«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007090
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 դեկտեմբերի 2006 թ. |
N 1408-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005 թ. N 2121-Ն որոշման 2-րդ կետի ա) ենթակետի, ինչպես նաև մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հետ աշխատանքի կազմակերպման գործընթացի կանոնակարգման նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
ա) «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հետ աշխատանքի կազմակերպման կարգը»:
Նախարար՝ | Ն. Դավիդյան |
Կ Ա Ր Գ
ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ I-II ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1.1 Սույն կարգը սահմանում է պահանջներ կազմակերպչական, սանիտարահակահամաճարակային (կանխարգելիչ) այն միջոցառումների նկատմամբ, որոնք ուղղված են անձնական և հասարակական անվտանգության ապահովմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների (այսուհետև` ԱԿԱ)` մարդու համար ախտածին միկրոօրգանիզմների (մանրէներ, վիրուսներ, քլամիդիաներ, ռիկեցիաներ, սնկեր), ներառյալ գենաինժեներային մոդիֆիկացիաների, կենսաբանական ծագման թույների (տոքսինների) հետ աշխատելիս, ինչպես նաև թվարկած ազդակներով վարակվածության կասկածով ցանկացած օբյեկտի և նյութի հետ աշխատելիս (այդ թվում՝ դաշտային, կլինիկական, մասնահատման (սեկցիոն)):
1.2 Սույն կարգը նախատեսված է իրավաբանական անձանց, անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք ախտածնության I - II խմբերի միկրոօրգանիզմներով վարակված կամ կասկածելի վարակված օբյեկտների և նյութերի հետ իրականացնում են հետևյալ աշխատանքները.
- ախտորոշում (հարուցչի, նրա հակածնի կամ հակամարմնի հայտնաբերման, անջատման և տարբերակման նպատակով բիոտիկ և աբիոտիկ օբյեկտների հետազոտություններ),
- պոլիմերազային շղթայական ռեակցիայով (այսուհետև` ՊՇՌ) - ախտորոշում (նմուշների մշակման և պատրաստման փուլ),
- փորձարարական աշխատանքներ (միկրոօրգանիզմների, հելմինթների, տոքսինների և կենսաբանական ծագման թույների օգտագործումով կատարվող ցանկացած աշխատանք),
- արտադրական աշխատանքներ (բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արտադրություն` միկրոօրգանիզմների և նրանց մանրէաբանական սինթեզի արգասիքների օգտագործմամբ),
- կենդանաբանամակաբուծաբանական աշխատանքներ,
- բնական օջախային վարակների տեսակետից էնդեմիկ (էնզոոտիկ) տարածքներում դաշտային նյութի հավաքում և տեղափոխում,
- վայրի ողնաշարավոր կենդանիների և հոդվածոտանիների խնամքի և պահման աշխատանքներ,
- հատուկ վտանգավոր վարակներով հիվանդների տարահանման և հիվանդությունների օջախներում կատարվող աշխատանքներ,
- հիվանդանոցներում (հոսպիտալներ), մեկուսարաններում և օբսերվատորներում կատարվող աշխատանքներ,
- մարդկանց և կենդանիների դիակների հերձման ախտաբանաանատոմիական աշխատանքներ:
2. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ I-II ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1.1. Լաբորատորիաներում I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող անձինք, անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևերից, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը, ունենում են համապատասխան լիցենզիա: Իսկ I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքներ իրականացնող լաբորատորիաներն ակրեդիտացվում են: I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանում պետք է ունենա նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված սանիտարահամաճարակաբանական եզրակացություն` միկրոօրգանիզմների կոնկրետ տեսակների հետ որոշակի աշխատանքների իրականացման հնարավորության վերաբերյալ:
2.1.2. Ախտածին կենսաբանական ազդակների պահպանումը, հաշվառումը, փոխանակումը այլ կազմակերպությունների հետ և ոչնչացումը կատարվում են «Մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգի» համաձայն:
Չի թույլատրվում ախտածին կենսաբանական ազդակների փոխանցումն այն կազմակերպություններին, որոնք համապատասխան ախտածնության խմբի վարակիչ հիվանդությունների հարուցիչների օգտագործման հետ կապված գործունեության Առողջապահության նախարարության կողմից համապատասխան թույլտվություն չունեն:
Ախտածին կենսաբանական ազդակները պահվում են «վարակիչ» գոտում, որտեղ կատարվում են աշխատանքներ դրանց հետ: «Մաքուր» գոտում, որտեղ աշխատանքներ չեն կատարվում ախտածին կենսաբանական ազդակների հետ, թույլատրվում է միկրոօրգանիզմների կուլտուրաների թանգարանային հավաքածուները պահել հատուկ առանձնացված և սարքավորված սենյակներում` ախտածնության I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխմանը ներկայացվող պահանջներին համապատասխան փաթեթավորումով:
Վարակազերծված նյութի փոխանցումը լաբորատորիաների միջև և նրա սահմաններից դուրս թույլատրվում է համապատասխան նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված հատուկ մանրէազերծվածությունը ստուգելուց հետո:
2.1.3. Ախտածնության I խմբի վիրուսների և այն միկրոօրգանիզմների հետ, որոնց տաքսոնոմիական դիրքը և վտանգավորության աստիճանը որոշված չէ, բոլոր տեսակի աշխատանքները, ինչպես նաև օդակենսաբանական հետազոտություններն իրականացվում են առավելագույն մեկուսացված լաբորատորիաներում:
2.1.4. Աշխատանքը ԴՆԹ ռեկոմբինանտ մոլեկուլների հետ կանոնակարգվում է ռեկոմբինանտ մոլեկուլների հետ աշխատանքի անվտանգության նորմատիվ փաստաթղթերով և սույն կարգով:
2.1.5. Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արտադրության աշխատանքները կանոնակարգվում են սույն կարգով և այլ նորմատիվ փաստաթղթերով, որոնցում ներկայացված են պահանջներ արտադրական լաբորատորիաների շինությունների, սարքավորումների, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի վերաբերյալ:
2.1.6. Խոլերայի և բոտուլիզմի կանխարգելման նպատակով իրականացվող խոլերայի և բոտուլինային տոքսինի ախտորոշիչ հետազոտությունները, ինչպես նաև մարդկանց արյան մեջ ախտածնության II խմբի միկրոօրգանիզմների (առանց հարուցչի կուտակման) հակածինների և/կամ նրանց նկատմամբ հակամարմինների հայտնաբերման իմունաբանական (շճաբանական) հետազոտությունները կարող են կատարվել ախտածնության III-IV խմբերի միկրոօրգանիզմների հետ աշխատանքներ իրականացնող լաբորատորիաներում` նրանց համար սահմանված կարգով:
Շճաբանական հետազոտության նյութը ենթակա է նախնական մշակման կարգի 2.8.16 կետի համապատասխան:
Վիրուսների ապակտիվացման կանոնակարգված մեթոդների բացակայության պատճառով ախտածնության II խմբի վիրուսների հակածինների հայտնաբերման և նրանց նկատմամբ հակամարմինների որոշման հետազոտությունները կատարվում են միայն բոքս-սենյակներում և կենսաբանական անվտանգության բոքսերում:
2.1.7. Ախտածնության I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ՊՇՌ ախտորոշումն իրականացվում է նորմատիվ փաստաթղթերի համաձայն այն կազմակերպություններում, որոնք իրենց գործունեությունը կազմակերպում են ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմների հետ` սահմանված կարգով: Վարակազերծված նյութի փոխանցումը կազմակերպության սահմաններից դուրս իրականացվում է սույն կարգի 2.1.2 կետի համաձայն:
Մարդկանց արյան հետազոտությունը բրուցելոզի, պարէնտերալ վիրուսային B և C հեպատիտների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի (առանց հարուցչի կուտակման) նկատմամբ թույլատրվում է իրականացնել այն լաբորատորիաներում, որոնք սահմանված կարգով ունեն ախտածնության III խմբի հարուցիչների հետ աշխատանքների իրականացման համար սանիտարահամաճարակաբանական եզրակացություն: ՊՇՌ մեթոդով աշխատելիս նմուշների վարակազերծումը կատարվում է ախտածնության I-IV խմբերի մանրէներով վարակված նյութի վարակազերծման սահմանված կարգի համաձայն: Ախտածնության II խմբի վիրուսների հետազոտումը կատարվում է բոքս-սենյակներում կամ կենսաբանական անվտանգության բոքսերում:
2.1.8. Արտադրական կամ փորձարարական աշխատանքներ իրականացնող յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման համար մշակվում է կոնկրետ պայմաններում ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի անվտանգության ռեժիմի վերաբերյալ փաստաթուղթ` հաշվի առնելով աշխատանքի բնույթն ու տեխնոլոգիական առանձնահատկությունները: Ընդ որում, անվտանգության պահանջները չպետք է ցածր լինեն սույն կարգով սահմանված պահանջներից: Փաստաթուղթը համաձայնեցվում է կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնախմբի հետ, որը ստեղծվում է կազմակերպությունում և հաստատվում նրա ղեկավարի կողմից:
Նոր մեթոդների և եղանակների մշակման և/կամ ներդրման ժամանակ, որոնց դեպքում անհրաժեշտ է անվտանգության միջոցների ուժեղացում, փաստաթղթում կատարվում են համապատասխան լրացումներ:
2.1.9. Ախտածնության I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի թույլատրվում են 18 տարեկանից բարձր, բժշկական, կենսաբանական, անասնաբուժական և այլ բարձրագույն ու միջին կրթություն ունեցող անձինք, ովքեր ավարտել են համապատասխան մասնագիտացման դասընթացներ, յուրացրել I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի անվտանգության պահանջները, չունեն հակացուցումներ հատուկ պատրաստուկներով բուժման և անհատական պաշտպանության միջոցներով աշխատանքի համար:
2.1.10. Կառուցվածքային ստորաբաժանման ինժեներատեխնիկական անձնակազմը, ախտահանողները և սանիտարները, որոնք աշխատանքներ են կատարում I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ, կենսաբանական անվտանգության վերաբերյալ իրենց պաշտոնական պարտականություններին համապատասխան անցնում են հրահանգավորում աշխատանքի վայրում` սեմինար պարապմունքների միջոցով:
2.1.11. Կառուցվածքային ստորաբաժանման անձնակազմի, լաբորատորիաների (մասնաճյուղերի, բաժինների) սարքավորումները սպասարկող ինժեներատեխնիկական անձնակազմի I -II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի թույլտվությունն իրականացնում է ղեկավարի կողմից ստեղծված հանձնաժողովը (հրամանով) 2 տարին մեկ անգամ, իսկ անձնակազմի թույլտվությունը կենսաբանական աերոզոլների հետ աշխատանքի համար` ամեն տարի, կենսաբանական անվտանգության գիտելիքների ստուգումից հետո:
2.1.12. Կազմակերպության ոչ մշտական աշխատող ինժեներատեխնիկական անձնակազմի այցը լաբորատորիա թույլատրվում է կազմակերպության ղեկավարի կողմից: Այցը կատարվում է աշխատանքն ընդհատելուց և ընթացիկ ախտահանումը կատարելուց հետո, կառուցվածքային ստորաբաժանման աշխատակցի ուղեկցությամբ և գրանցվում է մատյանում:
2.1.13. Կազմակերպությունում մշտական աշխատող մասնագետները (բժիշկներ, կենսաբաններ, անասնաբույժներ և այլն) թույլատրվում են ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի ընդհանուր հիմունքներով (կետ 2.1.9., 2.1.11.), իսկ մասնագետները, որոնք մշտապես չեն աշխատում կազմակերպություններում թույլատրվում են մտնել տարածքներ, որտեղ կատարվում են աշխատանքներ ախտածնության I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ, կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ: Այցի նպատակը և տևողությունը գրանցվում է համապատասխան մատյանում:
2.1.14. Լաբորատորիայի (կազմակերպության) յուրաքանչյուր աշխատակից և գործուղված անձ պարտավոր է ստորաբաժանման ղեկավարին հայտնել կենսաբանական անվտանգության հայտնաբերված խախտումների մասին:
2.1.15. Աշխատանքի շտապ իրականացման անհրաժեշտությունը, անբավարար նյութատեխնիկական ապահովվածությունը և այլ պատճառները չեն կարող հիմք լինել սույն կարգի պահանջներից շեղվելու համար:
2.1.16. Կազմակերպությունում կենսաբանական անվտանգության միջոցառումների կազմակերպումը իրականացնում է նրա ղեկավարը, իսկ ստորաբաժանումներում` վարիչները:
2.1.17. Կազմակերպության տարածքը և շինությունները ենթակա են շուրջօրյա պաշտպանության: Տարածքը պետք է լինի պարսպապատ` օտար անձանց անվերահսկելի ներթափանցումը կանխելու համար:
2.2. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.2.1. Ախտածնության I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ կապված աշխատանքի ընդունման ժամանակ անձնակազմն անցնում է նախնական բժշկական զննում հակացուցումների բացահայտման նպատակով` հաշվի առնելով իմունականխարգելումը, հատուկ պատրաստուկներով բուժումը և անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը: Բժշկական զննման ծավալը և կարգը սահմանվում է նորմատիվ փաստաթղթերով:
2.2.2. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող բոլոր աշխատակիցները ենթակա են դիսպանսեր հսկողության: Պարբերական բժշկական զննումները կատարվում է համապատասխան նորմատիվ փաստաթղթերի համաձայն:
Խորը միկոզների հարուցիչների հետ աշխատող անձանց նկատմամբ իրականացվում են ալերգիկ փորձեր:
2.2.3. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող և արտադրական գործունեության բնույթով «վարակիչ» գոտու սենյակներ այցելող աշխատակիցները ենթակա են պատվաստման: Անընկալության (իմունիտետի) մակարդակը գնահատվում է ստանդարտ մեթոդներից որևէ մեկով` պատվաստումից (կրկնապատվաստումից) առաջ և հետո:
2.2.4. Իմունականխարգելման հակացուցումներ ունեցող անձինք, բուժման արդյունավետ միջոցների առկայության դեպքում, աշխատանքի թույլատրվում են առանձին հրամանով, համաձայն վերջիններիս գրավոր դիմումի:
Աերոզոլային լաբորատորիաներում և Կու տենդի հարուցիչով վարակված կամ կասկածելի վարակված նյութերի, ինչպես նաև բուժման հատուկ մեթոդներ չունեցող ախտածին կենսաբանական ազդակների հետ, նշված աշխատակիցներն աշխատանքի չեն թույլատրվում:
2.2.5. Առավելագույն մեկուսացված լաբորատորիաներում իմունային համակարգի խանգարումներ ունեցող անձանց աշխատանքի չեն թույլատրում:
2.2.6. Բոլոր աշխատակիցները, որոնք աշխատում են ախտածին կենսաբանական ազդակների հետ կամ արտադրական գործունեության բնույթով այցելում են «վարակիչ» գոտու սենյակներ, որտեղ աշխատանքներ են կատարում I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների (բացի խոլերայից և կենսաբանական ծագման թույներից) հետ, ենթարկվում են ամենօրյա ջերմաչափման, որի արդյունքները գրանցվում են մատյանում և վավերացվում պատասխանատու բժշկի (գիտաշխատողի) կողմից:
Խոլերայի հարուցչի հետ աշխատող անձինք ստամոքս - աղիքային ուղու խանգարումների դեպքում պարտադիր հետազոտվում են վիբրիոնակրության վերաբերյալ:
Ախտածնության I խմբի վիրուսների հետ աշխատող անձինք ենթարկվում են ամենօրյա բժշկական զննման` աշխատանքը (հերթափոխը) սկսելուց առաջ:
2.2.7. Աշխատակցի մոտ ախտածնության I-II խմբերի հարուցիչներով հարուցված հիվանդության առաջացման դեպքում հակահամաճարակային, ախտորոշիչ և բուժկանխարգելիչ միջոցառումները կատարվում են կազմակերպության օպերատիվ կամ հատուկ վտանգավոր վարակների տեղայնացման և վերացման միջոցառումների տարածքային համալիր ծրագրի համաձայն:
2.2.8. Աշխատակցի մոտ այն վարակիչ հիվանդության ախտանշանների, որի հարուցչի հետ նա աշխատել է, առաջացման դեպքում, նա պարտավոր է այդ մասին տեղյակ պահել ստորաբաժանման ղեկավարին կամ կազմակերպության հերթապահին: Առավելագույն մեկուսացված լաբորատորիաների անձնակազմը ցանկացած գանգատի դեպքում տեղյակ է պահում ղեկավարությանը: Հետագա որոշումն ընդունվում է կազմակերպության ղեկավարի կողմից:
2.2.9. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող աշխատակցի հիվանդանալու դեպքում, հիվանդի տուն է ուղարկվում կազմակերպության բժիշկը` համաճարակաբանական անամնեզի ճշտման և նրա մեկուսացման անհրաժեշտության հարցը որոշելու համար: Այցելության արդյունքները գրանցվում են մատյանում և տեղեկացվում կազմակերպության ղեկավարին:
2.2.10. Ընդհանուր բուժցանցի բժշկի կանչը թույլատրվում է միայն կազմակերպության բժշկի այցից հետո, բացառությամբ կենսական ցուցումներով կանչերի: Այդ դեպքում հիվանդը կամ նրա բարեկամները պետք է եկող բժշկին տեղեկացնեն հիվանդի կողմից կատարվող աշխատանքի բնույթի մասին և հայտնեն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:
2.2.11. Եթե որևէ պատճառով աշխատակիցները չեն կարող աշխատանքի հաճախել, 2 ժամվա ընթացքում պետք է տեղեկացնել ստորաբաժանման վարիչին: Աշխատանքի սկզբից 2 ժամվա ընթացքում աշխատակցի չներկայանալու և նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների բացակայության դեպքում, ստորաբաժանման ղեկավարը միջոցներ է ձեռնարկում նրա գտնվելու վայրը և բացակայության պատճառները պարզելու համար:
2.2.12. Ժանտախտի, խլնախտի, մելիոիդոզի, խորը միկոզների և ախտածնության I խմբի վիրուսների հետ աշխատող մասնագիտացված կազմակերպությունում պետք է լինի առանձին շինությունում տեղակայված մեկուսարան (ինֆեկցիոն ստացիոնար)` հակահամաճարակային ռեժիմը խստորեն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններով:
Ստացիոնարում մեկուսացվում են նշված հարուցիչներով հարուցված հիվանդություններին բնորոշ ախտանշաններ ունեցող, ինչպես նաև ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի ժամանակ վթար թույլ տվող և վթարի գոտում գտնվող աշխատակիցները:
2.2.13. Աշխատակիցների մեկուսացման և հատուկ բուժման իրականացման մասին որոշումն ընդունում է կազմակերպության ղեկավարը:
2.2.14. Մեկուսարանը (ինֆեկցիոն ստացիոնար) սպասարկող բժիշկները պետք է կլինիկական վերապատրաստում անցնեն հատուկ վտանգավոր վարակների վերաբերյալ: Մեկուսարանի անձնակազմն աշխատանքի է թույլատրվում սույն կարգի 2.1.9., 2.1.11. և 2.2.4 կետերի համաձայն: Անհրաժեշտության դեպքում մեկուսարանի սպասարկման գործընթացում կարող են ներգրավվել կազմակերպության բժիշկները, լաբորանտները, ախտահանողները և սանիտարները, որոնք ունեն ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի թույլտվություն:
2.2.15. Խորհրդատվության համար կարող են ներգրավվել ախտածնության I-II խմբերի հարուցիչների հետ աշխատանքի թույլտվություն չունեցող փորձառու վարակաբաններ և այլ մասնագետներ, եթե նրանք նախօրոք հրահանգավորվել են աշխատանքի անվտանգության հարցերի վերաբերյալ: Հիվանդներին այցելելու ժամանակ կազմակերպության մեկուսարանի բժիշկն ուղեկցում է նրանց: Խորհրդատուների նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն (առանց մեկուսացման) տվյալ հիվանդության գաղտնի շրջանի տևողությամբ:
2.2.16. Մեկուսարանում պետք է լինի հիմնական և պահուստային հատուկ դեղամիջոցների և կենսական ցուցումներով օգնություն ցույց տալու դեղամիջոցների (սրտային, հակաշոկային և այլ պատրաստուկներ) պաշար:
2.2.17. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի ժամանակ առաջացած վթարների կամ լաբորատոր վարակման արդյունքում աշխատակիցների հիվանդության բոլոր դեպքերի մասին կազմակերպության ղեկավարը պարտավոր է անհապաղ տեղեկացնել ՀՀ ԱՆ և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:
2.2.18. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի ժամանակ թույլ տրված վթարների բոլոր դեպքերի մասին, որոնք տուժածի նկատմամբ կանխարգելիչ բուժում են պահանջում, անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԱՆ և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:
2.3. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.3.1. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքներ իրականացնող լաբորատորիաները պետք է տեղակայված լինեն առանձին շենքում կամ շենքի մեկուսացված հատվածում:
Լաբորատորիայի մուտքի դռները պետք է կողպվեն, դռան վրա նշված լինի լաբորատորիայի անվանումը (համարը) և «Կենսաբանական վտանգ» միջազգային նշանը:
2.3.2. Նոր լաբորատորիաների կառուցման և գործող լաբորատորիաների (ստորաբաժանումների) վերակառուցման նախագծերը համաձայնեցվում են ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության հետ` ՀՎՎԿ կենտրոնի կողմից տրվող սանիտարահամաճարակաբանական եզրակացության հիման վրա:
2.3.3. Լաբորատորիան պետք է ապահովված լինի մշտական հոսող ջրով, կոյուղու համակարգով, էլեկտրական հոսանքով, ջեռուցման, օդափոխության համակարգերով և կապի ժամանակակից միջոցներով:
2.3.4. Լաբորատորիայի բոլոր շինությունները պետք է ապահովված լինեն բնական և/կամ արհեստական լուսավորությամբ, որը պետք է ապահովի աշխատանքի տեսակից կախված նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան լուսավորության մակարդակ:
2.3.5. Լաբորատորիայի շենքը բաժանվում է երկու մասի` «վարակիչ» գոտի, որտեղ աշխատանքներ են իրականացնում ախտածին կենսաբանական ազդակների հետ և իրականացվում է դրանց պահպանում և «մաքուր» գոտի, որտեղ ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքներ չեն իրականացվում և չեն պահպանվում:
Նախագծային որոշումները և սարքավորումների տեղակայումը պետք է ապահովեն ախտածին կենսաբանական ազդակների շարժի հոսքայնությունը և սույն կարգի կատարումը:
2.3.6. Լաբորատորիայի «մաքուր» գոտում տեղակայվում են.
- հանդերձարան` վերին հագուստի համար,
- սենյակ` նախապատրաստական աշխատանքների համար (պատրաստուկների, սննդամիջավայրի պատրաստման, լցման, լվացման և այլն),
- սենյակ` սննդային միջավայրերի և լաբորատոր ամանեղենի մանրէազերծման համար,
- սառնարանային խցիկի և սառնարանների սենյակ` սննդային միջավայրերի և ախտորոշիչ պատրաստուկների պահպանման համար,
- սենյակ` փաստաթղթերի և գրականության հետ աշխատանքի համար,
- հանգստի սենյակ,
- ղեկավարի աշխատասենյակ,
- օժանդակ սենյակներ,
- զուգարան։
«Վարակիչ« գոտում տեղակայվում են.
- վարակված կենդանիների հետ աշխատանքների կառուցահատված, որը կազմված է ստացվող նյութերի ընդունման, տեսակավորման և առաջնային մշակման սենյակից, այդ նյութի հետ աշխատանքի համար նախատեսված սենյակից (վարակում, հերձում, ցանքս), վարակված կենդանիների պահպանման սենյակից, գույքի (վանդակներ, ցանցեր և այլն) վարակազերծման սենյակից: Վարակված կենդանիների հետ աշխատանքի կառուցահատվածը պետք է առանձնացված լինի «վարակիչ» գոտու մնացած մասից` պաշտպանական հագուստը հագնելու և հանելու սենյակներով,
- բոքս-սենյակներ` մանրէաբանական հետազոտությունների համար,
- սենյակներ սարքավորված կենսաբանական անվտանգության բոքսերով` մանրէաբանական հետազոտությունների իրականացման համար,
- սենյակներ` շճաբանական հետազոտությունների համար,
- սենյակ` լյումինեսցենտային մանրադիտակային զննման համար,
- սենյակ` կենդանամակաբուծաբանական աշխատանքների համար,
- սենյակներ` ՊՇՌ ախտորոշման համար,
- ավտոկլավի սենյակ` նյութի վարակազերծման համար,
- թերմոստատի սենյակ,
- սենյակ` աշխատանքային մատյաններում գրանցումների համար,
- զուգարան։
2.3.7. «Վարակիչ» և «մաքուր» գոտիների սահմանում տեղակայվում է սանթողարան։
2.3.8. Սենյակների քանակը և դրանց հագեցվածությունը սարքավորումներով կախված է յուրաքանչյուր լաբորատորիայի կոնկրետ նպատակներից և խնդիրներից (հետազոտությունների անվանացուցակ և ծավալ, կատարվող աշխատանքի բնույթ, վարակված կենդանիների կենտրոնացված լաբորատորիայի, ավտոկլավի, լվացման սենյակների առկայություն և այլն):
2.3.9. «Վարակիչ» գոտու այն սենյակներում, որտեղ ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքներ չեն կատարվում, անձնակազմն աշխատում է աշխատանքային հագուստով: Այն սենյակներում, որտեղ աշխատում են ախտածին կենսաբանական ազդակների հետ, լրացուցիչ հագնում են պաշտպանական հագուստ: Պաշտպանական հագուստի տեսակը կախված է կատարվող աշխատանքի բնույթից:
Պաշտպանական հագուստը հագնում են նախաբոքսում կամ մանրէաբանական սենյակ մտնելուց առաջ, հանում` նախաբոքսում կամ մանրէաբանական սենյակի ելքում:
2.3.10. Շինությունների ներքին հարդարումը կատարվում է նրանց ֆունկցիոնալ նշանակությանը համապատասխան: «Վարակիչ» գոտու լաբորատոր սենյակներում հատակի, պատերի, առաստաղի մակերեսները պետք է լինեն հարթ, չունենան ճեղքեր, լինեն կայուն լվացող և ախտահանիչ միջոցների նկատմամբ, հատակը չպետք է լինի դյուրասահ:
2.3.11. «Վարակիչ» գոտու սենյակներում ջեռուցման մարտկոցները և խողովակաշարերը տեղակայվում են պատերից որոշակի հեռավորության վրա` նրանց վարակազերծումն ապահովելու նպատակով:
2.3.12. «Վարակիչ» գոտու սենյակներում, որտեղ աշխատում են ախտածին կենսաբանական ազդակների հետ, չի թույլատրվում ջրամատակարարման այնպիսի համակարգի տեղադրում, որը տեխնիկական միջոցներով պաշտպանված չէ ներծծումից և հետադարձ հոսքից:
2.3.13. Արգելվում է չվարակազերծված հեղուկները «վարակիչ» գոտու սենյակներից լցնել կոյուղու ցանցի մեջ:
2.3.14. «Վարակիչ» գոտու դռները և պատուհանները պետք է ամուր փակվող լինեն: Թույլատրվում է լուսախորշերը փակել ապակյա բլոկներով: Ցոկոլային և առաջին հարկերի պատուհաններին տեղադրվում են մետաղական ցանցեր, որոնք չեն խախտում հակահրդեհային անվտանգության կանոնները: Պահակային ազդանշանիչների առկայությունը չի բացառում մետաղական ցանցերի անհրաժեշտությունը: Դռները պետք է կողպող հարմարանքներ ունենան:
2.3.15. Վարակված կենդանիների հետ աշխատանքի կառուցահատվածում պետք է լինեն բարձր (30սմ) շեմեր` կրծողների ներթափանցումը կանխելու համար:
2.3.16. Վարակված կենդանիների հետ աշխատանքների սենյակը, բոքս-սենյակները, մանրէաբանական սենյակները պետք է ունենան ներհոս-արտահոս օդափոխության ինքնավար համակարգ, որը մեկուսացված լինի շենքի օդափոխության այլ համակարգերից և ելքի մասում սարքավորված լինի պաշտպանական արդյունավետության նկատմամբ ստուգված նուրբ մաքրման ֆիլտրերով (ՆՄՖ):
2.3.17. Լաբորատորիայի ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգերի շահագործումն իրականացվում է կազմակերպության հրահանգի համաձայն` կազմված նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։
2.3.18. Կենսաբանական անվտանգության բոքսերի պաշտպանական արդյունավետությունը ստուգում են հետևյալ դեպքերում.
- մոնտաժից և օգտագործման նախապատրաստումից հետո,
- տարին մեկ անգամից ոչ պակաս` խոշոր դիսպերսային մասնիկներից օդի նախնական մաքրման ֆիլտրերի առկայության դեպքում,
- վեց ամիսը մեկ անգամից ոչ պակաս` բոքսի օդափոխիչ համակարգում նշված ֆիլտրերի բացակայության դեպքում,
- բոքսը տեղափոխելուց կամ վերանորոգելուց հետո։
2.3.19. Նախաբոքսերում (անցախուց), ինչպես նաև պաշտպանական հագուստները հանելու սենյակում, տեղադրվում են լվացարաններ և ախտահանիչ լուծույթներով տարողություններ` նախատեսված վթարային դեպքերի համար: Հատակին փռում են ախտահանիչ լուծույթով թրջված գորգ:
2.3.20. Վթարային ձայնային և/կամ լուսային ազդանշանիչը տեղադրվում է «վարակիչ» կամ «մաքուր» գոտու այն սենյակներում, որտեղ մշտապես գտնվում է անձնակազմը:
2.3.21. Պաշտպանական հագուստը հագնելու սենյակում տեղադրվում է հայելի:
2.3.22. Լաբորատոր սարքավորումները և կահույքը (սեղաններ, կենդանիների պահպանման համար նախատեսված դարակաշարեր, աթոռներ և այլն) պետք է հարթ լինեն, առանց սուր ծայրերի, լվացող ու ախտահանիչ միջոցների ազդեցության նկատմամբ և ունենան կայուն մակերեսներ: Սեղանների մակերեսը կարեր և ճեղքեր չպետք է ունենան։
2.3.23. Անցումների լայնությունը դեպի աշխատատեղեր կամ սարքավորումների 2 շարքերի միջև եղած հեռավորությունը պետք է լինի 1.5մ-ից ոչ պակաս:
2.3.24. Շինություններում, որտեղ աշխատանքներ են կատարվում ախտածին կենսաբանական ազդակների հետ, օդի և մակերեսների վարակազերծման համար տեղադրում են մանրէասպան լամպեր` նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:
2.3.25. Աշխատանքային սեղաններն արևի ուղիղ լույսից պաշտպանելու համար օգտագործում են արևապաշտպան թաղանթեր, ախտահանիչ միջոցների ազդեցության նկատմամբ կայուն նյութից պատրաստված շերտավարագույրներ:
2.3.26. Լաբորատոր սենյակները պետք է անթափանց լինեն կրծողների և միջատների համար:
2.3.27. Լաբորատորիայում պետք է լինի հակահրդեհային ազդանշանիչ և հրդեհը հանգցնելու միջոցներ:
2.4. ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ I (ԲԱՑԻ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ) ԵՎ II ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.4.1. Ախտորոշիչ հետազոտություններ կատարող լաբորատորիաները պետք է ունենան երկու մուտք` աշխատակիցների և նյութի ստացման համար: Թույլատրվում է նաև նյութի ստացումը փոխանցման պատուհանից:
2.4.2. Սանթողարանում առանձնացվում են աշխատանքային հագուստ հագնելու սենյակներ` սարքավորված անձնական և աշխատանքային հագուստի զգեստապահարաններով և ջրցողարանով:
2.4.3. Շինությունում ներհոս-արտահոս օդափոխության կամ արտահոս օդափոխության ելքում նուրբ մաքրման ֆիլտրերի բացակայության դեպքում, վարակված կենդանիների հետ աշխատանքի կառուցահատվածում պետք է օգտագործվեն II (A, B) կարգի կենսաբանական անվտանգության բոքսեր, իսկ ժանտախտի հետազոտությունների ժամանակ` II B կարգի կամ III կարգի:
2.4.4. Ախտածնության II խմբի վիրուսների և ռիկետսիաների անջատման հետ կապված ախտորոշիչ աշխատանքները կատարվում են բոքս-սենյակներում կամ II B կարգի կենսաբանական անվտանգության բոքսերում:
2.4.5. Տաք կլիմայի պայմաններում թույլատրվում է աշխատանքային սենյակներում և բոքսերում օդորակիչների տեղադրումը` ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի ընթացքում դրանք անջատելու պայմանով: Չի թույլատրվում օդորակիչների տեղադրումը վարակված կենդանիների պահման սենյակներում:
2.5. I (ԲԱՑԻ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ) ԵՎ II ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.5.1. Միայն փորձարարական հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում թույլատրվում է մեկ մուտք, իսկ լաբորատոր կենդանիների վրա փորձարարական աշխատանքների իրականացման դեպքում պարտադիր է 2 մուտքի առկայությունը:
2.5.2. Սանթողարանում առանձնացվում են անձնական և աշխատանքային հագուստների համար սենյակներ` անհատական պահարաններով, ինչպես նաև ջրցողարան, որը տեղակայվում է այդ երկու սենյակների արանքում։ Գոտիների սահմանը անցնում է ջրցողարանի տարածքով։
2.5.3. Աշխատակիցները, սանթողարանով «մաքուր» գոտուց «վարակիչ» գոտի անցնելիս, թողնում են իրենց անձնական հագուստներն անհատական պահարաններում, փոխում կոշիկները, հագնում ջրցողարանի համար նախատեսված հողաթափերը և անցնում աշխատանքային հագուստը և կոշիկները հագնելու սենյակ: «Վարակիչ» գոտուց դուրս գալիս, ջրացնցուղ ընդունելու կարգը կախված է հարուցչի տեսակից, աշխատանքի բնույթից և կանոնակարգվում է կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ներքին կարգապահության կանոններով:
Սանթողարանով թույլատրվում է տանել միայն բանալիներ և կնիքներ:
2.5.4. Կազմակերպության միևնույն տարածքում մի քանի լաբորատորիաների առկայության դեպքում թույլատրվում է ունենալ կենտրոնացված ավտոկլավային և մանրէազերծման սենյակներ։
2.5.5. Միևնույն կառուցահատվածում պրոֆիլային մի քանի լաբորատորիաների տեղակայման դեպքում նրանց համար ընդհանուր կարող են լինել` վարակված կենդանիների հետ աշխատանքների կառուցահատվածը, սանթողարանը, վարակազերծման ավտոկլավային սենյակը, լվացարանը, սննդային միջավայրերի պատրաստման և այլ սենյակներ։
2.5.6. Գիտահետազոտական կազմակերպություններում, որոնք ունեն մի քանի լաբորատորիաներ սպասարկող միասնական սանթողարաններ, կենտրոնացված ավտոկլավային և այլ սենյակներ, թույլատրվում է «վարակիչ» գոտում տեղակայել օժանդակ սենյակներ, որոնցում ախտածնության I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների օգտագործման կամ պահպանման աշխատանքներ չեն կատարվում։ Սենյակների քանակը որոշվում է ստորաբաժանման ֆունկցիոնալ խնդիրներով։ Կենսաբանական անվտանգության ռեժիմի ապահովումը «վարակիչ» գոտու նշված սենյակներում որոշվում է իրական կենսաբանական վտանգին համապատասխան կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված փաստաթղթով` տվյալ կազմակերպության կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնախմբի հետ համաձայնեցնելուց հետո:
2.5.7. Թույլատրվում է օդի որակավորում «վարակիչ» գոտու սենյակներում: Օդորակիչները տեղակայվում են ներհոս օդափոխիչ համակարգերի վրա` մինչև նուրբ մաքրման ֆիլտրերը: Այս գոտու սենյակներում չի թույլատրվում պատուհանային օդորակիչների տեղադրում:
2.5.8. Աերոզոլների առաջացման բարձր վտանգի հետ կապված աշխատանքները (ցենտրիֆուգում, հոմոգենացում, ուլտրաձայնով մշակում, ինտենսիվ թափահարում, բարձր կոնցենտրացիաներ և մեծ ծավալներ և այլն) կատարվում են առանձնացված բոքս-սենյակներում կամ կենսաբանական անվտանգության III կարգի բոքսերում: Բոքսերում տեղադրում են անհրաժեշտ սարքավորումներ։ Կենսաբանական անվտանգության բոքսերը կարող են միացվել` կազմելով տեխնիկական գծեր: Կոմունիկացիաների մուտքի և բոքսերի միմյանց հետ միացման տեղերը հերմետիկացվում են:
2.6. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.6.1. Աշխատանքի կարգն արտադրական շինություններում ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմների կուլտուրաների հետ աշխատանքի ժամանակ որոշվում է մանրէային և վիրուսային պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար աշխատանքի անվտանգության, արտադրական սանիտարիայի կանոնների և սանիտարահակահամաճարակային ռեժիմի, սույն կարգի, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արտադրության և հսկողության վերաբերյալ սանիտարական կանոնների, ինչպես նաև ախտածնության I - IV խմբերի վարակիչ հիվանդությունների հարուցիչների լիոֆիլային չորացման հրահանգին համապատասխան։
2.6.2. Բոլոր վակուումային գծերը, խտացված օդի և գազի գծերը «վարակիչ» գոտում ապահովվում են օդի նուրբ մաքրման ֆիլտրերով։
2.7. ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.7.1. Առավելագույն մեկուսացված լաբորատորիաների (կենսաբանական անվտանգության առավելագույն մակարդակի լաբորատորիաներ, որոնք նախատեսված են լաբորատորիաների անձնակազմի և բնակչության համար բարձր վտանգ ներկայացնող ախտածին կենսաբանական ազդակների հետ ախտորոշիչ, փորձարարական և արտադրական աշխատանքներ իրականացնելու համար) կառուցման և վերակառուցման նախագծերը համաձայնեցվում են ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության հետ:
2.7.2. «Վարակիչ» և «մաքուր» գոտիների սահմանում սարքավորվում են սանթողարաններ, որոնք բաղկացած են հերմետիկ դռներով (առանձին մուտքի և ելքի համար) օդային տամբուր-անցախցերից և սանիտարակենցաղային սենյակներից (որտեղ կատարվում է անձնակազմի լրիվ վերազգեստավորում, աշխատանքային և հատուկ հագուստների, անհատական պաշտպանության միջոցների փոխում, դրանց վարակազերծում, սկզբնական վիճակի բերում և պահպանում), ջրցողարան և մազերի չորացման սենյակ:
2.7.3. «Վարակիչ» գոտու սենյակները պետք է ունենան նուրբ մաքրման ֆիլտրերով մեխանիկական օդափոխության ներհոս-արտաձիգ համակարգ, որը պետք է ապահովի.
- սենյակներում օդի նոսրացումը` նրա պարամետրերի մշտական ավտոմատ կարգավորմամբ և գրանցմամբ,
- օդի ուղղորդված հոսքերի ստեղծումը, որը կարգավորվում է անձնակազմի կողմից,
- ներհոսող և արտահոս օդի մաքրումը` նուրբ մաքրման ֆիլտրերով,
- սենյակներում սանիտարահիգիենիկ պահանջվող պայմանների պահպանումը:
2.7.4. «Վարակիչ» գոտում չի թույլատրվում ջրամատակարարման համակարգի տեղադրումը, որը տեխնիկական միջոցներով պաշտպանված չէ ներծծումից և հետադարձ հոսքից:
2.7.5. «Վարակիչ» գոտուց փոխանցվող մնացորդների և առարկաների վարակազերծման համար գոտիների սահմանում տեղակայվում են անցաթողման ավտոկլավներ 2 դռներով` դրանց միաժամանակյա բացմանը խոչընդոտող պաշարիչ համակարգով։
2.7.6. Բարձր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ անկայուն առարկաների, սարքավորումների, պաշտպանական հագուստի և այլնի փոխանցման համար գոտիների սահմանում տեղակայվում են գոլորշաֆորմալինային խցիկներ, փոխանցման անցախցեր` ախտահանիչ միջոցների փոշեցրման սարքերով: Նշված փոխանցման սարքերը սարքավորվում են դռների պաշարման համակարգով:
2.7.7. Աշխատանքի ընթացքում առաջացած բոլոր հեղուկ մնացորդները ենթակա են պարտադիր քիմիական և ջերմային վարակազերծման: Անձնակազմի հիգիենիկ ջրցողման առհոս ջրերը ենթակա են պարտադիր ջերմային վարակազերծման:
2.7.8. Բոլոր տեսակի աշխատանքները կատարվում են կենսաբանական անվտանգության III կարգի բոքսերում կամ պնևմակոստյումներով: Անհրաժեշտության դեպքում բոքսերից ստեղծվում են տեխնոլոգիական գծեր:
2.7.9. Լաբորատորիաները սարքավորվում են պնևմակոստյումների օդամատակարարման կենտրոնացված համակարգով:
2.7.10. «Վարակիչ» գոտի յուրաքանչյուր այցից հետո պնևմակոստյումները ենթարկվում են ախտահանման, ստուգվում է դրանց ամբողջականությունը և ֆիլտրերի պաշտպանական արդյունավետությունը:
2.7.11. Լաբորատորիայի անձնակազմը հատուկ պատրաստում է անցնում պնևմակոստյումների օգտագործման վերաբերյալ:
2.7.12. Լաբորատորիաները սարքավորվում են էլեկտրամատակարարման կրկնակի համակարգով, սնուցման ինքնավար (պահեստային, վթարային) աղբյուրով (դիզել-գեներատոր):
2.7.13. Օդափոխության ներհոս-արտաձիգ համակարգը, պնևմակոստյումների օդամատակարարման համակարգը, առհոս ջրերի հավաքման և մշակման և այլ համակարգերը, բացի աշխատանքային ագրեգատներից, պետք է համալրված լինեն լրացուցիչ, պահեստային ագրեգատներով:
2.7.14. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքը թույլատրվում է միայն ինժեներատեխնիկական բոլոր համակարգերի կենսաբանական անվտանգության ապահովման համալիր փորձարկման դրական արդյունքներից հետո:
2.7.15. Կենտրոնի կողմից մշակվում են ախտածնության I խմբի միկրոօրգանիզմների հետ աշխատանքների կազմակերպման և իրականացման, կենսաբանական անվտանգության համակարգերի շահագործման և դրանց գործունեության արդյունավետության հսկողության աշխատանքային մանրամասն հրահանգներ: Աշխատանքային հրահանգների հիման վրա կազմակերպվում և իրականացվում են սեմինար պարապմունքներ «վարակիչ» գոտում մշտական աշխատող անձնակազմի համար, որից հետո ստուգվում են գիտելիքները և տրվում է աշխատանքի թույլտվություն: Հսկող և տեսչական ծառայութունների անձնակազմը «վարակիչ» գոտի մուտքի թույլտվություն ստանում է համանման կարգով:
2.7.16. Մշակվում են արտակարգ իրավիճակներում գործողությունների հրահանգներ և միջոցառումների ծրագրեր: Լաբորատորիաների և ինժեներատեխնիկական անձնակազմերը տեսական և գործնական ուսուցում են անցնում վթարների և վթարային իրավիճակների վերացման ժամանակ իրականացվող գործողությունների վերաբերյալ:
2.8. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.8.1. Լաբորատորիայի աշխատանքում օգտագործվող գործիքները, սարքավորումներն ու չափման միջոցները պետք է լինեն ատեստավորված, տեխնիկապես անթերի վիճակում, ունենան տեխնիկական անձնագիր և շահագործման հրահանգ` հաշվի առնելով կենսաբանական անվտանգության պահանջները: Չափման միջոցները սահմանված ժամկետներում ենթարկվում են չափագիտական հսկողության:
2.8.2. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի համար նախատեսված նոր սարքավորումների, գործիքների շահագործումը, նոր մեթոդների կիրառումն իրականացվում է աշխատող անձնակազմի պաշտպանության հուսալիության և արտաքին միջավայրի աղտոտման բացակայության համալիր փորձաքննությունից հետո:
2.8.3. Ստորաբաժանումների լաբորատոր սարքավորումների և կենսաբանական անվտանգության ապահովման ինժեներային համակարգերի ծրագրային-նախազգուշական վերանորոգումը կատարվում է ինժեներատեխնիկական ծառայությունների մասնագետների կողմից` տարեկան ժամանակացույցին համապատասխան:
2.8.4. «Վարակիչ» գոտու նպատակային նշանակության սենյակներում (ռադիոիզոտոպային, կենսաքիմիական, էլեկտրոնային միկրոսկոպիայի և այլն) իրականացվող աշխատանքը պետք է համապատասխանի անվտանգության տեխնիկայի պահանջներին:
2.8.5. Հիստոցիտոէնզիմաքիմիական հետազոտությունները կատարվում են ժանտախտի, խոլերայի, տուլարեմիայի, բրուցելոզի և սիբիրյան խոցի հարուցիչներով վարակված կամ կասկածելի վարակված նյութի նախնական մշակման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
2.8.6. Հետազոտության ենթակա նյութը լաբորատորիա է բերվում բեռնարկղերում, բիքսերում կամ պայուսակ-սառնարաններում: Ախտածին կենսաբանական ազդակների փաթեթավորման կանոնները կանոնակարգվում են միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, փոխանցման և տեղափոխման կարգի վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերով։
2.8.7. Տեղափոխված նյութի ընդունումը և տեսակավորումը կատարվում է նախազգուշական միջոցների պահպանումով: Ախտածին կենսաբանական ազդակներով տարողությունները դրվում են ախտահանիչ լուծույթով թրջված, բազմաշերտ թանզիֆե անձեռոցիկով ծածկված մատուցարանի վրա: Պաշտպանական հագուստի տեսակը որոշվում է ախտածին կենսաբանական ազդակի տեսակով:
2.8.8. Մանրէաբանական սենյակներ (բոքսեր) անձնակազմի մուտքը և ելքը կատարվում է նախաբոքսերով (անցախցերով), որտեղ աշխատակիցները հագնում և հանում են պաշտպանական հագուստը:
2.8.9. Աշխատանքի ընթացքում բոքսերի և նախաբոքսերի դռները պետք է փակ լինեն: Աշխատանքի ընթացքում բոքսերից դուրս գալ չի թույլատրվում:
2.8. Ախտածին կենսաբանական ազդակների հետ իրականացվող աշխատանքների համար կարող են կիրառվել II-III կարգի կենսաբանական անվտանգության բոքսեր:
2.8.11. II կարգի կենսաբանական անվտանգության բոքսի դռնատեղում օդի հոսքի արագությունը պետք է լինի 0,4-0,75 մ/վ, III կարգի բոքսերում օդի նոսրացումը սենյակի համեմատ պետք է լինի ջրի սյան 20 մմ:
Կենսաբանական անվտանգության բոքսերում բոլոր տեսակի աշխատանքները կատարվում են ախտահանիչ լուծույթով թրջված հատուկ հենարանների վրա:
2.8.12. Կենսաբանական անվտանգության բոքսում աշխատանքը սկսելուց առաջ միացվում է օդափոխության համակարգը, III կարգի կենսաբանական անվտանգության բոքսերում ստուգվում է բացասական ճնշման առկայությունը բոքսային մոնոմետրի սանդղակով։ Բոքսում ստուգվում է սարքավորումների սարքինությունը և ախտահանիչ միջոցների վթարային պաշարի առկայությունը և բեռնվում է նյութը:
2.8.13. Ամբողջ աշխատանքը պետք է կատարվի II կարգի կենսաբանական անվտանգության բոքսի հետին պատին մոտ և տեսանելի լինի դրսից:
2.8.14. Ախտածին կենսաբանական ազդակներով բեռնարկղի հեռացումից հետո կենսաբանական անվտանգության բոքսի դուռը փակվում է, բոքսի ներսում միացվում են մանրէասպան լամպերը:
2.8.15. Ախտածին կենսաբանական ազդակների հետ իրականացվող բոլոր աշխատանքները կատարվում են զույգության սկզբունքով (երկու մարդուց ոչ պակաս, որոնցից մեկը բժիշկ է կամ գիտաշխատող): Նման նյութի հետ անընդմեջ աշխատանքի տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամից, որից հետո սահմանվում է 30-60 րոպե ընդմիջում:
2.8.16. Մանրէային վարակների շճաբանական հետազոտությունների ժամանակ կատարվում է նյութի նախնական մշակում:
Արյան շիճուկները և կախույթները վարակազերծում են, ավելացնելով նատրիումի մերթիոլատ, մինչև 1:10000 խտության, հետո տաքացնում են 560C 30 րոպե: Ներքին օրգաններից արյուն և լվացուկներ վերցնելու համար թույլատրվում է 1:1000 խտության նատրիումի մերթիոլատով ներծծված ֆիլտրի թղթերի կիրառումը (վարակազերծման տևողությունը` 1 ժամ սենյակային ջերմաստիճանում):
Կենդանիների ներքին օրգանների, ողնուղեղի կախուկների, հիվանդ մարդկանցից վերցված նյութերի, թռչունների և կաթնասունների բներից վերցված նյութերի, գիշատիչ թռչունների արտաթորանքները (փսխման մասսաների), մանրէային կախուկների վարակազերծման ռեժիմը որոշվում է հարուցչի տեսակով.
- ժանտախտի հարուցիչները վարակազերծելու համար ավելացնում են մանրէասպան ազդեցությունը ստուգված ֆորմալին, հասցնելով 1-2 % վերջնական խտության և պահում 12 ժամից ոչ պակաս կամ ավելացնում են մինչև 4 % խտության և պահում սենյակի ջերմաստիճանում 1 ժամ,
- բրուցելոզի և տուլարեմիայի հարուցիչները վարակազերծվում են՝ եռացնելով 20 րոպե, հետո ավելացնում են ֆորմալին մինչև 2 % խտության և պահում 2 ժամ սենյակային ջերմաստիճանում,
- խլնախտի հարուցիչը վարակազերծում են՝ ավելացնելով ֆորմալին մինչև 4 % խտության և պահում 12 ժամ,
- խոլերայի հարուցիչները վարակազերծում են՝ եռացնելով 30 րոպե,
- սիբիրյան խոցի հարուցիչը վարակազերծում են՝ եռացնելով 60 րոպե, հետո ավելացնում ֆորմալին մինչև 4 % խտության և պահում 1 ժամ:
2.8.17. Նատրիումի մերթիոլատի և ֆորմալինի որակը պարտադիր ստուգվում են:
2.8.18. Մշակման արդյունավետությունը ստուգվում է հարուցչի բացակայության փորձով («հատուկ ստերջություն»): Արդյունավետության հսկողությունը կանոնակարգվում է համապատասխան նորմատիվային փաստաթղթերով, որոնք մշակվում և հաստատվում են սահմանված կարգով:
2.8.19. I-II խմբերի հարուցիչների հակածինների առկայության շտապ որոշման անհրաժեշտության դեպքում, նյութի մշակման կամ հարուցչի բացակայության փորձ դնելու համար ժամանակի սղության պայմաններում, շճաբանական հետազոտությունները կատարվում են «վարակիչ» գոտում` պահպանելով կենսաբանական անվտանգության պահանջները:
2.8.20. Հարուցչի բացակայության նկատմամբ չստուգված, վարակազերծված նյութի շտապ փոխադրման անհրաժեշտության դեպքում այն տեղափոխում են որպես վարակիչ նյութ:
2.8.21. Ախտածնության II խմբի վիրուսների հակածինների կամ հակամարմինների հայտնաբերման շճաբանական հետազոտությունները կատարվում են միայն բոքս-սենյակներում կամ կենսաբանական անվտանգության բոքսերում` վիրուսների ապակտիվացման կանոնակարգված մեթոդների բացակայության պատճառով:
2.8.22. Կաթոցավորման ժամանակ օգտագործվում են միայն ռետինե տանձեր կամ ավտոմատ սարքեր: Ըստ որում, կաթոցիչի ծայրը պետք է միշտ ցածր լինի անոթում հեղուկի մակարդակից կամ կաթոցիչից հեղուկը պետք հոսի անոթի ներքին պատով: Արգելվում է հեղուկ կուլտուրաները տեղափոխել առանց կաթոցիչի օգտագործման: Ագարի մակերեսից կուլտուրաների վերցնումը կատարվում է մանրէաբանական օղակով, մետաղական, ապակյա կամ պլաստմասսե թիակով (շպատելով):
2.8.23. Հավերի զարգացող էմբրիոնների վարակման ժամանակ օգտագործվում են միայն բութ ասեղներ:
2.8.24. Օգտագործումից առաջ պետք է ստուգվեն ամանեղենի, կաթոցիչների, սարքավորումների, ներարկիչների և այլնի ամբողջականությունն ու սարքինությունը:
2.8.25. Մանրէաբանական օղակը պետք է լինի փակ, ունենա 6սմ-ից ոչ ավելի երկարությամբ բազուկ: Թույլատրվում է ավելի երկար բազուկով միանվագ օգտագործման պատրաստի օղակների կիրառումը:
2.8.26. Չի թույլատրվում քսուքները ֆիքսել տաքացնելով: Ֆիքսատորներով կամ ներկանյութերով մշակված քսուքները ենթակա են հետագա վարակազերծման «Մարդու համար ախտածին միկրոօրգանիզմներով վարակված օբյեկտների վարակազերծման ռեժիմը» նորմատիվային փաստաթղթին համապատասխան:
Ֆիքսման համար օգտագործվում է - 960 էթիլ սպիրտ, Նիկիֆորովի խառնուրդ (սպիրտի և եթերի հավասար քանակներ), ացետոն, իսկ սիբիրախտի կամ անհայտ ծագումնաբանության հարուցիչ պարունակող նյութի հետազոտության ժամանակ` 960 էթիլ սպիրտ` ավելացնելով մինչև 3 %-անոց խտության ջրածնի գերօքսիդ: Ֆիքսման ժամանակը` 30 րոպե:
2.8.27. Բարձր խտությունների (1010 մմ/մլ-ից ավելի), մեծ ծավալների (տարողությունում 500 մլ-ից ավելի) հետ աշխատանքները կատարվում են II-III կարգի կենսաբանական անվտանգության բոքսերում կամ համապատասխան տիպի հակաժանտախտային կոստյումով:
2.8.28. Ախտածնության I-II խմբերի հարուցիչների կուլտուրաների լիոֆիլիզացման աշխատանքները կատարվում են նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:
2.8.29. Չորացված կուլտուրաներով սրվակները բացվում են կենդանի կուլտուրաների թանգարանի բոքսով սենյակում կամ կենսաբանական անվտանգության բոքսում: Սրվակի ձգված մասը տաքացվում է այրոցի բոցի վրա, հետո մանրէազերծ բամբակե խծուծի թաց ծայրով ծածկում են տաքացված մասը, որի արդյունքում առաջանում են ճաքեր: Սրվակի ծայրը ծածկվում է ախտահանիչ լուծույթով թրջված և լավ քամված եռաշերտ թանզիֆե անձեռոցիկով և կոտրվում նրբունելիով:
Բացելուց հետո սրվակը 1-2 րոպե մնում է ծածկված նույն անձեռոցիկով, հետո անձեռոցիկը զգուշությամբ հեռացվում է և ապակու մնացորդների հետ ընկղմվում ախտահանիչ լուծույթի մեջ: Բացած սրվակը 1-2 րոպե ծածկվում է մանրէազերծ բամբակե խծուծով, այնուհետև սրվակի մեջ ներարկվում է կախուկի պատրաստման համար նախատեսված լուծույթը, և ստացված կախուկից ցանվում է պինդ և հեղուկ սննդային միջավայրերի վրա: Կուլտուրաներով ցանքսերը սննդային միջավայրերի վրա հանձնում են լաբորատորիա:
2.8.30. Չի թույլատրվում աշխատանքն ավարտելուց հետո չփակվող տարածքներում կամ չկնքված պահեստարաններում թողնել չֆիքսված քսուքներ, ախտածին կենսաբանական ազդակներ պարունակող ցանքսերով օբյեկտներ և այլ նյութեր: Թույլատրվում է սեղաններին և կենսաբանական անվտանգության բոքսերում թողնել մակագրված, բայց չցանված ամանեղեն` համապատասխան նախազգուշական գրառումով: Կուլտուրաներով և ցանքսերով օբյեկտների մակագրությունները պետք է լինեն հստակ, ցանվող նյութի մանրամասն անվանումով և ցանքսի ամսաթվով:
2.8.31. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի ավարտից հետո ցանքսեր պարունակող օբյեկտները տեղափոխում են պահեստարաններ (սառնարաններ, թերմոստատներ, չհրկիզվող պահարաններ և այլն):
Լաբորատորիայի «վարակիչ» գոտուց մնացորդները, օգտագործված ամանեղենը, պինդ և հեղուկ մնացորդները հավաքվում են փակվող տարողությունների մեջ և փոխանցվում ավտոկլավներ կամ ախտահանվում տեղում: Չի թույլատրվում չվարակազերծված հեղուկները լցնել կոյուղու համակարգ:
2.8.32. Արյան մակարդուկներ պարունակող տարողությունները (փորձանոթներ, սրվակներ) ախտահանվում են միայն ախտահանիչ լուծույթներով: Ընկղման ժամանակ անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն: Տարողությունն անատոմիական ունելիով վերցվում է այնպես, որ նրա մեկ ճյուղը մի փոքր ներս մտնի և թեք դիրքով ընկղմվի ախտահանիչ լուծույթի մեջ` մինչև լուծույթով լրիվ լցվելը: Ճիշտ ընկղման դեպքում օդային պղպջակներ չեն առաջանում և տարողությունը իջնում է մինչև հատակ: Տարողություններն ընկղմելուց հետո ունելին վարակազերծվում է:
2.8.33. Օգտագործած կաթոցիչներն ամբողջությամբ ընկղմվում են ախտահանիչ լուծույթի մեջ այնպես, որ մղանցքներում օդի պղպջակներ չառաջանան: Հետագա վարակազերծումը կատարվում է ավտոկլավում:
2.8.34. Վարակիչ նյութը ավտոկլավի համար նախատեսված տարողություններով` դրված բարձր կողերով (20 սմ) մետաղական ընդկալների վրա, ավտոկլավի սենյակ է տեղափոխում կրտսեր և միջին անձնակազմն ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի թույլտվություն ունեցող պատասխանատու անձի ուղեկցությամբ` համապատասխան տիպի պաշտպանական հագուստով: Շարժը կատարվում է որոշակի երթուղով, ավտոկլավի սենյակ նյութի տեղափոխման ժամանակ տվյալ ուղղությամբ ցանկացած շարժում դադարեցվում է:
2.8.35. Ավտոկլավի համար նախատեսված բեռնարկղերի կողմնային պատերի վերին մասերում պետք է լինեն անցքեր գոլորշու ազատ շրջանառությունն ապահովելու համար: Բեռնարկղերի և ընդկալների ամբողջականությունը ստուգվում է յուրաքանչյուր օգտագործումից առաջ:
2.8.36. Մի ստորաբաժանումից մյուսը հարուցիչների կուլտուրաների տեղափոխումը կատարվում է ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի թույլտվություն ունեցող անձանց կողմից` ուղեկցողի ներկայությամբ (բժիշկ, գիտաշխատող, լաբորանտ):
2.8.37. Ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխման համար նախատեսված բեռնարկղիկները պետք է պատրաստված լինեն ամուր, կոռոզիայի չենթարկվող նյութից: Հատակը պետք է ծածկված լինի փափուկ, արտահոսքի դեպքում ամբողջ հեղուկի կլանման համար բավարար քանակի կլանող նյութով: Կափարիչը պետք է ամուր փակվի: Բեռարկղիկները պետք է ունենան հարմար բռնակներ:
2.8.38. Սննդամթերքի պահումը և սննդի ընդունումը կատարվում է լաբորատորիայի սահմաններից դուրս` կազմակերպության «մաքուր» գոտու հատուկ առանձնացված վայրերում:
2.8.39. Չի թույլատրվում աշխատակցին դուրս կանչել ախտածին կենսաբանական ազդակների հետ ցանկացած տեսակի աշխատանք կատարելու ժամանակ:
Չի թույլատրվում աշխատաքների կատարման ժամանակ, աշխատանքի հետ անմիջական առնչություն չունեցող մարդկանց մուտքը շինություն:
2.8.40. Լաբորատորիայի «վարակիչ» գոտուց սարքավորումների, լաբորատոր կամ տնտեսական ամանեղենի, ռեակտիվների, գործիքների և այլնի դուրս բերումը կատարվում է դրանց ախտահանումից հետո լաբորատորիայի ղեկավարի թույլտվությամբ: Կազմակերպության սահմաններից նշված նյութերի դուրս բերումը կատարվում է կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ:
2.8.41. Անձնակազմի անհատական պաշտպանության համար օգտագործվում են անհատական պաշտպանության միջոցներ: Օգտագործելուց հետո անհատական պաշտպանության միջոցները ախտահանվում են:
2.8.42. Չի թույլատրվում միևնույն շինությունում միաժամանակ աշխատել ախտորոշիչ նյութերի, միկրոօրգանիզմների կուլտուրաների և պատվաստանյութերի հետ:
2.8.43. Չեն թույլատրվում հակաբիոտիկակայուն ախտածին շտամերի հետ իրականացվող փորձարարական աշխատանքները, եթե կազմակերպությունում բացակայում են դեղամիջոցներ, որոնց նկատմամբ տվյալ շտամերը զգայուն են (երկու պատրաստուկից ոչ պակաս):
2.8.44. Անհրաժեշտության դեպքում միևնույն շինությունում թույլատրվում է հետևյալ տեսակի աշխատանքների իրականացում.
- միաժամանակ տարբեր տեսակների (շտամերի) հարուցիչների հետ: Ընդ որում, կենսաբանական անվտանգությունն ապահովվում է օգտագործվող տեսակային, շտամային և այլ առանձնահատկություններով պայմանավորված ավելի խիստ պահանջներին համապատասխան,
- ախտորոշիչ և փորձարարական հետազոտություններ` տարբեր ժամերի և յուրաքանչյուր փուլից հետո անհրաժեշտ է իրականացնել եզրափակիչ ախտահանում:
2.8.45. Շինությունից դուրս գալուց առաջ ստուգվում են գազը, ջուրը և այլ սարքերը: Լաբորատորիայի «վարակիչ» գոտու սենյակները կնքվում և փակվում են կողպեքով: Լաբորատորիայի բացումը և կնիքների հանումը, ինչպես նաև կողպումը և կնքումը կատարվում են կազմակերպության (լաբորատորիայի) ղեկավարի կողմից թույլտվություն ունեցող աշխատակիցների (գիտաշխատողներ, բժիշկներ, լաբորանտներ) կողմից:
2.8.46. Լաբորատորիայի վարակիչ գոտում, որտեղ կատարվում են ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքներ, գրառումները կատարվում են առանձին թերթիկների վրա և դուրս բերելուց առաջ վարակազերծվում են:
2.8.47. Իրավաբանական անձինք, անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևերից, ֆիզիկական անձինք, այդ թվում նաև անհատ ձեռներեցները, որոնք աշխատում են ախտածին կենսաբանական ազդակների հետ, կանոնավոր կերպով ստուգում են արտահոս օդափոխության նուրբ մաքրման ֆիլտրերի արդյունավետությունը և առհոսող ջրերը (կեղտաջրերը) ախտածին միկրոֆլորայի նկատմամբ, իսկ սիբիրախտի ախտածին կուլտուրաների հետ աշխատանքի դեպքում` ամիսը մեկ անգամ ստուգվում է աշխատասենյակի վարակվածությունը սպորներով:
2.9. ԽՈՐԸ ՄԻԿՈԶՆԵՐԻ ՀԱՐՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.9.1. Միցելային փուլի կուլտուրաների հետ կատարվող բոլոր գործողությունները, ինչպես նաև սնկերի գոյատևման ուսումնասիրությունները, նրանց բոլոր փուլերում կատարվում են III կարգի կենսաբանական անվտանգության բոքսերում:
2.9.2. Սնկերի միցելային փուլերի ցանքսերի դիտումը կատարվում է բոքս-սենյակներում` IV տիպի կոստյումով և բամբակ-թանզիֆե դիմակով:
2.9.3. Սնկերի միցելային փուլերի հետ աշխատանքի ժամանակ ցանքսերով ագարային թասերը պահվում են թերմոստատում 5 օրից ոչ ավելի (մինչև սպորավորման սկիզբը), օդակաթիլային ճանապարհով վարակումը կանխելու նպատակով: Չի թույլատրվում բացել սնկերի միցելային փուլի ցանքսերով ագարային թասերը և փորձանոթները կենսաբանական անվտանգության բոքսից (ծածկից) դուրս:
2.9.4. Սնկերի խմորման փուլերի հետ աշխատանքը իրականացվում է բոքս-սենյակում III տիպի կոստյումով և դիմակով, իսկ շճաբանական հետազոտությունները` IV տիպի կոստյումով:
2.9.5. Բջջային էլեմենտները որյաևի խցում հաշվելու համար սնկային կախուկները վարակազերծում են:
2.9.6. Լաբորատոր կենդանիների վարակելիս նյութի ներարկման տեղը մշակում են յոդի 1%-անոց թուրմով:
2.10. ՆՅՈՒԹԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆԸ ԵՎ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.10.1. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի ժամանակ տարբեր օբյեկտների վարակազերծումը կատարվում է սույն կարգին և նորմատիվային փաստաթղթերին համապատասխան:
2.10.2. Վարակազերծման մեթոդները և միջոցները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշվում են ելնելով ախտածին կենսաբանական ազդակների տեսակից, վարակազերծման ենթակա նյութի բնույթից և ծավալից:
2.10.3. Ախտահանման, միջատասպան և կրծողասպան աշխատանքները կատարում են միայն այն պատրաստուկներով, որոնք թույլատրված են ՀՀ տարածքում օգտագործման համար:
2.10.4. Կազմակերպության պահեստ մուտք գործած նոր ախտահանման միջոցները ստուգում են ակտիվ նյութի տոկոսային պարունակության նկատմամբ: Ախտահանման նյութերի ստուգումն իրականացվում է սահմանված կարգով:
2.10.5. Լաբորատորիայում պահվում է ախտահանող միջոցների նվազագույնը մեկ շաբաթյա պաշար:
2.10.6. Ախտահանիչ լուծույթները պատրաստվում են հատուկ սարքավորված սենյակում լաբորանտների կամ ախտահանողների կողմից` բժշկի (գիտաշխատողի) հսկողությամբ: Աշխատանքային լուծույթների օգտագործման ժամկետները սահմանվում են ախտահանիչ միջոցների օգտագործման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերով:
2.10.7. Ախտահանիչ լուծույթներով տարողությունները պիտակավորվում են նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:
2.10.8. Միջատասպան միջոցներին ներկայացվում են նույն պահանջները, ինչ ախտահանիչ միջոցներին (2.10.3.- 2.10.6.):
2.10.9. Նյութի վարակազերծումն ապահովում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կամ նրա կողմից նշանակված բժիշկը (գիտաշխատողը): Նյութի կենտրոնացված վարակազերծման համար ստորաբաժանման առկայության դեպքում այն ապահովում է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:
2.10.10. Ավտոկլավի հետ աշխատանքն իրականացվում է հատուկ դասընթացներ անցած անձնակազմի կողմից:
2.10.11. Ավտոկլավների աշխատանքի ստուգումն իրականացվում է համապատասխան նորմատիվային փաստաթղթերով:
2.10.12. Լաբորատորիաներում պահպանվում է մաքրություն, այնտեղ չպետք է լինեն աշխատանքի հետ չառնչվող նյութեր և առարկաներ:
2.10.13. Աշխատանքային մակերեսների ընթացիկ ախտահանումից և մանրէասպան լամպերով ճառագայթումից հետո, կրտսեր անձնակազմը կատարում է բոքսերի (մանրէաբանական սենյակների) ամենօրյա խոնավ մաքրում: Մաքրումը կատարվում է պաշտպանական հագուստով` լաբորանտի հսկողությամբ: Խոնավ մաքրումից հետո կատարվում է օդի և մակերեսների վարակազերծում մանրէասպան լամպերով` նորմատիվային փաստաթղթերին համապատասխան:
2.10.14. Լաբորատոր սեղաններն ու անվտանգության բոքսերը աշխատանքի համար նախապատրաստում են լաբորանտները:
2.10.15. «Վարակիչ» գոտու աշխատանքային մակերեսները ախտահանում են աշխատանքի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո:
2.10.16. «Վարակիչ» գոտում յուրաքանչյուր շաբաթ իրականացվում է ընդհանուր մաքրում: Կահույքի, սարքերի, ինչպես նաև պատերի (մինչև 2 մ) մակերեսները մաքրում են ախտահանիչ լուծույթներով: Խոնավ մաքրումից հետո կատարում են օդի և մակերեսների վարակազերծում մանրէասպան լամպերով:
2.10.17. Մանրէասպան լամպերի ապակյա մակերեսները սրբում են 700 էթիլ սպիրտով թրջած լաթով՝ շաբաթը մեկ անգամից ոչ պակաս:
2.10.18. Մաքրման համար անհրաժեշտ գույքը պետք է պիտակավորվի առանձին «մաքուր» և «վարակիչ» գոտիների համար: Չի թույլատրվում դրանց տեղափոխումը մի գոտուց մյուսը:
2.10.19. «Վարակիչ» գոտու աղբը վարակազերծվում է:
2.10.20. Սառնարանները պարբերաբար (ամիսը մեկ անգամ) մաքրում են սառցակեղևից և ախտահանում են: Թերմոստատները ախտահանում են ամիսը մեկ անգամ:
2.11. ՎԱՐԱԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԼՈԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.11.1. Կենսափորձի կենդանիների վարակման, հերձման և պահման բոլոր տեսակի աշխատանքները, վարակված կենդանիների և հոդվածոտանիների հետ այլ գործողությունները, ինչպես նաև կլինիկական, սեկցիոն և դաշտային նյութի ընդունումը և առաջնային մշակումը (բացառությամբ խոլերայի նկատմամբ նմուշների և ախտածնության II խմբի հարուցիչների նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար արյան նմուշների) կատարվում են վարակված կենդանիների բլոկում:
2.11.2. Լաբորատոր կենդանիների վարակումը և հերձումը կատարում են բժշկական, կենսաբանական կամ անասնաբուժական կրթություն և I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի թույլտվություն ունեցող անձինք:
2.11.3. Վարակված կենդանիների կառուցահատվածում բոլոր տեսակի աշխատանքները կատարվում են զույգության սկզբունքով:
2.11.4. Վարակված կենդանիների կառուցահատվածում կատարված այցելությունները գրանցվում են մատյանում` նշելով այնտեղ մնալու ժամանակը և կատարված աշխատանքի բնույթը:
2.11.5. Անձնակազմը վարակված կենդանիների հետ աշխատանքի բլոկ մտնում է պաշտպանական հագուստը հագնելու սենյակով, դուրս է գալիս պաշտպանական հագուստը հանելու և վարակազերծման սենյակով:
2.11.6. Չի թույլատրվում միևնույն սենյակում հագնել պաշտպանական հագուստը, և հանել` աշխատանքից հետո:
2.11.7. Վարակված մանր կենդանիները և էկտոմակաբույծները պահվում են վարակված կենդանիների բլոկում հետևյալ կանոնների պահպանումով.
- մանր կենդանիները տեղավորվում են նախօրոք ամբողջականությունը ստուգված և պիտակավորված ապակյա տարողություններում, արկղերի մեջ: Ապակյա տարողությունները և արկղերը փակվում են ցանցավոր կափարիչներով` կենդանիների ելքը կանխելու նպատակով,
- էկտոմակաբույծները տեղավորվում են մանր ցանցավոր գործվածքով ամուր կապված բանկաների և սրվակների մեջ, ինչպես նաև բամբակ-թանզիֆե կամ կեղևային խցանով փակված փորձանոթների մեջ,
- տարբեր տեսակի միկրոօրգանիզմներով վարակված կենդանիները պահվում են առանձին,
- կենդանիներով ապակյա տարողություններում տեղավորվում են յուղաներկով ներկված մետաղական (փայտե) դարակաշարերի վրա կամ ցանցապատված պահարանների մեջ, իսկ էկտոմակաբույծներով անոթները` նմանատիպ պահարանների, սառնարանների կամ թերմոստատների մեջ,
- սիբիրախտի, խորը միկոզների հարուցիչներով վարակված կենդանիներով ապակյա տարողություններում տեղավորվում են մետաղական կամ թիթեղապատ փայտե դարակաշարերի վրա,
- ապակյա տարողություններում փռոցային նյութի կուտակման դեպքում (բանկայի 1/3) կենդանիներին տեղափոխում են մաքուր ապակյա տարողությունների մեջ, իսկ օգտագործվածները լցվում են ախահանիչ լուծույթով կամ ախտահանում ավտոկլավում:
2.11.8. Հերձման ենթակա կենդանիներին սատկացնում են քլորոֆորմով, եթերով կամ թույլատրելի այլ եղանակներով:
2.11.9. Հերձելուց առաջ կենդանիների դիակներն ընկղմում են օճառային լուծույթի մեջ, հետո տեղափոխում կյուվետի մեջ դրված հերձման համար նախատեսված տախտակի վրա և ֆիքսում: Հերձման համար օգտագործում են գործիքների երկու հավաքածու (առանձին մաշկը կտրելու և առանձին օրգանների կտորները վերցնելու համար):
2.11.10. Նյութը վերցնելուց հետո հերձված կենդանին վարակազերծվում է:
2.11.11. Կենդանիների հերձումից հետո գործիքները, հերձման տախտակները, ապակյա տարողությունները, բաքերը, փռոցային նյութը վարակազերծում են:
2.11.12. Վարակված կեդանիների համար նախատեսված կառուցահատվածում չի թույլատրվում.
- մաքրել չոր մնացորդներ պարունակող ապակյա տարողություններն ու արկղերը առանց նախապես ախտահանիչ լուծույթով թրջելու,
- վերցնել սատկած կենդանիներին ձեռքերով` առանց կորնցանգի:
2.11.13. Վարակազերծված կարծր մնացորդների և կենդանիների մսեղիքի ոչնչացման համար օգտագործվում է դիակիզարան կամ առանձնացված և ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության հետ համաձայնեցված գերեզմանատեղեր:
2.12. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.12.1. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող յուրաքանչյուր աշխատակից պետք է ապահովված լինի հատուկ աշխատանքային, պաշտպանական հագուստով և կոշիկներով, շնչառության, տեսողության, մաշկային ծածկույթների պաշտպանության համար նախատեսված միջոցներով` հաստատված նորմերին համապատասխան: Անհատական պաշտպանիչ միջոցների քանակը և դրանք փոխելու պարբերականությունը սահմանում է կազմակերպության ղեկավարը` ելնելով աշխատանքի բնույթից:
2.12.2. Հագուստը և կոշիկիները պետք է լինեն անհատական: Աշխատանքային հագուստները պահվում են սանթողարանում աշխատակիցների անհատական պահարաններում` անձնական հագուստներից առանձին, պաշտպանական հագուստները` նրանք հագնելու տեղում:
2.12.3. Պնևմակոստյումները, պնևմագլխարկները, մեկուսացնող կոստյումները, հակագազերի արկղերը և այլն պետք է համարակալվեն: Յուրաքանչյուրի համար օգտագործման ժամանակի խիստ հաշվառում է կատարվում: Օգտագործման ժամանակը գրանցվում է հատուկ մատյանում:
2.12.4. Անհատական պաշտպանության միջոցների ճիշտ շահագործումն ապահովելու համար ստորաբաժանման ղեկավարը նշանակում է պատասխանատու աշխատակցի, որի պարտականությունների մեջ մտնում է անհատական պաշտպանության միջոցների նախապատրաստման և ստուգման հսկողությունը, անհատական պաշտպանության միջոցների շահագործման ժամանակի հաշվառումը, ինչպես նաև ժամկետանց, հյուսվածքի ամբողջականության և կարերի խախտումով անհատական պաշտպանության միջոցների դուրս գրումը:
2.12.5. Յուրաքանչյուր օգտագործումից առաջ հատուկ ստուգվում է պնևմակոստյումների ամբողջականությունը: Մեկուսացնող կոստյումները և պնևմագլխարկները ենթարկվում են ակնադիտական ստուգման:
2.12.6. Պնևմակոստյումները և մեկուսացնող կոստյումները վարակազերծվում են յուրաքանչյուր օգտագործումից հետո: Վարակված կենդանիների կառուցահատվածում անհատական պաշտպանության միջոցները նույնպես վարակազերծվում են աշխատանքից հետո:
Լաբորատորիաներում աշխատանքի ժամանակ պաշտպանական հագուստը փոխում են կեղտոտվելիս, բայց շաբաթը մեկ անգամից ոչ պակաս:
2.12.7. Պաշտպանական հագուստների և հակագազերի վարակազերծումը կատարվում է համապատասխան նորմատիվային փաստաթղթերով:
2.13. ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.13.1. Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնի, այլ բժշկակենսաբանական կազմակերպությունների աշխատակիցները, որոնք իրականացնում են կրծողների որս, էկտոմակաբույծների հավաք ժանտախտի և այլ բնական-օջախային վարակների օջախներում, կրծողների ոչնչացում, ինչպես նաև այլ դաշտային աշխատանքներ վայրի ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների հետ, ապահովվում են եղանակին համապատասխան պաշտպանական հագուստով:
2.13.2. Ժանտախտի բնական օջախներում աշխատանքի ժամանակ համազգեստը (կոմբինեզոն) և ճտքակոշիկները մշակում են կայուն ռեպելենտ կամ պիրետրենների տիպի կայուն միջատասպան նյութերով:
2.13.3. Կրծողների որսի և հոդվածոտանիների հավաքման, դրանց ոչնչացման աշխատանքների ժամանակ ընդմիջումներից, ծխելուց առաջ և աշխատանքի ավարտից հետո ձեռքերը և գործիքները վարակազերծվում են համապատասխան ախտահանիչ լուծույթներով:
2.13.4. Դաշտում կանգառի վայրերը պետք է տեղակայված լինեն կրծողների բներից հեռու: Եթե դա հնարավոր չէ, կրծողները ոչնչացվում են, վրանի տեղակայման վայրը մշակվում է փոշենման միջատասպան նյութերով:
2.13.5. Որսի գործիքները և այն բոլոր գործիքները (թակարդներ, էկտոմակաբույծների հավաքման ժապավեններ, սրվակներ, պարկեր և այլն), որոնք աշխատանքի ընթացքում շփման մեջ են եղել կրծողների և էկտոմակաբույծների հետ, տեղափոխվում են փակ տարաների մեջ: Սարքավորումների և դաշտային նյութի տեղափոխումը լաբորատորիա կատարվում է դաշտային ջոկատի տրանսպորտով կամ լաբորատորիայի կողմից տրամադրված տրանսպորտով ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի իրավունք ունեցող աշխատակցի ուղեկցությամբ:
2.13.6. Որսի գործիքները, դաշտային նյութը պահվում են կողմնակի անձանց համար ոչ մատչելի վայրերում:
2.13.7. Որսված գազանիկները, անհրաժեշտության դեպքում, սատկացվում են անմիջապես թակարդներում քլորոֆորմով, եթերով և թույլատրված այլ մեթոդներով: Դիակները դրվում են բյազից պարկերի մեջ, որոնք տեղավորվում են արկղերում կամ մոմլաթե պարկերում: Բյազից պարկերը երկու անգամ ամուր կապվում են (երկրորդ անգամ տոպրակի շրջված ծայրով)` էկտոմակաբույծների տարածումը բացառելու նպատակով:
2.13.8. Կենդանի կրծողները տեղավորում են մետաղական կամ ներսից թիթեղապատ արկղերի մեջ: Մակաբուծաբանական և մանրէաբանական հետազոտությունների համար նախատեսված էկտոմակաբույծները տեղափոխվում են մետաղական տուփերի մեջ տեղավորված բամբակ-թանզիֆե խցաններով փակված փորձանոթներով կամ բյազից պարկերի մեջ` ամուր խցաններով փակված հաստապատ ապակյա սրվակներով: Տեղափոխվող նյութի փաթեթի արտաքին մասին փակցվում է «Կենսաբանական վտանգ» նշանը:
2.13.9. Սատկած կրծողներին, պարկերից հանելուց հետո, սանրում են, իսկ կենդանի կրծողներին` դուստավորում նստարկղերում: Բերված էկտոմակաբույծներն ազատվում են ավազից և այլ նյութերից:
2.13.10. Բյազե պարկերի ախտահանումը կատարվում է յուրաքանչյուր օգտագործումից հետո` օճառասոդային լուծույթում 30 րոպե եռացման և մաքուր ջրում հաջորդող ողողման եղանակով: Էկտոմակաբույծներ պարունակող փորձանոթները և սրվակներն ախտահանվում են եռացման եղանակով:
2.13.11. Որսի գործիքների և այլ գործիքների ախտահանումը կատարվում է ամեն օր արևի տակ տաքացման (ամռանը), եռացման եղանակով, ախտահանիչ լուծույթներով մշակման եղանակով, որից հետո չորացնում և մշակում են բուսական յուղով: Արկղերը և թակարդները ախտահանվում են:
2.13.12. Էկտոմակաբույծների տեսակի որոշումը, լաբորատոր հետազոտությունները (կախուկի պատրաստում, ցանքս) կատարվում են «վարակիչ» գոտու սենյակներում: Էկտոմակաբույծները տեսակի որոշումից առաջ անշարժացվում են եթերի գոլորշիներով, շարվում առարկայական լայն ապակու վրա և չոր վիճակում դիտում մանրադիտակով: Էկտոմակաբույծներին ծածկապակու տակ ջրի կաթիլում կենդանի վիճակում դիտելու դեպքում առարկայական ապակին դնում են Պետրիի թասի մեջ` ապակուց հոսող ջրերով մանրադիտակի սեղանիկի աղտոտումը կանխելու նպատակով: Աշխատանքն ավարտելուց հետո Պետրիի թասերը և առարկայական ապակիներն ընկղմում են ախտահանիչ լուծույթի մեջ: Տզերից կախուկի պատրաստման ժամանակ հեղուկի ցայտումը կանխելու նպատակով տրորումից առաջ տզերին անհրաժեշտ է կտրտել մկրատով` ծածկելով Պետրիի թասի կափարիչով կամ մեծ ձագարով:
2.13.13. Էնզոոտիկ տարածքներում բռնված գազանիկների մորթազերծումը և մսեղիքի հավաքածուների պատրաստումը կատարվում է հետևյալ ձևով.
- ուսումնական նպատակների համար նախատեսված մսեղիքի պատրաստման դեպքում գազանիկին նախապես պահում են ֆորմալինի 10 %-անոց լուծույթում, տևողությունը որոշվում է գազանիկի չափերով և հյուսվածքի մեջ ֆորմալինի թափանցման արագությամբ (օրական 1 սմ): Ֆորմալինում ֆիքսված գազանիկի հետ աշխատանքները կարող են կատարել ցանկացած տեղում առանց պաշտպանական հագուստի.
- գիտական նպատակների համար նախատեսված մսեղիքի պատրաստման ժամանակ, երբ ֆորմալինի ազդեցությունը անթույլատրելի է, մորթազերծումից առաջ գազանիկը 10-15 րոպեով ընկղմվում է լիզոլի 5 %-անոց լուծույթի մեջ: Հանված մորթին 3 ժամով տեղավորվում է լիզոլի 5 %-անոց լուծույթի մեջ, որից հետո այն մաքրվում է ճարպից, լվացվում և ներսից մշակվում նատրիումի արսենատով: Գանգը պահվում է կամ ֆորմալինում, կամ ախտահանվում եռացման եղանակով: Կրծողի մորթազերծումը կատարվում է վարակված կենդանիների համար նախատեսված կառուցահատվածում` կենսաբանական անվտանգության պահանջների պահպանումով: Մորթազերծման և մսեղիքի պատրաստման բոլոր աշխատանքները թույլատրվում է կատարել անմիջապես ձեռքերով` ռետինե ձեռնոցներով: Աշխատանքը կատարվում է պաշտպանական հագուստով:
2.13.14. Վայրի թռչունների և գազանիկների արտաթորանքների քննությունները կատարվում են ֆորմալինի 1 %-անոց լուծույթի մեջ 12-18 ժամ պահելուց հետո` ցանկացած ծառայողական սենյակում առանց պաշտպանական հագուստի:
2.13.15. Հավաքածու պատրաստուկների պատրաստման համար ընտրված արյունածուծ հոդվածոտանիները ֆիքսվում են 700 էթիլ սպիրտով:
2.14. ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՅՐԻ ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐԻ ՈՐՍԻ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.14.1. Հատուկ վտանգավոր վարակների տեսակետից էնզոոտիկ տարածքներում հետազոտության համար վայրի կենդանիների և հոդվածոտանիների որսը և դրանց դուրս բերումը բնական օջախի սահմաններից կատարվում է ըստ սահմանված կարգի:
2.14.2. Հատուկ վտանգավոր վարակների տեսակետից ոչ էնզոոտիկ տարածքներում բժշկակենսաբանական ցանկացած հաստատություն կարող է իրականացնել ողնաշարավոր կենդանիների և արյունածուծ հոդվածոտանիների որս և պահում՝ համաձայն սահմանված կարգի:
2.14.3. Ցանկացած նյութ համարվում է պոտենցիալ վտանգավոր այն բնական օջախային հիվանդությունների հարուցիչների տեսակետից, որը բնորոշ է այն լանդշաֆտային գոտուն, որի սահմաններից նյութը հավաքվել է:
2.14.4. Ջոկատի (գիտարշավի) ամբողջ անձնակազմը պետք է իրազեկված լինի տվյալ տարածքի սահմաններում շրջանառող բնաօջախային վարակների հարուցիչների հետ աշխատանքի ժամանակ կենսաբանական անվտանգության պահանջներին: Վայրի կենդանիների որսի և պահպանման պահանջների պատասխանատուն համաճարակաբանական ջոկատի (գիտարշավի) ղեկավարն է (պետը):
2.14.5. Ժանտախտի տեսակետից էնզոոտիկ տարածքներում աշխատելիս յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է կատարել ամենօրյա ջերմաչափում, որի արդյունքները գրանցվում են համապատասխան մատյանում:
2.14.6. Բնության մեջ կենդանի որսված վայրի կենդանիները և հոդվածոտանիները մինչ գիտական և այլ կազմակերպություններ տեղափոխելը պահվում են կարանտինում: Կարանտինային կենդանակացարանը (վիվարիում) կարելի է կազմակերպել ժամանակավոր համաճարակաբանական ջոկատի (գիտարշավի) կամ ստացիոնար կազմակերպության տարածքում: Կարանտինի տևողությունը մեկ ամիս է:
2.14.7. Կարանտինային կենդանակացարանի (վիվարիում) և ինսեկտարիայի շինությունները մեկուսացվում են այլ շինություններից և պաշտպանվում կրծողների և միջատների ներթափանցումից:
2.14.8. Վայրի ողնաշարավոր կենդանիները կարանտինային վիվարիում տեղափոխվում են ներսից թիթեղապատված փայտյա արկղերում, որոնք յուրաքանչյուր օգտագործումից հետո վարակազերծվում են:
2.14.9. Հոդվածոտանիները (տզեր, ոջիլներ, լվեր) տեղափոխվում են բամբակ-թանզիֆե խցաններով փակված փորձանոթներով (թաց կամերաներ) տեղավորված մետաղական տուփերի մեջ, կամ ամուր փակվող խցաններով հաստապատ սրվակներով` տեղավորված բյազից պարկերի մեջ:
Հոդվածոտանիներին տեղափոխող տրանսպորտային միջոցը պետք է համալրված լինի 0.5 կգ միջատասպան պատրաստուկով և փոշեցրման սարքով` էկտոմակաբույծների սրվակների և փորձանոթների ջարդով ուղեկցվող վթարների համար:
2.14.10. Կենդանիների տեղափոխումը կարանտինային կենդանակացարանում (վիվարիում) կատարվում է հատուկ առանձնացված տրանսպորտով` ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի թույլտվություն ունեցող աշխատակցի ուղեկցությամբ: Դաշտային նյութի տեղափոխումը հասարակական տրանսպորտով արգելվում է:
2.14.11. Կարանտինային կենդանակացարան բերված գազանիկներն ազատվում են էկտոմակաբույծներից և տեղափոխվում ամուր ցանցավոր կափարիչներով մետաղական կամ ապակյա տարաների մեջ: Կենդանիների սանրումը և խնամքը կարանտինի ընթացքում կատարվում է պաշտպանական հագուստով` կենսաբանական անվտանգության պահանջների պահպանումով:
2.14.12. Ժանտախտի բնական օջախներից կարանտինային կենդանակացարան (վիվարիում) բերված կենդանիների թաթերից կամ պոչից արյուն է վերցվում մանրէբանական և շճաբանական հետազոտությունների համար: ազանիկների մոտ հատուկ հակամարմինների հայտնաբերումը վկայում է ժանտախտի էպիզոոտիայի մասին, ժանտախտի հարուցչի կամ ժանտախտի հարուցչի ֆրակցիա I հայտնաբերումը` գազանիկի հիվանդության մասին, որը ցուցում է նրան սատկացնելու և հետազոտելու համար:
2.14.13. Կարանտինային կենդանակացարանում (վիվարիում) սատկած գազանիկ հայտնաբերելու դեպքում կատարվում է դիակի մանրէաբանական (վիրուսաբանական) և շճաբանական հետազոտություն:
2.14.14. Կենդանիների մեջ վարակիչ հիվանդության հայտնաբերման դեպքում կարանտինի ժամկետը երկարացվում է ևս 1 ամսով` հաշված վերջին կենդանու սատկելու գրանցման օրից: Զանգվածային անկման դեպքում բոլոր կենդանիներին սատկացնում են, իսկ կենդանակացարանը (վիվարիում)` վարակազերծում:
2.14.15. Ընկած կամ սատկացրած կենդանիների դիակները վարակազերծվում են:
2.14.16. Առողջ կենդանիները կարանտինից հետո տեղափոխվում են լաբորատորիա:
2.14.17. Միջատները պահվում են հատուկ սենյակներում (ինսեկտարիաներ)` դրանց տարածումը կանխող ապակյա տարաներում:
2.14.18. Հոդվածոտանիների հետ իրականացվող աշխատանքում օգտագործվող ամանեղենն ախտահանվում է եռացման եղանակով: Մնացորդների վրա լցնում են ախտահանիչ լուծույթ կամ այրում են, գործիքները եռացնում են կամ այրում են կրակի վրա:
2.14.19. Կենդանակացարանում (վիվարիում) և ինսեկտարիայում ողնաշարավորների և հոդվածոտանիների շարժի հաշվառումը կատարվում է համարակալված և կարված (ժապավինված) մատյանի մեջ` նշելով որսի տեղը և ժամանակը, հետազոտության և կարանտինի արդյունքները:
2.14.20. Կենդանակացարանից (վիվարիում) կամ ինսեկտարիայից ողնաշարավոր կենդանիների և հոդվածոտանիների փոխանցումը այլ կազմակերպություններ հնարավոր է կազմակերպության ղեկավարի թույլտվությամբ` միայն կարանտինից հետո ծնված կենդանիներից:
2.15. ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑԱԾ ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.15.1. Վթարի դեպքում, երբ արտադրական գոտու օդի և անձնակազմի ախտածին կենսաբանական ազդակներով վարակման իրական կամ պոտենցիալ վտանգ է առաջանում, ստորաբաժանումներում, որտեղ աշխատանքներ են կատարվում ախտածին կենսաբանական ազդակների հետ, պետք է լինի վթարի վերացման ծրագիր և հետազոտվող հարուցիչների նկատմամբ ակտիվ ախտահանող նյութերի պաշար:
Այն ստորաբաժանումներում, որտեղ աշխատանքներ են կատարվում ախտածին կենսաբանական ազդակների հետ, հատուկ առանձնացված տեղում պահվում են հիդրովահանակ (ավտոմաքս), աշխատանքային (նախատեսված տուժածների զգեստափոխման համար) և պաշտպանական հագուստների (նախատեսված վթարի հետևանքները վերացնող աշխատակիցների համար) լրակազմեր, վթարային դեղարկղիկ:
Վթարային դեղարկղիկը պետք է պարունակի.
- 700 էթիլ սպիրտ (երկու սրվակ 100 մլ),
- կալիում պերմանգանատի երկու կշռուկ 0.05 %-անոց լուծույթ պատրաստելու համար (0.0125 գ կալիում պերմանգանատ + 25 մլ ջուր),
- հատուկ ազդեցության հակաբիոտիկների և քիմիաթերապևտիկ պատրաստուկների հավաքակազմ,
- թորած ջուր,
- ներարկիչ` հակաբիոտիկների լուծույթների պատրաստման համար,
- աչքի կաթոցիչներ,
- յոդի 5 %-անոց թուրմ,
- կլոր ծայրերով մկրատ,
- վիրակապական միջոցներ (բամբակ, բինտ), լարան և անուշադրի սպիրտ։
Բացի վերոնշյալից վիրուսաբանական լաբորատորիայի դեղարկղիկում պետք է լինեն բորաթթվի 1 %-անոց լուծույթ, ինտերֆերոն կամ ինտերֆերոնի ինդուկտոր, սնկաբանական լաբորատորիայի դեղարկղիկում` 1 %-անոց բորաթթվի լուծույթ կամ լուծույթի պատրաստման համար նախատեսված կշռուկներ (0.25 գ բորաթթու + 25 մլ ջուր), բոտուլինային տոքսինի հետ աշխատող լաբորոտորիայում` հոմոլոգիկ բոտուլինային հակատոքսիկ շիճուկներ:
«Մաքուր» գոտում կամ բժշկական մեկուսարանում, կախված հարուցչի տեսակից և աշխատանքի բնույթից, պահվում է շտապ կանխարգելման միջոցների պաշար (դեղարկղիկ), ներառյալ հատուկ ազդեցության հակաբիոտիկների հավաքակազմ, շտապ կանխարգելման քիմիաթերապևտիկ պատրաստուկներ, ինտերֆերոն կամ ինտերֆերոնի ինդուկտորներ, հատուկ իմունագլոբուլիններ, հոմոլոգիկ բոտուլինային հակատոքսիկ շիճուկներ:
Պատրաստուկների պահպանման ժամկետները և դեղարկղիկի համալրվածությունը ստուգվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից նշանակած պատասխանատու բժիշկը կամ մեկուսարանի բժիշկը:
2.15.2. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող կազմակերպություններում մշակվում են հնարավոր վթարների (վթարային իրավիճակներ) տարբերակներ և որոշվում է կազմակերպության աշխատակիցների և ղեկավար անձանց այդ պայմաններում գործողությունների կարգը:
Դրա հիման վրա կազմվում է ախտածին կենսաբանական ազդակների հետ կատարվող աշխատանքի ժամանակ առաջացած վթարների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որը համաձայնեցվում է կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնախմբի հետ և հաստատվում կազմակերպության ղեկավարի կողմից:
2.15.3. Վթարի վերացման միջոցառումների ծավալը կախված է կատարվող աշխատանքի բնույթից, հարուցչի տեսակից և հատկութուններից, վթարի մասշտաբներից.
- վթարներ ախտածին կենսաբանական ազդակների ցայտացրմամբ, այսինքն` աերոզոլների առաջացմամբ (հեղուկ կուլտուրաներ պարունակող փորձանոթների և սրվակների ամբողջականության խախտում, կոնդենսատով ագարի վրա կուլտուրաներ պարունակող թասերի և փորձանոթների ամբողջականության խախտում, կաթոցիչից կամ ներարկիչից մանրէային կախույթի ցայտացրում, վարակված կենդանիների և հիվանդ մարդկանց դիակների հերձման ժամանակ հյուսվածքային հեղուկի ցայտացրում, ախտածին կուլտուրաների չորացման ժամանակ վակուումային սարքերի վթարներ, ինչպես նաև օդի և շրջապատող առարկաների հպավարակումով (կոնտամինացիա) ուղեկցվող վթարներ, օրինակ` ստորաբաժանումների միջև կամ ավտոկլավի սենյակ ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխման ժամանակ առաջացած վթարներ),
- վթարներ առանց ախտածին կենսաբանական ազդակների ցայտացրման (բաժակի, փորձանոթի, սրվակի, բյուրեղարար գործիքի ծայրին վարակված նյութ պարունակող օղակներով դիպչելը, կենսաբանական նյութ պարունակող Պետրիի թասերի, փորձանոթների և սրվակների ճաքերը և ցանքսից հետո օղը վառելու ժամանակ կարծր մասնիկի ընկնելը սեղանի վրա և այլն),
- վթարներ մաշկային ծածկույթների ամբողջականության խախտմամբ,
- վթարներ մեկուսացնող կոստյումի կամ պնևմոկոստյումի ամբողջականության խախտմամբ:
2.15.4. Աշխատակիցների գործողությունների կարգը վթարների ժամանակ.
2.15.4.1. Ախտածին կենսաբանական ազդակների ցայտացրումով վթարների դեպքում.
- սենյակում գտնվող բոլոր անձինք անմիջապես դադարեցնում են աշխատանքը և, պահելով շնչառությունը, դուրս գալիս վարակված սենյակից նախաբոքս, պինդ փակում են դուռը, միացնում վթարային ազդանշանիչը և կատարվածի մասին հայտնում ստորաբաժանման ղեկավարին,
- ձեռքերը մշակում են ախտահանող լուծույթով կամ սպիրտով, եթե դեմքը պաշտպանված չի եղել, այն մշակում են 700 էթիլ սպիրտով,
- աչքերի, քթի և բերանի լորձաթաղանթները մշակում են վթարային դեղարկղիկի պատրաստուկներով, քիթը և կոկորդը ողողում են 700 էթիլ սպիրտով, քթի մեջ կաթեցնում են կալիումի պերմանգանատի 1:100000 լուծույթ կամ բորաթթվի 1 %-անոց լուծույթ, իսկ վիրուսների հետ կապված վթարների դեպքում` քթի մեջ կաթեցնում են նաև ինտերֆերոն կամ ինտերֆերոնի ինդուկտոր,
- պաշտպանական հագուստը` սկսած գլխաշորից, առատորեն թրջում են ախտահանող լուծույթով, հանում այն և ընկղմում ախտահանող լուծույթի մեջ կամ տեղավորում ավտոկլավի համար նախատեսված բոքսի մեջ,
- մարմնի բաց մասերը մշակում են 700 էթիլ սպիրտով,
- ընդունում են հիգիենիկ ջրացնցուղ,
- հագնում են մաքուր աշխատանքային հագուստ,
- աչքերի (կարելի է նաև քթի) մեջ կաթեցնում են հակաբիոտիկների և այլ միջոցների լուծույթներ, որոնց նկատմամբ զգայուն է հետազոտվող հարուցիչը,
- մաշկի բաց հատվածների վրա բոտուլինային տոքսինի ընկնելու դեպքում մաշկը լվանում են մեծ քանակությամբ օճառաջրով (լվացման ջրերը ախտահանում են ավտոկլավում),
- բոտուլինային տոքսինի հետ աշխատանքի ժամանակ առաջացած վթարների դեպքում աչքերը և բերանը լվանում են ջրով և 10 ՄՄ/մլ նոսրացված հակատոքսիկ շիճուկով, ներարկում են շիճուկ կամ անատոքսին,
- ախտածին կենսաբանական ազդակների այլ տեսակների հետ աշխատանքների ժամանակ առաջացած վթարների դեպքում ներարկվում է իմունոգլոբուլին կամ կատարվում է շտապ քիմկանխարգելում` հաշվի առնելով ախտածին կենսաբանական ազդակների տեսակը և պատրաստուկների առկայությունը,
- եթե վթարը տեղի է ունեցել անհայտ հարուցչի հետ աշխատանքի ժամանակ, օգտագործվում են պահեստային հակաբիոտիկների համակցություններ:
Ախտահանիչ միջոցառումների անցկացման կարգը.
- վթարի վերացմանը մասնակցող աշխատակիցները հագնում են I տիպի հակաժանտախտային կոստյում կամ մեկուսացնող կոստյում,
- մշակման համար օգտագործվում են համապատասխան վարակիչ ազդակի նկատմամբ արդյունավետ ախտահանիչ լուծույթ,
- սենյակի ախտահանումը կատարվում է հիդրովահանակով (ավտոմաքսով) ախտահանիչ լուծույթի ցրցայտման եղանակով` սկսած մուտքի դռնից, շարժվելով մշակվող տարածքով և ջրարկելով առջևում գտնվող բոլոր առարկաները (հատակ, պատեր, առաստաղ) և օդը,
- առաջնային մշակումից երկու ժամ անց ախտահանիչ լուծույթով թրջված բամբակե խծուծներով հավաքում են կոտրված ամանեղենի կտորները` ընկղմելով դրանք ախտահանիչ լուծույթով տարողության մեջ: Վթարի պահին աշխատանքային մակերեսներին գտնվող, ցանքսեր պարունակող լաբորատոր ամանեղենը ընկղմում են ախտահանող լուծույթով տարողության մեջ կամ վերցնում են ախտահանող լուծույթով թրջված անձեռոցիկով և տեղավորում ավտոկլավի համար նախատեսված տարողության մեջ,
- ախտահանումից հետո սենյակի օդը և մակերեսները վարակազերծվում են մանրէասպան լամպերով,
- արտածծող օդափոխությունն ախտահանման ողջ ընթացքի ժամանակ պետք է միացված լինի,
- ախտահանումը վերջացնելուց հետո աշխատակիցը դուրս է գալիս նախաբոքս և հանում պաշտպանական հագուստը` ընկղմելով այն ախտահանիչ լուծույթի մեջ,
- երկու ժամ անց սենյակը մաքրվում է, որից հետո կարելի է վերսկսել աշխատանքը:
2.15.4.2. Ախտածին կենսաբանական ազդակների առանց ցայտացրման ուղեկցվող վթարի դեպքում.
- սենյակից դուրս չգալով` աշխատակիցները ախտահանիչ լուծույթով թրջված բամբակե խծուծներով ծածկում են ախտածին կենսաբանական ազդակով օբյեկտի մակերեսի աղտոտման վայրը,
- միացնում են վթարային ազդանշանիչը, կանչում ստորաբաժանման ղեկավարին կամ նրան փոխարինող անձին և շարունակում վթարի վայրի ախտահանման աշխատանքները,
- ախտահանումից հետո աշխատակիցը դուրս է գալիս սենյակից, հանում պաշտպանական հագուստը և ընկղմում ախտահանիչ լուծույթի մեջ,
- մարմնի բաց մասերը մշակում են ախտահանիչ լուծույթով կամ 700 էթիլ սպիրտով:
2.15.4.3. Մաշկային ծածկույթների ամբողջականության խախտմամբ ուղեկցվող վթարների դեպքում.
- աշխատանքը դադարեցվում է,
- միացվում է վթարային ազդանշանիչը,
- ձեռքերը մշակում են ախտահանիչ լուծույթով, հանում են ձեռնոցներն ու ախտահանիչ լուծույթի մեջ վերքից դուրս մղում արյունը,
- վերքի վրա 4-5 րոպե տևողությամբ դնում են ախտահանիչ լուծույթով կամ 700 էթիլ սպիրտով թրջոց,
- սիբիրախտի հարուցչի հետ աշխատանքի դեպքում վերքը խնամքով լվանում են օճառաջրով և վերքի վրա քսում են յոդի 5 %-անոց թուրմ` առանց ախտահանիչ լուծույթի կիրառման,
- I-II խմբերի վիրուսների հետ աշխատանքի դեպքում արյունը դուրս են մղում չոր, մանրէազերծված անձեռոցիկի մեջ և վերքը մշակում են յոդի 5%-անոց թուրմով` առանց ախտահանիչ լուծույթի կիրառման,
- բոտուլինային տոքսինի հետ աշխատանքի դեպքում վերքը լվանում են ջրով և նոսրացված հակաբոտուլինային շիճուկով (10 ՄՄ/մլ):
2.15.4.4. Մեկուսացնող կոստյումի կամ պնևմոկոստյումի ամբողջականության խախտմամբ ուղեկցվող վթարների դեպքում անհրաժեշտ է.
- վերացնել վնասման պատճառը ձեռքի տակ գտնվող միջոցներով (ախտահանիչ լուծույթով թրջված անձեռոցիկ, կորնցանգ, սպեղանի),
- իրականացնել պնևմոկոստյումի արտաքին մակերեսի ախտահանում և, հնարավորության դեպքում, չանջատվելով օդամատակարարման համակարգից, հետևել դեպի սանթողարան. այդ դեպքում օդամատակարարման համակարգի օդաբաշխիչ կետերի միջև փոխարկման գործողությունները կատարում է զուգընկերը:
Ձեռնոցների պատռվածքի դեպքում նրա վրայից հագնում են պահեստային ձեռնոցները, իսկ կոստյումի մակերեսի վարակազերծման ժամանակ հանում են պահեստային և պատռված ձեռնոցները և դրանք ներսից ու դրսից մշակում ախտահանիչ լուծույթով:
«Վարակիչ» գոտում աշխատող պնևմոկոստյումով աշխատակցի գիտակցության կորստի դեպքում նրան օգնություն է ցույց տալիս զուգընկերը: Նա ստուգում է պնևմոկոստյում օդի մուտքի առկայությունը, անհրաժեշտության դեպքում միացնում է օդամատակարարման համակարգի օդաբաշխիչ կետին և միջոցներ է ձեռնարկում տուժածին դուրս բերելու համար:
Ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է սանիտարական տրանսպորտով տուժածի տեղափոխումը հատուկ բժշկական կազմակերպույուն, տեղի ունեցածի մասին հայտնում է կազմակերպության ղեկավարին և միջոցներ ձեռնարկում վթարային ջոկատի ուժերով վթարի տեղայնացման և վերացման ուղղությամբ:
2.15.5. «Վթար» ազդանշանի դեպքում ազդանշան ընդունող աշխատակիցը վթարի մասին հայտնում է ստորաբաժանման ղեկավարին կամ նրան փոխարինող մասնագետին: Ստորաբաժանման ղեկավարը վթարի մասին հայտնում է կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնախմբին և կազմակերպության ղեկավարին:
2.15.6. Վթարի վայր ժամանած ստորաբաժանման ղեկավարը և կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնախմբի ներկայացուցիչը գնահատում են իրավիճակը, որոշում են վթարի հետևանքների տեղայնացման և վերացման միջոցառումների ծավալը և զեկուցում կազմակերպության ղեկավարին, կազմակերպում և հսկողություն սահմանում վթարի վերացմանը մասնակցող աշխատակիցների գործողությունները:
2.15.7. Ստորաբաժանման ղեկավարը և տուժածները գրավոր բացատրագրեր են ներկայացնում կազմակերպության ղեկավարին: Բացատրագրերում պետք է արտացոլված լինեն վթարի ժամը և տեղը, կատարվող աշխատանքի բնույթը, վթարի հանգամանքները, միկրոօրգանիզմի տեսակը, ախտածնության խումբը, վիրուլենտությունը, զգայունությունը հակաբիոտիկների նկատմամբ, աշխատանքի ժամանակ կենսաբանական անվտանգության պահանջների խախտումների առկայությունը, ձեռնարկված միջոցառումները:
2.15.8. Կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնախմբի նախագահը զեկուցագիր է ներկայացնում կազմակերպության ղեկավարին, որտեղ մանրամասն շարադրում է հետևյալ տեղեկությունները. վթարի ամսաթիվը և ժամը, տուժածների անունները և պաշտոնները, վթարի բնույթը, հարուցչի մանրամասն նկարագրությունը, տեղեկություն տուժածների պատվաստման և փորձի ընթացքի մասին, առաջարկներ վթարի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների ծավալի մասին և գրանցում վթարների և պատահարների մատյանի մեջ:
2.15.9. Զեկուցագրի հիման վրա կազմակերպության ղեկավարը վավերացնում է վթարի հետևանքների վերացմանն ուղղված հետագա գործողությունները` վթարների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրին համապատասխան:
2.15.10. Վթարի վերացումից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև աշխատակցի կանխարգելիչ բուժումից կամ մեկուսացումից հետո, կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնախմբի նախագահը կազմում և համապատասխան մատյանում գրանցում է ընդհանուր եզրակացություն:
2.15.11. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքների ժամանակ տեղի ունեցած բոլոր դժբախտ պատահարների և սխալների մասին աշխատակիցները տեղյակ են պահում ստորաբաժանման ղեկավարին կամ կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնխմբի ներկայացուցչին:
2.15.12. Ստորաբաժանման ղեկավարը կարող է ժամանակավորապես (մինչև կազմակերպության ղեկավարի որոշման ընդունումը) կենսաբանական նյութի հետ աշխատանքից ազատել սույն կարգի պահանջները խախտած անձանց:
2.15.13. Սույն կարգը հաճախակի խախտող անձինք կարող են հեռացվել ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքից կազմակերպության ղեկավարի հրամանով:
2.15.14. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի ժամանակ տեղի ունեցած վթարների մասին, երբ նշանակվում է կանխարգելիչ բուժում, կազմակերպության ղեկավարը պարտավոր է տեղեկացնել ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչություն:
2.15.15. Ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող բոլոր ստորաբաժանումներում տարին մեկ անգամ իրականացվում են վթարների վերացման ծրագրային վարժական պարապմունքներ:
3. ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ I-II ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
3.1. Ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմների հետ աշխատանքի անվտանգության պահանջների կատարման հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինները:
3.2. Յուրաքանչյուր կազմակերպությունում, որտեղ աշխատում են ախտածնության I-II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ, ստեղծվում է կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնախումբ, որի աշխատանքի կազմակերպման կանոնակարգը հաստատում է Առողջապահության նախարարը:
3.3. Ախտածնության I - II խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի ժամանակ կենսաբանական անվտանգության պահանջների կատարման հարցերի մեթոդական ղեկավարումը և աշխատանքի այդ բաժնի վերաբերյալ գործունեության վերլուծությունը իրականացվում է «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|