«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32203368
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
3 դեկտեմբերի 2003 թ. |
N 819-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ (1999 թ. ապրիլի 30-ի ՀՕ-295) օրենքի 39-րդ հոդվածի
Հրամայում եմ`
1. Հաստատել՝ «Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքը կադաստրային քարտեզներում արտացոլելու մասին» հրահանգը՝ համաձայն հավելվածի (կցվում է)։
2. Կոմիտեի կառուցվածքային և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների ղեկավարներին՝ առաջնորդվել սույն հրահանգի պահանջներով:
3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:
Կոմիտեի նախագահ |
Մ. Վարդանյան |
Նախագիծ
Հավելված __
Հաստատված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 819-Ն հրամանով |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն հրահանգով սահմանվում են կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած, ինչպես նաև միավորված կամ բաժանված անշարժ գույքը կադաստրային քարտեզներում արտացոլելու աշխատանքների բովանդակությունը, դրանց նկատմամբ առաջադրված պահանջները և այդ աշխատանքների իրականացման կարգը:
Նշված աշխատանքների համար ելակետային նյութեր են ծառայում նոր հատկացված հողամասերի վերաբերյալ գրաֆիկական և տեքստային իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերը, 1: 500, 1: 1000, 1: 2000, 1:5000, 1:10000, 1:25000 մասշտաբի կադաստրային քարտեզները, տվյալ տարածքի գեոդեզիական հիմքի կոորդինատները և այլ անհրաժեշտ տվյալներ:
Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր հատկացված հողամասերը կադաստրային քարտեզներում արտացոլելու աշխատանքների կազմակերպումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան վարչությունների, տարածքային ստորաբաժանումների, համակարգի ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում նաև լիցենզավորված անձանց ներգրավմամբ:
Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքների քարտեզների բոլոր փոփոխությունները իրականցվում են համայնքի հերթապահ (թղթային և էլեկտրոնային) քարտեզի վրա:
Հերթապահ կադաստրային քարտեզների վարման համար պատասխանատվությունը կրում է կոմիտեի տարածքային ստորաբաժանումը (այսուհետև՝ տարածքային ստորաբաժանում):
Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքը կադաստրային քարտեզներում արտացոլելու աշխատանքների իրականացման ընթացքում թույլ տրված սխալների ուղղումը իրականացվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 42-րդ հոդվածի և նրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով, ինչպես նաև հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեսված հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխության սահմանները սահմանված կարգով գրանցելուց հետո տարածքային ստորաբաժանման կողմից անց են կացվում տվյալ համայնքի հերթապահ կադաստրային քարտեզի վրա:
2. ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքի գրանցման համար հիմք են հանդիսանում քաղաքացիների և իրավաբանական անձանց միջև, ինչպես նաև համայնքի ղեկավարի համապատասխան որոշման կամ աճուրդի արձանագրության հիման վրա կնքված անշարժ գույքի օտարման, օգտագործման կամ վարձակալության պայմանագրերը, օտարված կամ օգտագործման տրամադրված հողամասերի սահմանված կարգով հաստատված հատակագծային գրաֆիկական նյութերը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար սահմանված այլ փաստաթղթեր:
Նոր առաջացած անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը իրականացվում է օրենքով և օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. ՉԱՓԱԳՐՄԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Նոր առաջացած անշարժ գույքի չափագրման աշխատանքները, մինչև 10 հա մակերես ունեցող գույքի համար, իրականացվում են տարածքային ստորաբաժանման կողմից:
Նոր առաջացած անշարժ գույքի չափագրումը պետք է կատարվի «Հաշվառման աշխատանքների իրականացման մեթոդական ցուցումների» և «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգի» պահանջներին համապատասխան՝ գոյություն ունեցող եղանակներից որևէ մեկի միջոցով, որի արդյունքում կատարված չափագրումների հիման վրա կազմվում է տվյալ հատվածի ուրվագիծը: Նոր առաջացած գույքի չափագրման աշխատանքները իրականացվում են գծային հատումների մեթոդով՝ հետևյալ կերպ. Կադաստրային քարտեզի վրա արտահայտված տեղանքի բնորոշիչ տարրերից (շենքեր, շինությունների, պարիսպների, ցանկապատերի, խաչմերուկների անկյուններ, հենասյուներ և այլն) կատարվում են 3-ից ոչ պակաս գծային հատումներ (չափումներ) մինչև նոր հատկացված հողամասի սահմանագծերի բեկման կետերը: Հատումների երկարությունը չպետք է գերազանցի չափիչ սարքի (չափերիզի, հեռաչափի) երկարությունը, իսկ հատումների ուղղությունները չպետք է հատվեն 30 աստիճանից պակաս մեծություն ունեցող անկյունների տակ:
Չափագրման իրականացման ընթացքում կադաստրային քարտեզի տվյալ հատվածի պատճենի վրա կազմվում է տվյալ տարածքի հատակագիծը, որի վրա պատկերվում է անշարժ գույքի միավորների սխեմատիկ տեղադրությունը, հողակտորների և շենքեր, շինությունների չափերը, դրանց հերթական համարները և այլ անհրաժեշտ տվյալներ (հավելված 1):
Կազմված հատակագիծը հիմք է հանդիսանում նոր առաջացած անշարժ գույքի միավորները հերթապահ կադաստրային քարտեզներում արտահայտելու համար, որն իրականացվում է տեղում կատարված չափագրման տվյալները կադաստրային քարտեզի տվյալ հատվածի վրա տեղադրելու եղանակով: Ստացված հատակագծի վրա իրականացվում է նոր առաջացած գույքային միավորների ծածկագրում: Ծածկագրման աշխատանքները պետք է իրականացվեն «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգի» պահանջներին համապատասխան:
Կազմված ուրվագծի, ներկայացված իրավահաստատող փաստաթղթերի և սեփականատիրոջ (օգտագործողի) դիմումի հիման վրա սահմանված կարգով կազմվում է կադաստրային գործ և կատարվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում:
Կադաստրային քարտեզներում առկա հողամասերի վրա նոր կառուցված շենքեր, շինությունների տեղանքին կապակցման և քարտեզում արտահայտման աշխատանքները ևս իրականացվում են սույն հրահանգով սահմանված կարգով՝ տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից, իսկ շենքեր, շինությունների ներքին չափագրման աշխատանքներն իրականացվում են «Հաշվառման աշխատանքների իրականացման մեթոդական ցուցումների» պահանջներին համապատասխան:
Տարածքային ստորաբաժանումները քարտեզներում նոր առաջացած գույքի հետ կապված փոփոխությունները կատարում են տեղում, որոնց վերաբերյալ տվյալները 24 ժամվա ընթացքում պետք է փոխանցեն տեղեկատվական կենտրոն: Տեղեկատվական կենտրոնում 3-օրյա ժամկետում ստուգվում է կատարված փոփոխությունների ճշտությունը և փոփոխված հատվածի վերջնական ճշգրտված էլեկտրոնային տարբերակը հետ է ուղարկվում տարածքային ստորաբաժանմանը:
10 հա-ից ավելի տարածք զբաղեցնող նոր առաջացած գույքի չափագրման, քարտեզագրման և տեղանքին կապակցման աշխատանքները կարող են իրականացվել նաև համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց կամ «Հողաշինարարության, անշարժ գույքի համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» և «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
Քարտեզագրման աշխատանքները պետք է իրականացվեն «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգի» պահանջներին համապատասխան, միայն էլեկտրոնային տախեոմետրի կիրառմամբ:
Հանույթային աշխատանքների համար որպես ելակետային պլանային հիմք պետք է հանդիսանա տվյալ համայնքի կադաստրային քարտեզագրման նպատակով նախկինում ստեղծված գեոդեզիական ցանցը, որի հիման վրա (անհրաժեշտության դեպքում) ստեղծվում է լրացուցիչ հանույթային ցանց:
Հանույթային ցանցի կետերից էլեկտրոնային եղանակով հանույթի իրականացման ժամանակ կազմվում է տվյալ տարածքի ուրվագիծը, որի վրա պատկերվում են նոր առաջացած անշարժ գույքի միավորների սխեմատիկ տեղադրությունը, սահմանները, շենքերը, շինությունները, մագիստրալային կոմունիկացիոն ցանցը, դրանց կոորդինատավորված կետերը և այդ կետերի համարները: Որպես ուրվագծի հիմք պետք է ընդունել կադաստրային քարտեզի տվյալ հատվածի պատճենը:
էլեկտրոնային քարտեզների կազմման նպատակով հանութագրման բոլոր անհրաժեշտ տվյալերը էլեկտրոնային սարքերից (տախեոմետր կամ արբանյակային դիրքորոշման կայան) կամ նրանց հիշողության քարտից ներածվում է համակարգիչ, որից հետո կազմված ուրվագծի հիման վրա կատարվում է թվայնացում:
Ստացված կադաստրային քարտեզի վրա իրականացվում է նոր առաջացած գույքային միավորների ծածկագրում: Ծածկագրման աշխատանքները պետք է իրականացվեն «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգի» պահանջներին համապատասխան:
Տարածքային ստորաբաժանումները քարտեզագրման աշխատանքների ավարտից հետո 24 ժամվա ընթացքում տեղեկատվական կենտրոն են փոխանցում դաշտային չափագրման տվյալները և քարտեզի փոփոխված հատվածը՝ կադաստրային քարտեզների տվյալների բազայում համապատասխան լրացումներ, համադրումներ և ստուգումներ կատարելու համար: Փոփոխությունների վերաբերյալ փոխանցվող տվյալներում պետք է հստակ արտահայտված լինեն համայնքի անվանումը, կադաստրային թաղամասը, նոր առաջացող և նրան սահմանակից միավորները:
Տեղեկատվական կենտրոնում 3-օրյա ժամկետում ստուգվում է կատարված փոփոխությունների ճշտությունը և փոփոխված համայնքի վերջնական ճշգրտված էլեկտրոնային տարբերակը հետ է ուղարկվում տարածքային ստորաբաժանմանը:
Փոփոխված հատվածի պատճենը դրվում է կադաստրային գործի մեջ:
Տարբեր աշխատանքային տարածքների հանույթների համակցման ժամանակ թույլատրելի սխալը չպետք է գերազանցի քարտեզի մասշտաբի 0.5 մմ չափը:
Վարձակալությամբ տրամադրված նոր առաջացած անշարժ գույքը կադաստրային քարտեզներում ցույց է տրվում նարնջագույն սահմանագծերով:
Նոր առաջացած հողամասերը գծվում են մանուշակագույն գույնի ընդհատվող սահմանագծով, իսկ շենքերը` փիրուզագույն սահմանագծերով: Տեղեկատվական կենտրոնում ստուգումները կատարելուց հետո վերը նշված սահմանագծերը փոխարինվում են կադաստրային քարտեզներում նախատեսված պայմանական գծերով:
4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԲԱԺԱՆՈՒՄ
Անշարժ գույքի միավորների միավորման կամ բաժանման դեպքում չափագրումը պետք է իրականացվի հետևյալ եղանակով. կադաստրային քարտեզի տվյալ հատվածի պատճենի վրա նախկին միավորի (միավորների) սահմանագծերի, դրանց չափերի, նշված մակերեսների վրա կարմիր գույնի թանաքով դրվում են խաչեր այնպես, որ նախկին տվյալները լինեն ընթեռնելի (հավելված 2): Նախկին միավորի կոդը չեղյալ է համարվում (արխիվացվում է), իսկ առկա քարտեզի հատվածի հին կոդի վրա դրվում է խաչ՝ կարմիր գույնի թանաքով: Չափագրման նոր տվյալները (սահմանագիծ, չափեր, մակերես) կադաստրային քարտեզի վրա տրվում են կապույտ գույնի թանաքով՝ քարտեզի տվյալ մասշտաբին համապատասխան ճշտությամբ: Նոր առաջացած միավորին տրվող կոդը պետք է ունենա տվյալ կադաստրային թաղամասում առկա միավորների վերջին կոդին հաջորդող հերթական համարը:
Կադաստրային քարտեզի փոփոխությունների հաշվառումը գրանցվում է կադաստրային քարտեզների փոփոխությունների հաշվառման մատյանում (թղթային և էլեկտրոնային), որի ձևատեսքը սահմանում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
Անշարժ գույքի բաժանման դեպքում, բաժանման եզրագծի բեկման կետերի տեղանքի հետ կապակցումը իրականցվում է գծային հատումների եղանակով` «Հաշվառման աշխատանքների իրականացման մեթոդական ցուցումների» պահանջների համաձայն:
Տարածքային ստորաբաժանումը տեղում կատարում է միավորման կամ բաժանման հետ կապված բոլոր փոփոխությունները և դրանց վերաբերյալ տվյալները փոխանցվում է տեղեկատվական կենտրոն, որտեղ տվյալների բազայում կատարվում է համապատասխան փոփոխություն:
5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Տարածքային ստորաբաժանումները, ըստ տեխնիկական միջոցներով հագեցվածության աստիճանի, կադաստրային քարտեզներում փոփոխությունները կատարում են տեղում կամ փոխանցում են տեղեկատվական կենտրոն:
էլեկտրոնային սարքերից (տախեոմետր կամ արբանյակային դիրքորոշման կայան) կամ նրանց հիշողության քարտից տվյալների ներածման և թվայնացման աշխատանքները իրականցվում է Տեղեկատվական կենտրոնում` մինչև տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների ուսուցումը:
Տարածքային ստորաբաժանումների ցանկը, որոնք փոփոխությունները իրականացնում են տեղում կամ պետք է կատարեն ելակետային տվյալների մշակումը (ուսուցումից հետո) սահմանվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով:
Մինչև ավտոմատացված համակարգի ներդրումը կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած անշարժ գույքի միավոր(ներ)ի հետ կապված փոփոխությունները և չափագրման նոր տվյալները փոխանցվում են տեղեկատվական կենտրոն.
● Էլեկտրոնային փոստով կամ ֆաքսով ապահովված տարածքային ստորաբաժանումները` փոփոխությունը կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում,
● Էլեկտրոնային փոստով կամ ֆաքսով չապահովված տարածքային ստորաբաժանումները` ամիսը մեկ անգամ:
Այն տարածքային ստորաբաժանումները, որտեղ տեղադրված է կադաստրային քարտեզների վարման ARPAC համակարգը, նոր առաջացած անշարժ գույքի միավոր(ներ)ի հետ կապված փոփոխությունները կատարում են տվյալ համայնքի հերթապահ էլեկտրոնային կադաստրային քարտեզում: Փոփոխված հերթապահ քարտեզները տեղեկատվական կենտրոն են փոխանցվում էլեկտրոնային փոստով` ամեն օր, էլեկտրոնային կրիչներով` ամեն ամիս:
Ավտոմատացված համակարգի ներդրումից հետո փոփոխությունների մուտքագրման և թվայնացման աշխատանքներն իրականացվելու են տարածքային ստորաբաժանումներում: Փոփոխությունները գլոբալ ցանցի միջոցով պետք է հաղորդվեն տեղեկատվական կենտրոն: