ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2017 թվականի N 519-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը հաստատելու մասին» N 1442-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2012 թվականի N 1442-Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ (ԿԱՄ) ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի վերաբերյալ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված ծավալների և ձևերի:
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 1442-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ (ԿԱՄ) ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման գործընթացը:
2. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, սույն կարգի և այլ իրավական ակտերի:
3. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ յուրաքանչյուր տեսակի կապուղիների առաջնահերթ օգտագործման իրավունք ունեն` ըստ հաջորդականության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանները:
4. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ կապի ցանցերը և կապի միջոցներն առաջնահերթ օգտագործվում են արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման, փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պետության պաշտպանվածության, անվտանգության, ինչպես նաև իրավակարգի պահպանման միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ բոլոր էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն ապահովելու նպատակով նախապատրաստական շրջանում իրականացվող միջոցառումներն են`
1) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և համակարգերի կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն ու համակարգումը.
2) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը տիրապետող մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության ապահովումը:
6. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն են`
1) էլեկտրոնային հաղորդակցության կապուղիների տրամադրումը` համաձայն սույն կարգի 3-րդ կետում նշված առաջնահերթության սկզբունքի.
2) օպերատորների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության ապահովումը.
3) վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվ կազմակերպումը:
7. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և (կամ) Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայտերի հիման վրա, հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետում նշված առաջնահերթության սկզբունքը, կապուղիների առանձնացումը և տրամադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:
8. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ներկայացված հայտերին համապատասխան:
9. Հայտը ներառում է այն վայրը, որն անհրաժեշտ է ապահովել կապով, նշելով հասցեն, կամ աշխարհագրական կոորդինատները, պահանջվող կապի տեսակը և աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից ներկայացված հայտն ստանալուց հետո 6 ժամվա ընթացքում այն ուղարկում է էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներին` հայտում նշված վայրում կապի ապահովման համար տեխնիկական հնարավորությունների և այդ աշխատանքների իրականացման նպատակով պահանջվող ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սույն կարգի 10-րդ կետով պահանջվող տեղեկատվությունն էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներից ստանալուց հետո ամփոփում և հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, որից հետո պատվիրում է համապատասխան օպերատորին` իրականացնելու հայտում նշված վայրում կապի ապահովման աշխատանքները:
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո կազմվում է ընդունման-հանձնման ակտ, և ակտի մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
13. Սույն կարգի 12-րդ կետում նշված ընդունման և հանձնման ակտը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտք լինելուց հետո 1-օրյա ժամկետում դրա պատճենը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
14. Համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և օպերատորների միջև իրականացվում է երկկողմանի համաձայնագրերով կամ պայմանագրային հիմունքներով` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
15. Սույն կարգի պահանջների համաձայն էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, տեխնիկական միջոցների օգտագործման դիմաց հասցված իրական վնասը և բաց թողնված օգուտի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
2017 թ. մայիսի 20 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|