ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2008 թվականի N 876-Ն
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև 2007 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի N 2363 ARM (SF) վարկային համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև կնքված ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի N 2363 ARM (SF) վարկային համաձայնագրի, առանց ծրագրի իրականացման գրասենյակի ներգրավման, իրականացման առանձնահատկությունը` սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգով նախատեսված` ծրագրի համակարգման գործառույթները վերապահվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:
2. Ստեղծել ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդ` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, հասարակական կազմակերպության և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:
4. Սահմանել, որ ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի`
1) կառավարման խորհուրդն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները` բացառությամբ կանոնադրության 7-րդ կետի «զ» ենթակետի և 20-րդ կետի, որոնց իրականացումը վերապահվում է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը.
2) վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` որպես ծրագրի գործադիր գործակալության, և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության` որպես ծրագրի իրականացման գործակալության առջև դրված խնդիրների իրականացման նպատակով` անհատական խորհրդատուների ներգրավմամբ ստեղծվում են համապատասխանաբար ծրագիրը համակարգող միավոր և ծրագրի կառավարման գրասենյակ.
3) իրականացման շրջանակներում սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծրագիրը համակարգող միավորի ֆինանսավորումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի միջոցների հաշվին` սույն որոշման 5-րդ կետով հաստատված կանոնակարգի համաձայն` ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակներին և նախահաշիվներին համապատասխան.
4) իրականացման շրջանակներում սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծրագրի կառավարման գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի միջոցների հաշվին, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցով` ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակներին և նախահաշիվներին համապատասխան:
5. Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրով նախատեսված` ծրագիրը համակարգող միավորի (ԾՀՄ) պահպանման ծախսերի վարկային միջոցներից ֆինանսավորման կանոնակարգը` համաձայն հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. օգոստոսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիօգոստոսի 7-ի N 876-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻԱՎՈՐԻ (ԾՀՄ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կանոնակարգով սահմանվում է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված ծրագիրը համակարգող միավորի (ԾՀՄ) պահպանման ծախսերի վարկային միջոցներից ֆինանսավորման կանոնակարգը:
2. Ծրագիրը համակարգող միավորի հաստիքացուցակի և պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատում է ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդը:
3. Ծրագիրը համակարգող միավորի խորհրդատուները նշանակվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի հրամանով` համաձայն հաստիքացուցակի, և նրանց միջև կնքվում են համապատասխան աշխատանքային պայմանագրեր, որոնց հիման վրա կատարվում են աշխատավարձերի, հարկային և սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև գործուղումների վճարումները:
4. Ծրագիրը համակարգող միավորի խորհրդատուներն աշխատանքի ընդունվում և աշխատանքից ազատվում են Ասիական զարգացման բանկի անհատ խորհրդատուների ներգրավման ուղեցույցների համաձայն:
5. Ծրագիրը համակարգող միավորի գործունեության համար անհրաժեշտ գնումներն իրականացվում են կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից` Ասիական զարգացման բանկի ընթացակարգերով սահմանված կարգերի համաձայն:
6. Ծրագիրը համակարգող միավորի համար ձեռք բերված ապրանքների ու մատուցված ծառայությունների հաշիվ-ապրանքագրերը, ինչպես նաև մատակարարների կողմից հանձնման-ընդունման ակտերը ծրագիրը համակարգող միավորի վարչական ադմինիստրատորի կողմից նախապատրաստվում և ներկայացվում են կոմիտեի նախագահին (կամ նախագահի տեղակալին) և կոմիտեի աշխատակազմի ֆինանսական ծառայության ղեկավարին` ստորագրության:
7. Կոմիտեն ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որը նշված փաստաթղթերի հիման վրա իրականացնում է ֆինանսավորումը:
8. Ծրագիրը համակարգող միավորի վարչական ադմինիստրատորը պարտավոր է յուրաքանչյուր ամիս` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ը կոմիտեի ֆինանսական ծառայություն ներկայացնել հաշվետվություն ստացած գումարների, ինչպես նաև ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին:
9. Ծրագիրը համակարգող միավորի պահպանման ծախսերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև հաշվապահական հաշվառումն իրականացնում է կոմիտեն` վարելով առանձնացված հաշվառում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |