Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.02.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2017 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը:

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի հուլիսի 19-ի «Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 112 որոշման 2-րդ կետը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 7-ի թիվ 19 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ ՝ Հանձնաժողով) կոլեգիային կից ստեղծվում է Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե)՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) 1-ին հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան:

Կոմիտեն Հանձնաժողովի խորհրդատվական մարմին է՝ արդյունաբերական քաղաքականության և արդյունաբերական համագործակցության հարցերով՝ ներառյալ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման և Միության մասին պայմանագրի XXIV բաժնին համապատասխան արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման կանոնների՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից կիրառման հետ կապված հարցերը։

2. Կոմիտեն, իր գործունեությունն իրականացնելիս, առաջնորդվում է Միության մասին պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։

 

II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները

 

3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

ա) արդյունաբերական քաղաքականության և արդյունաբերական համագործակցության հետ կապված հարցերի շուրջ առաջարկությունների նախապատրաստում Հանձնաժողովի համար.

բ) խորհրդակցությունների անցկացում անդամ պետությունների ներկայացուցիչների հետ՝ արդյունաբերական քաղաքականության և արդյունաբերական համագործակցության հետ կապված հարցերի շուրջ.

գ) Հանձնաժողովի համար առաջարկների մշակում՝ Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության կատարելագործման հետ կապված հարցերի շուրջ՝ ներառյալ արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման հետ կապված հարցերը։

4. Իրեն վերապահված խնդիրների իրագործման համար Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) Հանձնաժողովի համար նախապատրաստում է առաջարկներ ու առաջարկություններ հետևյալ հարցերի շուրջ՝

Միության մասին պայմանագրի XXIV բաժնի, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի 27-րդ հավելված) և «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (Միության մասին պայմանագրի 28-րդ հավելված) դրույթների իրագործում և մոնիթորինգի անցկացում անդամ պետությունների կողմից դրանց պահպանման նկատմամբ,

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործում,

առաջնահերթությունների սահմանում և Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համակարգում,

Համաշխարհային առևտրային կազմակերպության և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության պահանջները բավարարող՝ արդյունաբերական համագործակցության արդյունավետ մեխանիզմների ու գործիքների ձևավորում,

արդյունաբերական քաղաքականության և արդյունաբերական համագործակցության ոլորտում Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Միության մարմինների ակտերի նախագծերի մշակում,

գիտատեխնիկական համագործակցության զարգացում՝ արդյունաբերության մրցունակությունը բարձրացնելու, դրա նորարարական ու փորձագիտական ներուժն ավելացնելու նպատակով,

անդամ պետությունների արտադրատեխնիկական կոոպերացիայի և արտադրական ինտեգրման շուկայական ձևերի զարգացում,

արդյունաբերական քաղաքականության ոլորտում խոչընդոտների վերացում՝ Միության շրջանակներում արդյունաբերական արտադրանքի շուկայում ապրանքների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով,

անդամ պետությունների կողմից որոշված՝ արդյունաբերական համագործակցության առաջնահերթ ուղղությունների զարգացման համար պայմանների ստեղծում.

բ) իր իրավասության շրջանակներում ուսումնասիրում է արդյունաբերական քաղաքականության և արդյունաբերական համագործակցության ոլորտին առնչվող այլ հարցեր.

գ) որոշում է ընդունում աշխատանքային (փորձագիտական) խմբեր ստեղծելու կամ դրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

 

III. Կոմիտեի կազմը

 

5. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից) ու լիազորված ներկայացուցիչներից։

Կոմիտեի կազմը ձևավորելու համար Հանձնաժողովը դիմում է անդամ պետություններին՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու խնդրանքով:

6. Անդամ պետությունների առաջարկով Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:

7. Անդամ պետությունները Հանձնաժողովին ժամանակին տեղեկացնում են Կոմիտեում անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում առաջարկներ՝ դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

8. Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

9. Կոմիտեի նիստերին նախագահում է և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հետ կապված հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ)։

10. Կոմիտեի նախագահը՝

ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեին վերապահված խնդիրների կատարման աշխատանքները.

բ) հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը՝ Կոմիտեի անդամների հետ համաձայնեցմամբ.

գ) վարում է Կոմիտեի նիստերը.

դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.

ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին Կոմիտեի կողմից մշակված առաջարկությունների մասին.

զ) հաստատում է աշխատանքային (փորձագիտական) խմբերի դրույթները՝ Կոմիտեի անդամների հետ համաձայնեցմամբ.

է) նշանակում է Կոմիտեի նախագահի տեղակալին.

ը) իրականացնում է այլ գործառույթներ Կոմիտեի իրավասության շրջանակներում:

11. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում Հանձնաժողովի այն դեպարտամենտի ղեկավարը, որի իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:

12. Ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդի կամ գործուղման պատճառով Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում Կոմիտեի նախագահի տեղակալը կատարում է Կոմիտեի նախագահի՝ սույն հիմնադրույթի 10-րդ կետով նախատեսված գործառույթները:

13. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Հանձնաժողովի այն դեպարտամենտի պաշտոնատար անձանցից, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:

14. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝

ա) Կոմիտեի նախագահի և Կոմիտեի անդամների առաջարկների հիման վրա նախապատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը, և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.

բ) հսկողություն է իրականացնում օրակարգի նախագծին և Կոմիտեի նիստին առնչվող նյութերի նախապատրաստման ու ներկայացման նկատմամբ.

գ) նախապատրաստում և Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրան կցվող նյութերը՝ այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով.

դ) տեղեկացնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին.

ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը, և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի հաստատմանը.

զ) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և դրանց ուղարկումը Կոմիտեի անդամներին.

է) իրականացնում է հսկողություն Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ։

15. Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել պահանջվող որակավորումն ունեցող անկախ փորձագետներ և Հանձնաժողովի այն աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը:

Անդամ պետությունների հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել գործադիր իշխանության մարմինների, գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների այն ներկայացուցիչները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը:

16. Կոմիտեին առընթեր կարող են ստեղծվել աշխատանքային (փորձագիտական) խմբեր՝ Կոմիտեի գործունեության ուղղությունների հետ կապված հարցերի կարգավորման համար:

Աշխատանքային (փորձագիտական) խմբերի կազմերը ձևավորվում են անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների այն լիազորված ներկայացուցիչներից, որոնց իրավասությանն են վերապահված արդյունաբերական քաղաքականության և արդյունաբերական համագործակցության հետ կապված հարցերը։

 

IV. Կոմիտեի աշխատակարգը

 

17. Կոմիտեի նիստերն անցկացվում են եռամսյակը մեկ անգամ։

Կոմիտեի արտահերթ նիստերը կարող են անցկացվել Կոմիտեի անդամի կամ Կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ։

Կոմիտեի արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Կոմիտեի բոլոր անդամների հետ համաձայնեցմամբ։

18. Հերթական նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը որոշվում են Կոմիտեի նախագահի կողմից՝ Կոմիտեի անդամների առաջարկների հիման վրա, և նշվում են արձանագրության մեջ։

19. Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկները Կոմիտեի անդամների կողմից ուղարկվում են Կոմիտեի նախագահին ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 35 օրացուցային օր առաջ:

Կոմիտեի նիստի օրակարգում ներառելու համար հարցեր առաջարկած Կոմիտեի անդամներն ապահովում են համապատասխան տեղեկատվության և նյութերի ներկայացումը Կոմիտեի պատասխանատու քարտուղարին։

Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը համաձայնեցվում է Կոմիտեի անդամների հետ:

20. Կոմիտեի նախագահն իրավունք ունի անդամ պետությունների լիազորված մարմիններից և Կոմիտեի անդամներից սահմանված կարգով պահանջելու Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերին վերաբերող նյութեր և տեղեկություններ:

21. Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են՝

ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.

բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).

գ) արձանագրային որոշումների նախագծեր.

դ) Հանձնաժողովի համար առաջարկությունների նախագծեր.

ե) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։

22. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրան կցվող նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 15 աշխատանքային օր առաջ:

23. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի տարածքներում:

Կոմիտեի նիստը կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների առաջարկների հիման վրա Կոմիտեի նախագահի կողմից ընդունված որոշմամբ։ Այդ դեպքում ընդունող անդամ պետությունը աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:

Կոմիտեի նախագահի որոշմամբ՝ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:

24. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ։

Նիստին Կոմիտեի անդամի ներկայության անհնարինության դեպքում նա իրավունք ունի Կոմիտեի նախագահին նախօրոք գրավոր ներկայացնելու քննարկվող հարցերի շուրջ իր դիրքորոշումը, որը կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը, և ուղարկելու տեղեկատվություն Կոմիտեի նիստին իր կողմից լիազորված ներկայացուցչի մասնակցության մասին։

25. Կոմիտեի անդամները կարող են առաջարկել Կոմիտեի քննարկումից հանել հարցը, եթե, նրանց կարծիքով, տվյալ հարցը լրացուցիչ մշակում է պահանջում :

26. Կոմիտեի նիստին հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն օժտված են հավասար իրավունքներով։

27. Կոմիտեի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) և հանձնարարական բնույթ են կրում։

28. Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որի մեջ նշվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները:

Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը քննարկվող հարցի վերաբերյալ հատուկ կարծիք ունի, այն գրավոր շարադրվում և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը: Կոմիտեի նիստի արձանագրությանը կարող են կցվել նաև ուսումնասիրվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկները, տեղեկատվական և վերլուծական նյութերն ու համապատասխան հիմնավորումները:

Կոմիտեի նիստի արձանագրության նախագիծը համաձայնեցվում է Կոմիտեի նիստին մասնակցած Կոմիտեի անդամների հետ՝ Կոմիտեի նիստի օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Կոմիտեի նիստի համաձայնեցված արձանագրությունն ստորագրվում է Կոմիտեի պատասխանատու քարտուղարի կողմից և հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից Կոմիտեի նիստերի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի արձանագրությունն ուղարկում է Կոմիտեի բոլոր անդամներին Կոմիտեի նախագահի կողմից այն հաստատվելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքն ուղարկվում են Կոմիտեի նիստին մասնակցած՝ հրավիրված անձանց:

Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարի մոտ:

29. Կոմիտեի նիստերին անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:

Կոմիտեի նիստերին գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք իրենք են կրում:

30. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովը:

31. Կոմիտեի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է Հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշումը:

Աշխատանքային (փորձագիտական) խմբի գործունեության դադարեցման համար հիմք է Կոմիտեի համապատասխան որոշումը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: