարարության տեղադրումը և հայտերի ներկայացումն իրականացվում է սույն կարգի 2-րդ գլխով նախատեսված կարգով:

49. Դիմորդ կարող է լինել հայերենին տիրապետող, 22 տարին լրացած, բարձրագույն կրթություն և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, հասարակական կազմակերպության այն ներկայացուցիչը, ով ունի քրեակատարողական ոլորտի մեկ կամ ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին երեք տարիների ընթացքում: Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:

50. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով.

4) պետական ծառայող է:

51. Փորձնակների ներգրավումն անցկացվում է փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջությունը և համապատասխանությունը: Դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Խումբը, որը փաստաթղթերի ամբողջությունն ու համապատասխանությունը ստուգելուց հետո կազմում է համապատասխան արձանագրություն:

52. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում դիմորդը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

53. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմորդի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում: Մրցույթի արդյունքում Խմբի կողմից ընտրված փորձնակի թեկնածությունները ներկայացվում են Նախարարի հաստատմանը: Նախարարը կարող է պահանջել մրցույթի արդյունքում Խմբի կողմից ընտրված փորձնակի թեկնածության համապատասխանելիությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթեր: Սույն կարգի 8-րդ կետով նշված պահանջներին չհամապատասխանելու կամ 50-րդ կետով նշված հանգամանքների առկայության դեպքում Նախարարը Խմբի որոշումը վերանայելու պահանջով դիմում է Խմբին՝ նշելով սույն կարգի 8-րդ կետով նշված պահանջներին անհամապատասխանությունը կամ 50-րդ կետով նշված հանգամանքների առկայությունը:

54. Խումբը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Խմբի www.pmg.am և նախարարության www.moj.am պաշտոնական կայքէջերում: Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու համար անցկացվող մրցույթը սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակվում է դրա մասին հայտարարություն:

55. Մրցույթի արդյունքում որպես փորձնակ ներգրավված անձանց նախարարության կողմից տրվում է որպես փորձնակ ներգրավված լինելը հաստատող փաստաթուղթ՝ փորձնակի վկայական (փորձագետի վկայականի օրինակով):

56. Վկայականը տրամադրվում է Խմբին ներկայացված դիմումի մեջ նշված ժամկետով, որը նա պետք է կրի իր հագուստի վրա՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում:

57. Վկայական ստանալու համար Խումբը նախարարություն է ներկայացնում Խմբի փորձնակի 3:4 չափի լուսանկար:

58. Փորձնակը քրեակատարողական հիմնարկներ կարող է այցելել միայն Խմբի անդամների հետ:

 

VII. ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

59. Խմբի անդամները, փորձագետները և փորձնակները գործում են հասարակական հիմունքներով:

60. Խումբն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և Խմբի գործունեության էթիկայի կանոններով։

61. Խումբը համագործակցում է քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ:

62. Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ, տեղում ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում՝ կալանավորված անձանց կամ դատապարտյալների համաձայնությամբ՝ նրա անձնական գործին և գրագրությանը (բացառությամբ՝ օրենքով պաշտպանվող անձնական տվյալների) պատժի կրման պայմաններին, ինչպես նաև հանդիպել կալանավորված անձանց կամ դատապարտյալներին: Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել ձայնագրում, լուսանկարում, տեսագրում՝ պահպանելով օրենքով, սույն կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով նախատեսված դրույթները:

63. Եթե խմբի անդամը փաստաբան է, ապա նա չի մասնակցում քրեակատարողական հիմնարկներում պահվող այն անձանց այցելություններին, ովքեր նրա վստահորդներն են:

64. Խմբի կողմից վարվում է գրանցամատյան, որտեղ մուտքագրվում են Խմբին հասցեագրված բոլոր դիմում-բողոքները՝ նշելով ստացված փաստաթղթի ամսաթիվը և ուղարկող անձի տվյալները:

65. Խմբի անդամների մուտքը քրեակատարողական հիմնարկներ թույլատրվում է Խմբի անդամների վկայականների հիման վրա, որը հասանելի է նախարարության www.moj.am պաշտոնական կայքէջում:

66. Խումբն իր աշխատանքների լուսաբանման համար կարող է ունենալ պաշտոնական կայքէջ:

67. Խմբի անդամը, Խմբի առնվազն երկու երրորդի կողմից հավանության արժանանալուց հետո, կարող է իրականացնել ֆինանսական միջոցների հայթայթում, ներկայացնել դրամաշնորհային ծրագիր, Խմբի աշխատանքներին օժանդակելու նպատակով: Հաշվետու տարվա հաջորդող ապրիլի 15-ը հանրությանը ներկայացնում է ֆինանսական աղբյուրների վերաբերյալ հաշվետվություն, որը հրապարակվում է Խմբի www.pmg.am պաշտոնական կայքէջում:

 

VIII. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

68. Խմբի կողմից վերահսկողությունն իրականացվում է քրեակատարողական օրենսդրության ուսումնասիրության, քրեակատարողական հիմնարկներ այցելություններ կատարելու և կատարված ուսումնասիրությունների ու այցելությունների հիման վրա Նախարարին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու ձևով:

69. Ներկայացվում են երեք տեսակ հաշվետվություններ՝ հրատապ, ընթացիկ և տարեկան, որոնց կապակցությամբ նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները:

70. Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են Խմբի կողմից վերահսկողություն իրականացնելիս բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ անմիջապես ձեռնարկվում են համապատասխան գործողություններ, իսկ մեկնաբանությունները տրվում են մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Հրատապ հաշվետվությունների՝ Խմբի որոշմամբ հաստատված լինելը պարտադիր չէ։ Հրատապ հաշվետվությունները ուղարկվում են Նախարարին՝ Խմբի նախագահի ստորագրությամբ և այցելությունը կատարած Խմբի անդամների համաձայնությամբ։ Խմբի մյուս անդամները ուղարկված հրատապ հաշվետվության մասին պարտադիր տեղեկացվում են Խմբի հերթական նիստի ժամանակ։

71. Ընթացիկ հաշվետվություններում ներկայացվում են կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների խախտման, քրեակատարողական հիմնարկների և մարմինների կողմից Խմբի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հստակ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

72. Տարեկան հաշվետվություններում ներկայացվում են յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, Խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Տարեկան հաշվետվությունները կազմվում են յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 15-ը, որոնց կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երկու ամսվա ընթացքում:

73. Քրեակատարողական հիմնարկներ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները չեն կարող հրապարակվել առանց նախարարության մեկնաբանությունների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սահմանված ժամկետում համապատասխան մեկնաբանությունները չներկայացնելու դեպքերի: Հաշվետվություններն ու դրանց մեկնաբանությունները տեղադրվում են նաև նախարարության պաշտոնական կայքէջում։

74. Վերահսկողության լիարժեք իրականացման նպատակով Խումբը տարվա մեջ առնվազն մեկ անգամ պետք է այցելի բոլոր քրեակատարողական հիմնարկներ և առնվազն երկու տարին երեք անգամ՝ բոլոր քրեակատարողական մարմիններ:

75. Խմբի անդամը քրեակատարողական հիմնարկներ կարող է այցելել ցանկացած օր (այդ թվում՝ ոչ աշխատանքային օր): Այցելությունները կատարվում են Խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ: Ոչ աշխատանքային ժամերին Խմբի անդամը կարող է այցելել քրեակատարողական հիմնարկ հիմնարկի վարչակազմի որոշմամբ:

76. Խմբի անդամը կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ, վերջիններիս ցանկության դեպքում, որպես կանոն կարող է հանդիպել մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ արգելք սահմանված չէ:

 

IX. ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

77. Խմբի նախագահը՝

1) կազմակերպում և ղեկավարում է Խմբի աշխատանքը,

2) իրականացնում է Խմբի անդամների միջև աշխատանքի բաշխում,

3) հրավիրում և վարում է Խմբի նիստերը կամ նիստերի վարումը հանձնարարում է իր տեղակալին,

4) հետևում է քրեակատարողական հիմնարկներ սույն կարգով սահմանված քանակով տարեկան այցելությունների կատարմանը և դրանց հիման վրա հաշվետվությունների ներկայացմանը,

5) Խմբի անդամի՝ նիստերին երեք անգամ անհարգելի բացակայության դեպքում տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դնում է քվեարկության,

6) Խմբի անդամի՝ տարեկան այցելություններին երեք անգամից ավելի անհարգելի հիմունքով չմասնակցելու և այցելությունների հաշվետվությունները չներկայացնելու դեպքում տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դնում է քվեարկության։

7) Խմբի անդամի կողմից էթիկայի կանոնները խախտելու և իր լիազորությունները վերազանցելու դեպքում տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դնում է քվեարկության։

78. Խմբի անդամն իրավասու է՝

1) մասնակցել խմբի նիստերին,

2) ներկայացնել առաջարկություն Խմբի նիստի օրակարգում ներառվելիք հարցերի, ինչպես նաև քննարկվող այլ հարցերի վերաբերյալ,

3) ծանոթանալ Խմբի գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերին, այդ թվում՝ նաև

ա․Խմբի ժողովների արձանագրություններին,

բ․այցելությունների արդյունքում կազմված հաշվետվություններին,

գ․Խմբի կողմից ընդունված որոշումներին,

դ․Խմբի կողմից կազմված դիմումներին և հարցումներին, ինչպես նաև դրանց պատասխաններին,

ե․ Խմբի կողմից նախապատրաստվող ծրագրերին,

զ․ֆինանսական աղբյուրների մասին հաշվետվություններին և այլն,

4) տեղյակ լինել Խմբի յուրաքանչյուր անդամի` այլ մարմինների հետ հանդիպումների, ինչպես նաև դրանց արդյունքների մասին, եթե դա կապված է Խմբի գործունեության հետ,

5) հանդես գալ Խմբի գործունեությանն առնչվող, ինչպես նաև Խմբի գործունեությունը բարելավող առաջարկություններով:

79. Խմբի անդամը պարտավոր է՝

1) տեղյակ պահել Խմբի քարտուղարությանը կամ նախագահին կատարվելիք այցելության՝ ժամանակի, վայրի, ինչպես նաև այցելությունն իրականացնող Խմբի անդամների կազմի մասին,

2) կատարել Խմբի կողմից ընդունված որոշումները,

3) իր գործունեությամբ նպաստել Խմբի հեղինակության բարձրացմանը,

4) Խմբի անունից հանդես գալուց առաջ կատարվելիք գործողությունները նախապես համաձայնեցնել Խմբի հետ,

5) չօգտագործել Խմբի անդամությունը անձնական շահերի համար,

6) հարգալից վերաբերմունք ցուցաբերել խմբի անդամների, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների, ինչպես նաև՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ,

7) կատարված այցելության մասին սույն կարգով նախատեսված կարգով կազմել հաշվետվություն,

8) տեղեկություններ հրապարակելուց առաջ ստուգել դրանցում զետեղված տվյալների հիմնավորվածությունը և չխեղաթյուրել իրական փաստերը:

 

X. ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

80. Խումբն առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում և անց է կացնում նիստեր, որոնց ընթացքում կայացվում են որոշումներ: Խմբի նիստերը որպես կանոն անց են կացվում դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել նախարարության, նաև զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ: Խմբի նախագահի պատճառաբանված որոշմամբ Խմբի նիստերը կարող են անցկացվել դռնփակ՝ բացառությամբ այն նիստերի, որոնց ընթացքում ներկայացվում են տարեկան հաշվետվությունները: Խմբի հերթական նիստի անցկացման մասին առնվազն 3, իսկ արտահերթ նիստի դեպքում առնվազն 1 օր առաջ տեղեկացնում են Նախարարին և Խմբի անդամներին՝ նախապես ծանոթացնելով նիստի օրակարգին:

81. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել՝

1) Խմբի յուրաքանչյուր անդամ,

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

82. Խմբի նիստը համարվում է կայացած, եթե ներկա է անդամների կեսից ավելին: Որոշման ընդունման համար անհրաժեշտ է Խմբի անդամների ձայների կեսից ավելին (բացառությամբ՝ Խմբի գործունեության էթիկայի կանոնների հաստատման և Խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության դեպքում):

83. Տարեկան հաշվետվությունների հաստատման որոշումը ստորագրում են Խմբի բոլոր անդամները, իսկ ընթացիկ հաշվետվությունների հաստատման որոշումը ստորագրում է Խմբի նախագահը։ Եթե խմբի որևէ անդամ համաձայն չէ որոշմամբ հաստատված հաշվետվության որևէ կետի հետ, ապա այդ մասին կատարվում է համապատասխան նշում կամ հաշվետվությանը կից ներկայացվում է հատուկ կարծիք:

84. Խմբի ցանկացած անդամ կարող է արտահայտել իր անձնական դիրքորոշումը՝ հրապարակելով կամ արձանագրելով այն: Խմբի գործունեության էթիկայի կանոնները հաստատվում է Խմբի կողմից՝ Խմբի անդամների երկու երրորդի հավանությամբ՝ նախապես ներկայացնելով կարծիքի նախարարություն:

 

XI. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

85. Խմբի անդամի լիազորությունները կասեցվում են նախարարի հրամանով, եթե.

1) ընդունվել է խմբի անդամի ձերբակալման կամ կալանավորման մասին որոշում,

2) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից լիազորությունների կասեցման մասին ներկայացված համապատասխան միջնորդությունը:

Խմբի անդամի լիազորությունները վերականգնվում են Նախարարի հրամանով, եթե վերացել են սույն կետի 1-ին ենթակետով նշված հանգամանքները, կամ առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Խմբի անդամի լիազորությունների վերականգնման համար:

86. Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Նախարարի հրամանով, եթե.

1) լրացել է Խմբի անդամի լիազորությունների ժամկետը,

2) առկա է Խմբի անդամի դիմումն իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ,

3) առկա է Խմբի անդամի թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը Խմբի անդամի լիազորությունների դադարեցման վերաբերյալ,

4) առկա են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված հիմքերը,

5) խախտել է սույն Կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ քրեակատարողական ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված դրույթները,

6) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից լիազորությունների դադարեցման մասին ներկայացված համապատասխան միջնորդությունը,

7) անհարգելի պատճառով թվով երեք անգամ բացակայել է Խմբի նիստերից,

8) անհարգելի պատճառով երեք անգամից ավելի չի մասնակցել օրացուցային տարվա ընթացքում Խմբի տարեկան այցելություններին և չի ներկայացրել տվյալ այցելությունների հաշվետվությունները:

 

  Ձև 1

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

Նկարի տեղը

ՎԿԱՅԱԿԱՆ N__

______________

(անուն, ազգանուն)

 

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ

Ուժի մեջ է մինչև __ ___ 20__թ.

Նախարար`

  Ձև 2

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏԻ

 

Լուսանկարի տեղադրում

 
 

ՎԿԱՅԱԿԱՆ N__

______________

(անուն, ազգանուն)

 

 

ՓՈՐՁԱԳԵՏ

 

Ուժի մեջ է մինչև __ ___

20__թ.

Նախարար`

  Ձև 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՅՏ

Անուն

 

Ազգանուն

 

Անձնագրի Համար

 

Հեռախոսահամար

 

Էլեկտրոնային Փոստի Հասցե

 

Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ՝

1. անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն)

2. բարձրագույն ուսումնական հաստատության կամ մասնագիտական հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ավարտական վկայական՝ դիպլոմ (բնօրինակ և պատճեն)

3. այլ փաստաթղթեր (բնօրինակ և պատճեն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2022, N 227-Ն 12.05.2022, N 126-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան