ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն կազմակերպելու և իրականացնելու հիմունքները և այդ գործունեության իրականացման կարգը, փաստաբանների մասնագիտական միավորում ստեղծելու և կառավարելու կարգը, փաստաբանների կարգավիճակը, այդ թվում՝ իրավունքները և պարտականությունները, փաստաբանների ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը, փաստաբանական գործունեության արտոնագրումը և արտոնագրի գործողության դադարեցումն ու կասեցումը, փաստաբանների կարգապահական պատասխանատվության հիմքերն ու կարգը, անվճար և կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու հիմունքներն ու կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:
(1-ին հոդվածը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 2. |
Փաստաբանության մասին օրենսդրությունը |
Փաստաբանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից։
Սույն օրենքով սահմանված կարգը միասնական է և պարտադիր բոլոր փաստաբանների համար։
(2-րդ հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 3. |
Փաստաբանությունը և պետությունը |
Փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։
Փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա։
Հոդված 4. |
Սույն օրենքում կիրառվող հասկացությունների օգտագործման սահմանափակումը |
1. Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «փաստաբան» բառի, դրա բոլոր հոլովաձևերի կամ այդ բառը ներառող բառակապակցությունների, ինչպես նաև «փաստաբան» բառի օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը, բացառությամբ փաստաբանների պալատի, փաստաբանական ակադեմիայի և փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով փաստաբանի կողմից ստեղծվող կազմակերպությունների:
(4-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 5. |
Փաստաբանական գործունեությունը |
1. Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:
2. Փաստաբանը կարող է իրականացնել հետևյալ գործունեությունը՝
1) խորհրդատվություն, ներառյալ՝ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն).
2) ներկայացուցչություն, ներառյալ՝ ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն).
3) քրեական վարույթներով պաշտպանություն.
4) օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը:
3. Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ՝
1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.
2) այն դեպքերի, երբ անձը վճարովի կամ անվճար հիմունքներով ներկայացնում է այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրեն կամ սույն մասի 1-ին կետում նշված անձանց:
4. Սույն հոդվածով նախատեսված քրեական վարույթներով պաշտպանությունը կարող է իրականացնել միայն փաստաբանը:
5. Փաստաբանական գործունեություն չի համարվում փաստաբանի կողմից աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուին իրավաբանական օգնություն ցույց տալը, բացառությամբ փաստաբանի մոտ աշխատող փաստաբանի կողմից իրականացվող գործունեության:
6. Քաղաքացիական դատավարությունում փաստաբան չհանդիսացող անձանց կողմից դատական ներկայացուցչություն իրականացնելու դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
(5-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 09.02.18 ՀՕ-116-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-178-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 6. |
Փաստաբանական գործունեության վճարովիությունը |
1. Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց:
2. Փաստաբանական գործունեության վճարի չափը որոշվում է փաստաբանի և վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` պայմանագիր):
3. Փաստաբանի համաձայնությամբ իրավաբանական օգնությունը կարող է ցույց տրվել անհատույց:
4. Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված անձանց` նույն հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով:
5. Դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով:
6. Փաստաբանական գործունեության համար կատարվող վճարումները իրականացվում են «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(6-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, խմբ., լրաց. 18.01.22 ՀՕ-18-Ն)
(18.01.22 ՀՕ-18-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 2
ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. |
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը |
1. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ` փաստաբանների պալատ) սույն օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Փաստաբանների պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:
2. Փաստաբանների պալատի խնդիրներն են`
1) պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
2) կազմակերպել փաստաբանների արտոնագրման գործընթացը.
3) կազմակերպել փաստաբանի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը և փաստաբանների վերապատրաստումը.
4) վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանման, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
5) միջոցներ ձեռնարկել փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ.
6) սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես ապահովել մատչելի և արդյունավետ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացումը.
7) նպաստել հանրային իրավագիտակցության և իրավական մշակույթի բարձրացմանը:
3. Փաստաբանների պալատը կարող է համագործակցել այլ երկրների փաստաբանական կառույցների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ:
4. Փաստաբանների պալատը կարող է անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայելու է սույն հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանը: Փաստաբանների պալատն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:
(7-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-121-Ն)
Հոդված 8. |
Փաստաբանների պալատի մարմինները |
1. Փաստաբանների պալատի մարմիններն են՝
1) փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (այսուհետ նաև` ընդհանուր ժողով).
2) փաստաբանների պալատի խորհուրդը (այսուհետ նաև` խորհուրդ).
3) փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ նաև` կարգապահական հանձնաժողով).
4) փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը (այսուհետ նաև` որակավորման հանձնաժողով):
2. Սույն օրենքով սահմանված` փաստաբանների պալատի մարմիններին վերաբերող դրույթները չեն տարածվում ընդհանուր ժողովի վրա, եթե դա ուղղակիորեն նախատեսված չէ սույն օրենքով:
3. Փաստաբանների պալատի մարմինների անդամները չեն վարձատրվում, բացառությամբ սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
4. Փաստաբանների պալատի մարմինների անդամներն այդ մարմիններում աշխատանքը կարող են համատեղել փաստաբանական գործունեության հետ:
5. Փաստաբանների պալատի անդամը կարող է ընտրվել փաստաբանների պալատի մեկ մարմնում: Փաստաբանների պալատի նախագահը (բացառությամբ ի պաշտոնե խորհրդի նախագահ լինելու դեպքի), նրա տեղակալները, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը, նրա տեղակալները, փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները չեն կարող լինել փաստաբանների պալատի որևէ մարմնի անդամ, իսկ փաստաբանների պալատի որևէ մարմնի անդամ ընտրվելու դեպքում նրանց՝ որպես փաստաբանների պալատի նախագահի, նրա տեղակալի, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, նրա տեղակալի, փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե ընտրվելու օրվանից տասնօրյա ժամկետում նրանք չեն հրաժարվում այդ կարգավիճակից:
6. Փաստաբանների պալատի մարմինների լիազորությունները, կազմավորման կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ:
7. Փաստաբանների պալատի խորհրդի և փաստաբանների պալատի այլ մարմինների անդամները, բացառությամբ որակավորման հանձնաժողովի անդամների, ընտրվում են վարկանիշային կարգով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
8. Փաստաբանների պալատի մարմինների՝ ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է տվյալ մարմնի անդամների վերջին ընտրության տվյալներով հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած, սակայն չընտրված անձը՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:
9. Փաստաբանների պալատի մարմինների անդամներն իրենց կազմից ձայների մեծամասնությամբ ընտրում են տվյալ մարմնի նախագահին, բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի: Որակավորման հանձնաժողովի նախագահը ընտրվում է որակավորման հանձնաժողովի փաստաբան անդամներից:
10. Փաստաբանների պալատի մարմնի նիստերը հրավիրում է տվյալ մարմնի նախագահը՝ ըստ անհրաժեշտության: Փաստաբանների պալատի մարմնի նիստերը կարող են հրավիրվել տվյալ մարմնի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ, իսկ խորհրդի նիստերը՝ նաև փաստաբանների պալատի նախագահի կամ փաստաբանների պալատի առնվազն երեսուն անդամների նախաձեռնությամբ:
11. Փաստաբանների պալատի մարմնի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է տվյալ մարմնի անդամների առնվազն կեսը: Փաստաբանների պալատի մարմինների նիստերին այդ մարմինների անդամները քվեարկում և իրենց այլ լիազորություններն իրականացնում են անձամբ: Փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար կամ հարցման կարգով:
12. Փաստաբանների պալատի մարմնի որոշումներն ընդունվում են տվյալ մարմնի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ձայների առավել մեծ քանակ նախատեսված չէ սույն օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը որոշիչ է:
13. Փաստաբանների պալատի մարմնի որոշումներն ուժի մեջ են մտնում փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հրապարակվելու պահից, եթե սույն օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
14. Փաստաբանների պալատի մարմինների անդամների լիազորությունները դադարում են՝
1) նրանց լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ համապատասխան մարմնի հաջորդ կազմի լիազորություններն ստանձնելու պահից.
2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
3) փաստաբանների պալատի անդամի արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում.
4) ներկայացմամբ նշանակվող անդամներին իրենց ներկայացրած մարմնի (անձի) կողմից հետ կանչվելու դեպքում:
15. Փաստաբանների պալատի մարմինների անդամների լիազորությունները դադարեցվում են՝
1) երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում տվյալ մարմնի նիստերի առնվազն կեսից բացակայելու դեպքում.
2) մեկ տարվա ընթացքում տվյալ մարմնի նիստերից անհարգելի պատճառով առնվազն երեք անգամ անընդմեջ կամ ընդհանուր յոթ անգամ բացակայելու դեպքում.
3) օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված իր պաշտոնեական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:
16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված դեպքերում փաստաբանների պալատի մարմինների անդամների (բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի) լիազորությունները դադարեցվում են համապատասխան մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Փաստաբանների պալատի մարմնի այն անդամը, որի լիազորությունների դադարեցման հարցը քննարկվում է, չի մասնակցում քվեարկությանը, սակայն իրավունք ունի անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցելու համապատասխան մարմնի տվյալ նիստին, ներկայացնելու ապացույցներ և բացատրություններ:
17. Փաստաբանների պալատի մարմնի անդամի կամ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար համապատասխան մարմնի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է համապատասխան մարմնի առնվազն երեք անդամի կողմից:
18. Փաստաբանների պալատի մարմնի նախագահի լիազորությունները դադարում են նրա՝ որպես փաստաբանների պալատի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման, ինչպես նաև նրա՝ տվյալ մարմնի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում: Փաստաբանների պալատի մարմնի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է տվյալ մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար: Փաստաբանների պալատի խորհրդի նախագահի լիազորությունները դադարում են նրա՝ որպես փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները դադարելու դեպքում:
19. Արձակուրդի կամ գործուղման դեպքում փաստաբանների պալատի մարմնի նախագահը տվյալ մարմնի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաև փաստաբանների պալատի մարմնի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում համապատասխան մարմնի նախագահին փոխարինում է այդ մարմնի տարիքով ավագ անդամը՝ համապատասխանաբար մինչև արձակուրդից կամ գործուղումից վերադառնալը կամ տվյալ մարմնի նոր նախագահի ընտրությունը:
20. Փաստաբանների պալատի մարմնի՝ ներկայացմամբ նշանակվող անդամի լիազորությունները դադարելու դեպքում այդ անդամին ներկայացրած մարմինը (անձը) 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նոր ներկայացուցչի: Փաստաբանների պալատի մարմնի՝ ներկայացմամբ նշանակվող անդամի լիազորությունների դադարեցման դեպքում փաստաբանների պալատի համապատասխան մարմնի որոշումն ուղարկվում է լիազորությունները դադարեցված անդամին ներկայացրած մարմնին (անձին), որը որոշումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է նոր ներկայացուցչի:
(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 9. |
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը |
1. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է, որը՝
1) հաստատում է փաստաբանների պալատի կանոնադրությունը և փաստաբանի վարքագծի կանոնագիրքը կամ դրանց լրացումները կամ փոփոխությունները.
2) ընտրում է փաստաբանների պալատի նախագահին, խորհրդի և կարգապահական հանձնաժողովի անդամներին.
3) լուծում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:
2. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը որոշումներն ընդունում է`
1) ընդհանուր ժողովի գումարմամբ կամ
2) առանց ընդհանուր ժողովի գումարման (այսուհետ` հեռակա կարգով):
3. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը կազմված է փաստաբանների պալատի անդամ բոլոր փաստաբաններից:
4. Ընդհանուր ժողովի գումարման, ինչպես նաև հեռակա կարգով (ներառյալ` ընտրությունների) ժողովի կազմակերպման և անցկացման կարգը (ներառյալ` փաստաբանների պալատի նախագահի, խորհրդի անդամների և կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման, նախընտրական քարոզչության կարգը և ժամկետները) սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ:
5. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (գումարմամբ կամ հեռակա կարգով) հրավիրվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ ոչ ուշ, քան երկու տարին մեկ: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող փաստաբանների պալատի անդամների ընդհանուր թվի մեկ հինգերորդի կամ փաստաբանների պալատի նախագահի պահանջով փաստաբանների պալատի խորհուրդը պարտավոր է հրավիրել ընդհանուր ժողով՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում: Փաստաբանների պալատի մարմինների ընտրությունների նպատակով ընդհանուր ժողովը հրավիրվում է համապատասխան մարմնի գործող կազմի լիազորությունների ավարտից առնվազն երեսուն օր առաջ:
6. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե`
1) գումարվող ժողովին ներկա է փաստաբանների պալատի քվեարկության իրավունք ունեցող անդամների մեկ երրորդից ավելին, կամ
2) հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին մասնակցում է փաստաբանների պալատի քվեարկության իրավունք ունեցող անդամների մեկ երրորդից ավելին:
7. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
8. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի իրավասությունը չի կարող փոխանցվել այլ մարմինների:
9. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հրապարակվելու պահից, եթե փաստաբանների պալատի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
10. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումը կարող է դատական կարգով վիճարկել շահագրգիռ փաստաբանը այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
(9-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, խմբ., փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 9.1. | Փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովը և քվեարկության արդյունքների ամփոփումը |
1. Փաստաբանների պալատի նախագահի, փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաև փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվեարկությունները կազմակերպելու և քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կազմավորում է փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` հաշվիչ հանձնաժողով)` փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
2. Հաշվիչ հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետը և քանակական կազմը սահմանվում են փաստաբանների պալատի կանոնադրությամբ:
3. Փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանվում են թեկնածուների վստահված անձանց և դիտորդների իրավունքներն ու դրանց իրականացման կարգը:
4. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվեարկության անցկացման ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով ամփոփում է քվեարկության արդյունքները:
5. Քվեարկության արդյունքները հրապարակում է հաշվիչ հանձնաժողովի նախագահը կամ հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ այլ անդամը ոչ ուշ, քան արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն կազմելու հաջորդ օրը:
6. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված քվեարկության արդյունքների հրապարակման պահից:
(9.1-ին հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն, փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 10. |
Փաստաբանների պալատի խորհուրդը |
1. Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթի շրջանակներում ընդունված որոշումները վերանայող մարմինն է:
2. Փաստաբանների պալատի խորհուրդը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված փաստաբաններից (բացառությամբ խորհրդի նախագահի), որոնց թիվը չի կարող պակաս լինել տասներկուսից՝ չհաշված խորհրդի նախագահին: Փաստաբանների պալատի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի խորհրդի նախագահն է:
3. Փաստաբանների պալատի խորհրդի անդամը չի կարող իր կարգավիճակն օգտագործել՝
1) քաղաքական բնույթի հայտարարություններ կատարելու համար և իր լիազորություններն իրականացնելիս պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն և չեզոքություն.
2) փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում առավելություն ստանալու համար:
4. Փաստաբանների պալատի խորհուրդը՝
1) մշակում և փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ կանոնադրությունը, դրա փոփոխությունները կամ լրացումները.
2) մշակում և փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, դրա փոփոխությունները կամ լրացումները.
3) փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ հաստատում է փաստաբանների պալատի տարեկան բյուջեն.
4) հաստատում և հրապարակում է փաստաբանների պալատի մարմինների և հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները, ներառյալ՝ փաստաբանների պալատի տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև խորհրդի կողմից ընտրված՝ փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված անկախ աուդիտորական եզրակացությունը.
5) կազմավորում է հաշվիչ հանձնաժողովը.
6) սահմանում է փաստաբանի անդամավճարի և հավակնորդի մուտքի ու այլ վճարների, փաստաբանների վերապատրաստման համար անհրաժեշտ վճարների չափերը, ինչպես նաև դրանք վճարելու կարգերը.
7) որոշում է ընդունում փաստաբանի հավակնորդներին (այսուհետ` հավակնորդ) փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու վերաբերյալ` սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված կարգով.
8) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին.
9) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելու մասին.
10) փաստաբանների հարցմամբ տալիս է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ինչպես նաև պարզաբանումներ փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանների պալատի ներքին ակտերով նախատեսված դրույթների կիրառության վերաբերյալ.
11) հաստատում է խորհրդի, փաստաբանների պալատի այլ մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաբանների պալատի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը.
12) ընտրում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի փաստաբանների պալատը ներկայացնող անդամներին և հաստատում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի կազմը.
13) նշանակում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին.
14) հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը)` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
15) հաստատում է՝
ա. հանրային պաշտպանի գրասենյակի կանոնակարգը,
բ. հանրային պաշտպանի գրասենյակի եռամսյակային և տարեկան հաշվետվությունները,
գ. հանրային պաշտպանության զարգացման ծրագրերը,
դ. հանրային պաշտպանի գրասենյակի տարեկան հիմնական կատարողական ցուցանիշները,
ե. կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հաշվետվությունների համապատասխանությունն ստուգելու կարգը.
16) փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ստուգում է հանրային պաշտպանի գրասենյակի հաշվետվությունների արժանահավատությունը.
17) ստուգում և գնահատում է հանրային պաշտպանների գործունեությունը՝ խորհրդի սահմանած կարգով և չափանիշներին համապատասխան.
18) նախաձեռնում է փաստաբանների պալատում իրականացված ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման արդյունքով բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներ և իրականացնում դրանց վերահսկումը.
19) հաստատում է փաստաբանների պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.
20) քննում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կարգապահական վարույթի շրջանակներում ընդունված որոշումների դեմ բերված բողոքները.
21) իրականացնում է օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
5. Փաստաբանների պալատի խորհրդի նախագահը՝
1) համակարգում է խորհրդի գործունեությունը և կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.
2) հաստատում է փաստաբանների պալատի խորհրդի նիստի օրակարգը.
3) ստորագրում է խորհրդի որոշումները.
4) ստորագրում է փաստաբանների արտոնագրերը.
5) իրականացնում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
6. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը հրավիրվում են տարեկան չորս անգամից ոչ պակաս:
7. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները վերանայելու նպատակով փաստաբանների պալատի խորհրդի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 39.11-րդ հոդվածով:
(10-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 11. |
Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը |
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)
Հոդված 11.1. | Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը |
1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու և լուծելու նպատակով: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն ըստ էության քննող և որոշում կայացնող մարմինն է:
2. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված ինը փաստաբաններից:
3. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը՝
1) քննարկում և լուծում է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը.
2) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
4. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու և լուծելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 6-րդ գլխով:
(11.1-ին հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 12. |
Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը |
1. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով:
2. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է երկու տարի ժամկետով` ինն անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ.
1) փաստաբանների պալատի խորհրդի ընտրած հինգ փաստաբան.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.
3) Վճռաբեկ դատարանից մեկ դատավոր` Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ.
4) երկու իրավաբան գիտնական՝ սույն հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված անդամներին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ խորհրդի սահմանած կարգին համապատասխան:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածու կարող է առաջադրվել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունում վերջին վեց տարիների ընթացքում առնվազն երեք տարի իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը: Թեկնածուներին ներգրավելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի ընտրություններից առնվազն 50 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են խորհրդի սահմանած ժամկետում առաջադրել սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուի մեկական հավակնորդ: Հավակնորդների կողմից փաստաբանների պալատի խորհրդին ներկայացվող փաստաթղթերը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգն ու պայմանները սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո սույն մասի պահանջներին համապատասխանող անձանց փաստաբանների պալատի խորհուրդը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուների շարքում:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմված թեկնածուների շարքից: Նախքան խորհրդի նիստի գումարումը, որի ընթացքում ընտրվելու են որակավորման հանձնաժողովի անդամները, թեկնածուների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվում են փաստաբանների պալատի խորհրդի անդամներին:
(12-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 13. |
Փաստաբանների պալատի նախագահը |
1. Փաստաբանների պալատի նախագահի իրավասության ներքո են փաստաբանների պալատի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով կամ կանոնադրությամբ ընդհանուր ժողովի կամ փաստաբանների պալատի այլ մարմինների իրավասությանը վերապահված հարցերի:
2. Փաստաբանների պալատի նախագահին փաստաբանների պալատի անդամների կազմից ընտրում է ընդհանուր ժողովը՝ փակ գաղտնի քվեարկությամբ, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
3. Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:
4. Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում անցկացվում է վիճակահանություն:
5. Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե փաստաբանների պալատի նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է նոր ընտրություն:
6. Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները դադարում են՝
1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ հաջորդ նախագահի լիազորություններն ստանձնելու պահից.
2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
3) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում.
4) փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով նախագահին հետ կանչելու մասին որոշում կայացվելու պահից՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում:
7. Փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու գործընթաց կարող է նախաձեռնվել փաստաբանների պալատի խորհրդի, ինչպես նաև փաստաբանների պալատի անդամների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով:
8. Փաստաբանների կողմից փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու ստորագրահավաքն սկսվում է ընդհանուր ժողովի՝ փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու մասին որոշման նախագիծն առնվազն հիսուն փաստաբանի (նախաձեռնող խմբի) ստորագրությամբ հրապարակելու պահից: Հրապարակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում և փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հայտարարություն տեղադրելու միջոցով: Փաստաբանը կարող է միանալ ստորագրահավաքին սույն մասում նշված կայքերում հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում՝ նախաձեռնող խմբին փոխանցելով ստորագրահավաքին միանալու մասին ստորագրված հայտարարության բնօրինակը: Փաստաբանների պալատի խորհուրդը սույն մասում նշված ստորագրություններն ստանալու դեպքում որոշում է կայացնում արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու մասին՝ ստորագրահավաքին միանալու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում, եթե ստորագրահավաքն անցկացվել է սույն հոդվածում նշված ժամկետում և կարգով:
9. Ընդհանուր ժողովի կողմից փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու մասին որոշում ընդունվելու պահից փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները համարվում են դադարեցված:
10. Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նրա պարտականությունները փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով կատարում է նրա տեղակալներից մեկը՝ մինչև փաստաբանների պալատի նախագահի նոր ընտրությունը: Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր ընտրությունների անցկացման ժամկետները և կարգը սահմանվում են փաստաբանների պալատի կանոնադրությամբ:
11. Փաստաբանների պալատի նախագահը՝
1) ներկայացնում է փաստաբանների պալատը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
2) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս փաստաբանների պալատի անունից և ներկայացնում նրա շահերը.
3) իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
4) սահմանված կարգով փաստաբանների պալատի անունից կնքում է գործարքներ.
5) սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է փաստաբանների պալատի գույքը: Եթե ձեռք բերվող կամ օտարվող գույքի (ծառայության, աշխատանքի) արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա նախքան այդպիսի գործարքի կնքումը փաստաբանների պալատի նախագահը պետք է ստանա փաստաբանների պալատի խորհրդի համաձայնությունը: Սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գործարք կնքելու կարգը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ.
6) ընդունում է որոշումներ փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.
7) նշանակում և ազատում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
8) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը.
9) ապահովում է փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի և խորհրդի որոշումների կատարումը.
10) փաստաբանի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.
11) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, ընդունում է որոշումներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
12) ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում.
13) դադարեցնում է մահացած փաստաբանի արտոնագրի գործողությունը և հանում է փաստաբանների ցուցակից.
14) տրամադրում է փաստաբանի վկայականներ ու պլաստիկ քարտեր, ինչպես նաև փաստաբանի օգնականի վկայականներ.
15) վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ.
16) կազմակերպում և համակարգում է իրավասու պետական մարմիններին օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դրանք մշակող մարմիններին կարծիքների ներկայացումը.
17) իրականացնում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև փաստաբանների պալատի մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:
12. Փաստաբանների պալատի նախագահը չի կարող իր կարգավիճակն օգտագործել՝
1) քաղաքական բնույթի հայտարարություններ կատարելու համար և իր լիազորություններն իրականացնելիս պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն և չեզոքություն.
2) փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում առավելություն ստանալու համար:
13. Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար խորհրդի համաձայնությամբ կարող է նշանակել առավելագույնը երկու տեղակալներ` փաստաբանների կազմից: Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը փոխարինում է փաստաբանների պալատի նախագահին նրա բացակայության ժամանակ:
14. Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորությունների իրականացման համար վարձատրվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով:
15. Փաստաբանների պալատի նախագահի աշխատանքի համատեղումը փաստաբանական գործունեության հետ չպետք է խոչընդոտի փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների իրականացումը:
(13-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 131. |
Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը |
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
2. Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որևէ նշում չի կատարում:
3. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնն այնքան թեկնածուի, որքան կազմում է փաստաբանների պալատի ընտրվող մարմնի անդամների թվի կեսը, եթե այդպիսի անդամների թիվը երկու կամ ավելի է:
4. Ընտրված են համարվում համապատասխան մարմնի ընտրվող անդամների թվի չափով առավելագույն կողմ քվեարկված թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած թեկնածուին, ապա նվազագույն հավասար ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին չհամապատասխանող քվեաթերթիկները համարվում են անվավեր և հաշվի չեն առնվում քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելիս:
(131-ին հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 14. |
Փաստաբանների պալատի արտաքին աուդիտը |
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով փաստաբանների պալատը պետք է ներգրավի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի՝ կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Փաստաբանների պալատի արտաքին աուդիտ իրականացնող անձին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով: Արտաքին աուդիտ իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է փաստաբանների պալատի խորհուրդը:
2. Փաստաբանների պալատը արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև իր կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը:
3. Արտաքին աուդիտի եզրակացությունը մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում:
(14-րդ հոդվածը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 15. |
Փաստաբանների պալատի գույքը և բյուջեն |
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանների պալատի գույքը ձևավորվում է փաստաբանների անդամավճարներից, փաստաբանների հավակնորդների մուտքի վճարներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներից: Փաստաբանների պալատի անդամավճարները մուծվում են փաստաբանների պալատի խորհրդի սահմանած չափով և կարգով` փաստաբանների պալատի ընդհանուր պահանջների և փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված այլ ծախսերի համար:
2. Փաստաբանների պալատի նախագահը հերթական տարվա համար կազմում է փաստաբանների պալատի բյուջեն (առանց հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող գումարների և ծախսերի)՝ հաշվետու տարվան նախորդող տարվա վերջին եռամսյակում:
3. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հերթական տարվա բյուջեն չհաստատվելու դեպքում փաստաբանների պալատը գործում է հաշվետու տարվան նախորդող տարվա բյուջեով՝ մինչև նոր բյուջեի հաստատումը:
(15-րդ հոդվածը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 16. |
Փաստաբանների հասարակական միավորումները |
Փաստաբաններն իրավունք ունեն ստեղծելու փաստաբանների հասարակական միավորումներ կամ լինելու փաստաբանների հասարակական միավորումների անդամ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
Փաստաբանների հասարակական միավորումներն իրավունք չունեն իրականացնելու փաստաբանների պալատի կամ դրա մարմինների` սույն օրենքով նախատեսված լիազորությունները։
(16-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 16.1. | Փաստաբանների պալատում ծանուցման կարգը |
1. Փաստաբանների պալատի հետ փոխհարաբերություններում (այդ թվում՝ կարգապահական վարույթի շրջանակներում) փաստաբանը համարվում է իր հետ կապված գործընթացի վերաբերյալ պատշաճ ծանուցված կամ համապատասխան փաստաթուղթն ստացած, եթե ծանուցումը կամ փաստաթուղթը հասցեատեր փաստաբանին՝
1) հանձնվել է առձեռն կամ
2) ուղարկվել է պատվիրված նամակով՝ փաստաբանների պալատին տրամադրված հասցեով և հանձնման մասին ծանուցմամբ կամ
3) ուղարկվել է փաստաբանների պալատին տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:
2. Եթե ծանուցումը կամ փաստաթուղթը պատվիրված նամակով ուղարկելուց կամ էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, պալատը չի ստացել հետադարձ ծանուցում, կամ դեռևս առկա չէ էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստում կամ արձագանք, ապա ծանուցումը կամ փաստաթուղթը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում: Ծանուցումը կամ փաստաթուղթը փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո՝ 10-րդ օրը, փաստաբանը համարվում է պատշաճ ծանուցված կամ փաստաթուղթը ստացած:
(16.1-ին հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 3
ՓԱՍՏԱԲԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. |
Փաստաբանը |
1. Փաստաբան է այն անձը, որը՝
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով և
2) ստացել է արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:
2. Փաստաբանի կարգավիճակը, ինչպես նաև դատավարության շրջանակներում որպես վստահորդի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցելիս նրա անձը հաստատվում է փաստաբանների պալատի տված արտոնագրով, վկայականով կամ դրանց փոխարինող պլաստիկ քարտով, որոնց տրամադրման կարգը սահմանվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ:
3. Իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ փաստաբանը՝
1) խորհրդատվություն է տրամադրում իրավական հարցերով՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր.
2) կազմում է դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ և իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց նախագծեր.
3) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է քաղաքացիական և վարչական դատավարությանը, մասնակցում է գործի քննությանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում.
4) որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցում է քրեական դատավարությանը և վարչական իրավախախտումների գործերով վարույթին.
5) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է գործերի քննությանը արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում, ինչպես նաև հաշտարարի մասնակցությամբ իրականացվող հաշտարարական գործընթացում.
6) ներկայացնում է վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, օտարերկրյա պետությունների պետական իշխանության մարմիններում, դատարաններում, հետաքննության կամ նախաքննության մարմիններում, միջազգային դատական մարմիններում, օտարերկրյա պետությունների ոչ կառավարական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ երկրի օրենսդրությամբ, միջազգային դատական մարմինների և այլ միջազգային կազմակերպությունների կանոնադրային փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Փաստաբանն իրավունք ունի ցույց տալու օրենքով չարգելված իրավաբանական այլ օգնություն:
(17-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-63-Ն, խմբ., լրաց., փոփ. 08.12.11 ՀՕ-339-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-178-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 17.1. | Այլ պետության փաստաբանը |
1. Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեությունն իրականացնում է սույն օրենքով, փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա և պետք է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հավատարմագրվի փաստաբանների պալատում: Հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Հավատարմագրի գործողությունը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է դադարեցնել այլ պետության փաստաբանի կողմից սույն օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտման դեպքում: Հավատարմագրման համար այլ պետության փաստաբանից գանձվում են փաստաբանների պալատի խորհրդի սահմանած չափով վճարներ:
(17.1-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն)
Հոդված 18. |
Փաստաբանի հիմնական իրավունքները |
Փաստաբանը իրավունք ունի՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ներկայացնելու կամ պաշտպանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերը, ինչպես նաև ներկայացնելու վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական մարմիններում և կազմակերպություններում.
2) օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ), այդ թվում` օգտագործելու տեխնիկական միջոցներ` տեսաձայնագրող, ձայնագրող, ֆոտո, բազմացնող կամ այլ սարքավորումներ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.
3) դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ.
4) համաձայնության դեպքում գրավոր հարցման ենթարկելու անձանց, որոնք ենթադրաբար տիրապետում են գործին կամ վարույթին վերաբերող տեղեկատվությանը, որով փաստաբանն իրավաբանական օգնություն է ցույց տալիս.
5) պայմանագրային հիմունքներով ներգրավելու մասնագետ կամ թարգմանիչ` իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այլ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցեր պարզաբանելու կամ թարգմանություն կատարելու համար.
6) առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, այդ թվում` տեսակցությանը հրավիրելու արտոնագրված թարգմանչի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով.
7) իրականացնելու օրենքով նախատեսված այլ իրավունքներ:
Փաստաբանը փաստաբանական գործունեություն իրականացնելիս ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլ անձանց իրավունքները և ազատությունները:
(18-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-178-Ն, լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 19. |
Փաստաբանի հիմնական պարտականությունները |
Փաստաբանը պարտավոր է՝
1) ազնվորեն և բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները և օրինական շահերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով.
2) պահպանել սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները.
3) չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
4) մշտապես կատարելագործել իր գիտելիքները.
4.1) սահմանված կարգով և ժամաքանակով մասնակցել սույն օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին, բացառությամբ սույն օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի.
5) մուծել անդամավճարներ, բացառությամբ սույն օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի.
6) չկատարել վստահորդի շահերին հակասող որևէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը և մեղավորությունը.
7) կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտականությունները, եթե այդ պարտականությունների կատարումը չի խախտում սույն օրենքով նախատեսված փաստաբանական գաղտնիքի պահպանման պահանջը.
8) կատարել փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի, այլ մարմինների և փաստաբանների պալատի նախագահի` իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտերի պահանջները.
9) կատարել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
(19-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-87-Ն, լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 20. |
Փաստաբանի վարքագծի կանոնները |
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանը պարտավոր է առաջնորդվել առնվազն հետևյալ վարքագծի կանոններով.
1) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել ազատ այնպիսի ազդեցություններից, որոնք կարող են բացասաբար ազդել վստահորդի գործի վրա.
2) պահպանել փաստաբանական գաղտնիքը.
3) միշտ պաշտպանել իր վստահորդի շահերը և գերադասել դրանք իր անձնական և փաստաբան գործընկերների շահերից.
4) չընդունել իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունը, եթե՝
ա. այն ակնհայտ անօրինական բնույթ է կրում,
բ. վստահորդի հետ կնքած պայմանագրի առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից.
5) ցույց չտալ իրավաբանական օգնություն, երբ՝
ա. առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջև,
բ. տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև, եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը,
գ. ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը,
դ. պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը.
6) չանել հայտարարություններ վստահորդի մեղավորության ապացուցված լինելու վերաբերյալ, եթե վերջինս ժխտում է դա.
7) հրաժարվել վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված դեպքերում: Վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորություններից հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչև իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար և վստահորդին հանձնել գործին վերաբերող իր մոտ եղած փաստաթղթերը.
8) առանց հարգելի պատճառների չխուսափել փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելուց:
2. Փաստաբանների պալատի անդամ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ինչպես նաև այլ պետության փաստաբանը իրավունք չունեն իրավաբանական օգնություն ցույց տալու Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքին առնչվող հարցերով:
3. Սույն հոդվածով սահմանված փաստաբանի վարքագծի կանոնների մանրամասները և առանձնահատկությունները, ինչպես նաև վարքագծի այլ միասնական կանոնները և փաստաբանական էթիկայի սկզբունքները սահմանվում են սույն օրենքով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
4. Փաստաբանի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր փաստաբանների, ինչպես նաև վերջիններիս աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի համար, այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ աշխատողի նկատմամբ: Փաստաբանները պարտավոր են աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսել նրանց պարտականությունները փաստաբանի վարքագծի կանոնները պահպանելու վերաբերյալ, և հետևել դրանց պահպանմանը:
5. Փաստաբանի կամ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպության օժանդակ անձնակազմում ներառվում են նրանց փաստաբան չհանդիսացող աշխատողները:
(20-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց., փոփ. 09.06.22 ՀՕ-178-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-90-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 21. |
Փաստաբանի գործունեության երաշխիքները |
1. Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:
2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
3. Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատարաններում: Պետական մարմինները, դատարաններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:
4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:
5. Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:
6. Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
7. Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:
8. Արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ: Սույն մասի իմաստով փաստաբանի կարգավիճակին է հավասարեցվում նաև փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբան յուրաքանչյուր անձ:
9. Փաստաբանին չի կարելի արգելել ծանոթանալու դատարանում գտնվող գործի բոլոր այն նյութերին, որոնք առնչվում են իր վստահորդի հետ, ինչպես նաև դրանցից կատարել ցանկացած ծավալի դուրսգրումներ և պատճենահանումներ, բացառությամբ պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների:
(21-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-178-Ն)
Հոդված 22. |
Փաստաբանի իրավական պաշտպանությունը |
Փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։
Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:
Փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին:
Հոդված 23. |
Փաստաբանի օգնականը |
1. Փաստաբանն իրավունք ունի ունենալու օգնականներ: Փաստաբանի օգնական կարող է լինել միայն բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը: Փաստաբանի օգնական չի կարող լինել սույն օրենքի 33-րդ հոդվածում նշված անձը:
2. Փաստաբանի օգնականը իր կարգավիճակը ձեռք է բերում պարզեցված կարգով փաստաբանների պալատի խորհրդի կողմից արտոնագրվելու միջոցով` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:
3. Սույն օրենքի իմաստով փաստաբանի օգնականի կարգավիճակը հավասարեցվում է փաստաբանի կարգավիճակին, որը օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից հետևյալ բացառություններով.
1) փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու նախաքննության ընթացքում կամ դատարանում քննչական կամ այլ վարութային գործողություններին` առանց իր ղեկավար փաստաբանի.
2) փաստաբանի օգնականն իրավունք չունի ստորագրելու և ներկայացնելու հայցադիմումներ, միջնորդություններ, առարկություններ, հայտարարություններ, պատասխաններ, բացարկներ, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև հարցեր տալու քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցելիս.
3) փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, այդ թվում` հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին, ընտրելու և ընտրվելու պալատի մարմիններում և պալատի նախագահ, մասնակցելու պալատի կանոնադրության և վարքագծի կանոնագրքի քվեարկությանը:
4. Փաստաբանի օգնականի իրավունքների սահմանափակման այլ դեպքեր կարող են նախատեսվել նաև փաստաբանների վարքագծի կանոնագրքով:
5. Փաստաբանի օգնականը կրում է բոլոր պարտականությունները, որոնք սույն օրենքով վերապահված են փաստաբանին, բացառությամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականության:
6. Փաստաբանական պալատի կանոնադրությամբ կարող են նախատեսվել փաստաբանի օգնականի պարտականությունների սահմանափակման այլ դեպքեր:
7. Փաստաբանի օգնականը փաստաբանի վարքագծի կանոնագրքի կանոնների պահանջները խախտելու դեպքում ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի 6-րդ գլխով նախատեսված կարգով:
8. Փաստաբանի օգնականի արտոնագրի դադարեցումը կամ կասեցումը իրականացվում է սույն օրենքի 36-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված կարգով և դեպքերում:
9. Փաստաբանի օգնականն իր ինքնությունը հաստատում է փաստաբանի օգնականի վկայականով, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը:
(23-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-178-Ն)
Հոդված 24. |
Փաստաբանի փորձնակը |
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)
Հոդված 25. |
Փաստաբանական գաղտնիքը |
1. Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:
2. Փաստաբանը, փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբանը, ինչպես նաև փաստաբանների պալատի աշխատողն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
3. Փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե`
1) առկա է վստահորդի համաձայնությունը.
2) դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում կամ կարգապահական վարույթում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար.
3) դա անհրաժեշտ է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը նախապատրաստվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի հարցման հիման վրա այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմնին տրամադրելու համար, բացառությամբ այնպիսի տեղեկատվության, որը ստացվել է հաճախորդից և այլ աղբյուրներից՝ դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդային վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված օրենքով փաստաբանին վերապահված գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև իրավական խորհրդատվություն տրամադրելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
4. Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն:
5. Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված կամ դադարեցված անձի նկատմամբ:
(25-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-121-Ն)
Հոդված 26. |
Փաստաբանների գործունեության կազմակերպական-իրավական ձևերը |
Փաստաբանն իր գործունեությունը կազմակերպելու համար կարող է ընտրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական ցանկացած ձև:
Հոդված 27. |
Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը |
1. Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի միասնական կանոնները և փաստաբանական էթիկայի սկզբունքները, որոնք պարտադիր են բոլոր փաստաբանների, ինչպես նաև վերջիններիս աշխատողների համար:
2. Փաստաբանները պարտավոր են օժանդակ անձնակազմի հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսել նրանց պարտականությունները՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները պահպանելու վերաբերյալ, և հետևել դրանց պահպանմանը:
(27-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 28. |
Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները |
(հոդվածն ուժը կորցրել է փաստաբանական դպրոցի հիմնադրման պահից` 08.12.11 ՀՕ-339-Ն)
Հոդված 29. |
Փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու կարգը |
Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների պալատ է ներկայացնում դիմում՝ փաստաբանների պալատին անդամագրվելու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի պատճենը: Որակավորման հանձնաժողովի տված վկայագիրն ուժի մեջ է տրման պահից մինչև հաջորդ` փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար որակավորման քննությունների անցկացումը:
Հավակնորդի դիմումը քննարկում և դրա վերաբերյալ մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում փաստաբանների պալատի խորհուրդը:
Արգելվում է հավակնորդների նկատմամբ խտրականությունը` հավակնորդի ազգության, քաղաքացիության, ռասայի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության հիմքով:
Դիմումը կարող է մերժվել, եթե չեն ապահովվել սույն օրենքի 33-րդ և 45.11-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:
Դիմումի մերժումը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել դատական կարգով:
Փաստաբանների պալատին անդամագրված անձը հնգօրյա ժամկետում ստանում է փաստաբանների պալատի կնիքով և փաստաբանների պալատի խորհրդի նախագահի ստորագրությամբ վավերացված արտոնագիր:
Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման։
(29-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-339-Ն, փոփ., լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 291. | Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-236-Ն)
Հոդված 30. |
Հատուկ արտոնագիրը և այն տրամադրելու կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-105-Ն)
Հոդված 31. |
Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի գրանցումը վճռաբեկ դատարանում |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-105-Ն)
Հոդված 32. |
Փաստաբանի երդումը |
Առաջին անգամ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալիս փաստաբանը փաստաբանների պալատի խորհրդի առջև հանդիսավոր պայմաններում երդում է տալիս հետևյալ բովանդակությամբ.
«Հանդիսավոր երդվում եմ ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով»։
Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր փաստաբանի կողմից երդման տեքստն ընթերցվելու միջոցով:
Փաստաբանը ստորագրում է երդման տեքստը։
Հոդված 33. |
Փաստաբանական գործունեության սահմանափակումները |
Անձը չի կարող լինել փաստաբան, եթե նա՝
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ։
Հոդված 34. |
Փաստաբանների ցուցակը և դրանում ընդգրկվելը |
Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով www.azdarar.am կայքում հրապարակում է փաստաբանների ցուցակը:
Փաստաբանների ցուցակը ներառում է փաստաբանի անունը և ազգանունը, փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները, փաստաբանի մասնագիտացումը, ինչպես նաև փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ տեղեկատվություն:
Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանի գործունեության արտոնագիր ունեցող փաստաբանի կամ փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող օտարերկրացի փաստաբանի դիմումը ստանալու օրվանից հետո` տասնչորս օրվա ընթացքում, ընդգրկում է նրանց համապատասխանաբար` փաստաբանների ցուցակում և այլ պետության փաստաբանների ցուցակում։
Փաստաբանն օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվություն է կրում փաստաբանների ցուցակում հրապարակված կեղծ տեղեկատվության համար:
(34-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն)
Հոդված 35. |
Փաստաբանների ցուցակից հանելը |
1. Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ փաստաբանը հանվում է փաստաբանների ցուցակից, եթե`
1) նա գրավոր դիմում է փաստաբանների ցուցակից իր անունը հանելու վերաբերյալ.
2) դադարեցվում է նրա արտոնագրի գործողությունը սույն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
2. Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբանը ժամանակավոր հանվում է փաստաբանների ցուցակից, եթե կասեցվել է նրա արտոնագրի գործողությունը:
3. Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ այլ պետության փաստաբանը հանվում է այլ պետության փաստաբանների ցուցակից, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ տրամադրվել էր այդ իրավունքը, կամ հավատարմագրի գործողությունը համարվել է ուժը կորցրած:
(35-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 36. |
Արտոնագրի գործողության կասեցումը |
(վերնագիրը խմբ.05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը՝
1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով.
2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետի լրանալը.
3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով.
4) անցել է հանրային ծառայության կամ նշանակվել է նոտար` հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու կամ նոտարական գործունեության ողջ ժամկետի ընթացքում.
5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
6) աշխատելու կամ ուսումնառության նպատակով երեք ամսից ավելի ժամանակով մեկնելու է արտասահման, եթե առկա են աշխատելու կամ ուսումնառության մասին վկայող փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան երկու տարի ժամկետով:
2. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կարող է կասեցվել դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակվելու դեպքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է այդ հիմքերն ի հայտ գալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, տեղյակ պահել փաստաբանների պալատի խորհրդին:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը (բացառությամբ 6-րդ կետի) կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքն իրենց գործունեության ընթացում հայտնաբերում են փաստաբանների պալատի խորհուրդը, կարգապահական հանձնաժողովը կամ փաստաբանների պալատի նախագահը, ապա խորհուրդը սեփական նախաձեռնությամբ կամ կարգապահական հանձնաժողովի կամ փաստաբանների պալատի նախագահի միջնորդությամբ կարող է կասեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը:
5. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փաստաբանների պալատի խորհուրդը ծանուցում է արտոնագրի գործողությունը կասեցված փաստաբանին:
6. Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տվյալ փաստաբանի նկատմամբ սույն օրենքով նախատեսված երաշխիքների կասեցման:
7. Արտոնագիրը կասեցված փաստաբանների պալատի անդամներն իրավունք չունեն մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, և այդպիսի անդամները հաշվի չեն առնվում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվորումը որոշելիս կամ փաստաբանների պալատի անդամների կողմից ժողովի հրավիրում պահանջելիս:
8. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ` այն փաստաբանի դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կասեցվել էր: Սույն մասով նախատեսված դիմումը փաստաբանը պարտավոր է փաստաբանների պալատ ներկայացնել համապատասխան հիմքը վերանալուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
9. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
10. Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով:
(36-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 37. |
Հատուկ արտոնագրի գործողության դադարեցումը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-105-Ն)
Հոդված 38. |
Արտոնագրի գործողության դադարեցումը |
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե՝
1) նա գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին` արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.
2) նա արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.
3) առկա է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը.
4) նա մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը.
5) սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով փաստաբանի գործունեությունը կասեցվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, փաստաբանին անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը չի վերացվել.
6) նա փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու, ներառյալ՝ որակավորման քննություններին մասնակցելու համար ներկայացրել է կեղծ տվյալներ.
7) փաստաբանի նկատմամբ որպես կարգապահական տույժ նշանակվել է փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցումը.
8) փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու հիմքերը վերանալուց հետո՝ սույն օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում, փաստաբանը դիմում չի ներկայացրել արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին, բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից հարգելի ճանաչված դեպքերի:
2. Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը` այն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում կայացնելու միջոցով, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի 13-րդ կետով նախատեսված դեպքի:
3. Անձն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար արտոնագրի գործողությունը դադարեցնելուց մեկ տարի հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով արտոնագրի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար նախկին արտոնագրի գործողությունը դադարեցվելուց հետո՝ ցանկացած պահի:
5. Այլ պետության փաստաբանը չի կարող փաստաբանական գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ նա ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում դիմումը չներկայացնելու պատճառները հարգելի են համարվում փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը վերացնելու միջոցով՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:
7. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կամ այդ որոշումը վերացնելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
(38-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-105-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, 21.01.20 ՀՕ-27-Ն, 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 6
(գլուխը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
Հոդված 39. | Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը |
1. Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, իսկ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար` կարգապահական, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության:
2. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթն իրականացվում է օրինականության, օրենքի և փաստաբանների պալատի առջև հավասարության, մրցակցության, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության և անմեղության կանխավարկածի սկզբունքների հիման վրա:
3. Փաստաբանների պալատի խորհրդի և կարգապահական հանձնաժողովի անդամները կամ սույն օրենքի 39.5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ սպասարկող անձնակազմի աշխատակիցները փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում իրենց հայտնի դարձած կամ բացահայտված փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկությունների կամ ապացույցների առնչությամբ պարտավոր են առաջնորդվել փաստաբանական գաղտնիքի պահպանման սույն օրենքով սահմանված կարգավորումներով:
Հոդված 39.1. | Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը |
1. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) սույն օրենքի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
3) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
4) «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
2. Սույն հոդվածի իմաստով՝
1) արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե փաստաբանը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը.
2) արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե փաստաբանը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
3. Փաստաբանի մասնակցությամբ գործով ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն:
4. Փաստաբանին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը և հակառակը:
5. Փաստաբանը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում:
6. Կարգապահական խախտման համար փաստաբանը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենքով սահմանված կարգով՝ Կարգապահական հանձնաժողովի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ուժի մեջ մտած որոշմամբ: Փաստաբանի կատարած կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են փաստաբանի օգտին:
Հոդված 39.2. | Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը |
1. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումը.
2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.
3) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով փաստաբանների պալատին դիմելու մասին դատարանի սանկցիան.
4) իրենց լիազորություններն իրականացնելիս կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտման հատկանիշներ պարունակող արարք հայտնաբերելու մասին փաստաբանների պալատի մարմինների հաղորդումը.
5) փաստաբանի՝ սահմանված ժամկետում անդամավճար չվճարելու վերաբերյալ փաստաբանների պալատի հաշվապահի ներկայացրած տեղեկանքը.
6) փաստաբանի՝ սահմանված ժամկետում վերապատրաստում չանցնելու վերաբերյալ փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացրած տեղեկանքը.
7) հանրային պաշտպանի և սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի միջնորդությունը:
2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:
3. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց երկու տարի հետո: Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ խախտմամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման: Կարգապահական վարույթ հարուցելու օրվանից սույն մասով նախատեսված վաղեմության ժամկետը կասեցվում է:
4. Մինչև կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծումը փաստաբանների պալատի նախագահն իրավունք ունի հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձին (մարմնին) կամ փաստաբանին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր:
5. Փաստաբանների պալատի նախագահը կատարված ուսումնասիրությունների արդյունքով կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ մերժում է կարգապահական վարույթի հարուցումը՝ կարգապահական վարույթ հարուցելու մասին առիթը ծագելու պահից մեկ ամսվա ընթացքում:
6. Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը հաղորդում ներկայացրած անձը կարող է բողոքարկել փաստաբանների պալատի խորհուրդ կամ դատական կարգով այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
7. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է փաստաբանին, որի նկատմամբ կայացվել է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը, և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետերով սահմանված դեպքերում՝ այդ կետերում նշված անձանց, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում հաղորդվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին:
8. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը (այսուհետ՝ կարգապահական գործ) նախապատրաստելու նպատակով այն հանձնում է սույն օրենքի 39.5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով սպասարկող անձնակազմի աշխատակցին:
Հոդված 39.3. | Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժելը |
1. Կարգապահական վարույթի հարուցումը մերժվում է, եթե՝
1) փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են.
2) նույն փաստաբանի նկատմամբ նույն արարքի համար առկա է հարուցված կարգապահական վարույթ.
3) նույն փաստաբանի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին առկա է կարգապահական վարույթ չհարուցելու, վարույթը կարճելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշում.
4) լրացել են սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետները.
5) փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է:
2. Կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին փաստաբանների պալատի նախագահը կայացնում է որոշում:
3. Կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է փաստաբանին, որի նկատմամբ կայացվել է կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետում նշված անձանց կողմից հաղորդում կամ դիմում ներկայացնելու դեպքերում՝ այդ կետերում նշված անձանց:
Հոդված 39.4. | Փաստաբանի և հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձի (մարմնի) իրավունքները կարգապահական վարույթում |
1. Փաստաբանը և հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձը (մարմինը) սույն օրենքով սահմանված կարգով հավասար իրավունք ունեն`
1) մասնակցելու կարգապահական վարույթի բոլոր փուլերին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով.
2) կարգապահական վարույթի հարուցման պահից ծանոթանալու կարգապահական գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու և գործից դուրս գրելու ցանկացած ծավալի որևէ տեղեկություն.
3) տալու բացատրություններ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.
4) ներկայացնելու ապացույցներ կարգապահական գործին կցելու և հետազոտելու համար.
5) հայտնելու բացարկներ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կամ խորհրդի անդամներին և սույն օրենքի 39.5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով սպասարկող անձնակազմի աշխատակցին.
6) հարուցելու միջնորդություններ.
7) հրավիրելու վկաներ, հարցեր տալու ինչպես իր, այնպես էլ մյուս կողմի կամ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի հրավիրած վկաներին.
8) հարցեր տալու ելույթ ունեցողին.
9) հանդես գալու եզրափակիչ ելույթով.
10) ստանալու փաստաբանների կարգապահական հանձնաժողովի և փաստաբանների պալատի խորհրդի որոշումները.
11) փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու փաստաբանների պալատի խորհուրդ կամ դատական կարգով, իսկ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը՝ դատական կարգով:
Հոդված 39.5. | Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստելը |
1. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստում է կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստելու նպատակով փաստաբանների պալատի աշխատակազմում ձևավորված սպասարկող անձնակազմի (այսուհետ սույն գլխում՝ սպասարկող անձնակազմ) աշխատակիցը:
2. Սպասարկող անձնակազմը ձևավորվում է փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:
3. Սպասարկող անձնակազմի աշխատակիցը պարտավոր է հավաքել ապացույցներ՝ կարգապահական վարույթի օրինականությունն ապահովելու և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար:
4. Սպասարկող անձնակազմի աշխատակիցն իրավունք ունի փաստաբանից կամ կարգապահական խախտման մասին հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձից (մարմնից) պահանջելու ներկայացնել կարգապահական վարույթի համար անհրաժեշտ ապացույցներ, որոնք տվյալ անձանց (մարմինների) ազդեցության ոլորտում են կամ պետք է լինեն: Ապացույց ներկայացնելու պահանջը ենթակա է կատարման այն ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները: Փաստաբանների պալատի նախագահն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ հարգելի ճանաչել ապացույց չներկայացնելու պատճառները:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում պահանջված ապացույցը չներկայացնելու կամ ապացույց ներկայացնելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում դա կարող է մեկնաբանվել ի վնաս պահանջի հասցեատիրոջ, եթե ապացուցման ենթակա փաստը, որի վերաբերյալ անհրաժեշտ էր պահանջվող ապացույցը, մնում է չապացուցված:
7. Սպասարկող անձնակազմի աշխատակիցը ապացույցների հավաքման գործընթացն ավարտում և գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան գործն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
Հոդված 39.6. | Կարգապահական գործի քննության կարգը |
1. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահը պարտավոր է նշանակել գործը զեկուցող կարգապահական հանձնաժողովի անդամին՝ խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաև նշանակել կարգապահական հանձնաժողովի նիստ և նիստի տեղի ու ժամանակի մասին պատշաճ ծանուցել փաստաբանին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, վկաներին և կարգապահական գործին մասնակցող այլ անձանց:
2. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, ներառյալ զեկուցողը:
3. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովում կարգապահական գործի քննությունն սկսվում է զեկուցողի կողմից կարգապահական գործի ներկայացմամբ:
4. Զեկուցողին լսելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը լսում է այն փաստաբանին, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամները կարող են հարցեր ուղղել փաստաբանին, որոնց փաստաբանը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Փաստաբանին լսելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:
5. Կարգապահական գործի քննությունն ավարտված հայտարարվելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն անցնում է որոշում կայացնելու:
6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
7. Բացառիկ դեպքերում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Հոդված 39.7. | Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշումը |
1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն փաստաբանը կատարել է մի քանի կարգապահական խախտում, կարգապահական հանձնաժողովը կայացնում է մեկ որոշում:
2. Կարգապահական հանձնաժողովը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները:
3. Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է կարգապահական հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ՝ կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է փաստաբանի համար:
4. Կարգապահական հանձնաժողովի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, կարգապահական հանձնաժողովի անդամների արտահայտած դիրքորոշումը և քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո:
5. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո կարգապահական հանձնաժողովը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) փաստաբանին սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.
2) կարգապահական վարույթը կարճելու մասին:
6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշումը կազմվում և դրա եզրափակիչ մասը հրապարակվում է կարգապահական հանձնաժողովի նիստում հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո` 15 օրվա ընթացքում:
7. Որոշումը հրապարակվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է փաստաբանին, որի վերաբերյալ կայացվել է որոշումը և կարգապահական խախտման մասին հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձին (մարմնին):
8. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում այն փաստաբանի կողմից ստանալու հաջորդ օրվանից, որի վերաբերյալ կայացվել է որոշումը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ բողոք չի բերվում: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշումը բողոքարկվելու և փաստաբանների պալատի խորհրդի կողմից կարգապահական հանձնաժողովի որոշումն անփոփոխ թողնելու կամ դատարանի կողմից հայցը համապատասխան մասով մերժվելու դեպքում այն ուժի մեջ է մտնում խորհրդի կամ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
9. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշումը կողմերը կարող են բողոքարկել փաստաբանների պալատի խորհուրդ կամ դատական կարգով այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 39.8. | Կարգապահական գործի քննության գրավոր կարգի կիրառումը |
1. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն հոդվածով:
2. Փաստաբանի՝ սահմանված ժամկետում անդամավճար չվճարելու, վերապատրաստում չանցնելու, ինչպես նաև կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հաշվետվության մեջ ոչ հավաստի և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու հիմքով հարուցված կարգապահական վարույթ հարուցելիս փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննվում է գրավոր կարգով:
3. Կարգապահական հանձնաժողովի նախագահը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված որոշմամբ:
4. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահը պարտավոր է նշանակել գործը զեկուցող կարգապահական հանձնաժողովի անդամին՝ խորհրդի սահմանած կարգով՝ նշելով փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման հրապարակման օրը:
5. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամը, որը հանդես է գալիս որպես զեկուցող, ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան գործն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, կազմում է կարգապահական հանձնաժողովի որոշման նախագիծը: Կարգապահական հանձնաժողովի որոշման նախագիծը գործի նյութերի հետ տրամադրվում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի մյուս անդամներին:
6. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա գործը զեկուցողը լրամշակում է որոշման նախագիծը:
7. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում գործը զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
8. Եթե քվեարկության արդյունքով գործը զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից որոշված անդամը:
9. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը գրավոր կարգով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը քննում և փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը կայացնում ու հրապարակում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան զեկուցողի կողմից գործը ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
10. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելիս բացառիկ դեպքերում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Հոդված 39.9. | Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կողմից փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը |
1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարճում է փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ`
1) առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.
2) կարգապահական խախտումը կատարելուց հետո անձը հիվանդացել է անբուժելի հոգեկան հիվանդությամբ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ.
3) կարգապահական խախտումը կատարելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է.
4) առկա է միևնույն հիմքով և միևնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում.
5) անցել են սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետները, եթե փաստաբանը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով:
Հոդված 39.10. | Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Փաստաբանի կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցել.
4) տուգանք.
5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում:
2. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, փաստաբանի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, փաստաբանին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
3. Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ժամաքանակը որոշում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը: Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելը կարող է կիրառվել նաև որպես լրացուցիչ տույժի միջոց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված տույժերից մեկի կիրառման հետ մեկտեղ:
4. Տուգանքի չափը սահմանում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը, որը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Տուգանքը փաստաբանը վճարում է փաստաբանների պալատի բյուջե:
5. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարող է կիրառել՝
1) սույն օրենքով նախատեսված պարտականությունների (ներառյալ՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարքագծի կանոնների) դիտավորությամբ կատարված խախտման դեպքում, որը, պայմանավորված կատարման հանգամանքներով կամ առաջացրած հետևանքներով, համատեղելի չէ փաստաբանի կարգավիճակի հետ.
2) մեկ տարվա ընթացքում երկու անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանի կողմից կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում, բացառությամբ անդամավճար չվճարելու հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերի.
3) առնվազն տասնութ ամսվա անդամավճարի չափով պարտք ունեցող փաստաբանի կողմից հերթական որևէ ամսվա անդամավճարը չվճարելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացումը փաստաբանն ամբողջությամբ վճարել է պարտքի գումարը և փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշումը կայացնելու օրվա դրությամբ փաստաբանների պալատի նկատմամբ անդամավճարի գծով որևէ պարտք չունի:
6. Փաստաբանը համարվում է կարգապահական տույժի չենթարկված`
1) նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո.
2) խիստ նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո.
3) որպես հիմնական տույժ` լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում` վերապատրաստումն անցնելու պահից վեց ամիս հետո.
4) տուգանքի դեպքում` տուգանքն ամբողջությամբ վճարելու պահից ինն ամիս հետո.
5) որպես լրացուցիչ տույժ` լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում` վերապատրաստումն անցնելու պահից երեք ամիս հետո, բայց ոչ շուտ, քան հիմնական տույժի համար սույն մասով նախատեսված համապատասխան ժամկետի լրանալը:
7. Անձը, որի նկատմամբ կիրառվել է փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու կարգապահական տույժը, իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմելու փաստաբանի արտոնագիր ստանալու համար տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից երկու տարի հետո:
8. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր կարգապահական խախտում: Այդ դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը վերստին սկսվում է նոր կարգապահական խախտման կատարման օրվանից:
9. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի կամ խորհրդի որոշումը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում: Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը դռնփակ նիստում քննելու դեպքում փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակվում են կարգապահական խախտման բնույթի, նշանակված կարգապահական տույժի և կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի անձի մասին տեղեկություններ:
Հոդված 39.11. | Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշման և փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկումը |
1. Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքը (այսուհետ սույն հոդվածում՝ բողոք) ստանալուց հետո այն անմիջապես ուղարկում է մյուս կողմին, որը կարող է փաստաբանների պալատի խորհուրդ ներկայացնել բողոքի պատասխան այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում:
2. Բողոքը կամ փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքը փաստաբանների պալատի խորհուրդը քննում և որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
3. Փաստաբանների պալատի խորհուրդը բողոքը քննում և դրա վերաբերյալ որոշումը կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստի միջոցով: Բողոքի քննությունը նիստի միջոցով իրականացնելու վերաբերյալ խորհուրդը կայացնում է որոշում: Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքը խորհուրդը քննում և դրա վերաբերյալ որոշումը կայացնում է գրավոր ընթացակարգով:
4. Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի կողմից բողոքի կամ փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննությանը չի մասնակցում: Սույն մասում նշված դեպքերում խորհրդի նիստը նախագահում է խորհրդի սահմանած գործունեության կարգի համաձայն որոշված խորհրդի անդամը:
5. Բողոքի քննությունը նիստի միջոցով իրականացնելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում կողմերը ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար: Բողոքի քննությունը նիստում սկսվում է հարցը զեկուցող անդամի զեկուցմամբ, որը ներկայացնում է բողոքը և բողոքի պատասխանի փաստարկները: Փաստաբանների պալատի խորհրդի անդամներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած կողմերին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:
6. Բողոքի քննությունը նիստի միջոցով իրականացնելու դեպքում փաստաբանների պալատի խորհրդի որոշման կայացման գործընթացի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39.7-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:
7. Բողոքի քննության ժամանակ խորհուրդը բողոքարկվող որոշումը վերանայում է միայն բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
8. Բողոքի քննությունից հետո խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) կարգապահական հանձնաժողովի որոշումն անփոփոխ թողնելու մասին.
2) կարգապահական հանձնաժողովի որոշումն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու մասին:
9. Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննությունից հետո խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) փաստաբանների պալատի նախագահի որոշումն անփոփոխ թողնելու մասին.
2) փաստաբանների պալատի նախագահի որոշումը վերացնելու մասին:
10. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբանների պալատի նախագահի որոշումը վերացնելու դեպքում փաստաբանների պալատի նախագահը հնգօրյա ժամկետում կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում:
11. Բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այն փաստաբանի կողմից ստանալու հաջորդ օրվանից, որի վերաբերյալ կայացվել է որոշումը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ բողոք չի բերվում: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումը բողոքարկվելու և դատարանի կողմից հայցը համապատասխան մասով մերժվելու դեպքում այն ուժի մեջ է մտնում դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
12. Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
13. Բողոքի քննության արդյունքով կայացված փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով՝ այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 39.12. | Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով |
1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը իրավունք ունի վերանայելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը, իսկ փաստաբանների պալատի խորհուրդը՝ նույն հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն կողմերը:
3. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումները վերանայելու համար, եթե՝
1) այն վերանայելու մասին դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել դիմում ներկայացրած անձին ու փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովին կամ խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի կամ տուժողի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը հանգեցրել են կարգապահական վարույթով սխալ կայացնելուն.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ կարգապահական վարույթին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են կարգապահական վարույթի հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է սխալ կամ չհիմնավորված որոշում կայացնելուն, կամ կարգապահական վարույթի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կամ խորհրդի անդամը:
4. Նոր հանգամանքները հիմք են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու համար, եթե՝
1) Սահմանադրական դատարանը կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած դատական ակտով հիմնավորվել է փաստաբանի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
3) վարչական դատարանն ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչել այն նորմատիվ իրավական ակտը, որի կիրառմամբ կայացվել է տվյալ որոշումը:
5. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման դիմում կարող է բերվել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից երեք ամսվա ընթացքում, եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 20 տարի:
6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմում ներկայացրած անձը:
7. Դիմումի քննության արդյունքով փաստաբանների պալատի համապատասխան որոշումը կայացրած մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխան որոշումը չվերանայելու վերաբերյալ, եթե բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը.
2) համապատասխան որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու վերաբերյալ՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում:
8. Եթե փաստաբանների պալատի համապատասխան որոշումը կայացրած մարմինը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը, ապա փաստաբանների պալատի խորհուրդը որոշում է կայացնում այդ փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին:
9. Վերանայման վարույթով գործի քննությունը փաստաբանների պալատի համապատասխան որոշումը կայացրած մարմինը իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու մասին դիմումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հոդված 40. | Կարգապահական հանձնաժողովի անդամի, խորհրդի անդամի և սպասարկող անձնակազմի աշխատակցի անկախությունը, բացարկ հայտնելու հիմքերը և կարգը |
1. Կարգապահական վարույթ հարուցելիս, կարգապահական վարույթն իրականացնելիս և կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կարգապահական հանձնաժողովի անդամը և սպասարկող անձնակազմի աշխատակիցը, իսկ կարգապահական գործը վերանայելիս՝ խորհրդի անդամը, անկախ են և ենթարկվում են միայն սույն օրենքին, փաստաբանների պալատի կանոնադրությանը և փաստաբանի վարքագծի կանոնագրքին:
2. Փաստաբանը կամ կարգապահական խախտման մասին հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձը (մարմինը) իրավունք ունի բացարկ հայտնելու կարգապահական հանձնաժողովի անդամին, սպասարկող անձնակազմի աշխատակցին կամ խորհրդի անդամին, եթե՝
1) նա առնչվում է օրակարգով քննարկման դրված հարցին և դրանով հանդիսանում է շահագրգիռ անձ.
2) նա համապատասխան գործով կողմերից մեկին տվել է խորհրդատվություն, մասնակցել է կամ մասնակցում է որպես կողմ կամ նրա ներկայացուցիչ.
3) նա կողմերից որևէ մեկի մերձավոր ազգականն է.
4) նա կողմից գտնվում է անձնական կամ աշխատանքային այլ կախվածության մեջ.
5) կան այլ հանգամանքներ, որոնք հիմք են տալիս համարելու, որ նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է տվյալ գործի ելքով:
3. Բացարկի վերը նշված հիմքերն իրեն հայտնի դառնալու պահից կարգապահական հանձնաժողովի անդամը, սպասարկող անձնակազմի աշխատակիցը կամ խորհրդի անդամը պարտավոր են ինքնաբացարկ հայտնել:
4. Բացարկը ներկայացվում է գրավոր` նշելով կոնկրետ այն փաստական հանգամանքները, որոնք բացառում են բացարկման ենթակա անձի մասնակցությունը կարգապահական վարույթին:
5. Բացարկման ենթակա անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր բացատրություններ ներկայացնելու իրեն ներկայացված բացարկի վերաբերյալ:
6. Կարգապահական հանձնաժողովի անդամին կամ խորհրդի անդամին հայտնված բացարկը լուծում է համապատասխանաբար կարգապահական հանձնաժողովը կամ խորհուրդը` բացարկված անդամի բացակայությամբ: Սպասարկող անձնակազմի աշխատակցին հայտնված բացարկը լուծում է փաստաբանների պալատի նախագահը:
7. Բացարկի հարցը չի քննարկվում, եթե կարգապահական հանձնաժողովի անդամը, սպասարկող անձնակազմի աշխատակիցը կամ խորհրդի անդամը գրավոր կամ բանավոր ինքնաբացարկ են հայտնել:
Գ Լ ՈՒ Խ 7
(գլուխը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 41. | Հանրային պաշտպանությունը |
1. Հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:
2. Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`
1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.
2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական վարույթներով, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:
3. Սույն հոդվածի իմաստով ներկայացուցչությունը կամ պաշտպանությունն իրականացվում է քրեական վարույթներով նախաքննության ընթացքում, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում:
4. Քրեական վարույթն իրականացնող մարմինը անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, կամ եթե դա է պահանջում արդարադատության շահը:
5. Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի, սույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ անձանց`
1) օրենքով սահմանված կարգով հաստատված՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին.
2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց.
3) դատապարտյալներին.
4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին.
5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին.
6) գործազուրկներին.
7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին.
8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց.
9) փախստականներին.
10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացածներին.
11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Սույն կետի իմաստով՝ անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, որը չունի համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց.
12) հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց.
13) օրենքով սահմանված կարգով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց.
14) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին.
15) խոշտանգումից տուժած անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով.
16) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի համաձայն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց.
17) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերով պատասխանողներին.
18) օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար.
19) անձանց, որոնց վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ.
20) տուժողներին, եթե նրանք պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա:
6. Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց`
1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).
2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ.
3) եթե չեն հիմնավորվում սույն հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետով նախատեսված անվճարունակության չափանիշները.
4) եթե դիմողի պահանջներն ակնհայտ անհիմն են.
5) եթե անձը նույն հարցով, որի վերաբերյալ դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ, իրավաբանական օգնություն է ստանում այլ փաստաբանից:
7. Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալին կամ տուժողին ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու հարցը լուծելու ժամանակ ակնհայտ վճարունակ է համարվում այն անձը, որն ունի նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկը գերազանցող ամսական եկամուտ կամ, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն ունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց կամ այլ թանկարժեք գույք։
8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ դիմելիս անձը ներկայացնում է գրավոր հայտարարագիր նույն մասով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ՝ նախազգուշացվելով դրա առնչությամբ քրեական պատասխանատվության մասին: Սույն մասով նախատեսված հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը:
9. Հանրային պաշտպանի գրասենյակը սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց հանրային պաշտպանությունը, հաշվի առնելով իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրական սահմանափակումները, կարող է կազմակերպել նաև՝
1) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով, որոնք կամավոր ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական օգնություն տրամադրող անձանց ցուցակում.
2) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով հանրային պաշտպանի գրասենյակ դիմած փաստաբանների միջոցով.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների և փաստաբանական ակադեմիայի կողմից կազմակերպվող իրավաբանական կլինիկաների ուսանողների (ունկնդիրների) օժանդակության միջոցով:
10. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված անվճար իրավաբանական օգնություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, այդ ցուցակը վարելու, հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների վարձատրության և նրանց կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման կարգերը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման դիմաց վճարումները կատարվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված միջոցների և պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
11. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով հանրային պաշտպանի գրասենյակ դիմելու, այդ նպատակով դիմած անձանց ցուցակը վարելու, նրանց գործեր փոխանցելու կարգերը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը:
12. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների և կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների ցուցակները վարում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշված ցուցակներում ներառված անձանց անվճար կամ անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով գործ կարող է հանձնել միայն այդ անձանց համաձայնությամբ:
13. Հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման գործընթացին փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները ներգրավվում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից համատեղ սահմանած կարգին համապատասխան, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության և հանրային պաշտպանի գրասենյակի փոխհամաձայնությամբ:
14. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից փոխանցվող գործերի ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նախորդ տարվա ընթացքում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի 30 տոկոսը:
15. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է հսկողություն իրականացնել սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում այլ անձանց կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթացի նկատմամբ՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:
(41-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-29-Ն, 17.12.14 ՀՕ-215-Ն, փոփ., լրաց. 17.10.16 ՀՕ-157-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-242-Ն, 13.12.17 ՀՕ-327-Ն, 16.04.20 ՀՕ-251-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-350-Ն, խմբ. 17.09.20 ՀՕ-426-Ն, լրաց., փոփ. 09.06.22 ՀՕ-178-Ն, լրաց., խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն, խմբ. 12.04.24 ՀՕ-177-Ն, 02.10.24 ՀՕ-357-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 42. | Հանրային պաշտպանի գրասենյակը |
1. Հանրային պաշտպանությունն իրականացվում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով:
2. Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբանների պալատի կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմված է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարից, երկու տեղակալից, հանրային պաշտպաններից և օժանդակ անձնակազմից:
3. Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանների քանակը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման սահմաններում:
Հոդված 43. | Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը |
1. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանների կազմից՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
2. Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ:
3. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները դադարում են՝
1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ հաջորդ ղեկավարի լիազորություններն ստանձնելու պահից.
2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
3) նրա արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում:
4. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով՝
1) եթե նա ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու ամիս աշխատանքի չի ներկայացել.
2) եթե նա պատշաճ չի կատարում օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները և փաստաբանների պալատի նախագահի գրավոր նախազգուշացումը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, չի վերացրել թերությունները կամ խախտումները.
3) եթե նա սույն օրենքի 41-րդ հոդվածի պահանջների խախտմամբ հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշում է կայացրել, երբ ակնհայտ է, որ անձը սույն օրենքի 41-րդ հոդվածին համապատասխան հանրային պաշտպանության շահառու չէ, և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իմացել է հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշում կայացնելու հիմքերի բացակայության մասին.
4) եթե նա սույն օրենքի 41-րդ հոդվածի պահանջների խախտմամբ պարբերաբար հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշումներ է կայացրել.
5) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
5. Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ սույն հոդվածով սահմանված դեպքերում կարող է հանդես գալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկությամբ: Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
6. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը՝
1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.
2) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի և արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.
3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջև.
4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.
5) սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու և գործը հանրային պաշտպանին կամ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ առկա չեն սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը կամ անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կհակասի սույն օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերին: Հանրային պաշտպանության իրականացումը մերժելու մասին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը պետք է լինի պատճառաբանված.
6) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու և գործը հանրային պաշտպանին կամ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանին հանձնելու մասին: Սույն կետով նախատեսված դեպքում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ տվյալների կամ հիմքերի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է դիմումը կամ որոշումը վերադարձնել քրեական վարույթն իրականացնող մարմին և պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ միաժամանակ ապահովելով անձի հանրային պաշտպանությունը: Նման պահանջի դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է եռօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող տեղեկատվությունը.
7) հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների և սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասում նշված անձանց կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու գործընթացի նկատմամբ.
8) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի, սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ խրախուսելու համար.
9) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստն ստուգելու, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նշված մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ երբ պահանջվող փաստաթղթերն օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում.
10) սույն օրենքով նախատեսված դեպքերում աջակցում է պալատի մարմինների լիազորությունների իրականացմանը.
11) փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգին համապատասխան ապահովում է`
ա. հանրային պաշտպանի գրասենյակին հասցեագրված դիմումների հաշվառումը և քննարկումը,
բ. իրավաբանական օգնություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումների հաշվառումը,
գ. հանրային պաշտպանների և սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետում նշված անձանց կողմից փաստաբանական գործերը ճիշտ կազմելու նկատմամբ հսկողությունը,
դ. ավարտված վարույթների ժամանակին արխիվացումը,
ե. սույն օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունների կամ վիճակագրության ներկայացումը փաստաբանների պալատի խորհրդին:
7. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է փաստաբանների պալատի խորհրդի նիստերին:
(43-րդ հոդվածը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 44. | Հանրային պաշտպանը |
1. Հանրային պաշտպան է համարվում հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանը, որը գործում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ` պալատի նախագահի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա:
2. Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով կարող է սահմանվել մրցույթ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:
3. Հանրային պաշտպանի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Առանց մրցույթի անցկացման հանրային պաշտպանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի մեկամյա ժամկետը կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել ևս մեկ տարով, եթե հանրային պաշտպանը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և չափանիշներին համապատասխան հանրային պաշտպանների գործունեության ստուգման և գնահատման արդյունքներով ստացել է համապատասխան անցողիկ միավորներ:
(44-րդ հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 44.1. | Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը |
1. Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը կամավոր հիմունքներով իրավաբանական օգնության անհատույց տրամադրումն է սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձանց, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն կարող են տրամադրել փաստաբանները, ինչպես նաև այլ անձինք՝ հաշվի առնելով իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրական սահմանափակումները:
3. Կազմակերպությունները, ներառյալ՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպվող իրավաբանական կլինիկաները կարող են կազմակերպել կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագրեր:
4. Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանը կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստն ստուգելու, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նշված մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ երբ պահանջվող փաստաթղթերն օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում:
5. Կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը խրախուսելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը՝
1) սահմանում է կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման տարեկան խրախուսելի նվազագույն ժամաքանակը և այլ չափանիշներ, ներառյալ՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կազմակերպվող կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագրերի չափանիշները.
2) սահմանում է յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով և այլ չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած (ծրագրեր իրականացրած) փաստաբանների և փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ցուցակի կազմման և վարման կարգը: Սույն կետով սահմանված ցուցակում ներառվում են սույն օրենքի 44.2-րդ հոդվածի 2-րդ մասի միայն 1-3-րդ կետերով սահմանված տվյալները.
3) կարող է նախատեսել փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով և այլ չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած (ծրագրեր կազմակերպած) փաստաբաններին և փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպություններին խրախուսելու այլ միջոցներ:
6. Յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով և չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած փաստաբաններն ազատվում են վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականությունից: Սույն մասով սահմանված կանոնը չի կիրառվում արտոնագիրը վերականգնած փաստաբանի կողմից վերապատրաստման դասընթացներ անցնելու և որպես կարգապահական տույժ նշանակված վերապատրաստման դասընթացներ անցնելու դեպքերի նկատմամբ:
7. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ցուցակը փաստաբանների պալատը կազմում է յուրաքանչյուր տարի մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը և կազմելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
8. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ցուցակը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
(44.1-ին հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 44.2. | Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հաշվետվությունը |
1. Փաստաբանը կարող է յուրաքանչյուր տարի մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը փաստաբանների պալատի նախագահին ներկայացնել հաշվետվություն նախորդ տարվա ընթացքում իր կողմից կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վերաբերյալ (այսուհետ սույն հոդվածում նաև՝ հաշվետվություն):
2. Հաշվետվության ներկայացման կարգը, պայմանները և ձևը սահմանվում են փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ: Հաշվետվությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները.
1) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու ընդհանուր ժամաքանակը.
2) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի քանակը.
3) յուրաքանչյուր դեպքով կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման շրջանակներում իրականացված գործունեության տեսակները.
4) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն ստացած անձանց տվյալները (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հեռախոսահամարը կամ հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը).
5) տեղեկություններ վստահորդի՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձ հանդիսանալու վերաբերյալ:
3. Փաստաբանը պարտավոր է հաշվետվություններում ներկայացնել հավաստի և ամբողջական տվյալներ:
4. Փաստաբանի կողմից կամավոր անհատույց իրավաբանական օգնություն չտրամադրելը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չէ:
5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում այն փաստաբանների վրա, որոնց՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվել է՝ փաստաբանի արտոնագրի գործողության կասեցման ժամանակահատվածում:
6. Սույն օրենքի 44.1-ին հոդվածով նախատեսված արտոնությունների կիրառման հարցը որոշվում է սույն հոդվածին համապատասխան ներկայացված հաշվետվությունների հիման վրա:
(44.2-րդ հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45. | Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը |
1. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունը:
2. Հաշվի առնելով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հայտերի և փաստացի իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վիճակագրական տվյալները` փաստաբանների պալատի խորհուրդը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
3. Հանրային պաշտպանի գրասենյակի բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և փաստաբանների պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
4. Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է փաստաբանների պալատի նախագահը՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ:
5. Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերը, հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի համար վճարները, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսեր: Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:
6. Հանրային պաշտպանի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով: Սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ: Այդ դեպքում փոխհատուցվող գումարի չափը որոշվում է փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:
7. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է փոխհատուցում՝ հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով:
7.1. Հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի դիմաց վճարման համար ծախսերի փոխհատուցման չափը հաշվարկվում է հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի վճարման համար նախատեսված ընդհանուր գումարի տասնհինգ տոկոսի չափով:
8. Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի վճարման համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով՝ անկախ հանրային պաշտպանների կատարած փաստացի ծախսերից:
9. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով:
10. Փաստաբանների պալատը, հիմնավոր կասկածներ ունենալով, որ հանրային պաշտպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով չսահմանված անձանց՝ դիմողի կողմից գրավոր հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելու պատճառով, պարտավոր է այդպիսի հանգամանքները հայտնի դառնալուց հետո՝ վեցամսյա ժամկետում, գործողություններ ձեռնարկել նման անձին պատասխանատվության ենթարկելու և փաստաբանի իրավաբանական օգնության հետ կապված ողջամիտ վճարը պահանջելու համար, որը որոշվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում նշված գնացուցակի հիման վրա:
11. Փաստաբանների պալատի խորհուրդն ստեղծում է հանրային պաշտպանի գրասենյակի պահուստային ֆոնդ՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձանց վճարումներ կատարելու նպատակով: Պահուստային ֆոնդի միջոցները չեն կարող օգտագործվել այլ նպատակով:
12. Պահուստային ֆոնդի միջոցները գոյանում են՝
1) սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված վճարներից.
2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
(45-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-186-Ն, լրաց., խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն, լրաց., փոփ. 14.11.23 ՀՕ-356-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 7.1
(գլուխը լրաց. 08.12.11 ՀՕ-339-Ն)
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.1. | Ակադեմիայի նպատակը և իրավական կարգավիճակը |
(վերնագիրը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանական ակադեմիան հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Փաստաբանական ակադեմիայի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, լուծարման, գույքի օգտագործման, ինչպես նաև այլ հարցեր կարգավորվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:
3. Փաստաբանական ակադեմիայի հիմնադիրն է փաստաբանների պալատը՝ ի դեմս փաստաբանների պալատի խորհրդի:
4. Փաստաբանների պալատի խորհուրդը հաստատում է փաստաբանական ակադեմիայի կանոնադրությունը, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ է կատարում կանոնադրությունում:
5. Սույն օրենքով նախատեսված ուսուցման ծրագրեր իրականացնելիս «Կրթության մասին» օրենքի դրույթները փաստաբանական ակադեմիայի վրա չեն տարածվում: Սույն գլխում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին» օրենքում նույն հասկացությունների կիրառության իմաստով և նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
(45.1-ին հոդվածը փոփ., լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.2. | Փաստաբանական ակադեմիայի գործառույթները |
(վերնագիրը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանական ակադեմիան, սույն օրենքին և փաստաբանական ակադեմիայի կանոնադրության նպատակներին համապատասխան՝
1) կազմակերպում և անցկացնում է փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը.
2) (կետն ուժը կորցրել է 05.10.22 ՀՕ-366-Ն)
3) կազմակերպում և անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը.
4) իրականացնում է փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:
(45.2-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.3. | Փաստաբանական ակադեմիայի կառավարման մարմինները |
(վերնագիրը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանական ակադեմիայի կառավարումն իրականացնում են փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը և փաստաբանական ակադեմիայի ղեկավարը:
(45.3-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.4. | Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը |
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը (այսուհետ սույն հոդվածում՝ կառավարման խորհուրդ) իրականացնում է փաստաբանական ակադեմիայի ընդհանուր կառավարումը և ընթացիկ գործունեության վերահսկողությունը:
2. Կառավարման խորհրդի լիազորությունները, գործունեության կարգը, կազմավորման կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով և փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ:
3. Կառավարման խորհուրդը կազմավորվում է երեք տարի ժամկետով` յոթ անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ․
1) փաստաբանների պալատի նախագահը՝ ի պաշտոնե.
2) փաստաբանների պալատի ընտրած երեք փաստաբան.
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.
4) երկու իրավաբան գիտնական՝ սույն հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձինք չեն կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կառավարման խորհրդի անդամ:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբան գիտնականը, որը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում դասավանդում է իրավունք կամ իրականացնում գիտական աշխատանք: Թեկնածուներին ներգրավելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի ընտրություններից առնվազն 50 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են առաջադրել սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուի մեկական հավակնորդ: Հավակնորդների կողմից փաստաբանների պալատի խորհրդին ներկայացվող փաստաթղթերը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգն ու պայմանները սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո սույն մասի պահանջներին համապատասխանող անձանց փաստաբանների պալատի խորհուրդը ներառում է սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուների շարքում:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն կազմված թեկնածուների շարքից, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
7. Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու կառավարման խորհրդի՝ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անդամի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ: Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է քվեարկել ոչ ավելի, քան երկու մասնակցի օգտի: Ընտրված են համարվում ձայների առավելագույն քանակ ստացած թեկնածուները:
8. Կառավարման խորհրդի նախագահին ընտրում են կառավարման խորհրդի անդամներն իրենց կազմից:
9. Կառավարման խորհրդի նիստերը հրավիրում է կառավարման խորհրդի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, բայց տարեկան չորս անգամից ոչ պակաս: Կառավարման խորհրդի նիստերը կարող են հրավիրվել տվյալ մարմնի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի խորհրդի նախաձեռնությամբ:
10. Կառավարման խորհրդի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է կառավարման խորհրդի անդամների առնվազն կեսը: Կառավարման խորհրդի նիստն անցկացվում է դրա անդամների ներկա լինելու միջոցով: Կառավարման խորհրդի նիստը կարող է անցկացվել նաև կանոնադրությամբ սահմանված հեռավար կամ հարցման կարգով: Կառավարման խորհրդի անդամները նիստերին քվեարկում և իրենց այլ լիազորություններն իրականացնում են անձամբ:
11. Կառավարման խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ձայների առավել մեծ քանակ նախատեսված չէ սույն օրենքով: Ձայների հավասարության դեպքում կառավարման խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:
12. Կառավարման խորհուրդը՝
1) հաստատում է ունկնդիրների ուսման վարձի չափը, դրա վճարման կարգը.
2) հաստատում է փաստաբանական ակադեմիայի աշխատանքային ներքին կանոնակարգը, կառուցվածքը և աշխատակազմի հաստիքացուցակը.
3) հաստատում է փաստաբանական ակադեմիայի տարեկան բյուջեն` փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացմամբ.
4) փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է փաստաբանական ակադեմիայի ղեկավարի հաշվետվությունները.
5) փաստաբանների պալատի խորհրդի հաստատած ուղենիշներին համապատասխան՝ հաստատում է փաստաբանների վերապատրաստման պլանը, ինչպես նաև ունկնդիրների ուսումնական պլանը.
6) փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդրի հեռացման հարցը.
7) անվավեր է ճանաչում, վերացնում կամ կասեցնում է փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ընդունած անհատական կամ ներքին իրավական ակտերը.
8) ընտրում է փաստաբանական ակադեմիայի աուդիտն իրականացնող անձին.
9) իրականացնում է սույն օրենքով, «Հիմնադրամների մասին» օրենքով և փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Կառավարման խորհրդի անդամների կամ նախագահի լիազորությունները դադարում են՝
1) նրանց լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ համապատասխան մարմնի հաջորդ կազմի կամ նոր նախագահի լիազորություններն ստանձնելու պահից.
2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
3) նրա արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում.
4) սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված անդամին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հետ կանչելու դեպքում:
14. Կառավարման խորհրդի անդամների կամ նախագահի լիազորությունները դադարեցվում են՝
1) երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում կառավարման խորհրդի նիստերի առնվազն կեսից բացակայելու դեպքում.
2) մեկ տարվա ընթացքում կառավարման խորհրդի նիստերից անհարգելի պատճառով առնվազն երեք անգամ անընդմեջ կամ ընդհանուր յոթ անգամ բացակայելու դեպքում.
3) օրենքով կամ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:
15. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում այդ անդամի փոխարեն փաստաբանների պալատի խորհուրդն ընտրում է նոր անդամ՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:
16. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված անդամի լիազորությունները դադարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նոր ներկայացուցչի, իսկ այդ անձի լիազորությունների դադարեցման դեպքում կառավարման խորհրդի որոշումն ուղարկում է փաստաբանների պալատի խորհուրդ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, և վերջինս որոշումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, փաստաբանների պալատի խորհրդին է ներկայացնում նոր ներկայացուցչի:
17. Կառավարման խորհրդի՝ սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է վերջին ընտրության տվյալներով հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած, սակայն չընտրված թեկնածուն՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով:
18. Կառավարման խորհրդի անդամի կամ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար կառավարման խորհրդի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է դրա առնվազն երկու անդամի կողմից:
(45.4-րդ հոդվածը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.5. | Փաստաբանական ակադեմիայի ղեկավարը |
(վերնագիրը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանական ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է փաստաբանական ակադեմիայի ղեկավարը, որին փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ: Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու փաստաբանական ակադեմիայի ղեկավարի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ:
2. Փաստաբանական ակադեմիայի ղեկավարը՝
1) ղեկավարում է ուսման և փաստաբանների մասնագիտական վերապատրաստման գործընթացը.
2) կազմակերպում է կառավարման խորհրդի որոշումների կատարումը.
3) փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է փաստաբանական ակադեմիայի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում փաստաբանական ակադեմիայի անունից.
4) ներկայացնում է փաստաբանական ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
5) փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում փաստաբանական ակադեմիայի աշխատանքային ներքին կանոնակարգերը և հաստիքացուցակը.
6) փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում փաստաբանական ակադեմիայի ուսումնական ծրագրերը.
7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
8) փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով ունկնդրին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.
9) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(45.5-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.6. | Փաստաբանական ակադեմիայի ունկնդրի կարգավիճակը |
(վերնագիրը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:
2. Անձը փաստաբանական ակադեմիայի ունկնդրի կարգավիճակ է ձեռք բերում փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով փաստաբանական ակադեմիա ընդունվելու պահից:
(45.6-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածի 18.04.14 ՍԴՈ-1148 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 05.10.22 ՀՕ-366-Ն օրենքի 37-րդ հոդվածի փոփոխությամբ)
Հոդված 45.7. | Փաստաբանական ակադեմիայի ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
(վերնագիրը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ունկնդիրը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
2. Կարգապահական տույժերի տեսակներն են՝
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) ակադեմիայից հեռացում:
3. Փաստաբանական ակադեմիայից որպես կարգապահական տույժ հեռացված ունկնդիրը զրկվում է մեկ տարվա ընթացքում փաստաբանական ակադեմիա կրկին ընդունվելու իրավունքից:
4. Ունկնդիրը կարող է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը բողոքարկել դատարան որոշումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
(45.7-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.8. | Ուսուցումը փաստաբանական ակադեմիայում |
(վերնագիրը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Ունկնդրի ուսուցումը փաստաբանական ակադեմիայում իրականացվում է փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Ուսուցումն իրականացվում է երկու փուլով` տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան): Ուսուցման ընդհանուր տևողությունը չի կարող վեց ամսից պակաս լինել:
2. Իրավաբանի` առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի ուսուցումն իրականացվում է փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված պարզեցված ընթացակարգով:
3. Փաստաբանական ակադեմիայի ուսումնական ծրագրերը փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը:
4. Սույն գլխի իմաստով՝ մասնագիտական ստաժը իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ձեռք բերելուց հետո իրավունքի ոլորտում իրականացված մասնագիտական գործունեությունն է:
(45.8-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.9. | Ունկնդրի փորձաշրջանը |
1. Ունկնդիրը փորձաշրջանը կարող է անցնել ինչպես փաստաբանի մոտ, այնպես էլ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած այլ հաստատություններում:
2. Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանվում է փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ:
(45.9-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.10. | Ուսման ավարտը փաստաբանական ակադեմիայում |
(վերնագիրը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրներին փաստաբանական ակադեմիայի ղեկավարը 10 օրվա ընթացքում տրամադրում է հավաստագիր՝ երկու տարի ժամկետով, որն իրավունք է տալիս ունկնդրին հավաստագրի գործողության ժամկետում մասնակցելու փաստաբանի որակավորման քննություններին:
(45.10-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.11. | Որակավորման քննությունը |
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
1. Որակավորման քննությունը փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու միասնական քննությունն է, որին մասնակցելու իրավունք ունի՝
1) փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրը.
2) միաժամանակ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճաններ կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան և իրավաբանի` առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձը, բացառությամբ եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
3) նախկինում առնվազն հինգ տարվա փաստաբանական գործունեության ստաժ, ինչպես նաև առնվազն հինգ տարվա քննիչի, դատախազի կամ դատավորի մասնագիտական ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձը, բացառությամբ եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ, կամ նրա՝ փաստաբանի, դատավորի կամ դատախազի գործունեություն իրականացնելու իրավունքը չի դադարեցվել նրան պատասխանատվության ենթարկելու կամ անհամատեղելիության պահանջները խախտելու հետևանքով:
2. Որակավորման քննություններն անցկացվում են ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ: Որակավորման քննությունները կազմակերպում, ընդունում և դրանց արդյունքներն ամփոփում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը:
3. Որակավորման քննությունների կազմակերպման, ընդունման, անցկացման և հանձնման կարգերը սահմանվում են սույն օրենքով և փաստաբանների պալատի խորհրդի կողմից:
4. Որակավորման քննություններն անցկացվում են՝
1) գրավոր առաջադրանք լուծելու միջոցով, որը կարող է պարունակել իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով, կամ կազմվել թեստային առաջադրանքների՝ հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրների միջոցով՝ դրանց ճիշտ լուծումները մասնակցի կողմից ընտրելու պահանջով, ինչպես նաև կարող են ներառել դատավարական փաստաթղթերի կազմման պահանջներ և
2) հարցազրույցի մասնակցելու միջոցով, որի ժամանակ պարզվում են փաստաբանական գործունեություն իրականացնելու համար անձի անհրաժեշտ հմտություններն ու որակները, ներառյալ՝ մասնագիտական աշխատանքի փորձառությունը, անձնական հատկանիշները, փաստաբանի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, ինչպես նաև առաջադրվում է փաստաբանի վարքագծի կանոնների վերաբերյալ հիպոթետիկ խնդիր, որի վերաբերյալ անձը բանավոր ներկայացնում է իր վերլուծությունները և դիրքորոշումը:
5. Որակավորման քննություն հանձնելու համար անձը որակավորման հանձնաժողով է ներկայացնում դիմում՝ կցելով փաստաբանների պալատի խորհրդի սահմանած փաստաթղթերը: Որակավորման հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում երկու ամսվա ընթացքում կազմակերպում է ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության ստուգում:
6. Որակավորման քննությանը չմասնակցած կամ որակավորման քննությունները չհանձնած անձը վերստին որակավորման քննություն կարող է հանձնել մեկ տարի հետո, բացառությամբ որակավորման քննությանը հարգելի պատճառներով չմասնակցելու և սույն օրենքի 45.10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում որակավորման քննությունը կրկին հանձնելու դեպքերի:
7. Որակավորման քննության արդյունքները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի խորհուրդ որակավորման քննության արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով փաստաբանների պալատի խորհրդի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Սույն մասով նախատեսված բողոքը փաստաբանների պալատի խորհուրդը քննում և որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Փաստաբանների պալատի խորհրդի որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում սույն մասով դրանց բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:
(45.11-րդ հոդվածը խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 45.12. | Փաստաբանների վերապատրաստման կազմակերպումը |
1. Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել փաստաբանական ակադեմիայում կամ փաստաբանների պալատի խորհրդի հավատարմագրած այլ հաստատությունում:
2. Փաստաբանը պարտավոր է անցնել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում քառասունութ ժամից պակաս լինել:
3. Վերապատրաստման ընթացքում փաստաբանների` մինչդատական վարույթին և (կամ) դատական քննությանը չմասնակցելը համարվում է հարգելի, եթե փաստաբանը այդ մասին տեղյակ է պահել համապատասխան մարմնին:
(45.12-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 46. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի գործողության մեջ մտնելը չի կարող հանգեցնել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի աշխատավարձի նվազեցման:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 18-ի ՀՕ-234 օրենքը։
(46-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-33-Ն)
Հոդված 47. |
Փաստաբանների պալատի կազմավորումը |
Փաստաբանների պալատը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների իրավահաջորդը։
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական մյուս միությունների լիազորությունները պահպանվում են մինչև փաստաբանների պալատի կազմավորումը։
Փաստաբանների պալատը կազմավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով վերակազմակերպմամբ։
Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, որը ժողովը վարում է մինչև փաստաբանների պալատի նախագահի ընտրվելը։
Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովն իրավասու է սկսելու աշխատանքները գործող փաստաբանների միություններում ընդգրկված փաստաբանների ընդհանուր թվի կեսի առկայության դեպքում։
(47-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.07.05 ՀՕ-141-Ն)
Հոդված 48. |
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագիր ստացած փաստաբանների և ստաժորների իրավական վիճակը |
Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունները համարվում են վերակազմակերպված օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:
Փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների անդամ փաստաբանների արտոնագրերը փոխարինում է փաստաբանների պալատի արտոնագրերով: Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների տրամադրած արտոնագրերն ուժի մեջ են փաստաբանների պալատի գրանցման պահից եռամսյա ժամկետում:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած և սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կարող են ստանալ փաստաբանական գործունեության արտոնագրեր` առանց որակավորման քննություն հանձնելու և համապատասխան վկայագիր ստանալու` ներկայացնելով դատական ներկայացուցչությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթեր, բացառությամբ այն անձանց, ովքեր ունեցել են փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, և դադարեցվել է դրա գործողությունը:
Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների ստաժորները ճանաչվում են փաստաբանների պալատի փորձնակներ:
(48-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-105-Ն)
Հոդված 49. |
Արբիտրաժային տրիբունալում և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը այլ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորագիր ստացած անձանց իրավական վիճակը |
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-63-Ն)
Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր ստացել են լիազորագիր` արբիտրաժային տրիբունալում կամ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` այլ դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար:
(49-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-63-Ն)
Հայաստանի Հանրապետության |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|