ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/6409/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արտավազդ Գինոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ Արտավազդ Գինոսյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան՝ (այսուհետ՝ Մաքսատուն)` 3.563.250 ՀՀ դրամ վճարելու պարտավորության առաջադրումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արտավազդ Գինոսյանը պահանջել է վերացնել 1997 թվականի արտադրության «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի «B 775 BK» պետհամարանիշի ավտոմեքենայի համար որպես ճանապարհավճար 3.563.250 ՀՀ դրամ վճարելու պարտավորության առաջադրումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտավազդ Գինոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը, 113-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնացել «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան ՀՀ տարածք մուտք գործելիս ճանապարհավճարը վճարված չլինելու փաստի առկայությունը, հետևաբար, դրա բացասական հետևանքները պետք է կրեր Մաքսատունը, մինչդեռ, Դատարանի վճռով նշված փաստի ապացուցման բացասական հետևանքները կրել է բողոք բերած անձը:
ՀՀ Սահմանադրական դատարանի 18.04.2006 թվականի թիվ 630 որոշման 11-րդ կետի 6-րդ պարբերությամբ սահմանվել է, որ օրենքը պետք է համապատասխանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը: Տվյալ դեպքում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան ՀՀ տարածք մուտք գործելու պահին գործող «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան հնարավոր չէր օրենքով սահմանված կարգով կատարել ճանապարհավճարի վճարումը՝ իրավական կարգավորման համապատասխան մեխանիզմների բացակայության պատճառով, հետևաբար, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ՀՀ տարածք մուտք գործելիս ֆիզիկական անձի կողմից ճանապարհավճար վճարելու պարտականություն սահմանող իրավական նորմը չի կարող համարվել օրենք:
«Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի համար որպես ճանապարհավճար 3.563.250 ՀՀ դրամ վճարելու պարտավորությունն առաջադրվել է միայն «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 28.03.1998 թվականին և հետադարձ ուժ ունենալու մասին որևէ դրույթ չի պարունակում: Փաստորեն, նշված ավտոմեքենան ՀՀ է ներմուծվել մինչև «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը: Նշված օրենքը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, հետևաբար 20.12.1997 թվականին ՀՀ ներմուծված «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի մաքսային ձևակերպումներն ուշացնելու համար «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ճանապարհավճար չի կարող հաշվարկվել, ինչից հետևում է, որ բողոք բերած անձի վրա դրվել է օրենքից չբխող պարտականություն:
Բացի այդ, եթե անգամ վերաբերելի և թույլատրելի ապացույցներով հիմնավորվեր նշված ավտոմեքենան ՀՀ մուտք գործելու պահին ճանապարհավճար վճարված չլինելու փաստը, ապա «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված 20 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից ավել գումար վճարելու պարտավորություն չէր կարող առաջադրվել, քանի որ նշված օրենքը չէր սահմանում, որ ճանապարհավճարը պետք է վճարվեր որոշակի ժամկետի համար, իսկ ուշացման դեպքում պետք է հաշվարկվեր տույժ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1997 թվականի արտադրության «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի «B 775 BK» պետհամարանիշի ավտոմեքենան առանց մաքսային ձևակերպման ՌԴ-ից ՀՀ տարածք ներմուծելու փաստի կապակցությամբ 2008 թվականի հուլիսին ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության հետաքննության բաժնում բողոք բերած անձը և նրա որդիները՝ Իշխան և Հարություն Գինոսյանները, բացատրություններ են տվել այն մասին, որ նշված ավտոմեքենան ՀՀ են ներմուծել 1997 թվականին Բագրատաշենի մաքսային կետով և գումար չունենալու պատճառով մաքսային ձևակերպումներ չեն կատարել: Այսինքն, վերջիններս ընդունել են այն փաստը, որ ոչ մի վճարում չեն կատարել:
Բողոք բերած անձի վկայակոչումները՝ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասին, անհիմն են, քանի որ ճանապարհային վճար վճարելու բողոք բերած անձի պարտականությունը նախատեսված էր ինչպես նշված ավտոմեքենայի ներմուծման պահին գործող օրենքով, այնպես էլ նախատեսված է «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքով, իսկ «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի դրույթները գործել են ուղղակիորեն և պարտադիր էին կատարման համար՝ անկախ նշված օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության 12.12.1997 թվականի թիվ 583 որոշումից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետաքննության և իրավաբանական վարչության պետի 05.08.2008 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն` 16.07.2008 թվականին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում «ՄԴՊՎ» Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները փաստաթղթերի ստուգման նպատակով կանգնեցրել են Վանաձոր քաղաքի բնակիչ Արտավազդ Գինոսյանի կողմից վարվող 1997 թվականի արտադրության «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի, կապույտ մետալիկ գույնի, «B 775 BK 15RUS» պետհամարանիշի (նույնականացման համար՝ JMYORV430VJ001133) մարդատար ավտոմեքենան և պարզել, որ Արտավազդ Գինոսյանի մոտ բացակայում են ավտոմեքենայի մաքսային ձևակերպման հետ կապված փաստաթղթերը: Առանց մաքսային ձևակերպման Բագրատաշենի մաքսային կետով 1997 թվականի արտադրության «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան ՌԴ-ից ՀՀ տարածք ներմուծելու փաստի առթիվ 22.07.2008 թվականին Հարություն Գինոսյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի «B 775 BK» պետհամարանիշի ավտոմեքենայի առանց մաքսային ձևակերպումների ՀՀ տարածք ներմուծելու փաստը ճշտելու նպատակով հարցում է կատարվել ՀՀ մաքսատներին և մաքսակետերին, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին, որոնցից ստացված տեղեկությունների համաձայն՝ մինչև 2002 թվականը ներառյալ մաքսային ձևակերպումների փաստաթղթերը, ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 833 որոշման համաձայն, արխիվացվել են, իսկ դրանից հետո առ 16.07.2008 թվականն ավտոմեքենայի ՀՀ սահմանը հատելու և մաքսային ձևակերպումներ ստանալու վերաբերյալ տեղեկություններ չկան:
Վերոգրյալի հիման վրա և նկատի ունենալով, որ Հարություն Գինոսյանն ավտոմեքենան անձամբ չի հանձնել Արտավազդ Գինոսյանին, նշված որոշմամբ Հարություն Գինոսյանի նկատմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:
Նույն որոշման մեջ շարադրվել են վերոգրյալ փաստի առթիվ Արտավազդ, Իշխան և Հարություն Գինոսյանների տված բացատրությունները (գ.թ. 7-8):
2) Մաքսատան կազմած ակտով Արտավազդ Գինոսյանի նկատմամբ առաջադրվել է 3.563.250 ՀՀ դրամ վճարելու պարտավորություն, որից 1.845.000 ՀՀ դրամը՝ որպես ճանապարհավճար և 1.718.250 ՀՀ դրամը՝ որպես ճանապարհավճարը չվճարելու հետևանքով հաշվարկված տույժ: Պարտավորությունը հաշվարկվել է 3.859 օրվա համար: Նշված ակտի վրա բացակայում է այն կազմելու ամսաթիվը (գ.թ. 10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև նույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները: Անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև նույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջների խախտման համար: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:
Նշված օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն՝ ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ճանապարհային վճար վճարելու բողոք բերած անձի պարտավորությունը նախատեսված էր ինչպես ավտոմեքենայի ներմուծման պահին գործող «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ դրանից հետո ընդունված «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքով:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
«Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» ՀՀ 1997 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-143 օրենքն ուժի մեջ է մտել 24.10.1997 թվականին և «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ 1998 թվականի մարտի 3-ի ՀՕ-203 օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով 28.03.1998 թվականին ուժը կորցրել է:
Նշված օրենքի 2-րդ հոդվածը սահմանում էր, որ նույն օրենքով վճարողներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, որոնք այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով օգտվում են պետական ավտոմոբիլային ճանապարհներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածը սահմանում էր, որ պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարները հաշվարկվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների կողմից և մուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին՝ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս:
ՀՀ կառավարության 12.12.1997 թվականի ««Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 583 որոշումն ուժի մեջ է մտել 04.01.1998 թվականին և 25.06.1998 թվականին ուժը կորցրել է:
Նշված որոշման 1-ին կետով, «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի իրավասությունները վերապահված էին ՀՀ մաքսային վարչությանը:
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված էր ճանապարհային վճար վճարելու պարտավորություն ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնին, իսկ համապատասխան լիազորված մարմինը սահմանվել է 04.01.1998 թվականին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության որոշմամբ:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ օրենքով նախատեված ճանապարհային վճար վճարելու պարտավորությունը կարող էր առաջանալ միայն ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի սահմանումից հետո, մինչդեռ, սույն գործով «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան ՀՀ տարածք է ներմուծվել 20.12.1997 թվականին, այն է` մինչև ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը:
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից կիրառված «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն նույնպես սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այն օրինական ուժի մեջ է մտել «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան ՀՀ տարածք մուտք գործելուց հետո՝ 28.03.1998 թվականին և այն հետադարձ ուժ չունի, քանի որ դրանով սահմանվել է բողոք բերած անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Արտավազդ Գինոսյանի հայցը բավարարել՝ վերացնել 1997 թվականի արտադրության «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի «B 775 BK» պետհամարանիշի ավտոմեքենայի համար որպես ճանապարհավճար 3.563.250 ՀՀ դրամ վճարելու պարտավորության առաջադրումը:
2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատնից հօգուտ Արտավազդ Գինոսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի, և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Ե. Սողոմոնյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան
Նախագահող`
Դատավորներ`