Գլխավոր տեղեկություն
Համար
N 4045-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 24.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4045-Ա

«21» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Սերիկ Մելքումյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-119644-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:

Վարչարարության շրջանակներում 2024 թվականի հոկտեմբերի 9-ին հրավիրվել է լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել, է դիմումատու Սերիկ Մելքումյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանը /հիմք՝ թիվ LO124558945AM փոստային ծածկագրով առաքանի/, սակայն վերջինս լսումներին չի ներկայացել:

Ուսումնասիրելով Սերիկ Մելքումյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-119644-24 դիմումը, գնահատելով դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի 2023 թվականի հուլիսի 14-ի N 2074-Ա որոշմամբ Սերիկ Մելքումյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի կողմից Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2023 թվականի հունիսի 15-ի թիվ Դ-70822-23 և 2023 թվականի հունիսի 19-ի թիվ Դ-72306-23 դիմումները մերժվել են:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի 2023 թվականի հուլիսի 14-ի N 2074-Ա որոշումը մտել է ուժի մեջ և վարչական կամ դատական կարգով վերացված չէ:

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Սերիկ Մելքումյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանը 2024 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-119644-24 դիմումով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/11074/05/19 վարչական գործով 2021 թվականի հունիսի 21-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, ինչպես նաև Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2023 թվական նոյեմբերի 1-ին տրված թիվ ԱՊ 08/23ՇԱ-097 եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-րդ, 96-րդ, 97-րդ և 100-րդ հոդվածների դրույթներով, խնդրել է հատուցել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով Սերիկ Մելքումյանին հասցված ընդհանուր՝ 4,377,000 (չորս միլիոն երեք հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամի գույքային վնասը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/11074/05/19 վարչական գործով 2021 թվականի հունիսի 21-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով /այսուհետ՝ Վճիռ/ Սերիկ Մելքումյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարվել է, այն է՝ ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 11-ին Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի թիվ 188 հասցեի հարևանությամբ Սերիկ Մելքումյանի կողմից կառուցված շինության քանդման գործողությունները:

Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2023 թվական նոյեմբերի 1-ին տրված թիվ ԱՊ 08/23ՇԱ-097 եզրակացության (այսուհետ՝ Եզրակացություն) 5-րդ էջի 1-ին պարբերությամբ նշված է, որ փորձագետները հեռախոսազանգերով՝ նախապես կողմերի ծանուցման օրվա, ժամի, տեղի վերաբերյալ պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի սեպտեմբերի 9-ին ժամը 13:00-ի սահմաններում իրականացրել են այցելություն ք.Երևան, Ավան 7-րդ փողոց, թիվ 188 տուն հասցե, որտեղ կատարվել է այդ հասցեում գտնվող՝ փորձաքննության ներկայացված հետազոտվող գույքի արտաքինից՝ օրգանոլեպտիկ եղանակով, տեղատեսություն, որի հետազոտության կատարմանը ներգրավված են եղել և մասնակցել են Սերիկ Մելքումյանը և նրա ընտանիքի այլ անդամներ, ովքեր մատնացույց են արել հետազոտվող անշարժ գույքը և տվել են բանավոր մեկնաբանություններ և պարզաբանումներ դրա կառուցման ժամանակահատվածի, դրանում օգտագործված շինանյութերի, ինչպես նաև քանդման գործողությունների վերաբերյալ:

Եզրակացության 5-րդ էջի 5-րդ պարբերությամբ փորձագետները նշել են, որ տեղազննությամբ և փորձաքննությանը տրամադրված նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, առանց նախապես ծանուցման և առանց որևէ իրավական հիմքեր ներկայացնելու, իրականացվել է Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի թիվ 188 հասցեին կից, բացառապես Սերիկ Մելքումյանի միջոցների հաշվին կառուցված կցակառույց շինության քանդման գործողություններ՝ կառուցապատողին պատճառելով գույքային վնաս:

Եզրակացության «Հետևություններ» բաժնում, պատասխանելով երկրորդ հարցին, փորձագետները նշել են հետևյալը. «ՀՀ, ք. Երևան, Ավան վարչական շրջան, 7-րդ փողոց, թիվ 188 հասցեում գտնվող բնակելի տանը կից կառուցված շինության վրա կատարված շինարարական աշխատանքների և օգտագործվող շինարարական նյութերի ընդհանուր ծախսերի շուկայական արժեքը, 2019 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ, կազմել է շուրջ 4376407.02 ՀՀ դրամ, ընդունվում է՝ 4377000 (չորս միլիոն երեք հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամ՝ հաշի առնելով վերադիր ծախսերը, շահույթը և ԱԱՀ-ն:»:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Իրավահարաբերության ծագման պահին (ինքնակամ կառույցի իրականացում) գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը: Ինքնակամ կառույցի նկատմամբ հողամասի սեփականատիրոջ սեփականության իրավունքի ճանաչումը հիմք չէ ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու, ինչպես նաև արգելք չէ սույն հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նշված հայցի բավարարման համար:

Օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:

Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

Քննարկվող պարագայում Սերիկ Մելքումյանի կողմից շինությունը կառուցված է եղել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական փաստաթղթերի՝ ինքնակամ, որպիսին, իրավահարաբերության ծագման պահին գործող՝ Օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված նորմերի կիրառմամբ, կարող էր ճանաչվել բացառապես Երևան համայնքի սեփականությունը:

Վճռով հայցի բավարարման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի թիվ 188 հասցեի հարևանությամբ Սերիկ Մելքումյանի կողմից կառուցված շինության քանդման գործողություններն իրականացվել են առանց համայնքի ղեկավարի կողմից կայացված՝ քանդման որոշման, սակայն Վճռով չի հաստատվել Սերիկ Մելքումյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունն Օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներից ելնելով օրինական ճանաչման ենթակա լինելու հանգամանքը: Առկա պայմաններում Սերիկ Մելքումյանի մոտ ծագած չի եղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումից բխող՝ գնման նախապատվության իրավունքը, քանի որ Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի թիվ 188 հասցեի տանը կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինությունն օրինական ճանաչված չի եղել, հետևաբար նշված իրավակարգավորումների համատեքստում՝ Վճռով ոչ իրավաչափ ճանաչված՝ Երևանի քաղաքապետարանի գործողությունն Օրենսգրքի 17-րդ հոդվածի իմաստով Սերիկ Մելքումյանի համար չի հանգեցրել վնասի, որպիսին ենթակա կլիներ հատուցման:

Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման համաձայն՝ օրենսդիրը որպես վնաս դիտարկում է գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), հետևաբար Սերիկ Մելքումյանի պահանջի քննության շրջանակներում ենթակա է պարզման այն հարցը, թե Սերիկ Մելքումյանը ի՞նչ գույք կամ գույքային իրավունք է ունեցել, որը կորսվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում և ի՞նչ փաստաթղթով է ապացուցվում այդ գույքի կամ գույքային իրավունքի առկայությունը, օրինականությունն ու պատկանելիությունը:

Նկատի ունենալով, որ դիմումատուի կողմից, որպես կորսված գույք, ներկայացվել է առանց քաղաքաշինական փաստաթղթերի, այն է՝ ինքնակամ կառուցված շինությունը, ապա առկա են բավարար հիմքեր փաստելու, որ այն չի համապատասխանել անշարժ գույքի պատկանելության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող՝ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, հետևաբար դրա քանդման արդյունքում, Սերիկ Մելքումյանը գույքի կորուստ կամ վնասվածք (իրական վնաս) չի ունեցել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի իրավակարգավորումներից ելնելով՝ թիվ Դ-119644-24 դիմումում նշված փաստերի, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի՝ դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչված գործողության հետևանքով Սերիկ Մելքումյանի համար վնաս առաջանալու, նշված գործողության և վնասի միջև պատճառահետևանքային կապի, վնասի չափի վերաբերյալ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմումատուն:

Քննարկելով ենթադրյալ վնասը 4,377,000 (չորս միլիոն երեք հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամ կազմելու և այն փոխհատուցման ենթակա լինելու հարցը՝ կարելի է առանձնացնել պարզման ենթակա հետևյալ հանգամանքները.

1) արդյո՞ք Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/11074/05/19 վարչական գործով 2021 թվականի հունիսի 21-ի վճռով ոչ իրավաչափ ճանաչված գործողության արդյունքում Սերիկ Մելքումյանը կրել է Օրենսգրքի 17-րդ հոդվածի բնորոշմանը համապատասխանող վնաս,

2) ի՞նչ է իրենից ներկայացնում ենթադրյալ վնասը,

3) ինչո՞վ է հիմնավորվում ենթադրյալ վնասը 4,377,000 (չորս միլիոն երեք հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամ կազմելու հանգամանքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Քննարկվող պարագայում՝ իրականացված վարչարարությամբ ստացված ապացույցների ամբողջական, միմյանց հետ համադրելու եղանակով հետազոտությունը ցույց է տալիս, որ Սերիկ Մելքումյանի դիրքորոշումը հանգում է նրան, որ ենթադրյալ վնասն առաջացել է իր կողմից օրենքի խախտմամբ, ապօրինի կառուցված շինությունը հողամասի սեփականատիրոջ կողմից քանդելու արդյունքում, մինչդեռ գործելով օրենքի խախտմամբ, ավելին՝ կառուցապատումն իրականացնելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, Սերիկ Մելքումյանի մոտ չէր կարող առաջանալ ողջամիտ համոզմունք, որ իր կողմից ստեղծվում է օրինական գույք, որի նկատմամբ ձեռք է բերվելու սեփականության իրավունք, այսինքն՝ Սերիկ Մելքումյանը, թույլ տալով համայնքի՝ հողամասի սեփականության իրավունքի և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավանորմերի խախտումներ, գիտակցել է կամ կարող էր գիտակցել իր կողմից կատարվող ծախսերի կորստի ռիսկը, որպիսին վնաս կրելու, հետևաբար նաև վնասի փոխհատուցում ակնկալելու իրավական հետևանքի չի կարող հանգեցնել:

Այսպիսով կարելի է փաստել, որ քննարկվող իրավահարաբերություններում բացակայում է Վճռով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության և դիմումատուի կողմից նշված ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապն այն իմաստով, որ ապացուցված չէ ենթադրյալ վնասը այդ վարչարարության անխուսափելի և անմիջական, օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը լինելու հանգամանքը, ավելին՝ դիմումատուի կողմից որպես վնաս ներկայացված ծախսն առաջացել է դիմումատուի իրավախախտ գործունեության հետևանքով:

Ինչ առնչվում է դիմումատուի կողմից պահանջված ենթադրյալ վնասը 4,377,000 (չորս միլիոն երեք հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամ գումար կազմելու հանգամանքին, ապա այն անհրաժեշտ է գնահատման ենթարկել Եզրակացության հետ միասին, քանի որ նշված գումարը ձևավորվել է փորձագետների կողմից Եզրակացության մեջ նշված հետազոտության և հաշվարկների արդյունքում:

Եզրակացության 2-րդ աղյուսակով փորձագետները ներկայացրել և հաշվարկել են Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի թիվ 188 հասցեի տանը կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինության վրա կատարված շինարարական աշխատանքների և օգտագործվող շինարարական նյութերի ընդհանուր ծախսերի շուկայական արժեքը, որում ներառվել են ընդհանուր նյութածախսը, կիրառվել է այլ նյութեր հաշվի առնող գործակիցը, ներառվել են փաթեթավորման-պահեստավորման ծախսերը, տրանսպորտային ծախսերը, աշխատանքի արժեքը, չնախատեսված ծախսերը, վերադիր ծախսերը, շահույթը, ավելացված արժեքի հարկը:

Նշված հաշվարկը փորձագետների կողմից կատարվել է գործով շահագրգիռ անձ հանդիսացող դիմումատուի կողմից հայտնած բանավոր մեկնաբանությունների և պարզաբանումների հիման վրա, որպիսիք չէին կարող փորձագետների համար ապահովել հետազոտման առարկային առնչվող բավարար և հավաստի տվյալներ, ինչով պայմանավորված՝ Եզրակացությունը, որպես վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորման նպատակով ներկայացված ապացույց, գնահատվում է ոչ հավաստի և ոչ արժանահավատ:

Եզրակացությունն արժանահավատ չլինելու հանգամանքը պատճառաբանվում է նրանով, որ փորձագետները նշել են Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի թիվ 188 հասցեին կից ինքնակամ շինությունը բացառապես Սերիկ Մելքումյանի միջոցների հաշվին կառուցված լինելու հանգամանքը, ինչի վերաբերյալ ապացույցների Եզրակացության մեջ հղում կատարված չէ, բացի այդ՝ փորձագետները Սերիկ Մելքումյանին դիտել են որպես կառուցապատող, մինչդեռ վերջինս կառուցապատողի իրավական կարգավիճակ չի ունեցել:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված է «կառուցապատող» հասկացությունը, որի համաձայն՝ կառուցապատող է հանդիսանում քաղաքաշինական գործունեություն իրականացնող՝ անշարժ գույքի սեփականատեր կամ այն փոփոխելու իրավունք ունեցող անձը:

Փորձագետները Սերիկ Մելքումյանի կողմից ինքնակամ կառուցված շինության վրա կատարված շինարարական աշխատանքների և օգտագործվող շինարարական նյութերի ընդհանուր ծախսերի մեջ ներառել են նաև ինչ-որ աշխատանքի արժեք, վերադիր ծախսեր, շահույթ և ավելացված արժեքի հարկ, ինչն ակնհայտ կերպով առաջացնում է տարակուսանք այն իմաստով, թե ինչ աշխատանքի արժեքի (Սերիկ Մելքումյանի համար աշխատավարձ, թե շինարարության մեջ ներգրավված բանվորական ուժի համար կատարված ծախս) մասին է խոսքը, եթե Սերիկ Մելքումյանը հանդես է եկել որպես ինքնակամ կառույց իրականացրած անձ, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետի իմաստով կառուցապատող:

Փորձագետները Սերիկ Մելքումյանի կողմից ինքնակամ կառուցված շինության վրա կատարված ընդհանուր ծախսերի մեջ ներառել են ինչ-որ վերադիր և չնախատեսված ծախսեր, ինչն առավել անհասկանալի է, քանի որ քննարկվող իրավահարաբերություններում դիմումատուն, գործելով սեփական նախաձեռնությամբ, կամահայտնությամբ և հնարավոր բացասական հետևանքների հաշվառմամբ, չունենալով օրենքով սահմանված կարգով և իրավասու մարմնի կողմից տրված քաղաքաշինական փաստաթղթեր, այդ թվում՝ կառուցապատման նախահաշիվ, շինարարության վարման մատյան, ենթադրվում է, որ ձեռք է բերել ինչ-որ քանակի կամ ծավալի շինարարական նյութեր, սակայն ինքնակամ կառույցի իրականացման համար ծախսված շինարարական նյութի քանակի, ծավալի, առավել ևս վերադիր ծախսերի ու չնախատեսված ծախսերի մասին փաստող ապացույցների, որպիսիք կարող էին լինել շինարարության նախահաշիվը և շինարարության վարման մատյանը, փորձագետները չեն տիրապետել, ինչից հետևում է, որ հաշվարկված ծախսի մեջ ներառված աշխատանքի արժեքի, տրանսպորտային ծախսերի, փաթեթավորման-պահեստավորման ծասերի, չնախատեսված ու վերադիր ծախսերի արժեքները ձևավորվել են առանց հիմնավոր փաստաթղթերի և անհիմն են:

Ինչ վերաբերում է Սերիկ Մելքումյանի կողմից ինքնակամ կառուցված շինության վրա կատարված ընդհանուր ծախսերի մեջ շահույթի և ավելացված արժեքի հաշվարկներ ներառելուն, ապա այն ևս անհիմն է և արդարացիորեն հիմք է ստեղծում Եզրակացությունը ոչ արժանահավատ և ոչ հավաստի գնահատելու համար, քանի որ ինքնակամ կառույց իրականացրած անձը, իր կողմից օրենքի խախտմամբ կառուցված շինության նկատմամբ չունենալով որևէ, այդ թվում՝ օգտագործման կամ օրենքով սահմանված եղանակով տնօրինման այլ իրավունք, չէր կարող դրանից ենթադրաբար ստանալ շահույթ, առավել ևս՝ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով և չափով ավելացված արժեքի հարկի տեսքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել հարկ:

Ամփոփելով Եզրակացության գնահատման և հետազոտման արդյունքում պարզված հանգամանքները՝ կարելի է փաստել, որ

1) Եզրակացության համար անհրաժեշտ տեղեկատվությունն ու տվյալները տրամադրվել են Սերիկ Մելքումյանի կողմից, ինչը Եզրակացությունը զրկում է օբյեկտիվությունից, քանի որ վերջինս հանդիսանում է շահագրգիռ կողմ, իսկ փորձագետները չեն տիրապետել օբյեկտիվ իրականությունն արտացոլող այլ հավաստի ապացույցների կամ նյութերի, ավելին՝ Եզրակացության մեջ ինքնակամ կառուցված շինության վրա կատարված ընդհանուր ծախսերի մեջ ներառվել են այլ նյութերի, փաթեթավորման-պահեստավորման, տրանսպորտային, աշխատանքի արժեքի, չնախատեսված ու վերադիր ծախսերը, շահույթը, ավելացված արժեքի հարկը, որպիսիք զուրկ են իրավական և փաստական հիմքերից և որևէ աղերս չունեն ինքնակամ կառուցապատման հետևանքները վերացնելուն ուղղված վարչարարության հետ:

2) Եզրակացությունը կազմված է համեմատման և համադրման մեթոդների կիրառմամբ, սակայն առանց կառուցապատման նախագծի, շինարարության նախահաշվի, շինարարության վարման մատյանի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետազոտման, ինչով պայմանավորված՝ կատարված եզրահանգումները չեն կարող արտացոլել օբյեկտիվ իրականությունը, հետևաբար Եզրակացությունը չի կարող դիտվել հավաստի և արժանահավատ:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2023 թվական նոյեմբերի 1-ին տրված թիվ ԱՊ 08/23 ՇԱ-097 եզրակացությամբ չի հիմնավորվել ներկայացված պահանջի իրավաչափությունը, չի ապացուցվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/11074/05/19 վարչական գործով 2021 թվականի հունիսի 21-ի վճռով ոչ իրավաչափ ճանաչված գործողության և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, չի ապացուցվել, որ ենթադրյալ վնասը հանդիսանում է այդ գործողության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի, 135-րդ հոդվածի, վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 188-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթներով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Սերիկ Մելքումյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի կողմից Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ վնասի հատուցում ստանալու վերաբերյալ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-119644-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

Տ. Ավինյան