Գլխավոր տեղեկություն
Համար
N 1404-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2023-31.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2023 թվականի N 1404-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔԻ ՆԵՐԴՐՄԱՄԲ «ՌԻՓԱԲԼԻՔ ՊԼԱԶԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացի կարգը հաստատելու մասին» N 474-Ն որոշման 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` քաղաք Երևան, Կենտրոն, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող վարչական շենքի 331,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից՝ 4-րդ հարկից 74 քառ. մետր և 5-րդ հարկից 257,9 քառ. մետր) և 5-րդ հարկից 146,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, 1-ին հարկից 320,9 քառ. մետր մակերեսով տարածքը՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից, 3-րդ հարկից 790,8 քառ. մետր մակերեսով տարածքը՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։

2. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Կենտրոն, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող վարչական շենքի նկուղային հարկից 226,3 քառ. մետր մակերեսով տարածքը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, 5-րդ հարկից 167,3 քառ. մետր մակերեսով տարածքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել և թողնել կոմիտեի տնօրինությանը։

3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ժամկետում՝

1) ներկայացնել առաջարկություններ որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված մարմիններին այլ տարածքներով ապահովելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները։

4. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ժամկետում լուծել քաղաք Երևան, Կենտրոն, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող վարչական շենքից անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած տարածքների պայմանագրերը՝ լուծման հետ կապված ծախսերն իրականացնելով օգտագործողների միջոցների հաշվին և ապահովել հանձնման-ընդունման աշխատանքները:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց 6-ամսյա ժամկետում հիմնադրման միջոցով ստեղծել «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն):

6. Ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող 7809,9 քառ. մետր վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր oգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 78099/81153 բաժնային սեփականության իրավունք)։

7. Սահմանել, որ ընկերությունը պարտավոր է պահպանել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (վարչական շենք. Արհմիությունների տուն և կապի նախարարություն (պետական ցուցիչ 1.6.96.3)՝ քաղաք Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնին ներկայացնել հուշարձանի պահպանական պարտավորագիր։

8. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 16,913,200.0 հազ. դրամ, որը բաժանվում է 1691320 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 10.0 հազ. դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

9. Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել կոմիտեին:

10. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «դ», «ե», «զ» և «է» կետերի լիազորությունները վերապահել կոմիտեին:

11. Սահմանել, որ ընկերության պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

12. Կոմիտեի նախագահին՝

1) ընկերության պետական գրանցումից հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ ընկերությունը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի ցանկում ընդգրկելու վերաբերյալ.

2) ընկերության կառավարումն ապահովելու նպատակով՝ սահմանված կարգով ստեղծել տնօրենների խորհուրդ՝ կազմում ընդգրկելով ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմնից 1 անդամ, կոմիտեից 1 անդամ, տվյալ ոլորտի մասնավոր հատվածը ներկայացնող ընկերության (կազմակերպության) 1 անդամ (ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջարկությամբ) և ակադեմիական (գիտական) որևէ հաստատության 1 անդամ։

13. Սահմանել, որ ընկերության գործադիր մարմնի ստեղծումից հետո մեկ տարվա ընթացքում գործադիր մարմնի ղեկավարը պարտավոր է խորհրդի հաստատմանը ներկայացնել ընկերության գործունեության եռամյա ծրագիր, որն ուղղված կլինի ընկերության գույքի կառավարման արդյունավետության և գրավչության բարձրացմանը։

14. Սահմանել, որ կոմիտեի նախագահը ընկերության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ