ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռ |
ՎԲ-118/07 |
կայացրած դատարանի կազմը
նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան
դատավորներ` Մ. Պետրոսյան, Հ. Տեր-Ադամյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
1 հունիսի 2007 թվական |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
քարտուղար |
Ք. Մարտիրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Գ. Ջհանգիրյանի |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Ալբերտ Արիստակեսի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 13-ի դատավճռի դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Ալբերտ Արիստակեսի Ստեփանյանին 2005 թվականի մարտի 9-ին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2005 թվականի հունիսի 21-ին կայացրած դատավճռով Ա. Ստեփանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման 10 (տասը) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց տուգանքի:
Առաջին ատյանի դատարանը 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի կարգով հանցագործությունների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 11 (տասնմեկ) տարի ժամկետով` առանց տուգանքի:
Պատժի կրման սկիզբը հաշվարկվել է 2004 թվականի հոկտեմբերի 8-ից:
Ամբաստանյալ Ա. Ստեփանյանի պաշտպան Լ. Բադալյանը բերել է վերաքննիչ բողոք:
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2005 թվականի հոկտեմբերի 13-ի դատավճռով վերաքննիչ բողոքը թողել է առանց բավարարման, իսկ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հունիսի 21-ի դատավճիռը` փոփոխել:
Վերաքննիչ դատարանը Ա. Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է նույն հոդվածի 1-ին մասով` նկատի ունենալով խուլիգանություն կատարելու համար նրա նախկինում ունեցած դատվածությունը մարվելու հանգամանքը:
Ա. Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածների կիրառմամբ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի սանկցիայի սահմաններում ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց տուգանքի:
ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի կիրառմամբ նվազ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու սկզբունքով Ա. Ստեփանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով` առանց տուգանքի:
Պատիժը նշանակվել է կրելու ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի սկիզբը հաշվելով 2004 թվականի հոկտեմբերի 8-ից:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 13-ի դատավճռի դեմ բերել է վճռաբեկ բողոք:
Վճռաբեկ դատարանը 2007 թվականի մայիսի 23-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414. 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
2. Գործի փաստական հանգամանքները.
Ա. Ստեփանյանը և գործով տուժող Ա. Խաչատրյանը մանկությունից ճանաչել են միմյանց և գտնվել նորմալ հարաբերությունների մեջ: 1991 թվականի մայիսի 25-ին Ա. Խաչատրյանը, «Պրագա» ռեստորանի մոտ նկատելով, որ Ա. Ստեփանյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյանքներ է տալիս քաղաքացիներին, նրան կարգի է հրավիրել: Դրանից վրդովված Ա. Ստեփանյանը սկսել է վիճաբանել Ա. Խաչատրյանի հետ, որը կանխվել է շրջապատի բնակիչների միջամտությամբ: Այդ միջադեպից հետո` 1991 թվականի մայիսի 28-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Ա. Ստեփանյանը «Պրագա» ռեստորանում հանդիպել է Ա. Խաչատրյանին և, հիշելով 3 օր առաջ տեղի ունեցած անախորժ զրույցը, նորից սկսել է վիճաբանել նրա հետ, որը վերածվել է խուլիգանության: Քաղաքացիների միջամտությամբ Ա. Ստեփանյանը դադարեցրել է իր խուլիգանական գործողությունները և հեռացել: Սակայն որոշ ժամանակ անց իր հետ նախօրոք վերցված, ապօրինաբար ձեռք բերված հրազենով վերադարձել է և մոտ տարածությունից դիմահար կրակել Ա. Խաչատրյանի սրտի շրջանին: Վերջինս ստացած վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Հանցագործությունը կատարելուց հետո Ա. Ստեփանյանը մինչև 2004 թվականի հոկտեմբերի 8-ը գտնվել է փախուստի մեջ, իսկ այնուհետև հայտնաբերվել և ձերբակալվել է:
3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 13-ի դատավճիռը պատիժը մեղմացնելու առումով ենթակա է փոփոխման` նկատի ունենալով, որ դատապարտյալ Ա. Ստեփանյանը տառապում է «տրանզիտոր զարկերակային հիպերտենզիա» հիվանդությամբ և առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ շուրջ մեկ տարի գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բացի այդ, պետք է հաշվի առնել Ա. Ստեփանյանի դրական բնութագրվելը, կատարածի համար անկեղծորեն զղջալը: Հաշվի պետք է առնել տուժողի իրավահաջորդի` հանգուցյալ Ա. Խաչատրյանի կնոջ` Ն. Բաղդասարյանի դիրքորոշումը պատիժ նշանակելու հարցում և որևէ պահանջ չունենալու հանգամանքը:
Վճռաբեկ բողոքի հեղինակի կարծիքով, պետք է նկատի ունենալ նաև, որ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության սահմանված 15 (տասնհինգ) տարվա պայմաններում Ա. Ստեփանյանը հանցագործություն կատարելուց հետո շուրջ 13 (տասներեք) տարի 6 (վեց) ամիս գտնվել է ազատության մեջ և որևէ հանցագործություն չի կատարել:
Ելնելով վերոգրյալից` վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է Ալբերտ Արիստակեսի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 13-ի դատավճիռը փոփոխել` Ա. Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի կիրառմամբ նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու սկզբունքով նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով: Դատավճռի մնացած մասը թողնել անփոփոխ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.
ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու պահին գործող քրեական օրենքով: Ըստ նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի` արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
Ա. Ստեփանյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելիս ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը ճիշտ է կիրառել 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ Ա. Ստեփանյանի կողմից հանցանքները կատարելու պահին գործել է 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, որի 37-րդ հոդվածով նախատեսված` նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու սկզբունքն ավելի մեղմ է, քան ներկայումս գործող քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվածը:
Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ դատապարտյալ Ա. Ստեփանյանը տառապում է «տրանզիտոր զարկերակային հիպերտենզիա» հիվանդությամբ և առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ շուրջ մեկ տարի գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Ա. Ստեփանյանը բնութագրվում է դրական և անկեղծորեն զղջում կատարածի համար: Հաշվի պետք է առնել նաև տուժողի իրավահաջորդ Ն. Բաղդասարյանի դիրքորոշումը պատիժ նշանակելու հարցում և որևէ պահանջ չունենալու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Ստեփանյանի պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում վերաքննիչ դատարանը բավարար չափով հաշվի չի առել նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ինչի արդյունքում թույլ է տվել նյութական օրենքի խախտում:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա պետք է բեկանել և փոփոխել, քանի որ ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը բավարարել:
Ալբերտ Արիստակեսի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 13-ի դատավճիռը բեկանել և փոփոխել:
Ալբերտ Արիստակեսի Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի կիրառմամբ նվազ խիստ պատիժը ավելի խիստ պատժով կլանելու սկզբունքով նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով:
Դատավճռի մնացած մասը թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Դ. Ավետիսյան |
Հ. Ասատրյան | |
Հ. Ղուկասյան | |
Մ. Սիմոնյան |