ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը տարածվում է այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր (այսուհետ` հաշվետվություն) և հարկային մարմնում առկա փաստաթղթերի համաձայն չունեն գույք ու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չեն վերագրանցվել, չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ:
Հոդված 2. | Հարկ վճարողների լուծարման (պետական հաշվառումից հանելու) կարգը |
1. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված հարկ վճարողների ցանկը և հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը հարկային մարմինը մինչև 2011 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` պետական ռեգիստր): Հարկային մարմինը սույն մասով սահմանված ժամկետում պետական ռեգիստր է ներկայացնում նաև հարկային մարմնում հաշվառված այն կազմակերպությունների ցանկը, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը պետք է պարունակեն կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը և ազգանունը), հարկային մարմնին հայտնի կամ պետական ռեգիստրում նշված` կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության հասցեն), հարկ վճարողի հաշվառման համարը:
3. Պետական ռեգիստրը հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը ստանալուց հետո` մինչև 2012 թվականի մայիսի 1-ը, դրանք տեղադրում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև իր պաշտոնական` http://www.e-register.am ինտերնետային կայքում:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, դրանում ընդգրկված հարկ վճարողների պատասխանատու պաշտոնատար անձինք (տնօրեն, կառավարիչ և այլն) պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի մասին: Սույն մասով սահմանված ժամկետում պարտավորությունների և գույքի վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում համարվում է, որ տվյալ հարկ վճարողը պարտավորություն և գույք չունի, իսկ կազմակերպության գործունեության դադարեցումից կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո նրանց անվամբ հայտնաբերված գույքի հետ կապված խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն մասով սահմանված ժամկետում հարկ վճարողները կարող են պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողին հանում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերից: Սույն մասով սահմանված ժամկետում տվյալ հարկ վճարողները, ինչպես նաև նրանց պարտատերերը կամ այլ պետական կառավարման մարմինները կարող են պետական ռեգիստր ներկայացնել առարկություններ: Սույն մասով սահմանված ժամկետում տեղեկանքի կամ առարկության բացակայության դեպքում պետական ռեգիստրը երեք ամսվա ընթացքում գրանցում է կազմակերպության գործունեության դադարեցում կամ հանում է անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից:
5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակված ցանկերում ընդգրկված հարկ վճարողների պարտատերերից ստացվում է առարկություն, ապա պետական ռեգիստրը պարտավոր է օրենքով սահմանված կարգով մեկամսյա ժամկետում հայց ներկայացնել դատարան տվյալ կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու վերաբերյալ:
(2-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-328-Ն)
Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու կամ կազմակերպությունների լուծարման դեպքում մեկ ամսվա ընթացքում պետական ռեգիստրը տեղեկատվություն է տրամադրում հարկային մարմնին` հարկ վճարողին հարկային հաշվառումից հանելու նպատակով:
Հոդված 4. Սույն օրենքով սահմանված կարգով և հիմքով լուծարման ենթակա կազմակերպությունների և պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հարկային հաշվետվություն չներկայացնելու համար վարչական վարույթ չի հարուցվում, իսկ հարուցված վարչական վարույթները ենթակա են կարճման:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունիսի 16 Երևան ՀՕ-186-Ն |