ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 7-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 9-րդ հոդվածում`
1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները վարչական դատարանում քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, բացառությամբ այն միջանկյալ դատական ակտերի, որոնք կայացվել են կոլեգիալ` 5 դատավորի կազմով: Նման բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ` 5 դատավորի կազմով:
3. Վճռաբեկ դատարանի բեկանած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վարչական դատարանում քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով: Վերաքննիչ դատարանի բեկանած գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ընդդատության կանոններին համապատասխան, վարչական դատարանը քննում է միանձնյա:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.
«3.1. Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:»:
Հոդված 2. Օրենսգրքի 118-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 118. | Վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում |
Վարչական դատարանի դատական ակտերի վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 118.1-118.6-րդ հոդվածներով.
«Հոդված 118.1. | Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով |
1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վարչական դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ վարչական դատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:
2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու:
Հոդված 118.2.
Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը
1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք.
2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները.
3) գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
Հոդված 118.3.
Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը
Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`
1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
Հոդված 118.4.
Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու` սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:
Հոդված 118.5.
Վճռաբեկ բողոք բերելու կարգը
1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք վճռաբեկ բողոքը պատշաճ ձևով ուղարկում են վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` վարչական դատարան և գործին մասնակցող անձանց:
2. Վճռաբեկ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող վարչական մարմինը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է վարչական դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ վարչական դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
3. Վարչական դատարանը, բողոքի պատճենն ստանալով, գործն անհապաղ ուղարկում է վճռաբեկ դատարան:
Հոդված 118.6.
Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ
3) առկա է նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծմանը, կամ
4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:
3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց:»:
Հոդված 4.
Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բերված բողոքների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 30 Երևան ՀՕ-99-Ն |
|