ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 990-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 990-Լ որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 31-ի N 416-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ
1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։
2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:
3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:
4. Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով՝
- տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում են համարվում նաև 2020 թվականի ապրիլի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 500 000 դրամ գումարի չափով՝ առավելագույնը վեց ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր), ընդ որում սույն հավելվածի իմաստով աշխատակիցներ են համարվում այն անձինք, որոնց մասով օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2020 թվականի փետրվարի 29-ը ներառյալ ներկայացվել են գրանցման հայտեր: Միաժամանակ միջոցառման շրջանակում ֆինանսավորվող աշխատավարձերը ենթակա չեն բարձրացման այդ աջակցության ամբողջ ընթացքում: Տնտեսավարողի աշխատողներին աշխատավարձի մասով ցուցաբերվող օժանդակության գումարը յուրաքանչյուր ամսվա հաշվով չի կարող գերազանցել 2020 թվականի փետրվար ամսվա համար հարկային մարմին ներկայացված՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով արտացոլված՝ աշխատավարձի ընդհանուր գումարը,
- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ՝ ընդ որում, վճարում են համարվում նաև 2020 թվականի ապրիլի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը՝ առավելագույնը վեց ամսվա համար, բացառությամբ կանխավճարների և գերավճարների (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր),
- հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց մասով ստացված վարկավորման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր),
- նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ),
- հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում (ընդ որում, ծախսերի իրականացում են համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 000 000 դրամ գումարի չափով՝ առավելագույնը վեց ամսվա համար, բացառությամբ կանխավճարների և գերավճարների (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր),
- ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի ներմուծում (այդ թվում՝ մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց մասով ստացված վարկավորման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի սույն հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն մեծությունը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի վարկեր):
5. Օժանդակության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
- արժույթը՝ դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ),
- ժամկետը՝ մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 24 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար,
- վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ մինչև 3 ամիս,
- մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝ 250 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 125 մլն դրամին համարժեք,
- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով,
- առավելագույն փաստացի տոկոսադրույքը տարեկան 12 % դրամով վարկերի և տարեկան 9 % արտարժույթով վարկերի դեպքում:
6. Սույն hավելվածի շրջանակում նախկինում կնքված ֆինանսական գործակալության պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ ժամկետով:
7. Միջոցառման չափանիշներին բավարարող տնտեսավարողները կարող են հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի տվյալ վարկի տոկոսների սուբսիդավորում` սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափերով, վարկի ժամկետի 24-ամսյա ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար:
8. Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը կախված նպատակից հետևյալն են՝
Վարկի նպատակը |
Սուբսիդավորման չափը |
Աշխատակիցների |
ամբողջությամբ |
Հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների |
ամբողջությամբ |
Հումքի |
7% |
Սարքավորումների |
6% |
Կոմունալ վճարների |
10% |
Սննդի |
8% |
9. Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը կախված նպատակից հետևյալն են՝
Վարկի նպատակը |
Սուբսիդավորման չափը |
Աշխատակիցների |
ամբողջությամբ |
Հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների |
ամբողջությամբ |
Հումքի |
6% |
Սարքավորումների |
5% |
Կոմունալ վճարների |
8% |
Սննդի |
6% |
10. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝
1) սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 36 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 12-ամսյա ժամանակահատվածի համար.
2) սույն հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 400 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 200 մլն դրամին համարժեք.
3) սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 0,5 % չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):
11. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 100 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝
1) սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 48 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 24-ամսյա ժամանակահատվածի համար.
2) սույն հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 500 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 250 մլն դրամին համարժեք.
3) սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 1 % չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):
12. Սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:
13. Սույն հավելվածի 12-րդ կետում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման կրկնակիի չափով:
14. Ֆինանսական կազմակերպություններն ինքնուրույն են իրականացնում վարկառուների վարկունակության գնահատումը և վարկերի տրամադրումը, որոնք պետք է համապատասխանեն միջոցառմամբ սահմանված չափանիշներին և նպատակներին։ Վարկերը ֆինանսական կազմակերպությունների կողմից պետք է տրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով: Ընդ որում, շահառուները ստացված վարկային միջոցների հաշվին իրականացվող վճարումները նույնպես պետք է իրականացնեն անկանխիկ եղանակով:
15. Օժանդակության դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից փոխանցվում է ֆինանսական կազմակերպության համապատասխան հաշվին՝ ֆինանսական կազմակերպության հայտի հիման վրա: Տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը կարգավորվում է ֆինանսական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքվող պայմանագրերով:
16. Միջոցառման շրջանակում տրամադրված օժանդակության գործիքի կիրառման մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ եռամսյա կտրվածքով:»:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |