«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
23 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2004 թվականի N 319-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության` 10000 դրամ անվանական արժեքով, կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող 2880 սովորական բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել մասնավորեցվող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
3. «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության ոչ ընթացիկ և ընթացիկ պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 417218,1 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 36200,0 հազ. դրամ,
կրեդիտորական պարտքեր անձնակազմին` աշխատանքի վարձատրության գծով` 138139,2 հազ. դրամ,
երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 91260,0 հազ. դրամ,
կարճաժամկետ փոխառությունների գծով` 4119,0 հազ. դրամ,
կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 11100,0 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 66057,9 հազ. դրամ,
այլ կրեդիտորական պարտքերի գծով` 70342,0 հազ. դրամ:
4. «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը 2003 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության անունից գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը վճարել պայմանագիրը կնքելու օրվանից 10 բանկային օրվա ընթացքում` մասնավորեցման հատուկ հաշվին,
Հայաստանի Հանրապետությանը 2004 թվականի ընթացքում, պայմանագրով որոշվող ամսական վճարումների ժամանակացույցով, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային հաշվին վճարել 1159489825 դրամ,
«Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը փոխառություն տալու կամ կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով ընկերությունում ներդնել 477099675 դրամ` ընկերության շենքերի ու շինությունների պահպանման և սպասարկման համար վարձակալված 18820,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողային տարածքները կադաստրային արժեքով գնելու նպատակով.
Մինչև 2016 թվականը «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարել 13.6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում՝
2013 թվականի ընթացքում՝ 850.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի,
2014 թվականի ընթացքում՝ 3.970.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի,
2015 թվականի ընթացքում՝ 8.780.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում:
«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2019 թվականը՝ կատարելով անհրաժեշտ չափի ներդրումներ` ըստ ներդրումային ծրագրի:
Սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 10 տոկոսի չափով:
Սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք` չկատարած ներդրումների գումարի 10 տոկոսի չափով:
Սահմանված ժամկետում` մինչև 2019 թվականը գնորդի կողմից պարտավորություններն ամբողջ ծավալով չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է դատարան` սույն որոշմամբ գնորդին վաճառված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու նպատակով:
Պայմանագիրը լուծվելու կամ բռնագանձում կիրառվելու դեպքում վճարված և ներդրված գումարները ենթակա չեն վերադարձման:
Գնորդի կողմից սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված հերթական ներդրումն ամբողջությամբ չկատարվելու դեպքում վերջինս պարտավորվում է տվյալ ներդրումը կատարելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 6 տոկոսի չափով:
Յուրաքանչյուր տարվա չկատարված ներդրման մասն ավելանում է ժամանակացույցով սահմանված հաջորդ տարվա ներդրման գումարին և այն սահմանված ժամկետում ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը պարտավորվում է նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 6 տոկոսի չափով:
Ժամանակացույցով սահմանված ներդրումների կատարման վերջնական ժամկետի ավարտից հետո (մինչև ներդրումների ամբողջական կատարումը) գնորդը պարտավոր է յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք՝ չկատարված ընդհանուր ներդրումների գումարի 6 տոկոսի չափով:
Ժամանակացույցով սահմանված վերջնական ժամկետի ավարտից հետո պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու դեպքում, գնորդը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող նոր ներդրողին օտարել «Դվին» հյուրանոցային համալիրը (շենք, շինություններ, ինչպես նաև 2004 թվականի մայիսի 14-ին կնքված N 686-Ու առուվաճառքի (մասնավորեցման) պայմանագրի 7.1-ին կետով նախատեսված հողատարածքներ) կամ նշված «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր հանդիսացող ընկերության բաժնետոմսերի (բաժնեմասի, մասնակցության) 100 տոկոսը կամ դրանց մի մասը (ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջի)՝ միջազգային ճանաչում ունեցող անկախ գնահատողի կողմից գնահատված բաժնետոմսերի լիկվիդային շուկայական արժեքից 20 % նվազեցված գնով (ներառյալ բոլոր տեսակի հարկերը): Բաժնետոմսերի վաճառքի գինը պետք է նվազեցվի նաև գնահատման ծախսերի չափով: Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան առաջարկություն ներկայացնելը գնորդը կարող է բաժնետոմսերն օտարել իր նախընտրած ներդրողին:
Գնորդը պարտավոր է բաժնետոմսերի վաճառքի գումարից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել ժամանակացույցով սահմանված ներդրումները չկատարելու հետևանքով առաջացած և սահմանված ժամկետում չվճարված տուգանքը, եթե այն առկա է:
Նոր ներդրողն ստանձնում է պայմանագրով նախատեսված գնորդի պարտավորությունները, այդ թվում՝ մինչև ներդրումների ամբողջությամբ կատարումը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սահմանված կարգով և չափով տուգանքի վճարումը:
բ) գնորդին պայմանագրով երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի 2003 թվականի դեկտեմբերի 12-ի վճռով վերացված` «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության փոխառության անհիմն պարտավորություններից բխող հնարավոր ռիսկեր չկան:
(5-րդ կետը խմբ. 26.06.09 N 726-Ա, խմբ., լրաց. 17.02.11 N 233-Ա, 04.04.13 N 520-Ա, լրաց., փոփ. 05.05.16 N 1398-Ա)
6. Երևանի քաղաքապետին`
ա) «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների հաշվին 477099675 դրամ վճարելուց հետո` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետին համապատասխան` ընկերության հետ կնքել զբաղեցրած 18820,0 քառ. մետր (հյուրանոցի շենքի զբաղեցրած և հարակից` Պարոնյան փողոցին հարող վարձակալված տարածքը` 18210 քառ. մետր, և կաթսայատան ու խանութի համար օգտագործվող Չկալովի փողոցին հարող վարձակալված տարածքը` 610,5 քառ. մետր) հողամասի առուվաճառքի պայմանագիր` մեկ քառ. մետրը 25350 դրամ կադաստրային արժեքով.
բ) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողամասի ձեռքբերման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալի գործառնություններից եկամուտների հաշվին վճարվող 477099675 դրամ գումարը տրամադրել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրատվություն` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած 543214285 դրամ անվանական արժեքով դեբիտորական պարտքը մարելու նպատակով, որի նկատմամբ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառվում է 66114610 դրամ զեղչ` կնքելով նվիրատվության պայմանագիր:
(6-րդ կետը խմբ. 17.09.04 N 1321-Ա)
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային հաշվին հաշվեգրված գումարից`
ա) 342600,0 հազ. դրամ վճարել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես պետության կողմից սահմանված անվճար և զեղչ սակագներով բնակչության առանձին խմբերին 2003 թվականին մատակարարված գազի գծով ծախսերի փոխհատուցում.
բ) մնացած գումարով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից` պահանջի իրավունքի զիջման պայմանագրով գնել Գյումրի, Չարենցավան, Աբովյան, Նոր Հաճն, Սևան, Վայք և Ջերմուկ բնակավայրերի ջերմամատակարարող կազմակերպությունների նկատմամբ 1176600,0 հազ. դրամ ընդհանուր անվանական արժեքով դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը` անվանական արժեքի նկատմամբ կիրառելով զեղչ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածին համապատասխան` ջերմամատակարարող կազմակերպություններն ազատել այդ պարտքերից` կնքելով նվիրատվության պայմանագրեր` նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. մարտի 11 |