ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2009 թ. |
N 01-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերով` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման հավելվածներում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Ուժը կորցրած ճանաչել որոշման Հավելված 1-ի 37-րդ և 40-րդ կետերը:
2. Հավելված 1-ի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12. Դեպարտամենտն իր խնդիրների իրականացման համար կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, առանձնացված ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ՝ ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.
բ) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարանների, Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի, դրա հանձնաժողովների, Արդարադատության խորհրդի աշխատակազմի գործառույթները.
գ) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի և դրա հանձնաժողովների նիստերը.
դ) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.
ե) վարում է դատավորների անձնական գործերը.
զ) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
է) ապահովում է դատարաններում հասարակական կարգի պահպանումը և անվտանգությունը.
ը) ապահովում է տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.
թ) պահպանում է դատարանների գույքը, ինչպես նաև վարչական շենքերը և դրանց սպասարկման տարածքները.
ժ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.
ժա) համակարգում է արտաքին ոլորտին վերաբերող, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված աշխատանքները.
ժբ) ապահովում է օտարերկրյա դատական մարմինների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության համագործակցությունը.
ժգ) պատրաստում է անհրաժեշտ տեղեկատվություն դատական իշխանության ներկայացուցիչների, դատական ծառայողների արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին.
ժդ) ապահովում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցչությունն արտաքին հարաբերություններում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչների արտասահմանյան այցերի հետ կապված աշխատանքները, արարողակարգային միջոցառումները.
ժե) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:»։
3. Հավելված 1-ի 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«36. Դատական պրակտիկայի ամփոփման վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) նախնական հետազոտությունների արդյունքում ներկայացնում է դատական պրակտիկայի ամփոփման արդիական թեմաներ.
բ) աշխատանքային գործունեության ծրագրի համաձայն կամ դատական ակտերի հիման վրա` ուսումնասիրում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից նյութական և դատավարական օրենսդրության նորմերի կիրառման պրակտիկան, կազմում է դատական պրակտիկայի ամփոփման վերլուծական տեսություն.
գ) քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները՝ կապված դատական պրակտիկայում առկա հակասությունների հետ, և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ.
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական վիճակագրության վարումը և ամփոփումը.
ե) կազմում է Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննության վիճակագրական վերլուծական տեսություն.
զ) քննարկում է անձանց դիմումները` կապված դատական վիճակագրության տվյալների հետ.
է) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:»։
4. Ուժը կորցրած ճանաչել Հավելված 2-ի 1-ին բաժնի 1-ին կետի «դ» և 4-րդ կետի «ա» ենթակետերը։
Ա. Մկրտումյան |