ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«խաղադրույք (մասնակցության վճար)` դրամական միջոցներ, որոնք խաղացողի հատուկ խաղային հաշվից օգտագործվում են կամ փոխանցվում են կազմակերպչին և ծառայում են որպես ինտերնետ շահումով խաղերի մասնակցելու պայման՝ կազմակերպչի սահմանած կանոններին համապատասխան.
խաղադրույք ընդունելու իրավունք` իրավունք, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի տված համապատասխան լիցենզիայի հիման վրա, իսկ ինտերնետ շահումով խաղերի գործունեության դեպքում՝ նաև խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա:
2. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է1» կետով.
«է1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում վճարում է խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը ««է»» բառից հետո լրացնել «կամ «է1»» բառերով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-574-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական: