Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-221-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1041
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

 1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական վճարի (այսուհետ` վճար) վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են վճար վճարողները, վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարի դրույքաչափերը, վճարի սահմանման, գանձման կարգը և պայմանները, վճար չվճարելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև վարչական վարույթի առանձնահատկությունները:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են միայն համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում (այսուհետ` ավտոկայանատեղ) ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոց) կայանելու դեպքում ծագած հարաբերությունների վրա:

(1-ին հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

 Հոդված 2. Ավտոկայանատեղի համար գանձվող վճարի հասկացությունը

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոկայանատեղի համար գանձվող վճարը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով և սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

(2-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 

 Հոդված 3. Ավտոկայանատեղի գործունեություն կազմակերպող մարմինը

 

1. Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպում է համայնքի ղեկավարը կամ համայնքային ենթակայության կազմակերպությունը:

2. Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են վճարի գանձումը` համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան:

(3-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 Հոդված 4. Ավտոկայանատեղի վճար վճարողները

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում կայանելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:

3. Ավտոտրանսպորտային միջոցը լիզինգով տրամադրված լինելու դեպքում ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի վճարը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի լիզինգառուն:

(4-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն, լրաց. 18.06.20 ՀՕ-319-Ն, խմբ. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

 Հոդված 5. Ավտոկայանատեղի վճար վճարողների իրավունքները

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոկայանատեղի վճար վճարողներն իրավունք ունեն`

1) ծանոթանալու ավտոկայանատեղի վճարի չափին և գանձման կարգին.

2) պահանջելու ավտոկայանատեղի վճար գանձող մարմնից կատարելու վճարի վերահաշվարկ.

3) բողոքարկելու ավտոկայանատեղի վճար գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

4) ստանալու ավտոկայանատեղի վճար վճարելու մասին տեղեկանք.

5) օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջելու և ստանալու վերադարձման ենթակա ավտոկայանատեղի վճարի գումարը.

6) բողոքարկելու համայնքի ավագանու` ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերի վերաբերյալ որոշումները:

(5-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 Հոդված 6. Ավտոկայանատեղի վճար վճարողների պարտականությունները

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոկայանատեղի վճար վճարողները պարտավոր են`

1) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար վճարել ավտոկայանատեղի վճար.

2) ավտոկայանատեղի վճարի գանձում իրականացնող մարմիններին կամ լիազոր անձանց ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար վճարի վճարումը հիմնավորող փաստաթղթեր կամ դրանց պատճենները:

(6-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 Հոդված 7. Ավտոկայանատեղի վճարի գանձման օբյեկտները

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոկայանատեղի վճարը գանձվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցները կամ դրանց կցորդներն ավտոկայանատեղում կայանելու համար:

(7-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 Հոդված 8. Ավտոկայանատեղի կազմակերպումը և ներկայացվող պահանջները

 

1. Ավտոկայանատեղը կազմակերպվում է տվյալ համայնքի ավագանու որոշմամբ, որը համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ: Եթե ավտոկայանատեղը պետք է կազմակերպվի զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքներում, ապա ավտոկայանատեղը կարող է կազմակերպվել միայն համապատասխան մարմինների համաձայնությամբ:

2. Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գույնին և ձևին համապատասխան գետնանշումով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(8-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն, խմբ. 12.09.23 ՀՕ-284-Ն)

(12.09.23 ՀՕ-284-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

 

 Հոդված 9. Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափի սահմանումը և վճարման ձևերը

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

2. Ընթացիկ տարվա համար ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

3. Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար պետք է սահմանվի վճարի միասնական դրույքաչափ, եթե օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:

4. Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սահմանում են ըստ կայանատեղի, Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների և տարվա: Ընդ որում, համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ:

5. Ավտոկայանատեղի վճարի վճարման ձևերը սահմանում է համայնքի ավագանին:

6. Ավտոկայանատեղի վճար գանձող մարմինը պարտավոր է վճար վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև` պահանջելու դեպքում վճար վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն:

(9-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն, լրաց., խմբ. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

 Հոդված 10. Ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոկայանատեղի վճարը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով` դրամով:

2. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`

1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.

2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ.

3) մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.

4) մեկ ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ.

5) մեկ տարվա համար` մինչև 300000 դրամ ներառյալ:

Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

(10-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն, 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

 Հոդված 11. Ավտոկայանատեղի վճարի վճարման պարտականության և դրա չափի վերաբերյալ իրազեկումը

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոկայանատեղում պետք է փակցված լինի համապատասխան ցուցանակ` վճարովի ավտոկայանատեղի, դրա տարածքի, ավտոկայանատեղի համար վճարի վճարման պարտականության չափի, պայմանների և պատասխանատվության մասին հայերեն պարզ և ընթեռնելի նշումներով, ինչպես նաև` ավտոկայանատեղ կազմակերպող մարմնի հայեցողությամբ` այլ տեղեկատվությամբ: Ընդ որում` ցուցանակը կարող է ներառել նաև օտար լեզուներով տեղեկատվություն:

(11-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 

 Հոդված 12. Ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորության ծագումը

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից:

(12-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 Հոդված 13. Ավտոկայանատեղի վճարի վճարումը գործակալի կողմից

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել համայնքի ղեկավարին` ավագանու որոշմամբ իրենց կողմից նշված տարածքում ավտոկայանատեղ նախատեսելու համար և վճարել ամսական կամ տարեկան վճար ամբողջ ավտոկայանատեղի տարածքի համար: Վճարի չափը հաշվարկվում է ըստ տվյալ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղերի թվի և ավագանու կողմից սահմանված մեկ ավտոտրանսպորտային միջոցի դրույքաչափի:

2. Ավտոկայանատեղի ամբողջ տարածքի համար վճար վճարած ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից գանձելու վճար:

(13-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 Հոդված 14. Արտոնությունները

 

1. Իրենց պարտականություններն իրականացնելու ժամանակ ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնությունից օգտվում են ոստիկանության, արտակարգ իրավիճակների և շտապ օգնության ավտոտրանսպորտային միջոցները` առկայծող փարոսիկները կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները միացրած լինելու դեպքում:

(14-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 Հոդված 15. Ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը, հսկողության իրականացման կարգը և ձևերը

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը:

2. Ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն):

3. Ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը որոշում է տվյալ համայնքի ավագանին:

(15-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 Հոդված 16. Պատասխանատվությունը ավտոկայանատեղի վճարը չվճարելու համար

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

1. Ավտոկայանատեղի վճար չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

(16-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

Հոդված 16.1. Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները

 

1. Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 16.2-16.4-րդ հոդվածներով:

2. Անմիջականորեն իրականացվող հսկողության միջոցով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու համար վարչական պատասխանատվության միջոցի կիրառում նախատեսող վարչական ակտի հասցեատեր են համարվում ավտոտրանսպորտային միջոցը ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում` տվյալ ֆիզիկական անձը, իսկ եթե ավտոտրանսպորտային միջոցը իրավաբանական անձի, պետական (պետական մարմին, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպության սեփականություն է (պետական, համայնքային կազմակերպությունների մասով ամրակցված է), ապա այն անձը, որը իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնում խախտման կատարման պահին գրանցված է համապատասխանաբար տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար կամ աշխատակազմի ղեկավար (քարտուղար):

4. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու համար օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը որպես վարչական մարմին կիրառում են համայնքի ղեկավարը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

5. Եթե սույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները ուղղակիորեն չեն կարգավորվում սույն օրենքով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:

(16.1-ին հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

Հոդված 16.2. Ապացույցները և վարչական վարույթի փուլերը

 

 1. Սույն օրենքով ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներն են:

2. Վարչական վարույթը բաղկացած է ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

(16.2-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

Հոդված 16.3. Ավտոկայանատեղի վճար չվճարելու փաստի պարզումը

 

 1. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստի պարզումը վարչական մարմնի կողմից ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութի համադրումն է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ կայանման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:

2. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը համարվում է պարզված, եթե Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ համադրելուց պարզ է դառնում, որ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա դրությամբ չի վճարվել սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

4. Եթե սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը արձանագրվել է իրավաբանական անձի, պետական կամ համայնքային կազմակերպության սեփականություն հանդիսացող (պետական, համայնքային կազմակերպությունների մասով ամրակցված) ավտոտրանսպորտային միջոցի մասով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը պարզելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնից պարզում է խախտման կատարման պահին տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար (աշխատակազմի ղեկավար, քարտուղար) հանդիսանալու փաստը:

(16.3-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

Հոդված 16.4. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները

 

1. Վարչական վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու փաստը պարզելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ վարչական ակտի հասցեատիրոջը պարզելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

2. Վարչական ակտն ընդունելուց հետո այն երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

(16.4-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

Հոդված 16.5. Վարչական ակտի առանձնահատկությունները

 

1. Վարչական ակտը ներառում է`

1) իրավախախտման տեղը, ժամը.

2) գանձապետական հաշվեհամարը` նշանակված տուգանքը վճարելու համար.

3) լուսանկարը.

4) օրենքով սահմանված այլ տվյալներ:

2. Վարչական ակտի ձևը և նմուշը սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի որոշմամբ:

(16.5-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

Հոդված 16.6. Իրավախախտումների վերաբերյալ փաստական տվյալների փոխանցումը համայնքների և պետական մարմինների միջև

 

1. Ավտոկայանատեղի վճարի վճարման, ավտոկայանատեղում կայանման նկատմամբ անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով արձանագրված տվյալները (լուսանկար, տեսանյութ և այլն) կարող են փոխանցվել պետական (վարչական) այլ մարմիններ՝ վերջիններիս կողմից օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում:

2. Համայնքները սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական (վարչական) մարմիններին կարող են տրամադրել նաև հասանելիություն ավտոկայանատեղի վճարի վճարման, ավտոկայանատեղում կայանման նկատմամբ էլեկտրոնային համակարգերին և տեխնիկական միջոցներին (լուսանկարող, տեսանկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն)` այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջների խախտումների համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:

(16.6-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

 Հոդված 17. Ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը

 

1. Եթե ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան վճարի վճարման ավտոկայանատեղում կայանել է քառասունութ ժամից ավելի, ապա ավտոկայանատեղի կազմակերպիչն իրավունք ունի տվյալ ավտոտրանսպորտային միջոցն իր ուժերով տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը կամ այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը, չի ստանձնում պարտավորություն վճարելու տեղական վճարն ու վճարը չվճարելու համար օրենքով նախատեսված տուգանքը: Ընդ որում` կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ավտոտրանսպորտային միջոցն անվնաս տեղափոխելու համար:

1.1. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և ենթակա է հատուկ տարածք տեղափոխման:

2. Ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ, և այդ մասին անմիջապես պատշաճ ձևով տեղեկացվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:

3. Կազմակերպիչը կազմում է ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արձանագրության կրկնօրինակն ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը:

4. Ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում այն տեղավորելու պահից:

5. Հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է վճար`

1) յուրաքանչյուր ժամի համար` մինչև տվյալ ավտոկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատիկը ներառյալ.

2) յուրաքանչյուր օրվա համար` մինչև տվյալ ավտոկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատիկը ներառյալ:

6. Հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը, նրա լիազորած անձին կամ այն անձին, ում կցված է այն, հանձնվում է հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:

7. Հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցները հաշվառվում են: Հաշվառման կարգը սահմանում է համայնքի ավագանին:

(17-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-38-Ն)

 

 Հոդված 18. Ավտոկայանատեղի վճարի ավել մուծված գումարները վերադարձնելը

(վերնագիրը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

Ավտոկայանատեղի վճարի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման ավտոկայանատեղի վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը հանձնելուն հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում:

(18-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

 Հոդված 19. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

3. 2011 թվականի համար ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը համայնքի ավագանու կողմից կարող են սահմանվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

(19-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-236-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հուլիսի 12
Երևան
ՀՕ-221-Ն