Գլխավոր տեղեկություն
Համար
N 1726-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 31.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1726-Լ

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-933-02.10.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է երեխայի ծննդյան ակտային գրանցումից և ծննդյան վկայականից հանել ազգության մասին նշում կատարելու պահանջը, փոխարենն ազգության մասին նշում կատարելը պարտադիր դարձնել անձնագրում և նույնականացման քարտում, ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքում լրացնել ազգային փոքրամասնությունների հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելուն առնչվող կարգավորումներ:

Համաձայն հիմնավորման՝ նորածին երեխայի մոտ իսպառ բացակայում է ազգության վերաբերյալ գիտակցումը, ուստիև ազգության մասին իր ծննդյան վկայականում նշում կատարելը հակասում է միջազգային իրավունքի դրույթներին, ինչպես նաև խնդիրներ է առաջացնում առաջին դասարանը համալրելիս այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը հայ չէ, սակայն երեխայի ծննդյան վկայականում ազգությամբ հայ լինելու մասին նշում կատարված լինելու պարագայում վերջինս, միևնույն է, պետք է հաճախի հայերեն ուսուցմամբ դասարան:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ անձը կարող է անձնագիր ստանալ անկախ տարիքից, հետևաբար՝ նաև մինչև 16 տարին լրանալը նրա մոտ ազգության վերաբերյալ գիտակցումը կարող է դեռևս ձևավորված չլինել, ուստի, քանի որ նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ, որպես հիմնական խնդիր ներկայացված է այն, որ ծննդյան վկայականում և ծննդյան գրանցման ակտում ազգության նշումն իրականացվում է երեխայի մոտ ազգության գիտակցման բացակայության պայմաններում, հայտնում ենք, որ նախագծերի փաթեթով առաջադրված խնդիրը չի լուծվում:

Ինչ վերաբերում է հիմնավորմամբ ներկայացված ուսումնական հաստատություն (դպրոց) ընդունելիս առաջացող խնդիրներին՝ հարկ ենք համարում մեջբերել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի 1-ին կետով հաստատված՝ դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի 7-րդ կետը, որով սահմանված է, որ օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրենք են ընտրում իրենց երեխայի ուսուցման լեզուն:

Նկատի ունենալով վերոնշյալ կարգավորումը՝ հայտնում ենք, որ նախագծերի փաթեթով ներկայացված հնարավոր հարցերը դուրս են օրենքի կարգավորման առարկայում թվարկված հարաբերությունների շրջանակից և առհասարակ չեն հանդիսանում օրենսդրական կարգավորման առարկա: Անհրաժեշտության պարագայում նման փոփոխությունները կարող են կատարվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններն առարկայազուրկ են, և առաջարկում ենք ներկայացված նախագծերի փաթեթը հանել շրջանառությունից: