ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0455/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0455/02/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան | |
Դատավորներ՝ Ա. Խառատյան Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Զելիմ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Անժելիկա Գասպարյանի հայցի ընդդեմ Զելիմ Սիմոնյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Անժելիկա Գասպարյանը պահանջել է բռնագանձել Զելիմ Սիմոնյանից 1.367.485 ՀՀ դրամ որպես անհիմն հարստացում:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 07.07.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զելիմ Սիմոնյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ և 1099-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա այն ապացույցները, որոնցով հիմնավորվում է կողմերի փաստական փոխհարաբերությունները, նրանց կողմից ընդհանուր նյութական և այլ կարիքները բավարարելու նպատակով ներդրած միջոցների վերաբերյալ ապացույցները: Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը, քանի որ կողմերի նման փաստական հարաբերությունների պայմաններում, երբ երկուստեք առանց որևէ պարտավորության և հետ ստանալու ակնկալիքի, կամավոր, միջոցներ են ներդրվել ընդհանուր կարիքները հոգալու համար, չի կարող որակվել որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածով նախատեսված ուրիշի հաշվին գույքի ձեռք բերում կամ խնայում: Այնուհետև, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Զ.Սիմոնյանը չի ապացուցել այն հանգամանքը, որ հայցվոր Ա.Գասպարյանը գիտեր պարտավորության բացակայության մասին, կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով», Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ նշվածը հիմք է Դատարանի վճիռը բեկանելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.07.2008 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Հայցվորի կողմից պատասխանողին դրամական գումար փոխանցելու համար առկա չէ որևէ իրավական հիմք, հետևաբար ակնհայտ է, որ սույն գործի շրջանակներում անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորություններն առկա են:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Անժելիկա Գասպարյանը և Զելիմ Սիմոնյանը 2006 թվականից վարել են համատեղ կյանք, առանց ամուսնության գրանցման: Կողմերը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի աշխատակիցներ են:
2. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ 27.02.2008թ. տեղեկանքի համաձայն` 02.02.2005թ. բանկի կողմից Զ.Սիմոնյանին տրամադրվել է 23.850 ԱՄՆ դոլարի բնակարանային վարկ, որն ամբողջությամբ մարվել է 25.10.2007թ., իսկ 16.03.2006թ. տրամադրվել է 8.000 ԱՄՆ դոլար վարկ, որն ամբողջությամբ մարվել է 20.02.2007թ. (հատոր 1, գ.թ.28):
3. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ 05.03.2008թ. տեղեկանքի համաձայն` Ա.Գասպարյանի անվամբ սպասարկվող դրամական հաշվից 20.10.2005 թվականից մինչև 21.08.2006 թվականը թվով 9 անգամ գումարներ է փոխանցել նույն բանկում Զ.Սիմոնյանի անվամբ սպասարկվող դոլարային հաշվին, ընդհանուրը 1.367.485 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ, նշվել է, որ գումարների փոխանցման հանձնարարականներում նշված չէ որևէ վարկի մարում կատարելու գործարքի նպատակ (հատոր 1, գ.թ. 15):
4. «Արմենիա թրավել+Մ» ՍՊԸ գլխավոր տնօրենի 27.02.2008թ. տեղեկանքի համաձայն` 27.06.2006 թվականին Զ.Սիմոնյանն ընկերությունից ձեռք է բերել 2 ավիատոմս և վճարել դրանց գումարը (հատոր 1, գ.թ. 19, 20):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք Անժելիկա Գասպարյանի կողմից Զելիմ Սիմոնյանի բանկային հաշվին կատարված գումարային փոխանցումների արդյունքում վերջինս անհիմն հարստացել է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ սույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
⚖ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,
2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն հարստացման առկայության փաստի ապացուցման բեռը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, դրված էր հայցվորի` Ա.Գասպարյանի վրա: Մինչդեռ, դատաքննության ընթացքում Ա. Գասպարյանի կողմից չի հիմնավորվել ներկայացված պահանջը, ինչը հաստատվում է սույն գործում առկա ապացույցներով և ստորև ներկայացված հիմնավորմամբ:
Մասնավորապես, գործի նյութերից հետևում է, որ կողմերը 2006 թվականից գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, վարել են համատեղ տնտեսություն և ընդհանուր միջոցների հաշվին կատարել են ծախսեր: Գործում առկա նյութերով չի հիմնավորվում փոխանցված գումարները Զ.Սիմոնյանի կողմից առանց օրենքով, այլ իրավական ակտով կամ գործարքով սահմանված հիմքի ձեռք բերելու փաստը: Այսինքն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գումարների փոխանցումը կատարվել է օրինական հիմքով, այն է` Ա. Գասպարյանի կամքով և ցանկությամբ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա. Գասպարյանի կողմից Զ.Սիմոնյանի հաշվին փոխանցված գումարներն անհիմն հարստացում համարվել չեն կարող, քանի որ բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածով սահմանված անհիմն հարստացման պարտադիր հատկանիշները:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածին, ապա դրանում սահմանված են անհիմն հարստացման չվերադարձման դեպքերը, մինչդեռ, անհիմն հարստացման բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից նշված հոդվածի պահանջները կիրառվել չէին կարող:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 07.07.2008 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |