ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
20 դեկտեմբերի 2016թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐԿ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրն (Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 9-ին:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 8-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է երեսունմեկ միլիոն (31.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Հիշյալ վարկային համաձայնագիրը, ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴՈ-1126 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ի ԱԺՈ-096-Ն որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2014 թվականի նոյեմբերի 19-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է յոթանասունհինգ միլիոն (75.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Հիշյալ վարկային համաձայնագիրը, ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1177 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-133-Ն որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է հիսուն միլիոն (50.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Հիշյալ վարկային համաձայնագիրը, ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի ՍԴՈ-1248 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ի ԱԺՈ-192-Ն որոշմամբ:
2. Սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագրով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրում է հիսուն միլիոն (50.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ (Վարկ), Վարկային համաձայնագրով սահմանված կարգով և ժամկետներում, Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրին օժանդակելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:
3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) Վարկային համաձայնագրով սահմանված չափով և կարգով վճարել սկզբնավճար և պարտավճար.
բ) Վարկային համաձայնագրով սահմանված չափով և կարգով վճարել տոկոսագումար` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին.
գ) վարկային միջոցները չօգտագործել Բացառված ծախսերի ֆինանսավորման համար: Եթե Բանկը որևէ պահի որոշում է, որ Վարկի որևէ գումար օգտագործվել է Բացառված ծախսի դիմաց վճարում կատարելու համար, ապա Վարկառուն պետք է Բանկից ծանուցում ստանալուց անմիջապես հետո Բանկին վերադարձնի այդ վճարմանը համարժեք գումար: Նման պահանջով Բանկին վերադարձված գումարները չեղարկվում են.
դ) Վարկի մայր գումարը վճարել սկսած 2031 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2041 թվականի մայիսի 15-ը ներառյալ` 4.76 տոկոսի չափով, իսկ 2041 թվականի նոյեմբերի 15-ին` 4.8 տոկոսի չափով:
4. Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության համաձայն` Վարկն ուղղված է բյուջետային աջակցությանը և նպատակ ունի օժանդակելու հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանմանը և մրցունակության ամրապնդմանը:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների ստանձնման նպատակահարմարության հարցը վերաբերելի է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորություններին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող 20 դեկտեմբերի 2016 թ. ՍԴՈ-1332
Գ. Հարությունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|