ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ԵԿԴ/0065/01/08 |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ՝ |
Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ |
2020 թվականի հոկտեմբերի 28-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարտգեզ Լիվանի Գասպարիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի մարտի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի՝ հիմնարար խախտման հիմքով և Վարտգեզ Լիվանի Գասպարիի ներկայացուցիչ` փաստաբան Մ.Շուշանյանի` նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Նախաքննության մարմնի` 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ, թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին:
Նույն օրը Վարտգեզ Լիվանի Գասպարին ձերբակալվել է:
2008 թվականի մարտի 5-ին Վ.Գասպարին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ Վ.Գասպարիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 31-ի որոշմամբ թիվ 62202608 քրեական գործից անջատվել են Վ.Գասպարիի վերաբերյալ գործի նյութերը և կազմվել է թիվ 62205108 քրեական գործը:
2008 թվականի ապրիլի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 10-ի դատավճռով Վ.Գասպարին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Վ.Գասպարիի պաշտպան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2009 թվականի մարտի 30-ի որոշմամբ բողոքը մերժել է: Նույն որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 10-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել է և Վ.Գասպարիին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` դատապարտելով ազատազրկման` 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով:
4. Վերոնշյալ որոշման դեմ Վ.Գասպարիի և նրա պաշտպաններ` Ա.Զաքարյանի և Մ.Շուշանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հունիսի 5-ի որոշմամբ վերադարձվել է:
5. 2020 թվականի մարտի 20-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
6. Վ.Գասպարիի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով 2020 թվականի մարտի 26-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Վ.Գասպարիի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքի խախտման փաստը։
7. 2020 թվականի օգոստոսի 5-ին Վ.Գասպարիի ներկայացուցիչ` փաստաբան Մ.Շուշանյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ։
Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8. Նախաքննության մարմնի կողմից Վարտգեզ Գասպարիին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ «(…) [Ն]ա, մասնակցելով ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից 2008 թվականի փետրվարի 20-ից կազմակերպված և իրականացված` մայրաքաղաքի կենսագործունեությունը, երթևեկությունը, պետական և մասնավոր հիմնարկների բնականոն գործունեությունը, ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող ապօրինի հրապարակային միջոցառումներին` զանգվածային ցույցերին, շուրջօրյա հանրահավաքներին, միտինգներին, պիկետներին և նստացույցներին, 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներ` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ոստիկաններ Էդգար Պետրոսյանը և Գարիկ Հովանյանն «Ազատության» հրապարակի մոտակայքում հերթական անգամ նրան նախազգուշացրել և պահանջել են դադարեցնել անօրինական միջոցառման մասնակցելը, Վարտգեզ Գասպարին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Էդգար Պետրոսյանի և Գարիկ Հովանյանի նկատմամբ ու նաև տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ (…)»1:
9. Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, Վ.Գասպարիի պաշտպան Մ.Շուշանյանը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Հովհաննես Ղազարյանին, Զարուհի Փոստանջյանին, Սեդա Մելիքյանին և Արմեն Մարտիրոսյանին, ինչը դատարանի կողմից թողնվել է առանց քննության2:
9.1. Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Էդգար Պետրոսյանի և Գարիկ Հովանյանի ցուցմունքները, ինչպես նաև անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու և անձնական զննություն կատարելու մասին Է.Պետրոսյանի և Գ.Հովանյանի արձանագրություններն ու Է.Պետրոսյանի զեկուցագիրը3:
10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) Վերաքննիչ դատարանը (…) գործով հավաքված և սույն որոշման մեջ թվարկված ապացույցները ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված յուրաքանչյուր ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով, յուրաքանչյուր ապացույցը ենթարկելով գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, հանգեց այն հետևության, որ դրանք հավաստի և փոխկապակցված են, հաստատում են ամբաստանյալ Վ.Գասպարիի կողմից մեղսագրված արարքը կատարելը և նրա մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ:
(…) Չնայած այն հանգամանքին, որ [Առաջին ատյանի] դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ` մեղադրական դատավճիռ, այնուամենայնիվ, դատավճիռը թերի է պատճառաբանել, կամ գործի համար նշանակություն ունեցող որոշ հանգամանքների վերաբերյալ պատճառաբանություններ չի ներկայացրել, ինչն էլ դարձել է վերաքննիչ բողոքի առարկա (…):
(…) [Վերաքննիչ դատարանը] քննության առնելով պաշտպանության կողմի միջնորդությունը` վկաներ` Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանին, Սեդա Մելիքյանին, Հովհաննես Ղազարյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ գտել է, որ այդպիսի անհրաժեշտություն չկա, քանի որ Վ.Գասպարիին բերման ենթարկելու և նրան ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու հետ կապված հանգամանքները պարզվել են բազմաթիվ տվյալներով, դատարանում հետազոտված տեսասկավառակով, ամբաստանյալ Վ.Գասպարիի հայտարարություններով (…)»4:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոքաբեր՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը փաստել է, որ ստորադաս դատարանները, գործի նախորդ դատական քննության ընթացքում, թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնցով խաթարվել է արդարադատության բուն էությունը և խախտվել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 20-րդ կետը, 270-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` Գևորգ Ճաղարյանի և այլոց վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստել է, որ Վ.Գասպարիին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն անորոշ է: Մասնավորապես` Վ.Գասպարիին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի երևում, թե ինչպես է ամբաստանյալն իրականացրել իր հանցավոր մտադրությունը, այսինքն` ինչպիսի ձև և բովանդակություն է ունեցել մեղսագրված արարքի պարտադիր հատկանիշ հանդիսացող` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքն այն պայմաններում, երբ վերացական կերպով ուղղակի մեջբերվել են վերագրվող հանցագործությունը սահմանող նորմի դիսպոզիցիան, որոնց վերաբերյալ կոնկրետ կատարման ձևն ու եղանակը չի նկարագրվել: Բողոքաբերը նշել է, որ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ քրեական գործով որևէ անձ տուժող չի ճանաչվել: Բողոքի հեղինակը փաստել է, որ խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ և 18-րդ հոդվածների պահանջները` արդյունքում եզրահանգելով, որ Վ.Գասպարիի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:
11.1. Անդրադառնալով Վ.Գասպարիի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին` բողոքաբերը փաստել է, որ սույն գործով ստորադաս դատարանները խախտել են նաև ամբաստանյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Մասնավորապես՝ դատական քննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան` հրավիրելու և որպես վկա հարցաքննելու Հովհաննես Ղազարյանին, Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանին և Սեդա Մելիքյանին, ովքեր կա´մ ականատես են եղել նկարագրված իրադարձությանը, կա´մ ականատես են եղել, թե ինչպես է Վ.Գասպարին բերման ենթարկվել ոստիկանության բաժին: Սակայն հիշյալ անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները դատարանն առանց որևէ պատճառաբանության մերժել է, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները: Վկայակոչելով «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի վճիռը` բողոքաբերը նշել է, որ սույն գործով դատարանը բացառապես հիմնվել է վիճարկվող իրադարձությանն ակտիվ ներգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա՝ պաշտպանության կողմին չտալով հակառակ ապացույցներ ներկայացնելու որևէ հնարավորություն, ինչը հանգեցրել է պաշտպանության իրավունքի սահմանափակման: Ըստ բողոքի հեղինակի` սույն գործով խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը:
11.2. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վ.Գասպարիի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 10-ի դատավճիռը և այն մասնակի բեկանելու ու պատժի մասով փոփոխելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի մարտի 30-ի որոշումը՝ ճանաչելով և հռչակելով Վարտգեզ Գասպարիի անմեղությունը մեղսագրված արարքում։
12. Բողոքաբեր` Վ.Գասպարիի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը փաստել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Գասպարին ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել է Վ.Գասպարիի՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքի խախտման փաստը, որն ուղղակիորեն առնչվում է թե´ փաստերի, և թե´ իրավունքի հարցերի մասին Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքների կոպիտ և էական սխալներին, որպիսիք և հանգեցրել են Վ.Գասպարիի վերոնշյալ իրավունքների խախտումներին:
Բողոքաբերը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի, Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի և Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործերով կայացված վճիռները, նշել է, որ գործերի վերաբացումը (վերանայումը) խախտված իրավունքի վերականգնման ամենապատշաճ միջոցն է, եթե իրականացվող վերաբացված (վերսկսված) դատավարությամբ կամ գործի վերաքննությամբ ապահովված լինեն արդար դատաքննության երաշխիքները:
12.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է հարուցել նոր հանգամանքի հիմքով Վերաքննիչ դատարանի` 2009 թվականի մարտի 30-ի որոշման վերանայման վարույթ, բեկանել վերը նշված որոշումը և ճանաչել ու հռչակել Վ.Գասպարիի անմեղությունը՝ հանցադեպի բացակայության հիմքով։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործով առկա են Վարտգեզ Գասպարիի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բացառիկ վերանայման հիմքեր:
14. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:
Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ5:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չի կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել, և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7-րդ արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը6։
14.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:
⚖14.2. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։
Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»7:
14.3. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ` ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»8:
15. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
(...)
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (…)»:
15.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով 2020 թվականի մարտի 26-ին կայացված վճռում9, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ,
- որպես ընդհանուր կանոն՝ դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել՝ արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը՝ կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցներն ընդունելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար լսումների հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած իր հակառակորդի հետ»,
- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին,
- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն10,
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները11:
15.2. Վերոգրյալ դրույթները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է. «(…) Ըստ երևույթին, դիմումատուի դեմ քրեական գործով վարույթն իրականացվել է նույն կերպ։ Քրեական գործը, որը հարուցվել է դիմումատուի դեմ, որին [Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի] գործի դիմումատուի պես մեղադրանք է առաջադրվել Ազատության հրապարակում հավաքի հետ կապված որոշ գործողություններ ենթադրաբար կատարելու համար, հիմնված է եղել բացառապես ոստիկանության երկու ծառայողների ցուցմունքների վրա, որոնք, ինչպես պարզել են ներպետական դատարանները, ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, և բացի այդ, նրանց հայտարարությունները պարունակել են անհամապատասխանություններ: Դիմումատուի՝ տեսագրությունն ընդունելու և վկաներ կանչելու պահանջները, որոնք եղել են բավարար հիմնավորված և վերաբերելի իրեն առաջադրված մեղադրանքին, նույնիսկ չեն ուսումնասիրվել գործը քննող դատարանի կողմից՝ խախտելով ներպետական դատավարական նորմերը, ինչպես հետագայում հաստատվել է Վերաքննիչ դատարանի կողմից (…): Ճիշտ է, որ հետագայում Վերաքննիչ դատարանը քննել է այդ պահանջները և նույնիսկ ուսումնասիրման համար ընդունել է տվյալ տեսագրությունը: Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե արդյոք դրանով շտկվել են առաջին ատյանի վարույթի թերությունները: Առաջինը, ինչ վերաբերում է տեսագրությունն ընդունելու պահանջին, պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանը, a priori (նախապես), դատական քննության շրջանակներում այդ պահանջի վերաբերյալ որոշում չկայացնելը դիտարկել է որպես զուտ դատավարական թերություն, որը որևէ կերպ չի ազդում գործը քննող դատարանի ըստ էության կատարված եզրահանգումների վրա (…): Հետևաբար պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանի կողմից այդ թերության ստուգումը կրել է զուտ ձևական բնույթ, և ըստ երևույթին, պատշաճ ուշադրություն չի դարձվել այդ ապացույցին: Երկրորդ, ինչ վերաբերում է վկաներ կանչելու պահանջին, ապա պահանջը մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ առանց բավարար և համոզիչ պատճառաբանության՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վկաներից մեկը, որին դիմումատուն ցանկացել էր կանչել, ենթադրաբար կարող էր ցուցմունք տալ ոչ միայն դիմումատուին ոստիկանության մեկ բաժնից մյուսը տեղափոխելու հանգամանքների վերաբերյալ, այլ նաև նրան Կենտրոնի ոստիկանության բաժին «բերման ենթարկելու» հանգամանքների վերաբերյալ, ինչն ուղղակիորեն վերաբերելի էր նրան առաջադրված մեղադրանքին (…):
(…) Հետևաբար Դատարանը համարում է, որ ներպետական դատարանները մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, որոնք, ավելին, հիմնված են եղել հակասական ապացույցների վրա, չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն էին և ակտիվ դեր էին ունեցել վիճարկվող իրադարձություններում։ Կարելի է ասել, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդարացի լսումների երաշխիքներին (…):
(…) Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի դեմ հարուցված քրեական վարույթն ընդհանուր առմամբ իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդարացի լսումների իրավունքի խախտմամբ (…)»12։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Վ.Գասպարիին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից 2008 թվականի փետրվարի 20-ից կազմակերպված և իրականացված` մայրաքաղաքի կենսագործունեությունը, երթևեկությունը, պետական և մասնավոր հիմնարկների բնականոն գործունեությունը, ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող ապօրինի հրապարակային միջոցառումներին` զանգվածային ցույցերին, շուրջօրյա հանրահավաքներին, միտինգներին, պիկետներին և նստացույցներին, 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներ` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ոստիկաններ Էդգար Պետրոսյանը և Գարիկ Հովանյանն «Ազատության» հրապարակի մոտակայքում հերթական անգամ նրան նախազգուշացրել և պահանջել են դադարեցնել անօրինական միջոցառման մասնակցելը, Վարտգեզ Գասպարին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Էդգար Պետրոսյանի և Գարիկ Հովանյանի նկատմամբ ու նաև տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ13,
- Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում, Վ.Գասպարիի պաշտպան Մ.Շուշանյանը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Հովհաննես Ղազարյանին, Զարուհի Փոստանջյանին, Սեդա Մելիքյանին և Արմեն Մարտիրոսյանին, ինչը դատարանի կողմից թողնվել է առանց քննության14,
- Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Էդգար Պետրոսյանի և Գարիկ Հովանյանի ցուցմունքները, ինչպես նաև անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու և անձնական զննություն կատարելու մասին Է.Պետրոսյանի և Գ.Հովանյանի արձանագրություններն ու Է.Պետրոսյանի զեկուցագիրը15,
- Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ գործով հավաքված և իր որոշման մեջ թվարկված ապացույցները ենթարկելով բազմակողմանի ու օբյեկտիվ ստուգման` հանգել է այն հետևության, որ դրանք հավաստի են և փոխկապակցված, հաստատում են Վ.Գասպարիի կողմից մեղսագրված արարքը կատարելն ու նրա մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ: Վերաքննիչ դատարանը քննության առնելով պաշտպանության կողմի միջնորդությունը` վկաներ` Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանին, Սեդա Մելիքյանին, Հովհաննես Ղազարյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, գտել է, որ այդպիսի անհրաժեշտություն չկա, քանի որ Վ.Գասպարիին բերման ենթարկելու և նրան ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու հետ կապված հանգամանքները պարզվել են բազմաթիվ տվյալներով, դատարանում հետազոտված տեսասկավառակով, ամբաստանյալ Վ.Գասպարիի հայտարարություններով16:
17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Վ.Գասպարիի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարանները Վ.Գասպարիի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների վստահելիությունն ու արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Վ.Գասպարիի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Է.Պետրոսյանի և Գ.Հովանյանի ցուցմունքներն են:
Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Վ.Գասպարիին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով վճռում, պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Այսինքն՝ բողոքաբերների փաստարկներն այն մասին, որ պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ, ընդունելի են Վճռաբեկ դատարանի համար, քանի որ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու մի շարք վկաների և ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները` առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, ինչը հանգեցրել է պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման:
Այլ կերպ, ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը՝ առանց պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն ընձեռելու մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման17:
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով վճիռը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 5-ի որոշումը վերանայելու համար։
18. Միևնույն ժամանակ, հիմնարար խախտման հիմքով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի սահմաններում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բողոքաբերի` սույն որոշման 11-րդ կետում ներկայացված փաստարկին:
18․1․ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`
1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.
(…)
3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք (…)»:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
(...)
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,
բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար (…)»:
18․2․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթն ընդգծում է առաջադրվող «մեղադրանքի» մասին մեղադրյալին ծանուցելուն հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Հանցագործության վերաբերյալ մանրամասն տվյալները կարևոր դեր են խաղում քրեական դատավարությունում այն իմաստով, որ դրանց հայտարարման պահից է անձը համարվում պաշտոնապես ծանուցված նրա դեմ առաջ քաշված մեղադրանքի փաստական և իրավական հիմքերի մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո18։
18․3․ Վճռաբեկ դատարանը Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշման մեջ մեղադրանքի ձևակերպումը դիտարկելով որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման միջոց` իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) [Դ]րանում, բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: (…)
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձևակերպելու դեպքում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտա մեղադրյալին պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովվի կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Նշված սկզբունքներից ցանկացած շեղում կհանգեցնի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման»19:
19․ Սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Գասպարիին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը չի համապատասխանում «մեղադրանքի» վերաբերյալ միջազգային և ներպետական պահանջներին ու Վճռաբեկ դատարանի կողմից Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշմամբ սահմանված չափանիշներին։ Մասնավորապես, մեղադրանքի ձևակերպումը պարունակում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի դիսպոզիցիայի նկարագրությունը: Մեղադրանքի մեջ նշված չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեին հիմնավորված կերպով եզրահանգելու, որ Վ.Գասպարիի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին, այն է՝ մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ պատկերացում կազմել, թե Վ.Գասպարին կոնկրետ ի՞նչ գործողություններ է կատարել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչպե՞ս են դրանք դրսևորվել, ինչպիսի՞ վնաս է պատճառվել դրանց արդյունքում, ու ինչպե՞ս է որոշվել, որ Վ.Գասպարիի կողմից գործադրվել է հենց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Վ.Գասպարիին առաջադրված մեղադրանքում մանրամասնորեն և հստակ չեն նշվել արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական տվյալները` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղադրանքի այդպիսի անորոշ ձևակերպման պայմաններում, խախտվել է քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձի իրավունքը՝ տեղեկանալու իր դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքի մասին, որպիսի պայմաններում չի ապահովվել նաև անձի պաշտպանության իրավունքի իրացումը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի հիմնարար խախտման:
Այսինքն` սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
20․ Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առկա են Վ.Գասպարիի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բացառիկ վերանայման հիմքեր:
21. Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս վերանայելու Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 5-ի որոշումը և բեկանելու ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Վ.Գասպարիի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
22. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի և Վարտգեզ Լիվանի Գասպարիի ներկայացուցիչ՝ փաստաբան Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքները բավարարել: Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 5-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Վարտգեզ Լիվանի Գասպարիի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 10-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի մարտի 30-ի որոշումը բեկանել:
3. Վարտգեզ Լիվանի Գասպարիին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 144-147:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 41-45:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 165-166։
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 133-136:
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։
7 Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։
8 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2020 թվականի մարտի 26-ի Gaspari v. Armenia գործով վճիռը, գանգատ թիվ 6822/10:
10 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, 202-204-րդ կետեր, Murtazaliyeva v. Russia գործով 2018 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 36658/05, 139-159-րդ կետեր։
11 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76204/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ։
12 Տե՛ս Gaspari v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2020 թվականի մարտի 26-ի վճիռը, գանգատ թիվ 6822/10, կետեր 35-37:
13 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
17 Տե՛ս Matevosyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 61730/08, 41-րդ կետ, mutatis mutandis, Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:
18 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Seliverstov v. Russia գործով 2008 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 19692/02, կետեր 16-17:
19 Տե՛ս Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 21-րդ կետը։
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|