ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 1992 թվականի N 329
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 2-ի N 168 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության աշխատանքներում բացահայտվել են լուրջ թերություններ: Բավարար մակարդակով չի ապահովվում թռիչքների անվտանգությունը և անհրաժեշտ կարգապահությունը, խոչընդոտներ են ծագում քաղաքացիական ավիացիայի այլընտրանքային ավիաձեռնարկությունների ստեղծման և շուկայական հարաբերությունների զարգացման բնագավառում:
Նման վիճակը հետևանք է նաև քաղաքացիական ավիացիայի գործունեությունը կարգավորող իրավական բազայի բացակայության, հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական շրջափակումների, ինչպես նաև վառելիքային ճգնաժամի:
Լուրջ վերակառուցման կարիք ունի հանրապետության քաղաքացիական ավիացիայի գործող կառուցվածքը:
Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում ստեղծված իրավիճակը կարգավորելու և նրա հետագա զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բարեփոխումների ու նրա կառուցվածքի կատարելագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության կողմից ներկայացված հայեցակարգին (կոնցեպցիային):
Նշված հայեցակարգի իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` 1992 թվականի հուլիսի 10-ին շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանրապետության քաղաքացիական ավիացիայի նոր կառուցվածքի, օդանավի հրամանատարի և անձնակազմի կարգավիճակի վերաբերյալ իրավական ակտերի փաթեթը և նրա կանոնադրությունը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչությանը` միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 2-ի N 168 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկանքում նշված ֆինանսատնտեսական գործունեության, ուղևորների փոխադրման աշխատանքների կազմակերպման, ավիատոմսերի վաճառքի, բեռնափոխադրումների կազմակերպման, ռազմականացված պահպանության ծառայության գործունեության, թռիչքների անվտանգության ապահովման և այլ հարցերի վերաբերյալ թերություններն ու բացթողումները վերացնելու համար ու 20-օրյա ժամկետում արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության ուշադրությունը հրավիրել ինքնաթիռային պարկի համալրման և սարքինության, արտասահմանյան չվերթների կազմակերպման, ինչպես նաև կանխիկ գումարների գանձումը կարգավորելու հարցերի վրա:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչությանը` մինչև նոր կառուցվածքի անցնելը, ապահովել թռիչքների անվտանգությունը` գործող կանոններին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մինչև 1992 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տրանսպորտային օրենսդրության կատարելագործման, մասնավորապես, օդային տրանսպորտում իրավախախտումների համար քաղաքացիների և պաշտոնատար անձանց պատասխանատվության բարձրացման մասին:
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության առանձին կատեգորիայի աշխատողների երկարամյա ծառայության համար աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության տեսակների ցանկում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության անդամակցությունը ԱՊՀ-ի միջպետական ավիացիայի կոմիտեին և մինչև 1992 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչությանը` մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավական ակտերի ընդունումը, ղեկավարվել Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի անձնակազմի և հրամանատարի կարգավիճակի մասին նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ:
9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` հաստատել այն անձանց ցուցակը, ովքեր կարող են օգտվել պաշտոնական պատվիրակությունների ընդունման դահլիճի ծառայություններից:
10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ուժեղացնել մաքսային ծառայությունների գործունեությունը հանրապետության օդանավակայաններում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Հավելված ՀՀ կառավարության 1992 թվականի հունիսի 3-ի N 329 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ
Մ. Շիշմանյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (ղեկավար) | |
Գ. Մարգարյան | - Հայաստանի տրանսպորտային ներքին գործերի վարչության պետ | |
Ս. Հակոբյան | - ՀՀ ֆինանսների նախարարության բաժնի պետ | |
Վ. Նազարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետ | |
Հ. Միրիջանյան | - օդանավի հրամանատար | |
Ա. Պետրոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ | |
Ա. Հարությունյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետի օգնական | |
Վ. Պողոսյան | - երկրորդ օդաչու |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |