«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807126
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2007 թ. |
N 161-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման» հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Նախարար | Վ. Խաչատրյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու ԵՎ ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ԵՎ հարգադրոշմման լիցենզավորող հանձնաժողովի
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորող հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի փետրվարի 16-ի N 160-Ա հրամանով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներից:
4. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալներից մեկը ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:
II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները
5. Հանձնաժողովի հիմնական խնդիրները` Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման բնագավառներում լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:
6. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քննարկում է լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերը և ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման և իրավաբանական ստորաբաժանման կողմից տրված դիտողությունները: Քննարկելով նշված փաստաթղթերը և դիտողությունները` հանձնաժողովը կայացնում է լիցենզիան վերապահումով տալու, լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին,
2) քննության է առնում լիցենզավորված կազմակերպությունների կողմից լիցենզավորված անձանց հանդեպ պատասխանատվության միջոցների կիրառման համար հիմք հանդիսացող խախտում կատարելու դեպքում նրանց հանդեպ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ հարցերը և տալիս համապատասխան պատասխանատվության միջոցի կիրառման վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին,
3) առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը
7. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև` հրավիրված անձ):
10. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից առնվազն յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին:
Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում` նիստի օրվանից առնվազն 5 օր առաջ:
11. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
12. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
13. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
14. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:
Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:
15. Հանձնաժողովի եզրակացությունը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից եզրակացության կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
16. Հանձնաժողովի եզրակացություններից քաղվածքը հրավիրված անձին վերաբերող մասով ուղարկվում է համապատասխան հրավիրված անձին:
17. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
18. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`
1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.
2) հանձնաժողովի տեսակը և կազմը.
3) քննարկվող հարցի բովանդակությունը.
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.
7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
19. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
4) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
20. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
2) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
4) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններից քաղվածքները և կազմակերպում դրանց տարածումը.
5) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.
6) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և կազմակերպում դրանց տարածումը:
21. Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
22. Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է հանձնաժողովի այն անդամը, որը հանդիսանում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, որի վրա դրված է լիցենզավորման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, անցկացման և այդ նպատակով հանձնաժողովի հետ համագործակցելու գործառույթների իրականացումը:
23. Հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի բացակայության դեպքում այլ անձինք չեն կարող նրան փոխարինել:
IV. Հանձնաժողովի գործունեության դադարումը
24. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
25. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: