040.0331.09.08.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
9 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 1997 թ. N 331
քաղ. Երևան
ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև վթարային շենքերի բնակչության բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու մասին կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 9-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Երկրաշարժից տուժած աղետի գոտում մշտական բնակության վայր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն աղետի գոտում բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով դիմում են ներկայացնում մարզպետարան` պետական միջոցների հաշվին վարկ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) շինարարություն (վերականգնում, ամրացում, վերակառուցում) իրականացնելու մասին համապատասխան թույլտվության վերաբերյալ տեղեկանք.
բ) դիմողի ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների վերաբերյալ համապատասխան բնակշահագործման տեղամասի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք.
գ) անավարտ կամ վթարային բնակելի տան (առանձնատան) դեպքում` դիմումը ներկայացնելու պահին անավարտ բնակելի տան (առանձնատան) շինարարության պատրաստվածության կամ վթարայնության աստիճանի վերաբերյալ տեղեկանք.
դ) նոր բնակելի տան շինարարության դեպքում` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման ցուցակներում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանք.
ե) շինարարական աշխատանքների նախահաշիվ.
զ) դիմողի և նրա ընտանիքի չափահաս անդամների անձնագրային տվյալները` ներառյալ մշտական բնակության հասցեն:
Անհրաժեշտության դեպքում մարզպետարանի հարցումով դիմումին կցվում են շենքերի և շինությունների գույքագրման մարմնի, սոցիալական ապահովության բաժնի, բժշկական հիմնարկի և շահագրգիռ այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքները և այլ փաստաթղթեր:
2. Դիմումները քննարկվում են մարզի առանձին համայնքների բնակիչներին վարկ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո: (2-րդ կետը խմբ. 23.04.98 N 258)
3. Վարկի տրամադրման հետ կապված հարցերի քննարկման նպատակով մարզպետի որոշմամբ (կարգադրությամբ) ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: (3-րդ կետը խմբ. 23.04.98 N 258)
4. Հանձնաժողովը վարում է գրանցման հատուկ մատյաններ, որտեղ գրանցվում են դիմումների ստացման, դրանց քննարկման արդյունքով հանձնաժողովի կայացրած որոշումների, ուղարկված ծանուցումների մասին բոլոր տվյալները: (4-րդ կետը փոփ. 23.04.98 N 258)
5. Հանձնաժողովը քննարկում է դիմումները` դրանք ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` ըստ փաստաթղթերի ստացման հաջորդականության:
Հանձնաժողովը կարող է մերժել դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կամ ներկայացված տեղեկություններում առկա են ոչ ճիշտ տվյալներ: Հանձնաժողովը դիմումը մերժելու որոշում կայացնելու մասին ծանուցում է և դիմողին` ոչ ուշ, քան դիմումը ստացվելու օրվանից 15-օրյա ժամկետում: (5-րդ կետը փոփ. 23.04.98 N 258)
6. Վարկի տրամադրման հարցը քննարկելիս առաջնահերթությունը տրվում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի հուլիսի 25-ի «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին» N 371 որոշմամբ հաստատված ժամանակավոր կանոնադրությամբ սահմանված առաջնահերթության իրավունք ունեցող քաղաքացիներին:
7. Հանձնաժողովը դիմումը բավարարելու դեպքում 5-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է դիմողին` նշելով հատկացվող վարկի գումարի չափը, մարման ժամկետը, և առաջարկում դիմել գործակալ բանկին` վարկային պայմանագիր կնքելու համար: (7-րդ կետը խմբ. 23.04.98 N 258)
9. (9-րդ կետը խմբ. 16.02.98 N 89, ուժը կորցրել է 23.04.98 N 258)
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 23.04.98 N 258)
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 23.04.98 N 258)
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 23.04.98 N 258)
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 23.04.98 N 258)
14. Գործակալ բանկի և վարկառուի հարաբերությունները կարգավորվում են վարկային գրավի (այդ թվում` կառուցվող կամ վերակառուցվող բնակարանի գրավի) պայմանագրով: Վարկառուին իրավունք է վերապահվում ժամկետից շուտ մարելու վարկի ամբողջ գումարը կամ դրա մի մասը: (14-րդ կետը փոփ., լրաց. 23.04.98 N 258)
(15-րդ կետը փոփ. 23.04.98 N 258)
16. Տրամադրվող վարկի գումարի չափը սահմանվում է ելնելով շինարարական աշխատանքների խոշորացված ծավալից և շենքերի շինարարության խոշորացված արժեքից` չգերազանցելով 5 մլն դրամ ընդհանուր գումարը:17. Գործակալ բանկի կողմից վարկը տրամադրվում է մինչև 25 տարի ժամկետով` ըստ հանձնաժողովի որոշման` տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով (տարին հաշվարկելով 365 օր`) հետևյալ չափերով`
ա) անհատական նոր բնակարանի (առանձնատան) շինարարության համար` 4-5 մլն դրամ.
բ) բաժնային ընդհանուր սեփականություն հանդիսացող բազմաբնակարան նոր շենքերի կառուցման համար` յուրաքանչյուր մասնակցին` 3-5 մլն դրամ.
գ) անհատական կիսակառույց բնակարանի (առանձնատան) շինարարությունն ավարտելու համար` ելնելով պատրաստվածության աստիճանից` 1-4 մլն դրամ.
դ) անավարտ բազմաբնակարան շենքերի շինարարության համար` յուրաքանչյուր բնակարանատիրոջը` 2-4 մլն դրամ.
ե) անհատական վթարային տների (առանձնատների) և բազմաբնակարան շենքերի վերականգնման ու ամրացման համար` 2,5 - 3,5 մլն դրամ.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 98 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող շենքերից հատկացվող բնակարանի շինարարության արժեքի վերադարձման համար` 2,5 - 3,5 մլն դրամ: (17-րդ կետը փոփ. 23.04.98 N 258)
Վարկի գումարի և հաշվարկված տոկոսագումարի մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով, ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 3-րդ բանկային օրը:
(18-րդ կետը փոփ. 23.04.98 N 258)
(19-րդ կետը խմբ. 23.04.98 N 258)
20. Մարզպետը վարկառուների ցուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, որը վարկառուների ցուցակն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 20 տոկոսը փոխանցում է գործակալ բանկի թղթակցային հաշվին: Յուրաքանչյուր առանձին վարկի գումարի մնացած մասը գործակալ բանկ է փոխանցվում տվյալ վարկի առաջին մասի օգտագործման վերաբերյալ վարկառուի հաշվետվությունը մարզպետի և գործակալ բանկի կողմից հաստատվելու մասին համապատասխան ծանուցումն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:
Գործակալ բանկը վարկի գումարի առաջին 20 տոկոսը վարկառուին է հատկացնում ամբողջությամբ, իսկ մնացած մասը` վարկառուի և մատակարարի կամ կապալառուի միջև կնքված պայմանագրի համաձայն գնված շինությունների հանձնման-ընդունման ակտերի կամ շինարարական աշխատանքների որոշակի փուլերի կատարողական ակտերի հիման վրա:
(20-րդ կետը լրաց. 16.02.98 N 89, խմբ. 23.04.98 N 258)
21. Վարկի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
22. Սույն կարգում նախատեսված պայմանները տարածվում են միայն սույն կարգի համաձայն կնքվող վարկային պայմանագրերի և դրանք կնքող կողմերի վրա ու չեն կարող պարտադիր ուժ ունենալ սույն կարգի հետ չառնչվող այլ անձանց համար կամ, վերջիններիս կողմից մեկնաբանվել կամ վկայակոչվել որպես քաղաքացիական-իրավական նորմեր սահմանող իրավական ակտ: